Մամուլի տեսություն 13․04․2020
Ամերիկյան Heritage հիմնադրամը խոստովանել է, որ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերն ի վիճակի չեն դիմակայել Իրանի հրթիռային հարձակումներին
«Մարդոմսալարի» օրաթերթ
ՀԳՀԾ-ի հետ կապված հավանականություններ՝ Ջո Բայդենի հաղթելու դեպքում
Վերմոնտ նահանգից 78-ամյա սոցիալ-դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը, որը հավակնում էր Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուն դառնալուն, հայտարարել է, որ դադարեցնում է ընտրություններին իր մասնակցությունը։ Այսպիսով՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը դառնում է դեմոկրատների կողմից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուն։
Սանդերսի դիրքորոշումը կամա թե ակամա ազդելու է Բայդենի դիրքորոշման վրա։ Նա փորձում է արդյունքի հասցնել մի նախագիծ, որը օրենքի ուժ ստանալու դեպքում, ԱՄՆ-ի կառավարությանը կպարտավորեցնի Իրանի դեմ պատերազմելու համար ստանալ Կոնգրեսի հավանությունը։ Նշելով, որ Իրաքում և Վիետնամում ԱՄՆ-ի պատերազմները հիմնված են եղել ստի վրա, Սանդերսն ասել է, որ թույլ չի տա Թրամփի վարչակազմին ևս մեկ պատերազմ պարտադրել ԱՄՆ-ի ժողովրդին:Անցած տարի արձագանքելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի պարտավորությունների կրճատման 4-րդ քայլին,Սանդերսն իր թվիթերյան միկրոբլոգում գրեց․ «Մենք ունեինք համաձայնագիր, որը սահմանափակում էր Իրանի միջուկային ծրագիրը, սակայն Թրամփն ատեսեց ու չեղարկեց այն։ Մենք պետք է անհապաղ միանանք համաձայնագրին և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ բանակցենք Իրանի հետ»։
«Քեյհան» օրաթերթ
ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերն ի վիճակի չեն դիմակայել Իրանի հրթիռային հարձակումներին
Ամերիկյան Heritage հիմնադրամը հրապարակել է հիմնադրամի ազգային պաշտպանության կենտրոնի տնօրեն Թոմաս Սպորի հեղինակած հոդվածը, որում անդրադառնալով Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան Այն ալ-Ասադ և Էրբիլ ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակումներին, ասված է․ «ԱՄՆ զինված ուժերի հակահրթիռային պաշտպանության համակարգերը օպտիմիզացված չեն հեռավոր բազաներում օգտագործման համար»։:
«Բայց նույնիսկ եթե այդ համակարգերը հասանելի լինեն Իրաքում օգտագործման համար, պետք է նկատի առնել, որ կան սահմանափակություններ դրանց օպերատիվ կիրառման համար։ Անգամ փոքր տրամաչափի փամփուշտները կարող են վնասել զգայուն ու խոցելի հրթիռանետերը կամ դրանց ռադարները»,- ասված է հոդվածում:
«Ջավան» օրաթերթ
Թրամփ․ «ԱՄՆ-ի տնտեսությունը հայտնվել է խորը ռեցեսիայի մեջ »
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Հավանական է, ԱՄՆ-ի տնտեսությունը հայտնվի խորը ռեցեսիայի մեջ»։
ԱՄՆ-ում 16 միլիոն աշխատատեղերի կորստից հետո, տնտեսություն ներարկելով 2 տրիլիոն 300 միլիոն դոլար, նախագահ Թրամփն օրերս մտահոգիչ է որակել տիրող պայմանները։ Նա ասել է. «ԱՄՆ-ի տնտեսությունը հայտնվել է խորը ռեցեսիայի մեջ»։ Թվիթերյան իր միկրոբլոգում Թրամփը գրել է․ «Ներկա իրավիճակն աննախադեպ է։ Դրանում կասկած չկա։ Տնտեսությունը, զբաղվածությունն ու աշխատավարձերի չափերն արագորեն աճում էին, սակայն համաճարակը հարվածեց այս ամենին»։
«Աֆթաբե Յազդ» օրաթերթ
Ֆրանցիսկոս Պապ․«Չեղարկեք Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները»
Վատիկանի ԱԳ նախարարն ասել է․ «ԱՄՆ-ի հետ բանակցել ենք Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ»։
Արձագանքելով աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին ուղղած Իրանի կոչին, Վատիկանը ամերիկացի պաշտոնատարների հետ հեռախոսազրույցում պահանջել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չեղարկել հակաիրանական պատժամիջոցները»։
Վատիկանի ԱԳ նախարար Պիետրո Պառոլինը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Քելլի Քրաֆթի հետ հեռախոսազրույցում, վերջինիս կոչ է արել չեղարկել Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։
Operativ.am
ԱՄՀ-ն նախատեսում է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրվելիք աջակցությունն ավելացրել է մինչև 92 մլն դոլար։
Գերմանիան Հայստանին կտրամադրի 91 մլն դոլար ընդհանուր ծավալով դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն:
Սրա արդյունքում կառավարությունը կկարողանա ընդլայնել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական օժանդակության միջոցառումները։
News.am
ՀՀ Կառավարությունը որոշեց 30 օրով երկարաձգել Արտակարգ դրության ժամկետը
Հայաստանի Կառավարությունն այսօրվա իր արտահերթ նիստում որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը, այն կտեւի մինչեւ մայիսի 14-ը, ժամը 17.00:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով նշեց, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ նախատեսում է, որ եթե այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի երկարաձգել արտակարգ դրության ժամկետը՝ պահպանելով նույն օրենքով սահմանված կարգը. «Այսինքն երկարաձգման առումով որեւէ իրավական խնդիր չկա»:
