Մեկնաբանություն - Մարդու իրավունքները ոտնահարողներն Իրանի դեմ մարդու իրավունքների բանաձևի հեղինակներ
Իրանի դեմ կեղծ հայտարարությունների հիմամբ մարդու իրավունքների հարցով բանաձև վավերացնելու որոշ երկրների փորձերը կրկնված ու անօգուտ քայլեր են: Այդ քայլերից մեկն է, վերջերս Կանադայի կողմից ՄԱԿ-ի ԳԱ երրորդ կոմիտեին ներկայացված բանաձևը:
Քննադատելով այդ բանաձևը, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի գլխավոր քարտուղար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ այս բանաձևի կողմնակիցներն այն պետություններն են, որոնք տարբեր ձևերով աջակցում են ահաբեկչական խմբավորումներին, որոնց ձեռքերը շաղախված են հազարավոր իրանցիների արյամբ կամ իրականացնում են ԱՄՆ-ի ապօրինի և ճնշող պատժամիջոցներն Իրանի ժողովրդի դեմ:
Բանաձևի համար հիմք է ծառայել Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը: Բաղերի Քանին նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Իրանում թմրաբիզնեսով զբաղվողներին պատժելուն ուղղված գործողությունները, սակայն չի անդրադարձել թմրաբիզնեսի դեմ պայքարի ճանապարհին չորս հազար իրանցի զինվորականների նահատակվելու և 12 հազար զինվորականների վիրավորվելու փաստին:
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի գլխավոր քարտուղարը քննադատել է նաև այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի անդրադարձել Իրանի ժողովրդի կենցաղի վրա ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությանը:
Կարծես թե ՄԱԿ-ում քաղաքական նկատառումները արգելք են հանդիսանում մարդու իրավունքների մասին իրողությունները արտահայտելու ճանապարհին:
«Անցյալ տարի Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի 222 երեխաների սպանությունից հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այդ ռեժիմի անունը հանեց երեխաներին սպանող և երեխաների իրավունքները խախտող պետությունների ցուցակից, ինչը չի համապատասխանում մարդու իրավունքների հետ կապված որևէ չափանիշի»,-ասել է Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի գլխավոր քարտուղարը:
Մարդու իրավունքների պաշտպանության այս հավակնորդները իրենց երկրներում ճնշում են ընդդիմադիրներին, անարգում են կրոնական սրբություններն ու արժեքները և բռնություն կիրառում մուսուլմանների ու գաղթականների նկատմամբ: Կանադան ևս այդ երկրների շարքում է: Կանադան այն պայմաններում է Իրանի դեմ մարդու իրավունքների հարցով բանաձև վավերացրել, երբ անտեսում է սիոնիստների ոտնձգությունների հետևանքով միլիոնավոր մարդկանց ճակատագիրը և հովանավորում է Իսրայելի ռեժիմին: Կանադայում բնիկ կանայք ենթարկվում են խտրականության, իսկ նրանցից հազարավոր անհետ կորածների ճակատագիրն անհայտ է:
Իրողությունն այն է, որ քաղաքական շահամոլությունն արևմտյան իրավապաշտպան կազմակերպություններին ու ինստիտուտներին զրկել են իրենց իրական բնույթից ու գործառույթներից, որոնք ստեղծվել էին մարդու իրավունքները պաշտպանելու համար: Արևմտյան աշխարհը իր աչքերը փակել է վայրագորեն տեղի ունեցող ոճրագործությունների վրա և մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է դարձել: Հետևաբար չի կարող հավակնել, թե մարդու իրավունքների պաշտպան է և քաղաքական նկրտումներով բանաձևեր վավերացնել այլ երկրների համար: