Մամուլի տեսություն 14-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101953-Մամուլի_տեսություն_14_12_2018
Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի իրանցի փորձագետն անդրադառնալով Հայաստանի վերջին զարգացումներին և այդ երկրում ընտրություններին, ասաց. «Նոր շրջանում Հայաստանը որպես խոշոր մասշտաբի հարաբերությունները հավասարակշռող գործոն կարևորում է Իրանի ու մյուս հարևանների դերակատարությունը և սա մեզ հնարավորություն է տալիս մեր ձեռքն առնել մինչև այսօր Ռուսաստանի մենաշնորհը համարվող շուկան և այդ հարաբերություններից առավել արդար բաժին ստանալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2018 09:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-12-2018

Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի իրանցի փորձագետն անդրադառնալով Հայաստանի վերջին զարգացումներին և այդ երկրում ընտրություններին, ասաց. «Նոր շրջանում Հայաստանը որպես խոշոր մասշտաբի հարաբերությունները հավասարակշռող գործոն կարևորում է Իրանի ու մյուս հարևանների դերակատարությունը և սա մեզ հնարավորություն է տալիս մեր ձեռքն առնել մինչև այսօր Ռուսաստանի մենաշնորհը համարվող շուկան և այդ հարաբերություններից առավել արդար բաժին ստանալ»:

 

ԻՍՆԱ

ՀՀ վարչապետը հնարավորություն ունի ոչ-կոալիցիոն կառավարություն ձևավորելու. Իրանցի փորձագետ

 

Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի իրանցի փորձագետն անդրադառնալով Հայաստանի վերջին զարգացումներին և այդ երկրում ընտրություններին, ասաց. «Նոր շրջանում Հայաստանը որպես խոշոր մասշտաբի հարաբերությունները հավասարակշռող գործոն կարևորում է Իրանի ու մյուս հարևանների դերակատարությունը և սա մեզ հնարավորություն է տալիս մեր ձեռքն առնել մինչև այսօր Ռուսաստանի մենաշնորհը համարվող շուկան և այդ հարաբերություններից առավել արդար բաժին ստանալ»:

Վալի Քուզեգար Քալեջին ԻՍՆԱ-ի հետ  զրույցի ժամանակ Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրությունների մասին ասաց. «Դա Հայաստանում առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններին էին, քանի որ խորհրդարանական նախորդ բոլոր ընտրություններն անց էին կացվել խորհրդարանի գործունեության օրինական ժամկետի ավարտին»:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում քաղաքական կառույցն անցած տարի պաշտոնապես նախագահականից փոխվեց խորհրդարանականի, որտեղ  վարչապետը համարվում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը և նախագահը ցուցական դերակատարություն ունի:

Վալի Քուզեգար Քալեջին այս զրույցի ժամանակ նկատելով, որ մայիսին Հայաստանի վարչապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանը պարտավորվեց աշխատել մի խորհրդարանի հետ, որտեղ նրա ընդդիմադիրները մեծամասնություն էին համարվում հավելեց. «Նիկոլ Փաշինյանը շարունակ հայտարարում էր, որ մինչև այնքան ժամանակ երբ խորհրդարանում ներկա են նախկին իշխանության ներկայացուցիչները չի կարող իրագործել իր բարեփոխումների ծրագիրը և ի վերջո չնայած Հանրապետական կուսակցության և որոշ ուժերի հակառակության կարողացավ լուծարել խորհրդարանը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել»:

Իրանցի փորձագետի ընդգծմամբ ընտրությունների արդյունքները համապատասխանում էին ՀՀ վարչապետի ակնկալիքներին և նա կարողացավ շահել ձայների ավելի քան 70 տոկոսը:

Իրանցի փորձագետը հավելել է. «Շուրջ 20 տարի իշխանության ղեկին գտնվող հանրապետականներին չհաջողվեց գերազանցել 5 տոկոսանոց շեմը և խորհրդարան մտնել: Այսպիսով ՀՀ վարչապետը կարող է ոչ-կոալիցիոն միատարր կառավարություն ձևավորել»:

Վալի Քուզեգար Քալեջին Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում Իրանի ու Հայաստանի հարաբերությունների մասին ասաց. «ՀՀ վարչապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ինչը կարող է մեր շահին լինել»:

«ՀՀ վարչապետն իր արտաքին քաղաքականության մեջ ցանկանում է առավել հավասարակշռված հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Նա ոչ հակառուս է և ոչ է արևմտամետ, այլ միայն ցանկանում է տնտեսական, քաղաքական ու առևտրական հավասարակշռված հարաբերություններ ունենալ Ռուսաստանի և արևմտյան աշխարհի հետ, հետևաբար որպես հավասարակշռող գործոն կարևորում է Իրանի ու մյուս հարևանների հետ հարաբերությունները և սա մեզ հնարավորություն է տալիս մեր ձեռքն առնել մինչև այսօր Ռուսաստանի մենաշնորհը համարվող շուկան և դրանից առավել արդար բաժին ունենալ»:

Իրանցի փորձագետը Իրանից Հայաստան փոխադրվող գազը, էլետրէներգիայի արտահանումը, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, Իրան-Հայաստան երկաթգիծը և Արասի ու Մեղրիի ազատ գոտիները երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման ոլորտներից է համարել և ասել է. «Հայաստանը Կովկասի տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է և նկատի առնելով Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը Հայաստանը կարող է Իրանին ԵԱՏՄ-ին կապող կամուրջ լինել և խթան հանդիսանալ արտահանումների ու ներկրումների ծավալի մեծացմանը»:   

 

 

Իրատես

Ինչու Ռուսաստանը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին

 

«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը ժամ առ ժամ սպասում է, թե երբ Ռուսաստանից կգա ցանկալի շնորհավորանքը: Սակայն Պուտինը չի շտապում, հնարավոր է ընդհանրապես չանդրադառնա հայաստանյան ընտրություններին: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ այնքան էլ ընդունելի չէ տեղի վերնախավին: Նրանք այլ հարաբերությունների են սովոր: Ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ քարտուղարի հետ կապված խնդրից, որի առնչությամբ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ փոխանցեց:

Երբ իշխանությունը պաշտոնապես բարձրաձայնեց Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավական գործընթաց սկսելու մասին, Ռուսաստանում դա մեծ ռեզոնանս առաջացրեց: Այդ օրերին Ռուսաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն ասել են, որ իրենք դեմ չեն ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովին իրավական պատասխանատվության ենթարկելուն, բայց միայն այն դեպքում, եթե ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից նրան հետ կանչեն և նոր թեկնածու առաջադրեն: Հակառակ պարագայում դա նշանակում է այդ կազմակերպության նշանակությունը հավասարեցնել զրոյի: Այս մասին հստակ պայմանավորվածություն է եղել:

Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Փաշինյանը Ռուսաստանում պայմանավորվեց, բայց եկավ Հայաստան ու լրիվ այլ ուղղությամբ տարավ գործընթացը: «Իսկ այդպիսի բաները չեն ներվում»,- ասաց մեր աղբյուրը` հիշեցնելով այդ օրերին Լավրովի կոշտ արձագանքը. «Չէ՞ որ մենք պայմանավորվել էինք»:

Իսկ եթե սրան էլ գումարում ենք ռուսական ընկերությունների հետ կապված նոր իշխանությունների ընդգծված վերաբերմունքը, պարզ է դառնում, թե ինչու Ռուսաստանը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հավանաբար մեր իշխանությունների համար էլ անչափ կարևոր է այդ շնորհավորանքը, այլապես Գյումրիում հայ կնոջ դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի գործին մեծ հնչեղություն կտային»:

 

 

Հայոց աշխարհ

Տասը ամսում երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար

 

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մինչ կառավարությունը սպասում է, որ ներդրումները շուտով կողողեն մեր տնտեսությունը, ուժեղանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։ Այս տարվա տասը ամիսներին միայն բանկային համակարգի միջոցով երկրից դուրս է եկել շուրջ 1 մլրդ դոլար։ Խոսքը մասնավոր ֆինանսական փոխանցումների մասին է։

Պաշտոնական տվյալներ չկան, թե որքա՞ն գումար է դուրս եկել երկրից կանխիկի տեսքով։ Այնուհանդերձ, փորձագիտական գնահատականներով, դրանք գրեթե համարժեք են բանկային փոխանցումներին։

Թե ո՞ւր են գնացել հիշյալ գումարները եւ ի՞նչ նպատակով, հայտնի չէ։ Գոյություն չունի նման վիճակագրություն։ Հայտնի է միայն, որ քաղաքացիների կատարած մասնավոր փոխանցումների աշխարհագրությունը լայն է։

Պաշտոնական տվյալներով, ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից ավելացել է շուրջ 172 մլն դոլարով։ Ֆիզիկական անձանց բանկային փոխանցումներն արտերկիր տարեսկզբի տասը ամիսներին ավելի քան 951 մլն դոլար են։ Նախորդ տարվա համեմատ արտահոսքը ավելացել է 22 տոկոսով։

Սա նշանակում է, որ տեղի է ունենում փողի փախուստ։ Այն դեպքում, երբ կառավարությունն աչքը ջուր կտրած սպասում է օտարերկրյա կապիտալի հոսքերին, որոնք այդպես էլ չեն ստացվում։