Մամուլի տեսություն 23-4-2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119721-Մամուլի_տեսություն_23_4_2020
Իրանի Իսլամական հանրապետության առաջին ռազմական արբանյակն արձակվել է «Ղասեդ» երկփուլ արբանյակակրի միջոցով, Իրանի կենտրոնական անապատից:
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Ապրիլ 23, 2020 13:10 Asia/Tehran

Իրանի Իսլամական հանրապետության առաջին ռազմական արբանյակն արձակվել է «Ղասեդ» երկփուլ արբանյակակրի միջոցով, Իրանի կենտրոնական անապատից:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանի ռազմական ներկայությունը տիեզերքում

Իրանի Իսլամական հանրապետության առաջին ռազմական արբանյակը արձակվել է ուղեծիր:

 «Նուռ» արբանյակը, որպես Իրանի Իսլամական հանրապետության առաջին ռազմական արբանյակ, արձակվել չորեքշաբթի առավոտյան՝ «Ղասեդ» երկփուլ արբանյակակրի միջոցով, Իրանի կենտրոնական անապատից: Այն կտեղակայվի 425 կմ հեռավորության վրա, երկրի ուղեծրում: 

Սա տիեզերական ոլորտում մեծ ձեռքբերում է Իրանի համար:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի բուժաշխատողները հոգնել են Թրամփի խայտառակ տնօրինումից

Թրամփի անարդյունավետ  տնօրինման դեմ Սպիտակ տան դիմաց տեղի ունեցած ԱՄՆ-ի բուժաշխատողների բողոքի ցույցին զուգահեռ, ԱՄՆ-ի նախագահի կողմնակից հազարավոր ցուցարարներ Հյուսիսային Կարոլինա, Միսուրի, Ալաբամա և Ֆլորիդա  նահանգների նահանգապետերից պահանջել են չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով կիրառված սահմանափակումները և վերսկսել տնտեսական գործունեությունը:

Բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի օր, Դոնալդ Թրամփի պահանջով:  ԱՄՆ-ի առողջապահության մասնագետները նախազգուշացրել են, որ կարանտինը կարևոր է կորոնավիրուսի բռնկումը կանխելու համար:

 

Էբթեքար օրաթերթ

Եվրոպայի վախը Պեկինի կորոնավիրուսային դիվանագիտությունից

Անցյալ տարի  Չինաստանի և Գերմանիայի միջև  լայնածավալ խորհրդատվությունները և երկկողմ համաձայնագրերը գագաթնակետին հասան և նախատեսվում էր, որ  2020 թվականը կդառնա Եվրոպա-Չինաստան դիվանագիտության տարի: Սակայն կորոնավիրուսի բռնկումը և դրա հետևանքները եվրոպացիներին ստիպեցին մտածել այս հարաբերություններում առաջացած ճեղքվածքի մասին: Այժմ Եվրոպացի դիվանագետները քննարկում են աճող դժգոհությունը Չինաստանի կողմից կորոնավիրուսի համավարակի կառավարման կապակցությամբ:

Կորոնավիրուսի բռնկման ֆոնին բժշկական սարքավորումների գների բարձրացումը Պեկինի կողմից անվերադարձ հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների համար: Դա ցույց է տալիս, որ Չինաստանի համաշխարհային ղեկավարության նկատմամբ վստահությունը թուլանում է նրա գործունեության պատճառով:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է առճակատվել սովի սպառնալիքի հետ:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) գործադիր տնօրենը հայտարարել է, որ պարենային անվտանգություն չապահովելու դեպքում, մարդկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է առճակատվել սովի սպառնալիքի հետ:

 

armedia.am

Ստեփան Ծատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ստեփան Ծատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

 

aysor.am

Բժանիան ստանձնել է Աբխազիայի նախագահի պաշտոնը

Աբխազիայի ընտրված նախագահ Ասլան Բժանիան ստանձնել է նախագահի պաշտոնը երդմնակալության արարողությունից հետո, որը տեղի է ունեցել Սուխումում՝ հանրապետության ղեկավարի վարչակազմի շենքում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ միջոցառումն անցկացվել է առանց օտարերկրյա հյուրերի: Մասնակցել են միայն Ռուսաստանի, Հարավային Օսիայի և չճանաչված Մերձդնեստրի Հանրապետություն դեսպանատների ղեկավարները:

Արարողությանը մասնակցել են նաև խորհրդարանի անդամներ, ԿԸՀ և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, սահմանադրական դատարանի դատավորներ, գերագույն դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Աբխազական ուղղափառ եկեղեցու և հանրապետության մահմեդականների կրոնական վարչակազմի ներկայացուցիչները:

 

«Արմենպրես»

Օնտարիո նահանգի վարչապետը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել

Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ֆորդը նշել է, որ սգում է զոհերի համար և հիշում նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին և բոլոր նրանց, ովքեր հարգում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Տորոնտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոմիտեին՝ այս կարևոր իրադարձության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Այսօր մենք հարգում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Մենք սգում ենք նրանց համար, ովքեր ողբերգական կերպով զոհվել են պատմության այդ մութ ժամանակահատվածում, և հիշում ենք նրանց, ովքեր արտաքսվել են իրենց տներից։ Այս հանդիսավոր միջոցառումը խիստ հիշեցում է հետագայում այնպիսի աշխարհ կառուցելու անհրաժեշտության մասին, որը զերծ է բռնությունից և անարդարությունից: Ես սա ասում եմ ձեզ, որպես նահանգի վարչապետ, որն արժևորում է բազմազանությունը և մեծ նշանակություն է տալիս խաղաղ և ներդաշնակ հասարակության ստեղծմանը»,- ասել է Օնտարիո նահանգի վարչապետը։ 

Կանադայի Համայնքների պալատը 1996թ. և 2004թ. որոշումներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Կանադայի Սենատը 2002թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Կանադայի Օնտարիո, Քվեբեկ և Բրիտանական Կոլումբիա նահանգները։

 

 «Արմենպրես»

Ավստրալիան դեռ 4 ամիս սահմանները փակ կպահի

Ավստրալիայում առաջիկա 4 ամիսներին դեռ միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանվի և սահմաններն էլ փակ կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է երկրի գլխավոր սանիտար Բրենդեն Մերֆին առցանց ելույթի ժամանակ:«Միջազգային իրավիճակը ներկայում այսպիսին է, սահմանային ռեժիմի ցանկացած թուլացում կլինի ծայրահեղ ռիսկային քայլ: Ես խորհուրդ եմ տվել Անվտանգության հարցերով ազգային կոմիտեին երկարաձգել երկրից դուրս գալու խիստ սահմանափակումների ժամկետը և երկիր թողնել միայն այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ»,-ասել է Մերֆին: