Մամուլի տեսություն 02.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154700-Մամուլի_տեսություն_02.11.2021
Կատարում անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, բոլոր պատժամիջոցների չեղարկման շուրջ տարաձայնությունները և միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս չգալու երաշխիքների բացակայությունը փակուղի են տարել միջուկային բանակցությունները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 02, 2021 08:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02.11.2021

Կատարում անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, բոլոր պատժամիջոցների չեղարկման շուրջ տարաձայնությունները և միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս չգալու երաշխիքների բացակայությունը փակուղի են տարել միջուկային բանակցությունները:

Քեյհան օրաթերթ

Միացյալ Նահանգները ՀԳՀԾ-ն տարավ դեպի փակուղի, սակայն ձախողվեց

Կատարի «Ալ-Ջազիրա» հետազոտական ​​կենտրոնը հրապարակել է մի զեկույց, որում ասվում է. «Բոլոր պատժամիջոցների չեղարկման շուրջ տարաձայնությունները և միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս չգալու երաշխիքների բացակայությունը փակուղի են տարել միջուկային բանակցությունները:   Թեհրանը պահանջում է բոլոր պատժամիջոցների չեղարկումը, որոնք կիրառվել են ՀԳՀԾ-ից  հետո։ Միևնույն ժամանակ, Բայդենի վարչակազմը չի ցանկանում համաձայնագրից Թրամփի դուրս գալուց հետո բարի կամք դրսևորել և գործնականք այլեր անել՝  նոր բանակցությունների համար ճանապարհ հարթելու համար: Սակայն նոր բանակցությունները հեշտ չեն լինի Իրանի բանակցային թիմում փոփոխությունների և Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների շարունակման պատճառով։

 

Շարղ օրաթերթ

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. Մենք  սպասում ենք Վաշինգտոնի կառավարության գործողություններին

ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների վերսկսման ժամկետը մնում է անորոշ։ Ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, Իրանի ԱԳՆ խոսնակը կրկին անդրադարձել է բանակցությունների վերսկսման ընդհանուր ժամանակացույցին ևնշել, որ դրանք կվերսկսվեն   երկու, երեք շաբաթ հետո։ Սաիդ Խաթիբզադեն քննադատել է նաև ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը՝ ասելով, որ միջուկային գործարքի վերածննդին ուղղված  բանակցությունների հաջողությունը կախված է ԱՄՆ կառավարության ճիշտ պլանից: Նա հավելել է. «Մենք սպասում ենք Վաշինգտոնի վարչակազմի գործողություններին։

 

Էբթեքար օրաթերթ

Ջո Բայդեն. Մենք կրում ենք ՀԳՀԾ-ն լքելու Թրամփի սխալ որոշման հետևանքները

ԱՄՆ նախագահը մամուլի ասուլիսում  պատասխանել է Վիեննայում միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունների վերսկսման և բանակցություններին վերադառնալու Իրանի պատրաստակամության մասին հարցերին:

Սպիտակ տան կայքի  հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով վերջերս մեկնել էր Իտալիա՝ մասնակցելու G20 գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ, մամուլի ասուլիսում ասել է. «Բորիս Ջոնսոնի, Անգելա Մերկելի և Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր համոզմունքը, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է Իրանի  միջուկային զենքի ծրագիրը կանխելու համար: Մենք քննարկել ենք լավագույն ուղիները՝ Իրանին համոզելու վերադառնալ լուրջ  բանակցություններին»:

 

Համշահրի օրաթերթ

Թուրքիայի ՊՆ պաշտոնյա. «S-400» հրթիռային համակարգերը տեղակայելու ենք որտեղ և երբ ցանկանանք»

Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյան երկուշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվել «S-400» հակահրթիռային պաշտպանության համակարգի օգտագործման իր ծրագրերից, որոնց գնումը Ռուսաստանից սրել է ՆԱՏՕ-ի հետ այդ երկրի  հարաբերությունները։

«S-400»-ի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվել: Անհրաժեշտության դեպքում, դրանք կտեղակայվեն», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է Turkish Mint կայքը։ 

 

armenpress.am

Բայդենը և Էրդողանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում, Լիբիայում «դիվանագիտական ջանքերը» և իրադրությունը Միջերկրականի արևելքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բայդենը նաև երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ օգոստոսին Աֆղանստանում ավարտված ամերիկյան գործողությանը աջակցելու համար:

ԱՄՆ նախագահը, սակայն, նշել է ԱՄՆ-ի անհանգստությունն այն մասին, որ Թուրքիան տիրապետում է ռուսական Ս-400 համակարգերի, հայտնել Է Սպիտակ տունը:

Էրդողանի վարչակազմը Twitter-ում հայտնել է, որ դրական մթնոլորտում անցած բանակցություններում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային թեմաները։ Դրա տեղեկացմամբ՝ նախագահները «պայմանավորվել են համատեղ մեխանիզմ ստեղծել երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման համար»:

ՏԱՍՍ-ը նշում է, թե Թուրքիայում սպասում էին, որ նախագահների հանդիպումը Հռոմում կտևի մոտ 20 րոպե, բայց նրանք ավելի քան մեկ ժամ են խոսել:

 

armenpress.am

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել «3+3»տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ

 Հռոմում «Քսանի խմբի» գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն։

«Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման նպատակով  «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային օրակարգի մի շարք հարցերի և երկկողմ կապերի առանցքային ասպեկտներին:

 

armenpress.am

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԵՄ կողմից իրականացվող ծրագրի ներկայացուցիչներին

  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցող խմբի ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ Գ․ Բաղդասարյանն ընդգծել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և փաստել, որ դրանց արդյունավետությունը գործնականում ակնհայտ վկայություններ ունի։

Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախատեսվող աջակցության ծրագրի ուղղությունները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով դատավարական ղեկավարման, հսկողության և վերահսկողության ոլորտի բարեփոխումներին։

Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են կարճ ժամկետում հստակեցնել կոնկրետ ծրագրային մոտեցումները՝ դրանց իրագործումն ապահովելու նպատակով։

 

panarmenian.net

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ` քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երկուստեք կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրումը: Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են նաև 2020թ. նոյեմբերի 10-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքին և դրանցով ստանձնած հանձնառությունների իրականացմանը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերին:

Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության, քննարկման առարկա է եղել նաև ականապատ տարածքների քարտեզների տրամադրման հարցը։ Նշվում է, որ նախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերին։

 

panarmenian.net

Նոյեմբերի 14-ին ՀՀ-ում համապետական ծառատունկ կանցկացվի

  Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի ամբողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։

Աշնանային ծառատունկի ընթացքում իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նշվում է, որ ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կտրամադրի անվճար տնկիներ և կնախանշի այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Դրա համար նախատեսված 260,000 տնկիից այս նպատակով կտրամադրվի 10,000-ը։

Ծառատունկին մասնակցելու համար պետք է դիմումներ ուղարկել [email protected] էլ.հասցեին: Դիմումում պետք է նշված լինի մասնակիցների թիվը և կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռ. համար, էլեկտրոնային հասցե)։

Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռևս 2019-ին, սակայն, 2020-ի ապրիլին հայտարարվեց, որ, կորոնավիրուսի տարածման հետևանքով, որոշվել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021-ի վերջ: «10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։