Մամուլի տեսություն 18-01-2019
Բոլոր ԶԼՄ-ների պարտականությունն է անդրադառնալ Մարզիե Հաշեմիի հարցին:
Մեհր
Բոլոր ԶԼՄ-ների պարտականությունն է անդրադառնալ Մարզիե Հաշեմիի հարցին
Ամերիկացի տեսաբան ակնարկելով այն կետին, որ բոլոր ԶԼՄ-ների պարտականությունն է անդրադառնալ Մարզիե Հաշեմիի հարցին, ասաց. «ԱՄՆ-ն այս կապակցությամբ անհապաղ ներողություն պիտի խնդրի լրագրողների հավաքականությունից ու միջազգային ԶԼՄ-ներից»:
Լրատվական աղբյուրներ և մեդիայի ոլորտի ակտիվիստներ տեղեկացրել են ԱՄՆ-ի տարածքում գտնվող Սենթ Լուիսի օդանավակայանում PRESS TV-ի լրագրող և փաստագրական ֆիլմերի իրանցի-ամերիկացի պատրաստող Մարզիե Հաշեմիի կալանավորման մասին:
Վերջին օրերին սոցցանցերի օգտատերերը «ազատ արձակեք Մարզիե Հաշեմիին» հեշթեգով անդրադարձել են նրան և բողոքել են նրա հանդեպ ԱՄՆ-ի ոստիկանության անօրինական ու բիրտ վերաբերմունքի դեմ:
Ամերիկացի տեսաբան Ստեֆան Լենդմանը PRESS TV-ի աշխատակից Մարզիե Հաշեմիի կալանավորման կապակցությամբ «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում ասաց. «Ամերիկացի և Իրանցի կին լրագրող Մարզիե Հաշեմին իր հարազատներին այդ թվում քաղցկեղով տառապող եղբորը հանդիպելու նպատակով ԱՄՆ էր մեկնել, սակայն Միսուրիի Սենթ Լուիսում գտնվող «Սենթ Լուիս Լամբերթ» օդանավակայանում կալանավորվեց ԱՄՆ-ի ոստիկանության կողմից»:
Նա հավելեց. «Տիկ. Հաշեմին իր հարազատների հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ առաջին իսկ պահից բրտարարքների է հանդիպել: Մինչև այս պահը տիկ. Հաշեմիին որևէ մեղադրանք չի առաջադրվել և նա ինքն էլ տեղյակ է, որ ինչո՞ւ է ձերբակալվել»:
«Կալանավորումից հետո իմանալով հանդերձ որ նա մուսուլման է նրան պարտադրել են վերցնել իր գլխաշորը»,-նշել է Լենդմանը:
«Հարվարդ» համալսարանի շրջանավարտ տեսաբան ասում է. «Նրան միայն թույլատրել են կարճ թևերով շապիկ հագնել, ինչը դեմ է իսլամի օրենքներին: Նույնիսկ այդ վիճակում նրան լուսանկարել են: Կալանավայրի պատասխանատուները անտեսել են նրա բողոքները»:
Նա հավելել է. «Իսլամի օրենքները հարգելու համար նա պարտավոր է եղել գլուխը ծածկելու համար օգտվել մեկ այլ շապիկից: Նկատի առնելով, որ նրան միայն առանց հացի խոզի միս են տրամադրել, կարելի է ասել, որ նա զրկված է եղել հալալ ուտեստից»:
Ամերիկացի տեսաբանը հիշեցնում է. «Տիկ. Հաշեմին իր կալանավորումից հետո միայն մի տուփ չորաբլիթ է ստացել, ինչը նրա թերսնման պատճառ է դարձել, որը պաղ օդի հետ միասին նրա մոտ ֆիզիկական ծանր վիճակ են առաջացրել»:
«Իրեն չափազանց տկար զգալու պատճառով նա բժշկական շտապ խնամքի կարիք ունի: ԱՄՆ-ի վարչակազմը պատասխանատու է ցանկացած վտանգի կամ վնասի համար, որ կարող է սպառնալ նրա ֆիզիկական կամ մտային առողջությանը»,-հայտարարել է ամերիկացի հայտնի տեսաբանը:
Նա վերջում հավելեց. «Բոլոր ԶԼՄ-ներից ակնկալում ենք, որ այս մասին շտապ տեղեկատվություն տարածեն ու միևնույն ժամանակ պահանջում ենք տիկ. Հաշեմիի առանց նախապայմանների ազատ արձակումը և ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ այդ կապակցությամբ անհապաղ ներողություն խնդրի մամուլի ներկայացուցիչներից ու միջազգային ԶԼՄ-ներից»:
Ժամանակ
Եվրոպայի խոշոր քայլը՝ Կովկասում. Փաշինյանը պետք է շտապի
«Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված փողի չափը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատեսում են առաջիկա 11 տարիներին, այսինքն՝ մինչև 2030 թվականը, Արևելյան գործընկերության ԵՄ ծրագրի մասնակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի համար նախատեսվում է 700 միլիոն եվրո, որն ուղղվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը, մասնավորապես՝ 450 միլիոն եվրոն ուղղվելու է Արտաշատից-Ագարակ հատվածին, հույժ կարևոր և բարդ հատվածին: Փող է ուղղվելու նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման, նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների արդիականացման համար: Այս ենթակառուցվածքների կարևորության մասին խոսելը թերևս ավելորդ է, միևնույն ժամանակ, սակայն, այստեղ հատկանշական է ենթակառուցվածքային ուղղվածությունը:
Հնարավոր է արձանագրել, որ խոսքն, ըստ էության, Իրանից-Վրաստան՝ Հայաստանի տարածքով ենթակառուցվածքների արդիականացման եվրոպական ծրագրի կամ ԵՄ- ՀԲ համատեղ ծրագրի մասին է, ինչը ստանում է, իհարկե, բավականին ուշագրավ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իմաստ:
Սա հուշում է եվրոպական քաղաքականության որոշակի ռազմավարության մասին, որտեղ առնվազն նշմարվում է Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորմանը միտված բովանդակություն կամ նպատակադրում: Եվ սա, իհարկե, ներկայիս բարդ ու հակասական համաշխարհային զարգացումների պարագայում Հայաստանի համար կարևոր և նշանակալի ուղղություն է, որն ընձեռում է ռեգիոնալ քաղաքականության հարցում ճկուն ու նախաձեռնող լինելու հնարավորություն:
Այդ համատեքստում էլ ուշագրավ է այն, որ վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն իսկ ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Այս առումով անկասկած է, որ հասունացած է իրանական ուղղությամբ շփումների ինտենսիվացումը, և օրակարգում պետք է ավելի ու ավելի արագ հասունացնել Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Եվրամիության և Համաշխարհային բանկի այդ համատեղ նախաձեռնության մասին հայտարարությունը հատկապես առանձնահատուկ լույսի ներքո է այն հայտարարության ֆոնին, որ արեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ Մոսկվան նախապատրաստում է Իրան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատի հերթական վեհաժողովի անցկացում: Այս ֆորմատը Հայաստանը, անշուշտ, չպետք է դիտարկի որպես, այսպես ասած, հակառակորդ ֆորմատ, սակայն այդուհանդերձ հստակ է, որ Երևանը պետք է նաև փորձի ձևավորել ռեգիոնալ զուգահեռ ֆորմատներ և ներգրավել դրանցում թե´ Իրանին, թե´ Ռուսաստանին»,-գրում է թերթը:
Հրապարակ
Ով է գլխավորելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը
ԱԺ հանձնաժողովների ֆունկցիաներում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ, բավականին կրճատվել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները։
«Պատճառը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երևան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ։ Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարևորագույն ոլորտներ. եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի աշխատանքները համակարգում էին արտաքին կապերն ու եվրաինտեգրումը` արտաքին կապերի գլխադասությամբ, ապա հիմա, ԱԺ որոշմամբ, CEPA-ն ամբողջությամբ անցել է եվրաինտեգրման հանձնաժողովի իրավասության ներքո։ Եվրասիականը և ռեգիոնալ ուղղությունը նույնպես հանել են արտաքին հարաբերություններից, առանձին հանձնաժողով են ստեղծում։ Հաջորդը սփյուռքի հետ կապերի կանոնակարգումն էր, որն արտաքին հարաբերություններն էր իրականացնում, հիմա այն տարել են գիտության և կրթության հանձնաժողովի տակ»,- ասաց «Իմ քայլի» ներկայացուցիչը:
Երբեմնի «սուպեր» հանձնաժողովից, փաստորեն, մնացել է միայն անո՞ւնը։ «Այդպես չէ, բայց այնպես էլ չէ, որ այն առանցքային է նախկինի պես։ Մեկ այլ խնդիր էլ կա. ով է լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։ Մինչև վերջերս ասվում էր, որ Ռուբեն Ռուբինյանն է»:
Խոսվում էր Հովհաննես Իգիթյանի մասին։ Ի՞նքն է ղեկավարելու ԵԽԽՎ պատվիրակությունը` Հովհաննես Իգիթյանն ասաց. «Անկեղծ ասած` ես չգիտեմ, պատվիրակության հարցը դեռ լուծված չէ»: