Մեկնաբանություն - ՄԱԿ-ն ընդդեմ Եմենի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Եմենի «Անսարալլահ»-ի երեք առաջնորդներին ներառել է իր պատժամիջոցների ցանկում:
Եմենի ժողովուրդն արդեն 80 ամիս գտնվում է սաուդյան կործանիչների ամենօրյա ռմբակոծությունների և Ալե Սաուդի վարձկանների ոճրագործությունների ու ահաբեկիչների թիրախում: Միավորված ազգերի կազմակերպությունը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ Եմենն այս պատերազմի հետևանքով բախվել է վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային համակարգի ամենածանր հումանիտար ճգնաժամին: Պատերազմի հետևանքով ոչնչացվել է Եմենի ենթակառուցվածքների ավելի քան 80 տոկոսը։
Եմենի մոտ 4 միլիոն խաղաղ բնակիչներ տեղահանվել են։ Պատերազմի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ կորցրել է իր կյանքը։ Սաուդյան Արաբիայի կործանիչների ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով վիրավորվել են նաև հարյուր հազարավոր եմենցիներ: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ավելի վաղ խոստովանել էր, որ Սաուդյան Արաբիան Եմենում երեխաների իրավունքների ամենամեծ ոտնահարողներից մեկն է:
Իր կանոնադրության համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպությունը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման, պահպանման և խթանման համար։ Այս կազմակերպությունն ամենակարևոր միջազգային հաստատությունն է, որն իր որոշումներով կարող է օգնել դադարեցնել կամ նվազեցնել Եմենում հումանիտար ճգնաժամը, սակայն այս կազմակերպությունը գործնականում կորցրել է իր ամենակարևոր հատկանիշը՝ չեզոքությունը միջազգային ճգնաժամերում, ներառյալ Եմենի ճգնաժամում և դարձել է Ալե Սաուդի դաշնակիցներից մեկը։ Եմենի ճգնաժամի նկատմամբ ՄԱԿ-ի մոտեցման մեջ «քաղաքական» ասպեկտը ակնհայտորեն գերակշռել է «իրավականին»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2021 թվականի նոյեմբերի 10-ին Եմենի «Անսարալլահ»-ի երեք առաջնորդներին ներառել է իր պատժամիջոցների ցանկում:
Միջազգային լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ Աբդուլ Քարիմ Ալ-Ղամերին, Յուսեֆ Ալ-Մադանին և Սալեհ Մասֆար Սալեհը ներառվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի ցուցակում, և «Անսարալլահ»-ի ինը առաջնորդներ ներկայումս գտնվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցանկում։
Կարևոր է նշել, որ երեկ երեկոյան Եմենի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում հայտնված երեք անձինք էլ «Անսարալլահ»-ի զինվորականներ են, ովքեր նշանակալի դեր են ունեցել Սաուդյան Արաբիայի և նրա վարձկանների դեմ Եմենի ազգային փրկության բանակի արձանագրած հաջողություններում, հատկապես Մաարիբի ճակատում: ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում վերոնշյալ երեք անձանց մեղադրել է «հութիների ռազմական օպերացիան ղեկավարելու մեջ», պնդելով, որ գործողությունը «սպառնում է Եմենի խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը»։
Անվտանգության խորհրդի այս գործողությունն ակնհայտ օգնություն է Սաուդյան կոալիցիային Եմենի դեմ պատերազմում: Եմենի ազգային փրկության բանակը վերջին ամիսներին զգալի հաղթանակներ է գրանցել Մաարիբի ճակատում, և նահանգը սաուդյան վարձկանների օկուպացիայից լիակատար ազատագրման եզրին է, ինչը մտահոգել է Սաուդյան Արաբիային, և այժմ Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է կիրառում «Անսարալլահ»-ի նկատմամբ:Իսկ այժմ Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ սահմանելով «Անսարալլահ»-ի հրամանատարների դեմ, քաղաքական վշտակցություն է հայտնել Ալե Սաուդին: Անկասկած, ՄԱԿ-ի այս գործողությունները միայն սրում են Եմենի ճգնաժամը և Ալ Սաուդին խրախուսում են մեծացնել եմենցիների դեմ հանցագործությունները: