Մամուլի տեսություն․02․03․2020
Սիրիայում Իրանի խորհրդատվական կենտրոնը նախազգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայի բանակի ու Դիմադրության ուժերի դեմ հարձակումները շարունակվելու կապակցությամբ։
«Քեյհան» օրաթերթ
Թուրքիայի բանակի կենտրոնները մեր ուշադրության կենտրոնում են
Սիրիայում Իրանի խորհրդատվական կենտրոնը նախազգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայի բանակի ու Դիմադրության ուժերի դեմ հարձակումները շարունակվելու կապակցությամբ։
Կենտրոնն Անկարային կոչ է արել տրամաբանական վերաբերմունք դրսևորել՝ հանուն Սիրիայի ու Թուրքիայի ժողովուրդների շահերի։
Իրանի խորհրդատվական կենտրոնը խոսքն ուղղելով Անկարային, հայտարարել է․-«Սիրիայում մեր ներկայությունից ի վեր, Թուրքիայի բանակի կենտրոնները եղել են մեր ուշադրության կենտրոնում, սակայն Աստանայի համաձայնագրի շնորհիվ, Սիրիայի ժողովրդական կոմիտեների ուժերը և Դիմադրության խմբերը չեն հարձակվել Թուրքիայի բանակի կենտրոնների վրա»։
«Խորասան» օրաթերթ
Համաձայնագիր՝ Աֆղանստանում նոր պատերազմի բռնկման համար
Ամիսներ վայրիվերումներից հետո, վերջապես Դոհա քաղաքում աշխարհի մոտ 30 երկրի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնց մեծ մասը համարվում են Աֆղանստանի պատերազմում ներգրավված ԱՄՆ-ի դաշնակիցները, և առանց Աֆղանստանի ներկայացուցիչների մասնակցության, ստորագրվեց Թալիբան խմբի ու ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը։
Համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այցելեցին Քաբուլ։ Իսկ Մուհամմադ Աշրաֆ Ղանիի ու Դոկտոր Աբդուլլահի ներկայությամբ տեղի ունեցած մեկ այլ միջոցառման ժամանակ, համատեղ հայտարարություն տարածելով նրանք կարևորել են Աֆղանստանի կառավարության նկատմամբ ունեցած իրենց պարտավորությունները։
Նշենք, որ Մոհամմադ Աշրաֆ Ղանին ու Դոկտոր Աբդուլլահը պնդում են, որ իրենք են հաղթել Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում։
«Իրան» օրաթերթ
Սթրեսն ավելի վատ է, քան կորոնան
Մարդկանցից քանի մետր հեռավորություն պահպանի՛ր, ձեռքերդ հաճախակի լվա ու ալկոհոլով ախտահանիր, մրսածության և փռշտալու ժամանակ անձեռոցիկով փակիր բերանդ ու քիթդ, ապա անձեռոցիկը նետի՛ր կափարիչով աղբարկղի մեջ,զգույշ եղի՛ր, այս վիրուսը սկզբում ախտանշաններ չունի, հեռավորություն պահպանի՛ր գործընկերներիցդ և այլն։
Այս օրերին հաճախ ենք լսում այս նախադասությունները,որոնց մի մասը համարվում են Առողապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված կարգադրություններ, իսկ մյուս մասն էլ ձևավորվել են սոցցանցերի օգտատերերի կողմից։ Այդ բոլորից անկախ կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի մասին լուրերի տարածումը, բժկական դիմակների ու ախտահանող նյութերի դեֆիցիտը, և ամենակարևորը կորոնավիրուսի բուժման բացակայությունը վախ ու սարսափի մթնոլորտ են ստեղծել մարդկանց մոտ։ Գիտնականները նշում են, որ սթրեսն ավելի վատ է, քան ինքնին կորոնան, քանի որ այն թուլացնում է իմունային համակարգը և մեծացնում հիվանդանալու հավանականությունը:
lragir.am
Հայաստանը Իրանի հետ ժամանակավոր կվերականգնի վիզային ռեժիմը
Հայաստանը Իրանի հետ ժամանակավորապես կվերականգնի վիզային ռեժիմը: Այս մասին կառավարությունում ընթացող խորհրդակցության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք որոշում կայացրեցինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանին հաղորդակցության ուղղությամբ: Եվ մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործըթնացը, և հինգ օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Շատ կարևոր է, որ Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և ինչով հնարավորություն կունենանք, կաջակցենք Իրանի հարևան ու բարեկամ ժողովրդին ու կառավարությանը»,- ասաց վարչապետը:
Armenpress.am
ԱՄՆ-ում երկրորդ մարդն է մահացել նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով
ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգի իշխանությունները մահվան երկրորդ դեպքն են գրանցել ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Այդ մասին ասված Է այն հայտարարության մեջ. որը մարտի 1-ին հրապարակվել Է Քինգի օկրուգի առողջապահության վարչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հետեւում Է փաստաթղթից, մասնագետները «COVID-19-ով վարակման չորս նոր դեպք են հաստատել օկրուգի բնակիչների շրջանում»: Նահանգում դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 13-ի:
Փետրվարի 29-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել Էին, որ Վաշինգտոնի նահանգում տեղ Է գտել երկրում կորոնավիրուսի վարակման պատճառով մարդու մահվան առաջին դեպքը:
Նշվում Է, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել ԱՄՆ-ի Նյու Յորքի եւ Ռոդ Այլենդի նահանգներում, ինչի մասին կիրակի օրը հայտնել են տեղի իշխանությունները:
The New York Times թերթի գնահատումների համաձայն՝ ԱՄՆ-ի տարածքում գտնվում Է ավելի քան 80 մարդ, որոնք հաստատ կամ ենթադրաբար վարակվել են կորոնավիրուսով: Նրանց թվում են նաեւ այն անձինք, որոնք արդեն լիովին ապաքինվել են կամ ապաքինվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
168.am
ԱՄՆ-ում դեմոկրատ Փիթ Բութեջաչը հայտարարել է նախընտրական արշավից դուրս գալու մասին
Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը մարտի մեկին դադարեցրել Է մասնակցությունը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին: Այդ մասին նա հայտարարել Է Սաութ Բենդում ունեցած ելույթի ժամանակ, հեռարձակումը վարել Է CNN հեռուստաալիքը:
«Այսօր երեկոյան ես ընդունեցի իմ նախագահական արշավը դադարեցնելու դժվարին որոշումը,- ասել Է Բութեջաչը:- Ես այլեւս չեմ փորձի դեմոկրատներից թեկնածու դառնալ նախագահական ընտրություններում, բայց հնարավորինս ամեն ինչ կանեմ, որպեսզի հունվարից մեզ մոտ նոր դեմոկրատ նախագահ լինի»: Նախկին քաղաքագլուխը չի պարզաբանել, թե ինչու Է դուրս գալիս մրցարշավից: Նա նշել Է, որ այս փուլում իր համար «ամենից լավ Է՝ մի կողմ քաշվել՝ կուսակցության միասնությունը պահպանելու համար»։
Բութեջաչը նախընտրական պայքարի մեջ Է մտել 2019 թվականի ապրիլին: Նրան հաջողվել Է հաղթանակ տանել փետրվարի սկզբին Այովայի նահանգում կայացած,կուսակցական ակտիվիստների ժողովներում, Նյու Հեմփշիրում կայացած նախնական ընտրություններում (փրայմերիզ) նա զբաղեցրել Է երկրորդ տեղը: Հարավային Կարոլինայում փետրվարի 29-ին կայացած փրայմերիզի արդյունքներով Բութեջաչն ստացել Է ձայների սոսկ շուրջ 8,2 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert. am
Օբաման Բայդենին հայտնել է, որ առայժմ նախագահական մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում. CNN
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ առայժմ նախագահական ընտրությունների մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում, գրում է CNN-ը՝ իրազեկ աղբյուրին հղումով:
Աղբյուրը գրում է, որ թեև Օբաման շաբաթ երեկոյան անձամբ զանգահարել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենին՝ Հարավային Կարոլինայում վերջինիս հաղթանակը շնորհավորելու, սակայն տեղեկացրել է, որ առայժմ նախագահական ընտրությունների մրցապայքարում ոչ ոքի չի աջակցում, այդ թվում՝ նրան:
Հայտնի է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը վճռական հաղթանակ է տարել Հարավային Կարոլինայում փետրվարի 29-ին կայացած նախնական ընտրությունների ժամանակ. ընտրողների մեծամասնությունը քվերակել է 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից Բայդենի առաջադրման օգտին:
Օբամային մոտ կանգնած աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Օբաման նախկինի պես կարծում է, որ իր ամենակարևոր առաքելությունը կուսակցությունը միավորելն է:
«Նա պատրաստ է ներդնել իր ջանքերը կուսակցությունը միավորելու և Թրամփի դեմ հաղթանակ տանելու հարցում»,- հայտնել է նա:
Աղբյուրը հավելում է, որ չնայած դրան, Բայդենը շարունակում է իր ելույթներում նշել Օբամայի անունն ու ժառանգությունը. մյուս թեկնածուները, ինչպիսիք են՝ Մայքլ Բլումբերգը, նույնպես հաճախ նշում է Օբամայի հետ իր գործընկերության մասին:ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:
Armenpress.am
ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանի կողմից հնդկական 4 ռադարային համակարգ գնելու մասին
Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ 4 Swathi ռադարային համակարգ մատակարարելու 40 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել։ Հնդկաստանը հայտարարված մրցույթում հաղթել է Ռուսաստանին և Լեհաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է հնդկական լրատվամիջոցները: Timesnownews.com կայքը, հղում անելով Հնդկաստանի կառավարության իր աղբյուրներին, գրել է, որ ռադարային համակարգը մշակվել է Պետական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության Էլեկտրոնիկայի և ռադարների զարգացման հիմնադրամի Բանգալորի (Բենգալուրու) լաբորատորիայի կողմից և արտադրվել է «Bharat Electronics Limited (BEL)»-ի կողմից: Կայքի տեղեկություններով՝ Հնդկաստանն արդեն սկսել է ռադարային համակարգի մատակարարումը Հայաստանին:
Business Today-ն էլ տեղեկացնում է, որ Հայաստանը մանրամասն փորձարկել է նաև Ռուսաստանի և Լեհաստանի առաջարկված համակարգերը, սակայն հետո ընտրել է հնդկականը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, սակայն, առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը: