Մեկնաբանություն- Իրան-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի արդյունքները
Թեհրանում կայացած Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստում ձեռք բերված համաձայնություններն ու հանձնաժողովի իրանցի նախագահի հայտարարությունը, թե՝ հնարավոր է առևտուրը հասցնել 10 միլիարդ դոլարի, վկայում են երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման մասին։
Երեք տարվա ընդմիջումից հետո կայացած երկօրյա նիստում, երկու երկրների տեխնիկական և փորձագիտական խմբերը քննարկել են տնտեսական, առևտրի, մշակույթի, տրանսպորտի, զբոսաշրջության էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր և կարծիքներ փոխանակել տնտեսական այլ ոլորտների վերաբերյալ։
Ենթակառուցվածքների ոլորտում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Արաքսի միջանցքի նախագծի ավարտը, որը երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներով Ադրբեջանն Իրանի տարածքով կապելու է Նախիջևանի հետ։ Քննարկվել է նաև նոր կամուրջների և սահմանային տերմինալների կառուցման և շահագործման հարցը։
Հունվարի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել ԻԻՀ և Ադրբեջանի տնտեսական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի երկրորդ հանդիպումը, որին ներկա են եղել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ, Ֆարզանե Սադեղն ասել է․ «Համաձայնություններ են կայացել նաև այլ հարցերի, այդ թվում՝ ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի, ջրի, էներգետիկայի, նավթի և գազի, գյուղատնտեսության և նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։ Ակնկալվում է, որ երկու երկրների ավիացիոն կազմակերպությունները նույնպես անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն թռիչքներն ավելացնելու ուղղությամբ»։
Երկու երկրներն ունեն նաև նավթի և գազի ոլորտներում համագործակցության մեծ կարողություն, և անհրաժեշտ է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կմշակի այդ համագործակցության ճանապարհային քարտեզը։
Ադրբեջանում գրանցված մոտ 2 հազար 500 իրանական ընկերություններից հազար 600-ը ներկայումս գործում են, և ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրում են կատարել այդ երկրի տնտեսության մեջ։ Ներդրումների մեծ մեծ մասը կատարվել է նավթագազային ոլորտում։
Իրանական ընկերություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Տաջիկստանում, Շրի Լանկայում, Վենեսուելայում տարբեր նախագծեր են իրականացրել շինարարության, ամբարտակների և էլեկտրակայանների, նավթավերամշակման գործարանների, ճանապարհների ու կամուրջների կառուցման և այլ ոլորտներում: Եվ այսօր այդ ընկերությունները պատրաստ են համագործակցել նաև Ադրբեջանի հետ։
Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2023 թվականին կազմել է 487 միլիոն դոլար։ Իրանն Ադրբեջան է արտահանել 473 միլիոն դոլարի, ներմուծել՝ 14 միլիոն դոլարի ապրանք։
2024 թվականի 11 ամսում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 583 միլիոն դոլար, որից Իրանի արտահանումն Ադրբեջան կազմել է 570 միլիոն, ներմուծումը՝ 12,9 միլիոն դոլար։
Նկատի ունենալով Հյուսիս-Հարավ միջանցքում Իրանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանների դերը և դրա կարևորությունը տարածաշրջանի երկրների համար,2025 թվականի հունվարի 28-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն Իրանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին կքննարկեն այդ առումով անհրաժեշտ մեխանիզմների հարցը: