Իրանն ու Ռուսաստանը մոտեցել են միմյանց երկխոսության և ռազմավարության առումով
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը՝ Մոհսեն Զանգանեի գլխավորությամբ, Ռուսաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պետդումայի փոխնախագահ Տոլստոյի հետ։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Տոլստոյը, անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև ջերմ հարաբերություններին, ասել է. «Այս այցելություններն ու հանդիպումները վկայում են երկու երկրների միջև սերտ հարաբերությունների մասին։ Իրանի և Ռուսաստանի նախագահները վերջին զրույցներում ընդգծել են ռազմավարական հարաբերությունների զարգացումը՝ 3+3 խմբի ձևաչափով, և Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը։
Կարևորելով այս շրջանակում համագործակցությունը՝ նա հավելել է. «3+3 երկխոսության ձևաչափը կարող է օգնել լուծել տարածաշրջանային մարտահրավերները։ Արտաքին գործերի նախարար Լավրովը և նախագահ Պուտինը լիովին աջակցում են այս ձևաչափին, և Վրաստանի անդամակցությամբ այս շրջանակը կամբողջացվի։ Մենք նաև խնդրում ենք Իրանին դերակատար լինել այս ձևաչափին միանալու համար Վրաստանին համոզելու գործում»։
Տոլստոյը ընդգծել է. «Մենք վստահ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անկախ է իր տարածաշրջանային քաղաքականության մեջ և չի ենթարկվում Միացյալ Նահանգների և Եվրոպայի ազդեցությանը։ Իրանն ու Ռուսաստանը շատ հարցերում ընդհանուր դիրքորոշումներ ունեն, և Միացյալ Նահանգները մեզանից ոչ մեկի բարեկամը չէ. մենք գնահատում ենք Իրանի անկախությունը»։
Բացի այդ, Իրանի խորհրդարանական պատվիրակության նախագահ Մոհսեն Զանգանեն շնորհավորեց Ռուսաստանին վերջին շրջանում արձանագրված առաջընթացի համար և նշեց. «Չնայած Միացյալ Նահանգների և Արևմուտքի ճնշումներին, Ռուսաստանը շարժվում է խաղաղության և զարգացման ճանապարհով։ Այսօր, ավելի քան երբևէ, Իրանն ու Ռուսաստանը ավելի են մոտեցել միմյանց՝ երկխոսության, ռազմավարության և գործողությունների առումով, և Իրանի ժողովուրդը Ռուսաստանին համարում է իր բարեկամն ու հուսալի գործընկերը։
Անդրադառնալով 3+3 երկխոսության ձևաչափի կարևորությանը՝ նա ասաց. «Այս համադրությունը կարող է ստեղծել մեծ տնտեսական կարողություններ և ենթակառուցվածքային համագործակցություն անդամ երկրների համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ խրախուսելու Վրաստանին միանալ այս ձևաչափին, և հարցին կհետևեն Ազգային անվտանգության հանձնաժողովն ու խորհրդարանի նախագահը»։