Մամուլի տեսություն 04.02.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116588-Մամուլի_տեսություն_04.02.2020
ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավարն Իրան կատարած իր առաջին այցի ընթացքում, Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ափսոսանք է հայտնել ՀԳՀԾ-ի շրջանակներում եվրոպական եռյակի գործողությունների կապակցությամբ:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 04, 2020 13:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.02.2020

ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավարն Իրան կատարած իր առաջին այցի ընթացքում, Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ափսոսանք է հայտնել ՀԳՀԾ-ի շրջանակներում եվրոպական եռյակի գործողությունների կապակցությամբ:

Խորասան օրաթերթ

Նախօրեին, ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Ջոզեֆ Բորելը, պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ, այցելել էր Իրան: Խավիեր Սոլանայից, Քեթրին Էշթոնից  և Ֆեդերիկա Մոգերինիից հետո, Բորելը ԵՄ արտաքին քաղաքկանության հերթական պատասխանատուն է, որ այցելում է Իրան՝ անձամբ ծանոթանալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքներին:

Որոշ աղբյուրների համաձայն, այցը տեղի է ունեցել Բորելի նախաձեռնությամբ և Հնդկաստանի գագաթաժողովի շրջանակներում: Իրանը, հաշվի առնելով եվրոպական եռյակի վերջին գործողությունները, նման հանդիպման ցանկություն չուներ:

Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Բորելն ափսոսանք է հայտնել եվրոպական եռյակի քայլերի կապակցությամբ: Դա վկայում է, որ Եվրոպան, ՀԳՀԾ-ի շրջանակում, քաղաքական հայտարարություններից առաջ չի անցել:

 

Քեյհան օրաթերթ

Երկրոդ համաշխարհային պատերազմից հետո, 6 օրում  18 զորագնդի ոչնչացումն աննախադեպ է եղել

Եմենի Սանա նահանգի 9-րդ միկրոշրջանում բանակի և ժողովրդական կոմիտեների Ալ-Բունյան ալ-Մարսուս  գործողությունից երկու շաբաթ անց, գործողության մանրամասները դեռևս պարզ չեն:

Եմենի բանակի կենտրոնական շրջանի և կենտրոնական կոմիտեների հրամանատար  Աբդուլղադեր Բադրէդդին Հուսին, Ալ Մասիրա լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ալ-Բունյան ալ-Մարսուս գործողությունն «Աստծո այաների նշանն էր» և երկրորդ աշխարհամարտից հետո մինչ օրս, 6 օրվա ընթացքում 18 զորագնդի ոչնչացաումն աննախադեպ է եղել»:

Եմենի ԶՈՒ խոսնակ Յահիա Սարիհի ասելով. «Եմենական  ուժերը կարողացան գրավել Նահմ շրջանի 2500 քկմ տարածքը և Մաարբ նահանգը, ոչնչացնելով 1500 սաուդցի զորայինի»:

 

Էբթեքար օրաթերթ

Կորոնավիրուսի տարածման ազդեցությունը նավթի պահանջարկի վրա

Կորոնավիրուսի տարածման հետևանքով, համաշխարհային ֆինասնական շուկաներում  խոշոր տատանումներ գրանցվեցին: Ոսկու գինը բարձրացավ, իսկ նավթի գինն իջավ վերջին 6 շաբաթների ընթացքում ամենացածր մակարդկին: Ներկա դրությամբ, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, նավթի գների նվազումը շարունակուվում է: Իսկ  վիրուսը շարունակում է իր բացասական ազդեցությունն ունենալ նավթի պահանջարկի վրա:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Իրանը դատապարտել է Շվեյցարիայի դեսպանատան հայտարարությունը և մի շարք դեղամիջոցների ցուցադրումը, որոնք ձեռք են բերվել իրանցիների գումարներով և ոչ թե ամերիկացիների բարեհոգության շնորհիվ

Վերջերս, Իրանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտարարել է, որ այդ երկիրը գործարկել է Իրանին մարդասիրական ապրանքների ու դեղորայքի վաճառքի համար նախատեսված ֆինանսական մեխանիզմ: Դեսպանատունը նշել էր, որ Իրանը կատարել է գնված դեղորայքի ու այլ ապրանքների համար նախատեսված փորձնական վճարումը:

Ի պատասխան այդ հայտարարության, Իրանի կենտորնական բանկի ղեկավարը հայտարարել է. «Գումարը փոխանցվել է Շվեյցարիայի Կենտրոնական բանկին: Շվեյցարիայի դեսպանատան դիմումի համաձայն վճարվել է նախատեսված գումարի մոտավորպես 2,5 միլիոն դոլարը»:

 

armenpress.am

Ֆոկուսներ Այովայում. քաոս ձայները հաշվելիս եւ արդյունքների բացակայություն

ԱՄՆ-ի Այովայի նահանգում փետրվարի 3-ին տեղի են ունեցել Դեմոկրատական կուսակցության կոկուսներ՝ ժողովներ, որտեղ կուսակցության անդամները քննարկում են թեկնածուներին նախագահական մրցարշավին մասնակցելու համար եւ անցկացնում բաց քվեարկություններ: Այովայի նահանգը դարձել Է առաջինը, որտեղ տեղի են ունեցել կոկուսներ, բայց այստեղ ի հայտ են եկել մի ամբողջ շարք տեխնոլոգական խնդիրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ըստ դեմոկրատների հայտարարության՝ ձայները հաշվելիս հայտնաբերվել են «հակասություններ», թեեւ, կուսակցությունում պնդում են, որ ձայների հաշվման աննախադեպ ուշացումը համակարգչային «կոտրանքի» արդյունք չի եղել: Ի վերջո կոկուսների կազմակերպիչները չեն կարողացել ժամանակին հրապարակել քվեարկության արդունքները եւ հայտնի չԷ, թե դա երբ տեղի կունենա:

Քանի որ պաշտոնական թվերը հայտնի չեն, կուսակցության թեկնածուներն սկսել են ներկայացնել քվեարկության արդյունքների իրենց վարկածները: Այսպես, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի շտաբը հայտարարել Է Այովայում իր թեկնածուի հաղթանակի մասին՝ վկայակոչելով «ներքին տվյալները»:

Սանդերսի շտաբի տվյալներով՝ նա առաջ Է անցել Ինդիանայի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջիչից: Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը հայտնել Է, որ դեմոկրատներն արտակարգ հեռուստախորհրդակցություն են անցկացնում թեկնածուների շտաբների հետ: Ջո Բայդենի շտաբն արդեն վրդովվել Է կազմակերպիչների գործողություններից:

 

armenpress.am

Պետդումայի պատգամավորն Էրդողանին խորհուրդ Է տվել հանել «վաշինգտոնյան ակնոցը»

Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարան չի ճանաչում ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումը, նշել Է, որ Թուրքիայի ղեկավարը պետք Է հանի «խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցը», ինչից հետո թերակղզում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էրդողանն ավելի վաղ կրկին հայտարարել Է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, կշարունակի հետեւել ղրիմցի թաթարների վիճակին: Իր հերթին, ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ Թուրքիայի ղեկավարն ունի Ղրիմ այցելելու գործող առաջարկություն, այդ կերպ նա կարող Է տեղում ուսումնասիրել ղրիմցի թաթարների իրավունքների հետ կապված իրադրությունը: «Թուրքիայի ղեկավարը Ղրիմի իրադրությանը նայում Է խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցով: Հարկավոր Է այն հանել. եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն»,- ասել Է Բալբեկը ՌԻԱ Նովոստիին:

 

panarmenian.net

ՄԱԿ. ՀՀ-ն՝ զբոսաշրջության ոլորտում ամենաարագ աճող երկրների 20-յակում

  Հայաստանն զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենաարագ աճող երկրների 20-յակում է, ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության «միջազգային զբոսաշրջության բարոմետրը» հետազոտության մեջ:

Մեր երկիրը 12-րդ հորիզոնականում է՝ 2019-ին զբոսաշրջության ոլորտում 14.4% աճով, գրում է The Independent-ը:

Հարևան Թուրքիան և Ադրբեջանը ցուցակում համապատասխանաբար 13-րդն ու 17-րդն են՝ 14 և 11.4% աճով:

Հայաստանից առաջ է Իրանը, որը 3-րդ հորիզոնականում է 27.9% աճով:

Զբոսաշրջության առավելագույն աճը գրանցվել է Մյանմայում՝ 40.2%, որին հաջորդում է Պուերտո Ռիկոն 31.2%-ով: Առաջին 10-յակում են նաև Ուզբեկստանը, Չերնոգորիան, Եգիպտոսը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալդիվներն ու Բահամյան կղզիները:

Ըստ հետազոտության` 2019-ին աշխարհում արտասահմանյան ուղևորությունները հասել են 1.5 մլրդ-ի: Դա 4%-ով ավելի է, քան 2018-ին: Ամենաշատ այցելուներին ընդունել է Ֆրանսիան՝ ավելի քան 90 մլն զբոսաշրջիկ:

 

panarmenian.net

Չինաստանի կարանտինի գոտուց ՀՀ ևս 1 քաղաքացի կտարհանվի

  Չինաստանի կարանտինի գոտուց առաջիկա 1-2 օրում Հայաստանի ևս 1 քաղաքացի կտարհանվի: Կարանտինի գոտում գտնվող մյուս ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից, տեղեկացրել է ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը:

Կարանտինի գոտում գտնվող ՀՀ 11 քաղաքացուց մեկն արդեն իսկ տարհանվել էր ՉԺՀ-ից:

Սաֆարյանը նշել է, որ տարհանումն իրականացվում է կամավոր սկզբունքով: Ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում:

Չինաստանում ՀՀ դեսպանատան հետ կապ հաստատելու կոչին փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել է ՀՀ մոտ 600 քաղաքացի, որոնց տվյալները ՀՀ դեսպանությունը գրանցել է: Հայերը բարձրացրել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Հարցերի թվում է նաև ՀՀ տեղափոխման հնարավորությունը:

ՀՀ ԱԳՆ տվյալներով՝ ՉԺՀ տարածքից վերջին 10 օրում Հայաստան է վերադարձել ՀՀ 200 մոտ քաղաքացի:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը և ԱԳՆ-ն ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, բայց առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային և այլ խնդիրներին: Դրանց շուտափույթ լուծումները քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչություններում:

Դեսպանությունը նաև ՀՀ քաղաքացիների տրամադրում է ՉԺՀ իշխանությունների կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են այդ երկրում բնակվող օտարերկրացիներին: Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: