Մամուլի տեսություն 18.01.2020
Ուրբաթօրյա աղոթքի ընթացքում Իրանի մեծարգո առաջնորդի քարոզները և վերջինիս կողմից Իրանի հզորացման կարևորումը դարձել են շաբաթ օրվա Իրանի օրաթերթերի գլխավոր էջերի կարևորագույն լուրերը:
«Խորասան»
Ազգային հավատարմության խոստում՝ հզոր Իրան կերտելու համար
Երեկ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզների ընթացքում, Իրանի ժողովուրդը մեծարգո առաջնորդին խոստացավ հավատարիմ մնալ հեղափոխության գաղափարներին: Մեծարգո առաջնորդը շեշտեց, որ Իրանի ժողովրդի միակ ելքը հզորանալն է, ինչը դարձավ հիմք հզոր Իրան կերտելու համար ազգային երդման:
Որբաթօրյա քարոզների ընթացքում, Այաթոլլլահ Խամենեին Յում Ալլահ անվանեց իմաստուն ժողովրդի հրաշալի մասնակցությամբ տեղի ունեցած գեներալ-լեյտենենտ Ղասեմ Սոլեյմանիի ու նրա զինակիցների հուղարկավորության և Բաղդադում Այն Ալ-Ասադ ամեիրկյան ռազմաբազայի վրա հարձակմամբ ԻՀՊԿ-ի ջախջախիչ պատասխանի երկու օրերը: Ոսուցանող համարելով այս երկու Յում Ալլահները, մեծարգո առաջնորդը հավելեց.«Սատանաներին դիմակայելու հարցում ժողովուրդը ցույց տվեց իր մեծ ներուժը և այս պանծալի ուղին շարունակելու միակ տարբերակը բոլոր ոլորտներում հզորանալն է»:
«Մարդոմսալարի»
ՀԳՀԾ-ին դավաճանությանբ փլուզվեց Եվրոպայի պրեստիժը
Վեճերի լուծման մեխանիզմն ակտիվացնելու քայլով, եվրոպական եռյակն իրականում խոստովանում է, որ անկարող է կատարել ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պարտականությունները և այն հանձնառությունները, որ խոստացել էր իրականացնել՝ համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Որոշ առումներով այս քայլը նշանակում է, որ գլոբալ հավասարություններում Եվրոպայի դերակատարությունն ավարտվել է :
Եվրոպացիների կողմից ԱՄՆ-ին բռնատուրք տալու մասին Թվիթերում կատարած խստաոճ գրառմամբ Իրանի ԱԳ նախարարը գրել է.«Դուք իրավական ու բարոյական առավելություններ չունեք: ՀԳՀԾ-ում մնացած եվրոպական երեք երկրները փաստորեն ՀԳՀԾ-ն վաճառեցին որպեսզի ազատվեն Թրամփի նոր սակագներից»:
Այս գրառման մեջ ասված է.«ԱՄՆ-ի գոհունակությունը շահելու համար Եվրոպայի տուրք վճարելու լուրը հաստատվել է: ՀԳՀԾ-ում մնացած եվրոպական երեք երկրները ՀԳՀԾ-ն վաճառքի հանեցին որպեսզի ազատվեն Թրամփի նոր սակագներից: Բարեկամներ, այս գործը ոչ մի օգուտ չի ունենա: Այն միայն Թրամփի ախորժակն է մեծացնելու»:
«Աֆթաբ Յազդ»
ԱՄՆ-ի բանակը խոստովանել է, որ «Այն Ալ-Ասադի» վրա հարձակման հետևանքով վիրավորվել է ԱՄՆ-ի 11 զինծառայող
Բաղդադում ԱՄՆ-ի Այն Ալ-Ասադ ռազմաբազայի դեմ ԻՀՊԿ-ի հրթիռային հարձակումից հետո ամերիկացիները մի քանի օր հերքում էին, որ զոհեր ու վիրավորներ են եղել:
Վերջերս ամերիկացիները խոստովանել են, որ այս հարձակման հետևանքով վնասվածքներ են ստացել ամերիկացի 11 զինծառայողներ:
«Ջոմհուրի Էսլամի»
Նյու Յուրք Թայմզ.«Գեներալ Սուլեյմանիի սպանությամբ Թրամփը կճանաչվի որպես ԻԼԻՊ-ի փրկիչ»
Յիշեցնելով որ Թրամփը իր նախորդին ներկայացրել է որպես ԻԼԻՊ-ի հիմնադիր, ի վերջո հնարավոր է, որ ինքը հռչակվի որպես այս ահաբեկչական խմբի փրկիչ:
Նյու Յորք Թայմզը գրել է.«2015թ. հասնելով իր հաջողությունների գագաթնակետին ԻԼԻՊ-ը զգալիորեն թուլացել էր, սակայն գեներալ Սոլւեյմանիի նպատակային սպանության հարցով Թրամփի կառավարության քայլը հնարավոր է այս խմբին վերադարձի համար է պատրաստել:
armenpress.am
Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը ցեղասպանություն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեգլարյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:
«Կարող ենք արձանագրել, որ Բաքվի հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Իմ և տարբեր փորձագետների հետազոտությունները և գնահատականը ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթը համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատժելու մասին» կոնվենցիայով ցեղասպանության հանցագործության սահմանմանը: Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»,- ասաց Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ միանշանակ է, որ Ադրբեջանի իշխանություններն են եղել ջարդերի կազմակերպիչը:
«Բազմաթիվ ապացույցներ կան, որ հենց իշխանությունները աջակցել են կազմակերպիչներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատին, և՛ ակտիվ կազմակերպչական գործողություններով, և՛ իրավապահ ու առողջապահական համակարգերի անգործությամբ: ԽՍՀՄ իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի քանի օրվա անգործության կամ թողտվության պատճառով, այլապես Բաքվի ջարդերն այդ մասշտաբները չէին ունենա»,- նշեց նա:
Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:
Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր:
Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են:
Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի: Հայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափման:
Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, Բաքվում և ավելի վաղ՝ 1988թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Թերիքը:
Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:
Նորայր Շողիկյան
armenpress.am
Ձնահյուսի հետևանքով Նեպալի լեռներում հարավկորեացի զբոսաշրջիկներ են անհետ կորել
Նեպալի լեռներում ձնահյուսի հետևանքով անհետ կորել է Հարավային Կորեայից այնտեղ ժամանած 4 զբոսաշրջիկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը:
Գործակալության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, 3 հազար 200 մետր բարձրության վրա: Հարավկորեացիներից բացի խմբում եղել են նաև երկու տեղացի ուղեկցորդներ:
Նեպալի իշխանությունները որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք սակայն դեռ արդյունք չեն տվել: Դեպքի վայր են ժամանել Հարավային Կորեայի Արտաքին գործերի նախարարության անձնակազմն ու անհետ կորածների ընտանիքների անդամները:
news.am
Ադրբեջանում պղծվել է ԽՍՀՄ հերոսներ Նելսոն Ստեփանյանի և Բաղրամյանի հուշարձանները. նրանք էլ էին ֆաշիստնե՞ր. ԱՀ պատգամավոր
Արդբեջանի նախագահը բարձրացրել է Հայաստանում, իր արտահայտությամբ, ֆաշիզմի հերոսացման թեման. Խոսքը Գարեգին Նժդեհի մասին է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Արցախի ԱԺ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը:
Նրա խոսքով, ադրեբաջանական կողմը փորձում է ներքաշել նաեւ ռուս պատմաբանների եւ քաղաքագետների. «Այս քարոզչությանը հակազդելու համար մենք պարտավոր ենք ՌԴ պետդումայում տարածել հատուկ տեղեկանք այն մասին, որ 1988 թվականին Ադրբեջանում պղծվել է Խորհրդային Միության երկու կրկնակի հերոսի՝ Նելսոն Ստեփանյանի եւ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանները: Միթե նրանք էլ էին ֆաշիստներ: Շուշիի ազատագրումից հետո Նելսոն Ստեփանյանի կիսադրին վերականգնվել է, իսկ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որ կանգնեցված էր Կիրովաբադում, մնում է պղծված: Ահա ֆաշիզմի ցայտուն օրինակ: Ինձ թվում է՝ պետք է ստեղծել մի աշխատանքային խումբը, որը մեկ փաստաթղթում կամփոփի նմանատիպ բոլոր տվյալները: Մենք դա կարող ենք ներկայացնել ՌԴ պետդումային, հրապարակել տարբեր լեզուներով, տարածել ԵԽԽՎ-ում»,-ասսց Թովմասյանը:
news.am
ԱՄՀ ղեկավարը զգուշացրել է գլոբալ տնտեսական ճգնաժամի նոր պարույրի մասին
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է գլոբալ տնտեսական ճգնաժամի նոր պարույրի մասին՝ այն կապելով ֆինանսական ոլորտի անկայունության եւ անհավասարության հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ելույթ ունենալով Վաշինգտոնում Փեթերսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտում՝ Գեորգիեւան նկատել է, որ վերջին 20 տարում երկրների միջեւ եկամտի բացը նվազել է, սակայն բնակչության խմբերի միջեւ անհավասարությունը շարունակում է աճել:
Նա օրինակ է բերել ՄԵծ Բրիտանիան, որտեղ հարուստ բնակիչների 10 տոկոսը կարողություն ունի, որը համեմատելի է բնակչության աղքատ կեսի ընդհանուր եկամտի հետ:
«Այդ տագնապալի միտումը հիշեցնում է XX դարի սկզբի իրավիճակը, երբ տեխնոլոգիաների զարգացումն ու ինտեգրացիան նախ հանգեցրեցին առաջին «ոսկեզօծ դարին», ապա ֆինանսական աղետի»,- ասել է նա:
ԱՄՆ-ում «ոսկեզօծ դար» են անվանել XIX դարավերջի տնտեսական եւ ժողովրդագրական առաջընթացը: Ապա ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիա է սկսվել:
7or.am
Երկրաշարժեր են տեղի ունեցել Հայաստանում
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:
***
Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում: