Թուրքիայի կողմից Եփրատ գետի արևելյան հատվածի վրա իրականացված հարձակումը՝ Սիրիայի տեսանկյունից
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների վրա հարձակվելու հրաման արձակեց: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում զոհվեցին ու վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Սիրիայի կառավարությունն ու սիրիական խմբերը կտրուկ արձագանքեցին Թուրքիայի այդ քայլին:
Թեև Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների վրա կատարած հարձակման նպատակն է պայքարել քուրդ աշխարհազորայինների դեմ,սակայն այդ հարձակումն այլ նպատակներ է հետապնդում: Թուրքագետ Ղաեմ Մաղամին այդ կապակցությամբ ասում է.«Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների վրա հարձակվելու Թուրքիայի գլխավոր նպատակներից է՝ կանխել Սիրիայի բանակի մուտքն այդ երկրի հյուսիսային հատված, և այդ տարածքը հանձնել Ջեյշ ալ-Վաթանիին (Սիրիայի ազատ բանակին):
Կարևոր հանգամանքը Սիրիայի կառավարության ու սիրիական խմբերի ցուցաբերած հակազդեցությունն է: Սիրիայի կառավարությունը Թուրքիայի կառավարության այդ գործողությունը դիտում է որպես «ագրեսիա», որը ծանր հետևանքներ է ունենալու:
Սիրիայի կառավարության տեսանկյունից, այդ երկրի վերաբերյալ Աստանայի բանակցությունների գործընթացի դադարեցումը և Իդլիբ նահանգում Թուրքիայի դերակատարության ավարտը , ինչպես նաև Սիրիայի ու Թուրքիայի զորքերի միջև բախումների առաջացումը, Եփրատ գետի արևելյան հատվածի վրա Անկարայի իրականացրած հարձակման հետևանքներից են: Սիրիայի կառավարությունը համոզված է, որ այդ հարձակումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի կողմից ծրագրված դավադրություն է՝ Իդլիբի ազատագրման գործողությունների և Աստանայի բանակցությունների վրա ազդելու նպատակով:
Սիրիայի քրդական խմբերը ևս արձագանքել են Թուրքիայի հարձակմանը: Իհարկե այդ արձագանքները տարբեր են եղել: Որոշ քրդական խմբեր համոզված են, որ սիրիացի քրդերը պետք է գործեն Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակում և սիրիական բանակին հորդորեն մուտք գործել այդ երկրի հյուսիսային տարածքներ ու պաշտպանել այդ տարածքները Թուրքիայի հարձակումներից , նաև այդ հարձակման հարցով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ:
«Սիրիայի քրդական ժողովրդադեմոկրատական առաջատար կուսակցության» նախագահ Աբդուլհամիդ Դերվիշն այդ մասին ասել է.«Սիրիայի բանակը միակ ռազմական ուժն է, որ պետք է պաշտպանի երկրի սահմանները և զինված աշխարհազորայինները պետք է անհապաղ նահանջեն, երկրի պաշտպանությունը թողնեն բանակին, ու թույլ չտան Թուրքիային՝ հասնել իր նպատակներին»:
Իրականում, Սիրիայի որոշ քրդական խմբեր, հաշվի առնելով քրդերի վերաբերյալ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը , ներառյալ Սիրիայի վրա հարձակումից քրդերին չպաշտպանելը, եկել են եզրակացության, որ Սիրիայից հեռու մնալը և նրա հետ տարաձայնություն ունենալը, ծանր հետևանքներ է ունենալու քրդերի համար: Սիրիայի կառավարությունը ողջունել է քրդական խմբերի այդ դիրքորոշումը և դատապարտելով Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք, հայտարարել է, որ քրդերը այդ երկրի բնակչության կարևոր մասն են և գտնվում են կենտրոնական կառավարության աջակցության ներքո, սակայն քրդերը ևս պետք է գործեն Սիրիայի օրենքների շրջանակում:
Որոշ քրդական խմբեր, այդ թվում՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը, ևս պնդում են, որ առանց Սիրիայի կառավարության օգնության, կարող են ինքնապաշտպանվել Թուրքիայի ագրեսիայից: Բացի այդ, Սիրիայի հյուսիսային հատվածի բնակիչները ևս բողոքի ցույցեր անցկացնելով, դատապարտել են Թուրքիայի ներխուժումն այդ երկիր և սիրիացիներին կոչ են արել համախմբվել ընդդեմ Անկարայի:
Ընդհանուր առմամբ, Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ Թուրքիայի ներխուժումը, որն իրականացել է ԱՄՆ-ի վառած կանաչ լույսով, համարվում է այդ երկրի ինքնիշխանության խախտում, ինչը կարող է փոխել Սիրիայում քրդական խմբերի՝ արտերկրի վրա հույս դնելու կողմնորոշումը և նրանց հորդորել շարժվել այդ երկրի օրենքների և տարածքային ամբողջականության շրջանակում: