Մամուլի տեսություն 11.01.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115545-Մամուլի_տեսություն_11.01.2020
ՌԴ-ն, Չինաստանն ու Եվրոպան, հակադրվելով ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի պահանջին, կարևորել են Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման անհրաժեոշտությունը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 11, 2020 13:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11.01.2020

ՌԴ-ն, Չինաստանն ու Եվրոպան, հակադրվելով ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի պահանջին, կարևորել են Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման անհրաժեոշտությունը:

«Քեյհան»

Իրանի հրթիռային հարձակմանը պատասխանելու դեպքում, ԱՄՆ-ն 5 հազար զոհ կունենար

ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Հաջիզադեն իր եույթ ներկայացրել է չորեքշաբթի օրը Այն Ալ-Ասադ ամերիկյան բազայի վրա Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումը:

Նշելով որ «Նահատակ Սուլեյմանի» անվամբ գործողության հնոացքում ԱՄՆ-ի կարևորագույն բազաներից մեկի հրթիռակոծումը մեծ գործողության սկիզբն էր, որ շարունակվելու է ողջ տարածաշրջանում Հաջիզադեն ասել է.«Այս գործողության ընթացքում մենք որևէ մեկին սպանելու մտադրություն չունեինք, չնայած որ անշուշտ սպանվել ու վիրավորվել են տասնյակ անձինք: Մենք կարող էինք այդ գործողությունը նախագծել այնպես, որ առաջին քայլում ունենային 500 սպանվածներ և եթե պատասխան քայլի դիմեին երկրորդ ու երրորդ քայլերում կլինեին 4 հազարից 5 հազար սպանվածներ»:

 

«Ջոմհուրի Էսլամի»

ՌԴ-ն, Չինաստանն ու Եվրոպան դեմ են հանդես եկել ՀԳՀԾ-ից դուրս գալու վերաբերյալ Թրամփի կոչին

ՌԴ-ն, Չինաստանն ու Եվրոպան դեմ են հանդես եկել ՀԳՀԾ-ից դուրս գալու վերաբերյալ Թրամփի պահանջին:

ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնյաներից մեկը Ռիա Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«ՌԴ-ն դեմ է ԱՄՆ նախագահի պահանջին, որով նա ՀԳՀԾ-ն երաշխավորող երկրներին կոչ է արել դուրս գալ համաձայնությունից»:

Նա հավելել է.«Մենք ընդունում ենք Իրանի այն դիրքորոշումը, որ  ՀԳՀԾ-ն պետք է գործադրվի»:

 

«Մարդոմսալարի»

Թրամփի խելագարությունը սարսափի է մատնել Ներկայացուցիչների պալատին

ԱՄՆ-ի իշխանական համակարգը խստորեն մտահոգված է այն հարցով, որ Վաշինգտոնն անկարող է վերահսկել ԱՄՆ նախագահի քայլերը: Այս հիմամբ, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը վավերացրել է «ԱՄՆ նախագահի պատերազմական լիազորությունների սահմանափակման» բանաձևը, նպատակ ունենալով կանխարգելել Իրանի դեմ ռազմական ոտնձգությունը իրականացնելու քայլը:

 Ուրբաթ առավոտյան, ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 224 կողմ և 194 դեմ ձայներով վավերացրեց Դոնալդ Թրամփի «պատերազմական լիազորությունների սահմանափակման» բանաձևը: Ռոյտերսի հաղորդմամբ ԱՄՆ-ի օրենսդիրների շրջանակում ավելանալով Թեհրանի ու Վաշինգտոնի մեջ լարվածությունների ավելացման հետևանքով պատերազմի բռնկման վերաբերյալ մտահոգությունները, հինգշաբթի օրը ներկայացուցիչների պալատը քվերակության դրեց Իրանի դեմ ցանկացած ռազմական ոտնձության դիմելու հարցում Դոնալդ Թրամփի լիազորությունների սահմանափակման բանաձևը:

 

 «Խորասան»

Խոստովանություն Այն Ալ-Ասադի սպանվածների մասին

Այն դեպքում երբ Սպիտակ Տունը խուսափում է տեղեկություններ հրապարակել Այն Ալ-Ասադ ամերիկյան բազայում սպանվածների մասին, Ճապոնիայի հեռուստատեսությունը հղում անելով ամերիկյան մի աղբյուրի հայտնել է ԻՀՊԿ-ի հրթիռային հարձակման հետևանքով նվազագույնը 20 ամերիկացի զինվորների սպանվելու մասին: Հատկանշական է, որ Թրամփը հայտարարել էր, թե այս հարձակման ընթացքում ոչ մեկը չի սպանվել: Իսկ ԱՄՆ-ի Newsweek պարբերականը հայտնել էր, որ չորեքշաբթի առավոտյան այս հարձակման ընթացքում սպանվել է 270 ամերիկացի զինվոր, սակայն րոպեներ հետո կայքից հանել էր այս լուրը:

 

armenpress.am

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ զինված ուժերի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- գրել է Հովհաննիսյանը:

 

armenpress.am

Զելենսկին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Իրանի նախագահի հետ

Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է շաբաթ՝ հունվարի 11-ի երեկոյան հեռախոսազրույց ունենալ Իրանի նախագահի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակը:

Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 11-ի առավոտյան իր «Ֆեյսբուք»-ի էջում  գրառմամբ պնդել էր, որ Իրանը ամբողջությամբ պետք է ընդունի մեղքը Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման համար:

 

Ավելի վաղ, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի հետևանքով։ Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարևոր ռազմական օբյեկտին մոտ է թռել։ Նշվում է նաև, որ դա տեղի է ունեցել «բարձրացված մարտական պատրաստվածության» պայմաններում՝ կապված Իրանի հրթիռային հարվածներին ԱՄՆ-ի հնարավոր պատասխանի հետ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստակամություն է հայտնել միջոցներ ձեռնարկել փոխհատուցման համար։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է ինքնաթիռի վթարի հետաքննությունը: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար Բոինգ -737 ինքնաթիռը կործանվել էր Իրանի օդանավակայանի մոտակայքում։Անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 176 մարդ, զոհվել են։

 

tert.am

Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե պառակտված. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել Արցախի քաղաքական ուժերին և գործիչներին։ Այս մասին հայտնում է Artsakhpress.am-ը:

Պարգև արքեպիսկոպոսը նշել է, որ քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե պառակտված։ Արցախի հոգևոր հայրը քաղաքական ուժերին կոչ է արել որոշակի պատասխանատվություն ստանձնել դա ապահովելու համար։

«2020 թվականի մարտի վերջին տեղի են ունենալու Արցախի Հանրապետության նախագահի և ԱԺ ընտրություններ։ Ես՝ որպես արցախցիների հոգևոր ծնող, ամեն ինչի համար պատասխանատվություն եմ կրում Աստծո առջև և կամենում եմ, որ մեր այս ընտանիքում ամեն ինչ լինի հաշտ ու համերաշխ։ Ես թույլ չեմ տա խրամատ փորել իմ զավակների միջև»,- նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Արքեպիսկոպոսը հավելել է, որ Արցախում կայանալիք ընտրությունները պետք է անցնեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում։

 

news.am

Ուկրաինայի ՆԳՆ-ն Թեհրանին է հանձնել Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատների ԴՆԹ նմուշները

Ներքին գործերի նախարարության փորձագետները եւ Ազգային ոստիկանության քննիչները հավաքել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի վթարից զոհված ուկրաինացիների հարազատների ԴՆԹ նմուշները եւ հանձնել  Թեհրանին, տեղեկացնում է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

«Էլեկտրոնային ԴՆԹ բանաձեւը այսօր առավոտյան ուղարկվել է մեր փորձագետներին, որոնք աշխատում են Թեհրանում ողբերգության տեղում։ Այժմ մենք սպասում ենք իրանական կողմից մարմինների նույնականացմանը եւ նրանց Կիեւ վերադարձնելուն»,- ասվում է հաղորդագրությունում։

ՆԳՆ-ում հիշեցրել են, որ 15 փրկարար, 4 քննիչ եւ ՆԳՆ 3 փորձագետ օգնում են իրանցի գործընկերներին հետաքննել Boeing 737-ի ողբերգության պատճառները։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանվել էր ՈւՄԱ-ին պատկանող Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որում 167 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ կային։ Նրանք բոլորը զոհվել են, նրանց թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի, այդ թվում՝ 11 ուկրաինացի։

 

news.am

Թրամփն ասել է, որ կարող էր արգելափակել Սենատում Ջոն Բոլթոնի եւ այլ անձանց ցուցմունքներ տալու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում ասել է, որ կարող էր օգտվել իր գործադիր արտոնությունից եւ արգելափակել ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի եւ մյուս պաշտոնատար անձանց Սենատում ցուցմունքներ տալը իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում։

Թրամփը այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իմփիչմենթի շրջանակում մեղադրանքներն ուղարկել է Սենատ։

«Ես կարծում եմ, որ ստիպված եմ դա անել հանուն աշխատակազմի»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Բացի այդ, Թրամփը նշել է, որ կարող էր օգտվել իր գործադիր արտոնությունից նաեւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միք Մալվեյնի, պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ էներգետիկայի նախկին նախարար Ռիկ Փերիի նկատմամբ։

 

7or.am

Այսօր տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը

Հունվարի 11-ին տեղի է ունենալու Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները:

Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները:

Գահակալության արարողությունը տեղի է ունենալու Պոլսի հայոց պատրիարքության աթոռանիստ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Ենթադրվում է, որ գահակալությունից հետո Սահակ Երկրորդ պատրիարքին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կտրվի արքության պատիվ:

 

armenpress.am

Հորդանանից և Լիբանանից մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1100 փախստական

Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 240 մարդ, ավելի քան 880 մարդ ժամանել է Հորդանանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով փախստականների ընդունելության, բաշխման և բնակեցման կենտրոնի տեղեկագրին:

Նշվում է նաև, որ 1 օրվա ընթացքում  երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 6  փախստական:

Բացի այդ, սիրիական զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծում են օրական 1,8 հա տարածք, Դամասկոսում և Զեմրինում (Դերա նահանգ) հայտնաբերել և ոչնչացվել է 27 պայթուցիկ առարկա:

 

tert.am

Թրամփի՝ Կիմ Չեն Ընին ուղարկված ծննդյան շնորհավորանքից հետո Հս. Կորեայում նշել են, որ առաջնորդների անձնական հարաբերությունները բավարար չեն բանակցություններին վերադառնալու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 8-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ծննդյան կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վերջինիս, սակայն Հյուսիսային Կորեայում կարծում են, որ առաջնորդների անձնական հարաբերությունները բավարար չեն բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, գրում է Reuters գործակալությունը:

Այդ մասին ասված է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության կողմից շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ: Այս մեկնաբանությունները հնչում են Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի միջև 2018-ի և 2019-ի սկզբին բուռն դիվանագիտությունից հետո ապամիջուկայնացման շուրջ փակուղի մտած բանակցությունների ֆոնին, գրում է աղբյուրը:

Թեև Կիմ Չեն Ընը կարող է անձնապես հավանել Թրամփին, սակայն նա անձնական զգացմունքների հիման վրա չի ղեկավարի երկիրը, ասված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ խորհրդական Կիմ Կի Գվանի հայտարարության մեջ:

«Թեև նախագահ Կիմ Չեն Ընը լավ է տրամադրված Թրամփի նկատմամբ, դա, բառի բուն իմաստով, «անձնական է»,- ասել է նա:

 «Մենք խաբվել ենք Միացյալ Նահանգների կողմից՝ նրանց հետ երկխոսության մեջ ներքաշված լինելով ավելի քան մեկուկես տարի, և դա մեզ համար կորսված ժամանակ էր»,- հավելել է նա: