ԻՀՊԿ-ն հրթիռային և ԱԹՍ-ներով գործողությամբ պատասխանել է ԱՄՆ-ի հարձակումներին
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում կանոնները խախտող նավերի նկատմամբ վերահսկողությունն ու միջոցները կխստացվեն։
Իրանի հեռուստատեսության փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է.
«Իրանի պատվարժան և արժանապատիվ ժողովուրդ,
Ձեր քաջ զավակները՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերում, կիրակի վաղ առավոտյան, ժամը 02:00-03:00-ն ընկած ժամանակահատվածում, հրթիռային և ԱԹՍ-ներով համատեղ գործողության շրջանակում թիրախավորել են ԱՄՆ բանակի ութ կարևոր ենթակառուցվածքներ՝ Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ռազմաբազայում և Բահրեյնում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի կենտրոններում։ Թիրախները ոչնչացվել են, և այս կերպ վճռական պատասխան է տրվել ԱՄՆ-ի վերջին գործողություններին»։
Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը, որպես «պայմանավորվածությունները խախտող կողմ», այսօր վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանի հինգ առափնյա հենակետերի՝ պատճառաբանելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից կանոնները խախտած նավի նկատմամբ իրականացված գործողությունները։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Իսլամաբադի համաձայնագրի համաձայն՝ Հորմուզի նեղուցում երթևեկության վերահսկման պատասխանատվությունը վերապահված է Իրանին, և այսուհետ կանոնները խախտող նավերի նկատմամբ միջոցներն ավելի խիստ կլինեն։ Հայտարարությունում նշվում է, որ ցանկացած նոր հարձակում, նույնիսկ եթե այն ուղղված լինի երկրորդական նշանակության թիրախների դեմ, կստանա «կործանարար պատասխան»։
Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ հրադադարի խախտումը հակասում է Իսլամաբադի համաձայնագրի առաջին կետին և կարող է հանգեցնել բոլոր գործընթացների դադարեցման։
Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարությունը X-ում արած գրառման մեջ նշել է. «Սիրիկ կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի աննպատակ կրակահերթերը չեն կարող փոխել մեր վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, սակայն մեր գործողությունները կանոնները խախտողների դեմ հստակ ուղերձ են մյուս նավերին՝ անվտանգ և օրինական անցման վերաբերյալ»։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարությունը նաև նախազգուշացրել է, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները առանձին պատասխանատվության են ենթարկվելու և «առաջիկա օրերին դժոխային պայմաններ են ապրելու»։