Մամուլի տեսություն 11.11.2021
Վիեննայի բանակցությունների մեկնարկից 18 օր առաջ Իրանը հայտարարել է, որ բանակցությունները վերաբերվելու են պատժամիջոցների վերացմանը, ոչ թե Իրանի միջուկային խնդրին:
Էբթեքար օրաթերթ
Ի՞նչ դասեր տվեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը ՌԴ հարևաններին։ Ռուսական բարդ խաղ տարածաշրջանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված «Վալդայ» բանավեճային ակումբը մի հոդված է հրապարակել ղարաբաղյան 44-օրյա պատերազմում Ռուաստանի հարևանների քաղած դասերի վերաբերյալ: «Fararu»-ի՝ հաղորդմամբ՝ ռուսական վերլուծական կենտրոնը գրում է. «Եթե Ռուսաստանի հարևանները միմյանց հետ փոխգործակցության արդյունքում չկորցնեն իրենց ինքնիշխանությունը այնպես ինչպես բխում է Միացյալ Նահանգների կամ Չինաստանի շահերից, ապա այս երկրների միջև ուժերի հարաբերակցության որևէ փոփոխություն էական նշանակություն չի ունենա Մոսկվայի համար»:
2020 թվականի նոյեմբերի 9-ին, ռուս խաղաղապահների միջամտությամբ, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն ավարտվեց: Պատերազմի հետևանքով զոհվեցին հազարավոր զինվորականներ և քաղաքացիական անձինք Ադրբեջանիից, Հայաստանից և ԼՂ ինքնավարությունից: ՌԴ նախագահը մշտապես հայտարարել է, որ Ռուսաստանի հարևան երկրների միջև հակամարտությունները կործանարար են և կոչ է արել զսպվածություն պահպանել։ Ռուսաստանը փորձել է ձեռնպահ մնալ կողմերից որևէ մեկի օգտին դիրքորոշում հայտնելուց և ոչ միայն ձգտել է դադարեցնել ռազմական գործողությունները, այլև զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ռուսաստանն իր հնարավորություններով գերիշխող տերություն է ողջ Կովկասում։ Հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության նկատառումները՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես և ինչու է այդ երկիրը նման կերպ վարվել վերջին մեկ տարվա ընթացքում, և ապագայում ինչ որոշումներ կարող է կայացնել Կովկասի կամ իր սահմաններին մոտ տարածքների վերաբերյալ:
Քեյհան օրաթերթ
Բնակարանային և վառելիքի ճգնաժամ՝ ԱՄՆ-ում
Անդրադառնալով ԱՄՆ-ում բնակարանների գների աճին, Դաշնային պահուստային համակարգը հայտարարել է, որ առաջիկա ամիսներին այդ տեմպը կպահպանվի: Պատճառն այն է, որ մի կողմից տրանսպորտի և մատակարարման ցիկլի խափանումների պատճառով երևկում առաջացել է շինանյութի պակաս, մյուս կողմից՝ աճել է պահանջարկը:
Խորասան օրաթերթ
Բաղերի. Միջուկային խնդրի շուրջ բանակցություններ չեն լինի: Մեր խնդիրը պատժամիջոցների չեղարկումն է
Վիեննայում բանակցությունների վերսկսումից 18 օր առաջ Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին եվրոպական դիվանագիտական շրջագայության է մեկնել: Նա եվրոպական երեք երկրներին ներկայացնում է Իսլամական Հանրապետության քաղաքականությունը, որի համաձայն, այլևս կարիք չկա,. որպեսզի Թեհրանը հանդիպումներ անցկացնի երեք երկրների հետ միաժամանակ, և յուրաքանչյուր երկիր կարող է երկկողմ խորհրդակցություններ ունենալ Իրանի հետ։
Փարիզում, որը համարվում է Բաղեր շրջագայության առաջին կանգառը, նա հայտարարել է.«Մենք բանակցություններում չենք քննարկելու Իրանի միջուկային հարցը: Իրանը չի պատրաստվում մյուս կողմերի հետ խոսել նախկինում համաձայնեցված ՀԳՀՅԾ-ի շուրջ: Այդ կապակցությամբ բանակցություններն ավարտվել են, և այսօր քննարկվում է պատժամիջոցները չեղարկելու հարցը»։
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ի «պետականաշինության» ձախողումը
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երեքշաբթի օրը ժամանել է Նյու Դելի՝ մասնակցելու Տարածաշրջանային անվտանգության երկխոսության երրորդ նիստին։ Նյու Դելիի օդանավակայանում լրագրողների հ ետ ճեպազրույցում, Շամխանին ասել է, որ գոհ է վերջին երեք տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությամբ ստեղծված տարածաշրջանային անվտանգության երկխոսության հանդիպման շարունակությունից: Նա ընդգծել է սպառնալիքների և անապահովություն տարածող գործոնների դեմ պայքարի համար տարածաշրջանային փոխգործակցության և համագործակցության ավելացման անհրաժեշտությունը։
armenpress.am
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։
Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով։
Անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։
armenpress.am
Միխեյիլ Սահակաշվիլու գործով հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի վերջին
Վրաստանում 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցը կոպիտ ցրելու դատական գործով, որտեղ մեղադրյալի կարգավիճակ ունի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, հերթական լսումները տեղի կունենան նոյեմբերի 29-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Բեկա Բասիլայը:
Նոյեմբերի 10-ին կայացած դատական նիստի ժամանակ նախագահը դատարանի դահլիճում չի եղել, քանի որ քննչական ծառայությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել էր նրան տեղափոխել դատարան:
Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան էր մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ: Նա ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին:
Վրաստանի իշխանությունները մեղադրում են Սահակաշվիլուն երկրում պետական հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ:
armenpress.am
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ անկման նոր ռեկորդային ցուցանիշ է սահմանել
Թուրքական լիրայի փոխարժեքը նոյեմբերի 10-ին իջել է մեկ դոլարի դիմաց 9.87 լիրայի՝ գերազանցելով ռեկորդային նվազագույն ցուցանիշը, որը գրանցվել էր հոկտեմբերի 25-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bloomberg-ը:
Թուրքական ազգային արժույթի անկումը շարունակվում է 2020 թվականի աշնանից: Գործակալությունը նշում է, որ անկման պատճառը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում թուրքական կողմի ներգրավվածությունն էր:
panarmenian.net
Սանոսյան․ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է
Տաթև-Աղվանի ճանապարհի ասֆալտապատումն արդեն ամբողջովին ավարտվել է, փաստացի՝ Գորիս-Կապանի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։ Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նաև հայտնել է, որ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում նախապատրաստեցինք, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն։ Հիմա ընթացիկ աշխատանքներ են արվում, որպեսզի մրցութային փուլն անցնենք և 2022 թվականին սկսվի շինարարությունը»,- ասել է Սանոսյանը։
2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։
Գորիս–Երևան միջպետական Մ2 ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար, վերջին ամիսներին երթևեկությունը կատարվում է այլընտրանքային ճանապարհով։ Իսկ Որոտանով երթևեկը իրականացվում է շարասյունով․ ավտոմեքենաներին ժամը մեկ ուղեկցում են ռուս սահմանապահները։
panarmenian.net
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասել են, որ դա բացարձակ սուտ է, տեղեկացնում է Արմենպրեսը։
ՊՆ-ից հայտնել են, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները Սև լճի հատվածում փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Այդ մասին հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
panarmenian.net
Մեծ Բրիտանիան աշխարհում 1-ինը հավանություն է տվել կովիդի հետևանքների դեմ դեղահաբին
Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինը հավանություն է տվել Covid-19-ի հետևանքների դեմ նախատեսված հակավիրուսային դեղահաբի կիրառմանը։ Դեղամիջոցը կոչվում է մոլնուպիրավիր:
Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցը կիսով չափ նվազեցնում է հոսպիտալացման և մահվան վտանգը։ Մոլնուպիրավիրը կնշանակեն առավել խոցելի հիվանդներին՝ օրական երկու անգամ, գրում է BBC-ն։
Ի սկզբանե մոլնուպիրավիրը մշակվել էր գրիպի դեմ պայքարի համար։ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիթ Ջավիդը կարծում է, որ պրեպարատը կարող է զգալիորեն օգնել պանդեմիայի դեմ պայքարում, մասնավորապես, փրկել մարդկանց, որոնք թույլ առողջություն ունեն կամ վատ աշխատող իմունային համակարգ։
«Այսօր պատմական օր է՝ Մեծ Բրիտանիան աշխարհում առաջինը հավանություն է տվել կովիդի դեմ հակավիրուսային պրեպարատին, որը կարելի է տանն ընդունել»,-ասել է նա։
Մոլնուպիրավիրը մշակել է ամերիկյան Merck առողջապահական կորպորացիան Ridgeback Biotherapeutics ընկերության հետ համատեղ։ Սա կովիդի հետևանքների դեմ պայքարող առաջին հաբն է։