Փեզեշքյանը շնորհավորում է իրանցի երիտասարդներին Ֆիզիկայի համաշխարհային օլիմպիադայում ունեցած նվաճումների համար
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել՝ շնորհավորելով Իրանի Իսլամական Հանրապետության ֆիզիկայի ազգային օլիմպիադայի թիմի հաջողությունը Ֆիզիկայի 56-րդ համաշխարհային օլիմպիադայում և այս նվաճումը համարել է երկրի երիտասարդության գիտական կարողությունների, տաղանդի և ջանքերի նշան:
Իրանի թիմը Կոլումբիայում անցկացված մրցույթի փորձարարական բաժնում գրավեց աշխարհում առաջին տեղը՝ նվաճելով երեք ոսկե և երկու արծաթե մեդալ:
«Pars Today»-ի փոխանցմամբ՝ Մասուդ Փեզեշքյանը իր ուղերձում ընդգծել է, որ այս հաջողությունը ևս մեկ ոսկե էջ է ավելացնում Իրանի գիտական նվաճումներին և արտացոլում է երիտասարդ սերնդի բարձր կարողությունները միջազգային գիտական ասպարեզներում: Գնահատելով ուսանողներին, ընտանիքներին, ուսուցիչներին և երկրի գիտական հանրությանը, նա ընդգծել է որակյալ կրթության ոլորտում ներդրումներ անելու, գիտական էլիտային աջակցելու և տաղանդների համար հավասար հնարավորություններ ընձեռելու անհրաժեշտությունը:
Իրանի նախագահը նաև նշել է, որ իրանցի ուսանողների հաջողությունները ցույց են տալիս, որ գիտելիքը, համառությունը և հույսը հարթում են ճանապարհը դեպի համաշխարհային պանծալի նվաճումներ և կարող են ավելի ամրապնդել Իրանի Իսլամական Հանրապետության գիտական դիրքերը միջազգային ասպարեզում: