Մամուլի տեսություն 21.01.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115955-Մամուլի_տեսություն_21.01.2020
NPT դաշինքից Իրանի դուրս գալու վերաբերյալ ԻԻՀ ԱԳ նախարարի հայտարարությունը եղել է այսօրվա իրանական թերթերի մեծ մասի գլխագրերում:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 21, 2020 08:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.01.2020

NPT դաշինքից Իրանի դուրս գալու վերաբերյալ ԻԻՀ ԱԳ նախարարի հայտարարությունը եղել է այսօրվա իրանական թերթերի մեծ մասի գլխագրերում:

Քեյհան օրաթերթ

Թրամփն իր մերձավորներին ասել է, որ Իրանի հետ դիմակայությունը խալագարություն է

Daily 20 կենտրոնը հրապարակել է հոդված, որում անդրադառնալով գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո ԱՄՆ-ի կառավարությունում տիրող խառնաշփոթ վիճակին, գրել է, որ Թրամփն անհանգստացած է, որ Սուլեյմանիի սպանությունը կարող է թուլացնել նրա վերընտրվելու շանսերը:

Հոդվածում ասվում է. «Թրամփն իր մերձավորներին ասել է, որ Մերձավոր Արևելքում նոր պատերազմը կամ Իրանի հետ դիմակայության գնալը խելագարություն կլինի»:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Իրաքում հակաամերիկյան ցույցերը շեղելու նոր փորձ

Երկուշաբթի օրը, Բաղդադի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ մի խումբ ապստամբների կողմից փակված ճանապարհները, խաղաղ ցուցարարների աջակցությամբ բացվել են: Հայտարարության մեջ ասված է. «Անվտանգության ուժերը բացել են ապստամբների կողմից փակված բոլոր ճանապարհները»:

Անվտանգության ծառայության հրամանատարությունը հայտարարել է, որ այդ հարցում, անվտանգության աշխատակիցներին օգնել են խաղաղ ցույցերի մասնակիցները:

Մյուս կողմից, ԱՄՆ-ը և Իրաքում այդ երկրի կողմնակիցները վրդովված են Սադր շարժման ղեկավար Մոհթադա Սադրի և Դիմադրության խմբերի առաջնորդի կոչից՝ բազմամիլիոնանոց բողոքի ցույց անցկացնել՝ ԱՄՆ-ի կողմից Իրաքի շրջափակումը դատապարտելու նպատակով:

 

Խորասան օրաթերթ

Իրանի պատասխանը «ձգանի մեխանիզմի» գործարկմանը

Այն բանից հետո, երբ ԻԻՀ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ եթե եվրոպացիները շարունակեն ՀԳՀԾ-ի դեմ ուղղված իրենց քայլերն  Իրանը կարող է վերանայել ՄԱԳԱՏԷ-ի հետ իր համագործակցությունը, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ եթե եվրոպացիներն Իրանի գործն ուղարկեն ՄԱԿ-ի ԱԽ, Թեհրանը դուրս կգա NPT դաշինքից: Զարիֆը հայտարարել է, որ դա Իրանի նախազգուշացումն է ՝ եվրոպացիների կողմից «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու որոշմանը:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

Սովը սպառնում է 22 միլիոն եմենցիների կյանքին

Եմենի Ալսուրե օրաթերը գրել է, որ Սաուդյան Արաբիայի ու այդ երկրի դաշնակիցների կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով, սովը սպառնում է Եմենի 22 միլիոն բնակիչների կյանքին: Օրաթերթը գրել է. «Սովն ու սննդի պակասը սպառնում են 22 միլիոն եմենցիների կյանքին»:

 

armenpress.am

 

Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը

 ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը:

Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի  տեղեկացմամբ՝ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով: ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաև համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

 

armenpress.am

Ավստրալիայի Բրիսբենի բնակիչը կարանտին Է ուղարկվել նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով

 Չինաստանից Ավստրալիայի Բրիսբենի օդանավակայան ժամանած տղամարդը տեղավորվել Է կարանտինում՝ նրա մոտ նոր տիպի թոքաբորբի ախտանիշերի հայտաբերումից հետո: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել Է SBS հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բրիսբենի բնակիչը, որը Չինաստանից վերադարձել Է Ավստրալիա, մեկուսացված Է սեփական տանը՝ նոր տիպի կորոնավիրուսի առկայության բժշկական հետազոտության համար: «Մենք ունենք մեկ պացիենտ, որի վիճակն այժմ հսկում ենք, քանի որ նրա մոտ շնչուղիների հիվանդություն Է զարգացել Ուհանից վերադառնալուց հետո: Այս պահին մենք կատարել ենք մի շարք անալիզներ եւ սպասում ենք դրանց արդյունքին»,- նշել Է Քվինսլենդի նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանետ Յանգը:

Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնը հայտարարել Է, որ նոր հիվանդությունից մայր ցամաքի բնակիչների պաշտպանության համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները: Ավելի վաղ Ավստրալիայի գլխավոր սանիտարական բժիշկ Բրենդան Մերֆին հայտարարել Է, որ Չինաստանից Ավստրալիա կորորնավիրուսի նոր մանրԷահիմքի տարածման ռիսկը մեծ չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

Չինաստանում կարգելեն պլաստիկից պատրաստված տոպրակներն ու մեկանգամյա պարագաները

 Չինաստանում նոր ծրագիր է մեկնարկում՝ մի շարք ոլորտներում մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու ուղղությամբ: Դրա շրջանակում մինչև 2020-ի ավարտը երկրի բոլոր մեծ քաղաքներում կարգելվեն չքայքայվող պլաստիկե տոպրակները: Այդ մասին հայտարարել են երկրի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը և Զարգացման ու բարեփոխումների ազգային հանձնաժողովը:

Արգելքն ուժի մեջ մտնելուն պես չինական քաղաքների խանութներում պոլիէթիլենային տոպրակներ այլևս չեն տրամադրվի:

2022-ից արգելքը կգործի արդեն ՉԺՀ բոլոր քաղաքներում և բնակավայրերում: Մինչև 2025-ը նոր մոտեցումը չի տարածվի շուկաների վրա, որտեղ թարմ մթերք է վաճառվում, գրում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, մինչև 2020-ի ավարտը հանրային սննդի ոլորտում Չինաստանի ամբողջ տարածքում կարգելվեն մեկանգամյա օգտագործման պլաստիկից ձողիկները: Մեկանգամյա սպասքի պարագաները կարգելվեն խոշոր քաղաքների հանրային սննդի վայրերում 2020-ի վերջում, իսկ մյուս բնակավայրերում՝ 2022-ից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել պլաստիկից պատրաստված մի շարք մեկանգամյա պարագաների օգտագործումը և տուգանել ԵՄ անդամ պետություններին պլաստիկ աղբի համար: Ինչպես հայտնի է՝ պլաստիկը վերամշակման ենթակա չէ:

ՀՀ-ում ևս մտադիր են գնալ այդ ճանապարգով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը: Նրա խոսքով՝ գործընթացը կսկսվի մեկ համայնքից, այնուհետև կլինի մարզի մակարդակով ու որոշ ժամանակ անց Հայաստանը կմիանա այն երկներին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումն արգելված է:

 

panarmenian.net

Հայուհի բնապահպանը՝ Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի հավակնորդ

 Ֆրանսահայ բնապահպան և քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը մասնակցում է Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններին:

2019-ի հոկտեմբերի 5-ին քաղաքացիական ժողովը Բարսեղյանին «Ստրասբուրգի բնապահպան և քաղաքացի» էր ընտրել՝ դաշինքի ցուցակի 1-ին համարի ներքո 2020-ի մարտին կայանալիք քաղաքային իշխանությունների ընտրություններին մասնակցելու համար:

Բարսեղյանը ծվել է Փարիզում, սակայն 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ էլ բնակվում է մինչև օրս, գրում է Rusarminfo-ն:

Ստրասբուրգում նա ուսումնասիրել է ֆրանսիական և գերմանական իրավունքը՝ դառնալով իրավաբան բնապահպանության ոլորտում: Որպես բնապահպան ակտիվիստ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պաշտպանության բազում նախագծերի, որոնցից մեկը «Կենդանի Հռենոսն» էր, որի նպատակն էր այդ էկոհամակարգի կենդանացումը:

Ժաննա Բարսեղյանը գործակցում է նաև Հայաստանի հետ՝ նախագծեր իրականացնելով էկոզբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության և թափոնների ուտիլիզացման ոլորտներում:

Ստրասբուրգը գլխավորելու՝ Բարսեղյանի շանսերը բավականին բարձր են գնահատվում:

Եվրոպայի քաղաքական կյանքում Ստրասբուրգը ռազմավարական նշանակություն ունի: Այստեղ են գտնվում Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանը, որտեղ անցնում են ԵԽԽՎ նիստերը, այստեղ է նաև գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հաճախ Ստրասբուրգը, Բրյուսելի հետ մեկտեղ, անվանում են Եվրոպայի ոչ պաշտոնական մայրաքաղաք: