Մամուլի տեսություն 24.02.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117428-Մամուլի_տեսություն_24.02.2020
Այսօր իրանական մամուլն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին Իրանի ժողովրդի փայլուն մասնակցությանը և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածմանը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 24, 2020 13:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.02.2020

Այսօր իրանական մամուլն անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին Իրանի ժողովրդի փայլուն մասնակցությանը և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածմանը:

«Քեյհան» օրաթերթ

Չնայած թշնամու քարոզչությանն Իրանի ժողովուրդը լայնածավալ մասնակցություն ունեցավ ընտրություններին

Անդրադառնալով օտարերկրյա քարոզչամեքենաների կողմից ընտրություններին ժողովրդի մասնակցության դեմ իրականացված  ծավալուն քարոզչությանը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Մի քանի ամիս առաջ մեկնարկած քարոզչությունը գնալով  ավելի ընդլայնվեց: Իսկ վերջին երկու օրերին, կորոնավիրուսի պատրվակով, այդ լրատվամիջոցներն ամեն ինչ արեցին, որպեսզի  ժողովրդին համոզեն չմասնակցել ընտրություններին»:

Փառք տալով Աստծուն և բարձր գնահատելով ժողովրդի ակտիվ մասնակցությունն ընտրություններին, Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է.«Աստված կամեցել է, որ այս ժողովուրդը հաղթի»: 

*** 

«Խորասան» օրաթերթ

Էրդողանի խաղի վերջին կայանը

Այս օրերին Էրդողանն Իդլիբի հարցով  վիճում  է Պուտինի հետ: Այն օրը, երբ Թուրքիայում հաղթեց Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, նա հայտարարեց, որ իր արտաքին քաղաքականությունը  հիմնված է լինելու «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի վրա: Բայց ժամանակի ընթացքում դրսևորվեցին նրա ագրեսիվ ու պատմական մոտեցումները: Իսկ Սիրիայի ճգնաժամի սկզբում, Թուրքիան դարձավ այդ երկրում ընթացող բախումների գլխավոր դերակատարներից մեկը: Այդ ագրեսիվության մասին վկայումէ Էրդողանի՝ «Շուտով պիտի աղոթեմ Դամասկոսի Օմայանների մզկիթում» հայտարարությունը: Այս իրադարձությունները տեղի են ունենում Արևմուտքի նկատմամբ Թուրքիայի անվստահության և ԵՄ-ին ինտեգրվելու հնարավորությունից հուսահատվելու պատճառով:

 

«Շահրվանդ» օրաթերթ

Իրանի իսլամական խորհրդարանի ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.57 տոկոսը

Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին կիրակի օրը հայտնել է, որ 24 միլիոն 512 հազար 404 ընտրող մասնակցել է Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրություններին: Մամուլի ասուլիսում նշելով, որ  իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.57 տոկոսը, Իրանի ներքին գործերի նախարարն ասել է.«Չպետք է մոռանալ, այս ներկայությունը գրանցվել է հաշվի առնելով, որ մի կողմից մեր երկիր է մտել կորոնավիրուսը, իսկ մյուս կողմից երկրում  կան քաղաքական պայմաններ ու հարցեր, այդ թվում  ինքնաթիռի կործանումը, հոկտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները և այլն»:

 

«Էբթեքար» օրաթերթ

Եվրոպացի միջնորդները Թեհրանում

 Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի պաշտոնյաների կողմից ՀԳՀԾ-ի լուծման մեխանիզմի ակտիվացումից և իրանի կողմից միջուկային պարտավորությունների նվազեցման հինգերորդ քայլի մեկնարկից հետո, ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ջոզեֆ Բորելի Թեհրան կատարած այցի արդյունքում, եվրոպացի պաշտոնյաների  շփումներն ավելացել են:

Բորելը Թեհրանում խոսել է ՀԳՀԾ-ն պահպանելու համար  եվրոպացիների քայլերի վերաբերյալ: Նա ասել է, որ այդ քայլերը չեն համապատասխանում Եվրոպայի պարտավորություններին:  Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում Բորելն ասել էր.«Եթե ցանկանում ենք պահպանել ՀԳՀԾ-ն, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, ապահովելու միջուկային համաձայնագրով Իրանի համար նախատեսված տնտեսական առավելությունները»:

 

Armenpress.am

ՀՀ-ն սերտորեն աշխատում է բարեկամ Իրանի հետ. ԱԳ նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի տարածմանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված:«Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածումը մտահոգիչ է: Հայաստանը քայլեր է ձեռնարկել վիրուսի տարածումը կանխարգելելու, և սերտորեն աշխատում է իր բարեկամ Իրանի հետ՝ այս վտանգը միասին հաղթահարելու համար»,-Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշել է Զոհրաբ Մնացականյանը:


 

News.am

Եվս երեք երկիր. Բահրեյնում, Աֆղանստանում եւ Քուվեյթում գրանցվել են կորոնավիրուսի առաջին դեպքերը

Երեք նոր երկրում գրանցվել են կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքեր՝ Բահրեյնում, Աֆղանստանում եւ Քուվեյթում: Այսօրվա դրությամբ COVID-19 կորոնավիրուս են հայտնաբերել աշխարհի 36 երկրում:

Բահրեյնում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է տեղական BNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թագավորության առողջապահության նախարարությանը: Պացիենտը Բահրեյնի հպատակ է, որը ժամանել է Իրանից: Ինքը՝ պացիենտը եւ նրա հետ շփված բոլորը Մանամի բժշկական կենտրոնում կարանտինի մեջ են՝ բժիշկների խմբի հսկողության տակ:

Աֆղանստանում նույնպես գրանցվել է COVID-19-ով վարակման առաջին դեպքը: Աֆղանստանի առողջապահության նախարար Ֆիրոզուդդին Ֆիրուզը հայտարարել է, որ կորոնավիրուսի կասկածանքով 3 դեպք է հայտնաբերվել երեկ Գերատ նահանգում, որոնցից մեկը անցկացված հետազոտություններով հաստատվել է: Սրա հետ կապված նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել:

Կորոնավիրուսի 3 նոր դեպք են հայտնաբերել նաեւ Քուվեյթում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեք վարակվածներն էլ վերադարձել էին Իրան ուղեւորությունից:

Ավելի վաղ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել էր Իրանի հետ ծովային եւ ավիահաղորդակցության դադարեցման մասին, ինչպես նաեւ կորոնավիրուսի տարածման հետ կապված իր ավելի քան 700 քաղաքացիների տարհանման մասին:

Armenpress.am

Լոնդոնի դատարանում սկսվել են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու շուրջ ունկնդրումները

Վուլիջի Թագավորական դատարանում փետրվարի 24-ին սկսվել են WikiLeaks կազմակերպության ստեղծող Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու շուրջ հրապարակային ունկնդրումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը Լոնդոնի հարավ - արեւելքում գտնվող դատարանի շենքից:Դատական գործը, որն ամբողջ աշխարհում իրվապաշտպաններն արդեն սկզբունքորեն կարեւոր են համարել մտքերի արտահայտման ազատության եւ մամուլի ազատության ապագայի տեսակետից, անցնում Է դատավոր Վանեսա Բարայթսերի նախագահությամբ: Նա պետք Է որոշի, թե ավստրալացին կարող Է արդյոք տրվել ԱՄՆ-ին, որտեղ նրա նկատմամբ 18 քրեական մեղադրանք Է առաջադրված: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը, մանավորապես, ավստրալացուն մեղադրում Է հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տեղեկատվության՝ ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն բացահայտման հետ: Առաջադրված մեղադրանքներով Ասանժին միագումար սպառնում Է մինչեւ 175 տարվա բանտարկություն:Դատավարությունը կտեւի չորս շաբաթ եւ կբաժանվի երկու մասի: Առաջին փուլը կտեւի ընդհուպ մինչեւ փետրվարի 28-ը, ինչից հետո դատավարությունում կհայտարարվի եռամսյա ընդմիջում: Գործի քննությունը կվերսկսվի մայիսի 18-ին եւ կտեւի եւս երեք շաբաթ:Եթե ԱՄՆ-ի իշխանությունների պահանջը բավարարվի, ապա Ասանժի հանձնման սանկցիան պետք Է տա Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Փրիթի Փաթելը: Բայց այդ դեպքում ավստրալացու փաստաբանը հնարավորություն կունենա վճիռը վիճարկել Լոնդոնի Բարձր դատարանում, իսկ ապա նաեւ Գերագույն դատարանում կամ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում, ինչը կարող Է տարիներ տեւել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Tert.am

Իրանի հետ սահմանի փակման բոլոր ռիսկերը հաշվարկվել են. պատգամավոր

Բարեկամ Իրանի հետ առաջիկա երկու շաբաթների ընթացքում Հայաստանն ավելի ինտենսիվ, արտակարգ ռեժիմով է աշխատելու, որպեսզի հասկանա, թե կորոնավիրուսի հետ կապված գործողություններն ինչ զարգացումներ են ունենում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:

«Չեմ կարծում, որ երկու շաբաթը կարող է որևէ խնդիր առաջացնել:  Խոսքն առաջին հերթին վերաբերում է մարդկանց փոխադրումներին: Վարչապետի կողմից արդեն պաշտոնական հայտարարություն է եղել, որ բեռնափոխադրումների հետ կապված որևէ արգելք այս պահին չկա, արտակարգ ռեժիմով կվերահսկվեն վարորդները, որոնք տեղափոխում են բեռներ»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Իրանում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի համար կարևոր են, Հայաստանն աչալուրջ է, որպեսզի հասկանա, թե ինչով կարող է օգնել իր բարեկամ երկրին:«Մենք հույս ունենք, որ մարդկությանը սպառնացող նման երևույթները հնարավորինս կարճ կտևեն, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման և համապատասխան արձագանքելուն»,- շեշտեց պատգամավորը:Նա նաև ընդգծեց, որ Իրանի հետ սահմանի փակման հետ կապված Հայաստանը հաշվարկել է բոլոր ռիսկերը: