Մամուլի տեսություն 16-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102031-Մամուլի_տեսություն_16_12_2018
Միջին Արևելքի զարգացումներն իրենց բոլոր բարդություններով ու թափով վերջին օրերի մի քանի կարևոր ու ազդեցիկ իրադարձությունների ականատես եղան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2018 08:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-12-2018

Միջին Արևելքի զարգացումներն իրենց բոլոր բարդություններով ու թափով վերջին օրերի մի քանի կարևոր ու ազդեցիկ իրադարձությունների ականատես եղան:

Էբթեքար

Անցում Պարսից ծոցից Կարմիր ծով

 

Միջին Արևելքի զարգացումներն իրենց բոլոր բարդություններով ու թափով վերջին օրերի մի քանի կարևոր ու ազդեցիկ իրադարձությունների ականատես եղան: Անցած շաբաթ Ռիադում գումարվեց Պարսից ծոցի համագործակցության խորհրդի լարված նստաշրջանը, որի ընթացքում Կատարի ճգնաժամն ու Եմենի պատերազմն առավել ցայտուն դարձրին տարածաշրջանի արաբների միջև առկա ճեղքվածքը: Նիստից բացակայում էր Կատարի էմիրը, իսկ Քուվեյթն է ճգնաժամերի սանձման նպատակով կոչ արեց վերատեսության ենթարկել տարածաշրջանային ներկա ռազմավարությունը: Միևնույն ժամանակ Շվեդիայում ընթացող Եմենի խաղաղության բանակցություններն այն պայմաններում ավարտվեցին Ալ-Հուդայդա ռազմավարական նավահանգստում բախումներին վերջ տալու համար եմենական խմբերի նախնական պայմանավորվածությամբ, երբ երեկվա չնայած հայտարարված հրադադարին, կրկին այդ քաղաքում բախումներ տեղի ունեցան:

Մյուս իրադարձությունը տեղի ունեցավ Դոհայում: Կատարը երեկ հյուրընկալեց Դոհա-2018 տարեկան նստաշրջանը, որի առանցքում էին տարածաշրջանի դիմագրաված մարտահրավերներն ու համաշխարհային անվտանգությունը: Համաժողովի հյուրերից էին ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը, Թուրքիայի և Ռումինիայի ԱԳ նախարարները և Իտալիայի ԱԳ փոխնախարարը: Համաժողովի ժամանակ Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Աբդոլռահման Ալ Սանին իր ելույթում խիստ քննադատության ենթարկելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմնորոշումն ընդգծեց, որ այս խորհրդի ատամները թափել են և տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման համար անհրաժեշտ է նոր իշխանական սկզբունքներ մշակել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների համար:

Այս միջոցին ու այն պայմաններում, երբ դիտորդների համոզմամբ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդն առավել քան երբևե փլուզվում է, եվրոպացիները հայտարարեցին, որ մտադիր են միջամտելով Արաբիայի ու Կատարի միջև լարվածությանը միջնորդական դերակատարություն ստանձնել: Այս կապակցությամբ Դոհա ուղևորված Ռումինիայի ԱԳ նախարարը երեկ հայտարարեց, որ ԵՄ անդամ երկրները նիստ գումարելով նպատակ ունեն Պարսից ծոցում ճգնաժամի դիվանագիտական լուծման ուղղությամբ ասպարեզ իջնել:

Եվրոպան այն պայմաններում է փորձում առաջին անգամը լինելով Կատարի և արաբական չորս երկրների միջև ծագած լարվածության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, երբ սաուդացիներն իրենց վերջին քայլով և Պարսից ծոցի համագործակցության խորհրդում լարվածությունները գագաթնակետին հասնելուն զուգահեռ մտադիր է Կարմիր ծովի տարածաշրջանի որոշ երկրների հետ քաղաքական դաշնակցություն առաջացնելով նրանց շահերը համընկնեցնել իր շահերին: Փորձագետների համոզմամբ Եմենում ու Կատարում առաջացած ճգնաժամը խոշոր չափերով խաթարել է այդ երկրների հետ Արաբիայի համագործակցությունների ընթացքը: Այդուհանդերձ Արաբիան հրավեր ուղղելով տարածաշրջանի վեց երկրների և նույնիսկ Հորդանանին ցանկանում է քաղաքական գործընթացներում ներդաշնակություն առաջացնելուց բացի նաև սանձել այս տարածաշրջանում արտաքին միջամտության հնարավորությունը:

Դա ի տես այն բանի, որ Իրանն անգամներ տարածաշրջանի մարտահրավերների կարգավորման համար տարածաշրջանային երկխոսության ֆորումի ձևավորման առաջարկ է ներկայացրել, այդուհանդերձ սաուդացիները շարունակում են պահպանել Իրանի հետ լարվածության պայմանները և դրան զուգահեռ տարածաշրջանի երկրների միջից աջակիցներ որոնելով փորձում են մեծացնել Միջին Արևելքում իրենց քաղաքական կշիռը:

 

Ղոդս

Էրդողանն ինչո՞ւ է ցանկանում հետապնդել Խաշողջիի գործը

 

Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում Թուրքիայի նախագծի ղեկավար և ավագ անդամ Ալիռեզա Բուլենթը «Էրդողանը, Թրամփն ու Խաշողջիի սպանությունը» խորագրով մի հոդվածում անդրադարձել է սաուդացի այլախոհ այս լրագրողի սպանության ու Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից դրա չարաշահմանը: Հեղինակի համաձայն Թուրքիայի նախագահն այս գործին լայնորեն անդրադառնալով երեք գլխավոր նպատակ է հետապնդում: Ա) Էրդողանի առաջին նպատակը Բեն Սալմանից վրեժ լուծելն է, որն իր տարածաշրջանային հաշվարկներում Թուրքիային որպես սպառնալիք դասել է Իրանի կողքին և ծանր պատժամիջոցներ է գործադրել Թուրքիայի դաշնակից Կատարի դեմ: Բ) Թուրքիայի նախագահի հաջորդ նպատակը Թրամփի վարչակազմին ինչ-որ զիջումներ պարտադրելն է, որոնց մեջ են մտնում Ֆաթոլլահ Գյուլենի արտահանձնումը, Սիրիայի հյուսիսի քրդերին զինելու ԱՄՆ-ի ծրագիրն ու նաև Թուրքիայի «Հալքբանք»-ի դատական գործը: Գ) Դրանց զուգահեռ Էրդողանը իրենից արդարության ձգտող գործիչի տպավորություն ստեղծելով փորձում է հակակշռի տակ առնել Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված լուրերը:

 

Ալիք

«Գերմանական «Ֆոլկսբանկերը»՝ օրինակ հայկական բանկերի համար». Իրանագետը՝ Իրանի հետ հայկական բանկերի աշխատելու հնարավորությունների մասին

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի քանի օր առաջ աչքովս ընկավ պարսից լեզվի ուսուցմամբ զբաղվող իրանական պետական կազմակերպություններից մեկի հայտարարությունը արտասահմանցիների համար նախատեսված վճարովի կրթական դասընթացի մասին։

Ամենահետաքրքրականն այն էր, որ որպես ուսման վճարի բանկային փոխանցման խողովակ նշված էր գերմաներենից բառացի թարգմանությամբ «Ժողովրդական բանկ» նշանակող «Ֆոլկսբանկ» անվանումով հայտնի գերմանական ֆինանսական կոոպերատիվներից մեկում բացված հաշվեհամարը։

Դեռևս այս տարվա մայիսից միջազգային ԶԼՄ-ներում տեղեկատվություն կար, որ չնայած ամերիկյան խստագույն պատժամիջոցներին հարավգերմանական վեց «Ֆոլկսբանկ» ոչ միայն չեն պատրաստվում սահմանափակել իրենց գործակցությունը Իրանի հետ, այլ նաև մտադիր են իրանական ուղղությամբ լրացուցիչ բանկային ծառայություններ մատուցել, իսկ հիմա կոնկրետ օրինակով կարող եմ վստահեցնել, որ այդ ծրագիրը փաստացիորեն իրականացվում է։

Քանի որ բանկային և ֆինանսական գործի մասնագետ չեմ, չեմ փորձի պնդել, թե ի՞նչ պետք է անեն հայկական բանկերը Իրանի հետ ոչ միայն աշխատելու, այլ նաև պատժամիջոցների համատեքստում ի հայտ եկած լրացուցիչ հնարավորությոնների պայմաններում մեր պետության և տնտեսության համար շահավետ դիրքեր ձեռք բերելու առումով, բայց որ նման հնարավորություններ կան, միանշանակ է»։

 

News.am

Փորձագետը՝ սահմանից ադրբեջանական զորքերը հեռացնելու մասին Բաքուն համապատասխան միջոցներ կսպասի Երեւանից

 

Հայաստանի հետ սահմանին զինված ուժերի ստորաբաժանումների մի մասը սահմանապահներով փոխարինելու մասին Ադրբեջանի ղեկավարության որոշումը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ընդառաջ քայլ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալո-Պովոլժյայի ուսումնասիրման կենտրոնի ավագ փորձագետ Ալեքսանդր Սկակովը։

Նրա խոսքերով՝ առավելապես դա կապված է Հայաստանում ղեկավարության փոփոխության եւ որոշակի կապերի հաստատման հետ։

«Հայաստանում բանակցողի փոփոխությունը (ղեկավարության փոփոխությունը) դրդեց Ադրբեջանին, որպեսզի ընդառաջ որոշակի քայլ անի։ հենց դրա հետ է կապված մոտեցումներում այսպիսի կտրուկ փոփոխությունը, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը երկար տարիներ չէր ուզում գնալ որեւէ զիջման, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դիպուկահարներին եւ ծանր տեխնիկան հեռացնելու հարցում։ Հիմա Բաքուն պետք է համապատասխան միջոցների սպասի Երեւանից»,- նշեց Ալեքսանդր Սկակովը։

Փորձագետը ընդգծեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ որոշումն ընդունվել է Հայաստանի հետ սահմանակից շրջանների վերաբերյալ։

«Հայաստանի հետ սահմանին լարվածությունը կարող է հակամարտության մեջ ներքաշել նաեւ Ռուսաստանին՝ հաշվի առնելով անվտանգության ոլորտում Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ստորագրված համաձայնագրերը։ Այդ մասին չեն կարող չիմանալ Բաքվում»,- հավելեց նա։

Այն հարցին, թե ինչպես կարող է այդ որոշումը կապված լինել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի հետ Ադրբեջան, Սկակովը պատասխանեց․ «Նույնիսկ եթե այդ որոշումն ընդունվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ խորհրդակցությունների արդյունքում, ապա այն, ակնհայտորեն, համաձայնեցվել է դաշնակից երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների հետ»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին զինված ուժերի ստորաբաժանումների մի մասը սահմանապահներով փոխարինել։ ԱՀ գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով սահպանապահ ուժերը կզբաղեցնեն Հայաստանի հետ սահմանին Ղազախի եւ Աղստեւի հատվածների սահմանկետերն ու ռազմական օբյեկտները։