Մեկնաբանություն - Շարունակվում է ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը
Թրամփի վարչակազմը խոստացել է ամեն շաբաթ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը նոյեմբերի 18-ին հայտարարել է Իրանի հետ կապված նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի կայքի փոխանցմամբ՝ պատժամիջոցների SDN (Specially Designated Nationals) ցանկի մեջ են ներառվել 9 քաղաքացիական անձանց անունները, 49 կառույցներ ու մեկ նավ: Վաշինգտոնն Իրանի անվտանգության նախարարին մեղադրելով մարդու իրավունքների ոտնահարման մեջ, նրա անունը ներառել է պատժամիջոցների SDN ցանկում: ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հրապարակել է հայտարարություն, որում բացատրություններ է տվել այդ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: «Իսլամական հեղափոխության «Մոստազաֆան» («Ընչազուրկների հիմնադրամ») պետական հիմնադրամի հետ կապված ընկերությունները ներառվել են պատժամիջոցների ցուցակում: Այս ընկերությունները զբաղվում են տնտեսական, առևտրային, արդյունաբերական և վերամշակման գործունեությամբ», ասված է հայտարարության մեջ:
Գանձապետական դեպարտամենտի հայտարարության հրապարակումից կարճ ժամանակ անց, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակվելու է:
Թրամփի վարչակազմի կողմից նոր պատժամիջոցների ցանկի հրապարակումը իրականում քարոզչական քայլ է, որն ընդգծում է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը շարունակվելու անհրաժեշտությունը: Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի պարտությունն ԱՄՆ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում, ընդամենը երկու ամիս է մնացել նրա վարչակազմի գործունեության ավարտին: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերով՝ Թրամփը մտադիր է այս ժամանակահատվածում հայտարարել Իրանի դեմ իրարահաջորդ պատժամիջոցների մասին: Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում էր հիմնականում Իրանի զենքի էմբարգոյի երկարաձգումը և Իրանի նկատմամբ միջազգային բոլոր պատժամիջոցների վերականգնումը, որ երկու դեպքում էլ ձախողվեց:
Washington Post- ում լույս տեսած լրագրող Իշան Թարուրի հեղինակած վերլուծական հոդվածում ասված է. «Դոնալդ Թրամփի նախագահության ավարտին մնացել է ընդամենը երկու ամիս, և նա այլևս շատ բան չի կարող անել: Չնայած Թրամփի վարչակազմի պնդումներին, պատժամիջոցների վերականգնումը չկարողացավ Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ: Առավելագույն ճնշումը նույնպես չկանգնեցրեց Իրանին»:
Մյուս կողմից, Իրանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները չեղարկելու կոչերը ավելացել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով, և ԱՄՆ 75 դեմոկրատ օրենսդիրների խումբը նամակ է գրել ԱՄՆ պետքարտուղարին և գանձապետական դեպարտամենտին կոչ անելով կրճատել Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Նրանք Թրամփի վարչակազմին կոչ են արել համաձայնվել մեղմացնել պատժամիջոցները և հնարավորություն ստեղծել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման թեստ-հավաքածուներ, շնչառական սարքեր և այլ բժշկական պարագաներ ուղարկել Իրան, կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Հավանաբար, Թրամփը չի պատրաստվում Սպիտակ տանը գտնվելու մնացած ժամանակահատվածում փոխել Իրանի դեմ իր անմարդկային պատժամիջոցների քաղաքականությունը, որն այժմ ներառել է նաև Իրանի առողջապահության ու դեղորայքի ոլորտը: Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չունի կարմիր գիծ Իրանի հարցում իր անտրամաբանական և անօրինական նպատակներին հասնելու համար, և այդ պատճառով ներկայումս առավելագույն ճնշում է գործադրում Իրանի բժշկական համակարգի նկատմամբ: Սակայն առավելագույն դիմադրության քաղաքականության շրջանակներում Իրանը կարողացավ հաջողությամբ դիմակայել ԱՄՆ լայնածավալ և միակողմանի պատժամիջոցներին: