Մամուլի տեսութուն 14.01.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115650-Մամուլի_տեսութուն_14.01.2020
Պենտագոնը հրաժարվել է հաստատել ԱՄՆ նախագահի այն պնդումը, թե Սուլեյմանին մտադրություն է ունեցել հարձակվել ԱՄՆ-ի չորս դեսպանատների վրա
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 14, 2020 08:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսութուն 14.01.2020

Պենտագոնը հրաժարվել է հաստատել ԱՄՆ նախագահի այն պնդումը, թե Սուլեյմանին մտադրություն է ունեցել հարձակվել ԱՄՆ-ի չորս դեսպանատների վրա

Խորասան օրաթերթ

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հիմքեր չկան հաստատելու Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Իրանը մտադրություն է ունեցել հարձակում իրականացնել ԱՄՆ-ի չորս դեսպանատների դեմ:

CBS News- ին տված հարցազրույցում, Մարկ Էսպերն ասել է, որ համաձայն է Թրամփի այն պնդման հետ, թե Իրանում պատրաստվում էին հաձակում իրականացնել ԱՄՆ-ի չորս դեսպանատների վրա, սակայն չկան հստակ փաստեր, որոնք կապացուցեն, թե Դոնալդ Թրամփի հրամանով սպանված Ղասեմ Սուլեյմանին պլանավորում էր մասնակցել այդ հարձակումներին:

 

Իսլամական Հանրապետություն օրաթերթ

Նենսի Փելոսի

Թրամփը չի հաղթելո առաջիկա նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հետևելու է, որպեսզի Թրամփի իմպիչմենտի գործը քվերակության դրվի նաև Սենատում: Նա նշել է. «Դոնալդ Թրամփը չի վերընտրվելու նախագահի պաշտոնում»:

Փելոսին BBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչներին ամենայն հավանականությամբ, կհաջողվի նախքան 2020թ նախագահական ընտրությունները, իմպիչմենտի ենթարկել Թրամփին: ՝

 

Խորասան օրաթերթ

Խիստ մրցակցություն՝ ոսկե արձանիկների համար

Երեկ երեկոյան հայտարարվել են Օսկարի թեկնածուները

«Ջոկեր», «Մեկ անգամ Հոլիվուդում», «1917» և «Իռլանդացի մարդը» ֆիլմերը առաջատարների թվում են: «Ամուսնության պատմություն», «Էնջլ», «Ջոջո նապաստակը» և «Փոքրիկ կանայք » ֆիլմերը ներկայացվել են 6 անվանակարգերում: Իսկ մյուս ֆիլմերը ներկայացվել են չորս կամ ավելի քիչ անվանակարգերում:  Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր»ը, որ ներկայացվել է 11 անվանակարգերում, ունի ոսկե արձանիկներ շահելու առավելագույն շանսերը:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի պատմական նվաստացումը մոռացված չէ

Բաղդադի օդանավակայանում ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանությունից հետո, Իրանի բոլոր քաղաքների բնակիչները դուրս եկան փողոցներ ու հայտարարեցին, որ լուծելու են նահատակների արյան վրեժը: Այս հանրահավաքներին մարդկանց բազմամիլիոնանոց ներկայությունը ևս մեկ անգամ ցույց տվեց իսլամական համակարգի ու հեղափոխության հեղինակությունը և իրանցիների միասնությունը:

Երեքշաբթի երեկոյան, Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորության օրը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հուսեյն Սալամին հայտարարեց. «Ես կսկսեմ վերջին խոսքից. Մենք վրեժ ենք լուծելու: Ծանր վրեժ, կոշտ, ցավոտ վրեժ»:

 

armenpress.am

Թուրքիայում 176 սպայի կալանավորման օրդեր են տվել Գյուլենի հետ կապերի համար

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի կալանավորման օրդեր Է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հաղորդել Է Anadolu գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Գյուլենի ենթադրյալ կողմնակիցների ձերբակալման գործողությունը կատարվում Է Թուրքիայի 49 նահանգում: Կասկածյալների թվում են 108 գործող լեյտենանտներ եւ ավագ լեյտենանտներ, ինչպես նաեւ F-16 կործանիչների վեց օդաչու: Արդեն ձերբակալված Է 115 մարդ:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում խռովությունից հետո կալանավորվել Է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել Է ավելի քան 160 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Գյուլենն ինքը, որը գտնվում Է ԱՄՆ-ում, դատապարտել Է հեղաշրջումը եւ մերժել մեղադրանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Նախարարն ակնկալում է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ

 Հայաստանը 2019-ի տարեկան արդյունքներով կունենա առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Շատ լավ տարի ենք սկսել, քանի որ այն կառուցված է 2019-ի շատ լավ հիմքի վրա: Նախորդ տարվա 11 ամիսների տվյալներով 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Առաջատար նշանակություն ունի հատկապես արդյունաբերության աճը: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 11 ամսում կազմել է 9,3 տոկոս: Ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով: Ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9,2 տոկոս աճ, շինարարությունը 4,5 տոկոս և արտահանումն աճել է 9 տոկոսով: Սա նշանակում է, որ չնայած տարեկան համախառն ներքին արդյունքի ցուցանիշները դեռևս ամփոփված չեն, բայց արդեն կարող ենք ասել, որ կունենանք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Խաչատրյանը:

Նա սա չափազանց կարևոր ձեռքբերում համարեց վերջին 1,5 տարվա աշխատանքների ամփոփման արդյունքում:

 

panarmenian.net

Կոալաները կարող են անհետացման եզրին հայտնվել Ավստրալիայում հրդեհների պատճառով

 Ավստրալիայում շարունակվող հրդեհները զգալի վնաս են հասցրել կոալաների պոպուլյացիային՝ այդ կենդանիները կարող են նույնիսկ հայտնվել անհետացման եզրին, հայտնում է Sydney Morning Herald-n երկրի շրջակա միջավայրի նախարար Սյուզան Լեյին հղումով:

Իշխանությունը դեռ չի գնահատել տուժած կենդանիների ճշգրիտ քանակը, գրում է «Վեդոմոստին»:

Միայն նահանգներից մեկի հյուսիսային ափին կարող էր անկել կոալաների մոտ 30 տոկոսը: Բացի այդ, ըստ Լեյի, տուժած կենդանիներից շատերը բուժման կարիք ունեն:

Ընդհանուր առմամբ, հրդեհներից կարող են տուժած լինել միլիարդավոր կենդանիներ, իսկ Ավստրալիայի կենդանական և բուսական աշխարհի վերականգնումն աննախադեպ միջոցներ կպահանջի: Կառավարությունն արդեն հայտնել է այդ նպատակով $50 մլն հատկացնելու մասին:

Ուժգին հրդեհները շարունակվում են Ավստրալիայի հարավային և արևելյան ափին դեռևս 2019-ի հոկտեմբերից: Մինչ օրս դրանք դեռ մարված չեն:

 

panarmenian.net

Ինդոնեզիան ՀՀ աջակցությունն է ակնկալում ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հարցում

 Ինդոնեզիան ակնկալում է Հայաստանի աջակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Այդ մասին ԱՄԷ-ում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։

Հայաստանի նախագահն ընդգծել է՝ որքան մեծ ու դինամիկ լինի կազմակերպությունը, այնքան դա շահեկան կլինի անդամ երկրների փոխշահավետ գործակցության ընդլայնման համար։ Արմեն Սարգսյանը նշել է նաև ՀՀ մրցակցային առավելությունները, որոնց շնորհիվ ինդոնեզական ներդրողների համար նոր շուկաներ մուտք գործելու լայն հնարավորություններ կբացվեն։

Երկու երկրի նախագահներն առանձնահատուկ կարևորել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում գործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և նշել, որ բազմաբաղադրիչ այս ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է ունենալ երեխաների համար նախատեսված «Ապագայի թանգարան» կամ Հայաստանում առաջին արհեստական բանականության «Դիսնեյ լենդը»:

Ծրագրի նպատակներից է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերությունների ներկայացուցիչներին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության, մեծ ծավալի տվյալների կառավարման և մաթեմատիկական մոդելավորման առաջատար կենտրոններից մեկը: Խոսվել է հիշյալ նախաձեռնության շրջանակում ինդոնեզական ընկերությունների հետ գործակցության հնարավորությունների մասին:

Անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում գործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարող է արտահանել բարձրորակ միրգ և բանջարեղեն, ջրային հիմքի վրա պատրաստված արտադրանք ու ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն Ինդոնեզիայում։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկու երկրի քաղաքացիների փոխայցելությունների և շփումների դյուրացման, զբոսաշրջության խթանման կարևորության, Հայաստանի՝ որպես հետաքրքիր ու պատմամշակութային առումով հարուստ զբոսաշրջային ուղղության մասին։