Բադասյանը նշեց, որ իրենք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել այդ որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում էր լրատվամիջոցներին. «Եթե կյանքը ցույց կտա, որ ֆեյքային նորություները լայն տարածում կստանան, մենք կարող ենք վերադառնալ եւ կիրառել նոր սահմանափակումները»,-ասաց նախարարը:
Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:
Armenpress.am
Հարավային Կորեան ԱՄՆ կուղարկի կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ. Deutsche Welle
Հարավային Կորեան նախատեսում է ԱՄՆ ուղարկել կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ:
Արմենպրեսի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ավելի վաղ նման խնդարնքով Սեուլին դիմել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թեստերը կուղարկվեն ապրիլի 14-ին:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 մլն 850 հազարից, մահացածների ցուցանիշը 114 հազարից ավելի է: Ապաքինվել է 429 հազար 196 մարդ: Թեժ կետերը համարվում են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան:
Tert.am
Կորոնավիրուսը դեռ երկար կարող է հետապնդել մարդկությանը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Covid-19-ի հարցով հատուկ համակարգող Դևիդ Նաբարոն զգուշացրել է, որ վիրուսը պարտադիր չէ, որ տարածվի ալիք առ ալիք, ինչպես գրիպը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, բժիշկը հայտարարել է, որ այս վիրուսը «կարող է դեռ երկար ժամանակ հետապնդել մարդկությանը», քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել: Մեկնաբանելով իր տեսակետը՝ նա նշել է, որ կարող են փոքր համաճարակներ են բռնկվել «ինքնաբերաբար», այդ իսկ պատճառով կարևոր է, որ յուրաքանչյուր համայնք «պաշտպանիչ վահան» ունենա՝ մեկուսացնելու համար վարակակիրներին և կանխելու ավելի մեծ համաճարակի բռնկումը:
Նաբարոյի խոսքով՝ թեև Եվրոպայում և ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման թվերի տատանումներ են լինում, ԱՀԿ-ն «դեռևս բարձր պատրաստականության վիճակում է գտնվում և շատ մտահոգված է», հատկապես այն երկրների համար, որոնք թույլ առողջապահական համակարգ ունեն:
Մասնագետը շեշտել է կորոնավիրուսի խնդրի համաշխարհային բնույթը և կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առավել մեծ համագործակցություն ծավալել:
Armenpres.am
COVID-19. Բրիտանիան վարակվածության ցուցանիշով գերազանցել է Չինաստանին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 853 հազար 505-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 114 հազարը: Ապաքինվել է ավելի քան 423 հազար մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 560 հազար 433 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 22 հազար 115 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 166 հազար 831: Մահացության ցուցանիշը 17 հազար 209 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156 հազար 363 է: Վարակից մահացել է 19 հազար 899 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 132 հազար 591 հաստատված դեպք, մահացել է 14 հազար 393 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջոդում է Գերմանիան, որտեղ 127 հազար 854 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 22 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 84 հազար 279 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 612:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 160 ընդհանուր, 108 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 341 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 71 հազար 686: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 474 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 56 հազար 956 է, Բելգիայում՝ 29 հազար 647 է, Նիդերլանդներում՝ 25 հազար 587 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 415 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 257 դեպք կա, Ռուսաստանում` 15 հազար 770: ՌԴ-ում մահացել է 130 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 123, այստեղ գրանցվել է մահացության 22 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 979 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 159 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2065: Իրաքում վարակվածների թիվը 1352 է, մահացության ցուցանիշը 76 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 1234:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: