Մամուլի տեսություն 12-10-2018
Ամերիկյան «Բրաուն» համալսարանին կից Հանրային ու միջազգային հարցերի ուսումնասիրության «Վաթսոն» կենտրոնը հայտարարել է, որ 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ն կես միլիոն մարդկանց կյանք է խլել Իրաքում, Աֆղանստանում ու Պակիստանում:
Քեյհան
Վերջին 17 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո 500 հազար մարդ է սպանել
Ամերիկյան «Բրաուն» համալսարանին կից Հանրային ու միջազգային հարցերի ուսումնասիրության «Վաթսոն» կենտրոնը հայտարարել է, որ 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ն կես միլիոն մարդկանց կյանք է խլել Իրաքում, Աֆղանստանում ու Պակիստանում:
Այս թվի մեջ են մտնում ապստամբները, խաղաղ քաղաքացիները, ոստիկանության և անվտանգության ուժերի աշխատակիցները, նաև ԱՄՆ-ի ու նրա դաշնակից երկրների զինվորներն ու զինծառայողները:
Թեև «Բրաուն»-ի համալսարանն ԱՄՆ-ում հեղինակավոր համալսարաններից է համարվում, այդուհանդերձ այս թվերը դեռ իրողությունը չեն պարզում և չեն ներառում բոլոր նրանց ովքեր սպանվել են ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի ենթադրյալ պատերազմում: Օրինակ ԻԼԻՊ-ի դեմ պայքարող ամերիկյան կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն ԻԼԻՊ-ի տարրերի փոխարեն սպանում են խաղաղ քաղաքացիների և դա իրականացնում են ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի տարածաշրջանային պատերազմի շրջանակներում, սակայն այդ հարձակումների պատճառած կորստի թիվը ներառված չէ ամերիկյան կենտրոնի վիճակագրության մեջ:
Հիշյալ համալսարանի հրապարակած հետազոտությունը 2011 թվականից ի վեր 35 փորձագետների իրականացրած համատեղ աշխատանքի արդյունքն է: Այս հետազոտության մեջ զոհերի հստակ թիվը 480 հազարից 507 հազար է հայտարարվել: Դրանից 182 հազար հոգին սպանվել են Իրաքում, 35 հազարը՝ Աֆղանստանում, իսկ շուրջ 24 հազարը՝ Պակիստանում: Այս զեկույցում որևէ ակնարկ չի կատարվել Սիրիայում ԱՄՆ-ի իրականացրած հարձակումների մարդկային կորստին: Հենց երեկ ամերիկյան ռազմական ինքնաթիռները Սիրիայում սպանեցին տասնյակ խաղաղ քաղաքացիների:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի ենթադրյալ պատերազմը 2001 թվականից ի վեր առնվազն մեկ միլիոն մարդու կյանք է խլել, իսկ մի քանի միլիոն մարդ վիրավորվել ու հաշմանդամ է դարձել և կամ լքելով իր տունն ու տեղը տարագրվել է, բազմաթիվ ընտանիքներ փլուզվել և քաղաքական ու գյուղական ենթակառուցվածքները ոչնչացվել են և այս ընթացքը դեռ շարունակվում է: բացի Աֆղանստանից, Իրաքից ու Պակիստանից որոնք ուղղակի հարձակման թիրախ են դարձել, ամերիկացի զորայինները ուղղակի կամ անուղղակի կերպով ռմբակոծել են ու շարունակում են ռմբակոծել Սիրիայի, Լիբիայի ու Եմենի ժողովրդին ու նրանց ենթակառուցվածքները:
Ջավան
Եվրոպայի բանակ ԱՄՆ-ին դիմակայելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ Ֆրանսիա է ուղևորվել, իր ինքնաթիռն այդ երկրում վայրէջք կատարելուց անմիջապես հետո թուիթերյան մի գրառման մեջ գրոհեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ և վիրավորական համարեց Եվրոպայի բանակ ստեղծելու նրա գաղափարը:
Նա «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ նշեց. «Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ավելի վաղ հայտարարեց, որ Եվրոպան պիտի իր բանակը ստեղծի և ինքն իրեն պաշտպանի ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի դիմաց: Սա խիստ վիրավորական է, բայց գուցե ավելի լավ կլինի, եթե Եվրոպան նախ վճարի ՆԱՏՕ-ին իր արդար մասնաբաժինը, որին ԱՄՆ-ն չափից ավելի է ֆինանսավորել»:
Այս գրառմամբ Թրամփը հակադարձել է օրեր առաջ կատարած Մակրոնի հայտարարությանն այն մասին, թե Եվրոպան լինելու է Ռուսաստանի հետ 1987 թվականին կնքված ռազմական պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարման գլխավոր զոհը: ԱՄՆ-ին դիմակայելու համար եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը վկայում է սերտ համագործակցությամբ հանդերձ արևմուտքում շահերի հակասության խորքի մասին:
Մակրոնը երեք օր առաջ ամերիկյան «Ուալսթրիթ Ժուռնալ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր. «Մենք չենք կարող պաշտպանել եվրոպացիներին, եթե եվրոպական իրական բանակ չունենանք»: Դոնալդ Թրամփի թուիթերյան խիստ գրոհից հետո Էմանուել Մակրոնը շաբաթ առավոտյան Ելիզեյան պալատում ԱՄՆ նախագահին ընդունելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ եվրոպական համատեղ պաշտպանություն ստեղծելու մասին իր հայտարարությունը սխալ է ընկալվել և նա նպատակ չի ունեցել ասելու, որ ԱՄՆ-ի դեմ եվրոպական բանակ պիտի ստեղծել: Դա ի տես այն բանի, որ Մակրոնը նոյեմբերի 6-ին «Europe1» ռադիոյին տված հարցազրույցում անդրադառնալով եվրոպական կայունությունն ու ժողովրդավարությունը խաթարող արտաքին ջանքերին, հայտարարեց. «Մենք պիտի ինքներս մեզ պաշտպանենք Չինաստանի, Ռուսաստանի և նույնիսկ ԱՄՆ-ի դիմաց»: Եվրոպական համատեղ պաշտպանության ստեղծման մասին Մակրոնի հայտարարությանը հաջորդեց Փարիզում եվրոպական մի քանի երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ գումարված «Եվրոպական միջամտության նախաձեռնություն» նիստում Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փառլիի հայտարարությունը, որտեղ վերջինս ընդգծեց. «Եվրոպան չի կարող առհավետ թաքնվել ԱՄՆ-ի պաշտպանական պատի հետևում»:
Ալիք
ՔՊ-ն ու ՀՀԿ-ն գաղափարական նույն հարթության վրա են եւ կարող են դաշինք կազմել ․ Արամ Սարգսյան
Հանրապետական կուսակցությունն ու Քաղաքացիական պայմանագիրը կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարախոսական առումով նույն հարթության վրա են. այս մասին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` «Մենք» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո:
Սարգսյանն ընդգծեց, որ բարեկամական և ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի իրեն, որպեսզի իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին:
Նա նշեց, որ Հանարապետականն ինքն է ասում, որ իր ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառանլուց հետո ԵԱՏՄ կողմնակից է, միջազգային հարթակներում քվեարկում է այնպես, ինչպես էդվարդ Նալբանդյանն էր ասում: «Ես էլ եմ այդպես ասում: ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են: Ես այլընտրանք եմ իրենց. ոչ թե իրենց հակառակորդն եմ, այլ այլընտրանքն եմ, որովհետև ասում եմ` այդ ուղին ճիշտ ուղի չէ»,- ասաց նա։
Արմենիա Սպուտնիկ
Հայաստանն ու ՀԱՊԿ–ը. ինչպես ոչնչից սպառնալիք ստեղծել սեփական անվտանգության համար
Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար նշանակելու պատմությունը հիմա ամենաքննարկվողներից մեկն է, բայց հնարավոր չէ ազատվել այն զգացողությունից, որ այդ թեման արհեստականորեն են պարտադրում մեզ։ Իրականում այդ ավելորդ աղմուկը չպետք է լիներ, որովհետև նորմալ պայմաններում այդպիսի իրավիճակ չպետք է ստեղծվեր։
Հայաստանում ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի հարցը բուռն քննարկման թեմա է դարձել։ Յուրի Խաչատուրովը հայտնի պատճառներով այլևս չի կատարում իր պարտականությունները, և հայկական կողմը, որ սեփական ձեռքերով իր գլխին սարքեց այս պատմությունը, հիմա փորձում է պահել այդ պաշտոնը։ Համենայն դեպս այդպիսի պնդումներ կան։
Այս ամենը կարող է երկու պատճառ ունենալ։ Առաջինը` անպատասխանատվությունն ու պահի լրջության չընկալումը, որի պատճառով երկիրը զիջում է անվտանգության դիրքերը․ այսպես է կարծում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Դրան գումարած` խնդիրներ են ծագում նաև ՀԱՊԿ-ի մյուս անդամների համար։
Երկրորդ պատճառը` նման իրավիճակը գիտակցաբար սադրելը։ Այս դեպքում նույնպես խնդիրը դուրս է գալիս զուտ տեղական նշանակության սահմաններից, բայց շատ ավելի հեռու է գնում, և հետագայում կարող է հանգեցնել նրան, որ հենց նույն ՀԱՊԿ անդամ երկրներն անկանխատեսելի ձևով արձագանքեն։ Փոխարենը հետևանքը լիովին կանխատեսելի կլինի՝ հենց այդ նույն անվտանգության համակարգի լիակատար փլուզում։