Մամուլի տեսություն 16.11.2021
«Մովսեսի գավազան» հաքերային խումբը երկրորդ անգամ կոտրել է Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայության սերվերները և հինգ սանտիմետր ճշգրտությամբ հրապարակել ռեժիմի զգայուն կենտրոնների եռաչափ պատկերներն ու քարտեզները։
Քեյհան օրաթերթ
Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները հասցնել համապարփակ համագործակցության մակարդակի
ԻԻՀ նախագահ այաթոլլա Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօլուի հետ։ Նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, հատկապես առևտրատնտեսական հարցերի ոլորտում, բխում է երկու ժողովուրդների շահերից, նա հավելել է. «Իրանն ու Թուրքիան պետք է ավարտին հասցնեն համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը, որը երկու երկրների օրակարգում է և հարաբերությունները ներկայիս մակարդակից հասցնեբ համապարփակ համագործակցության»։
Ռայիսին հայտարարել է, որ երկու հարևանների սերտ հարաբերությունները նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ահստատմանը, հավելելով. «Երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը պետք է վերածվի միջազգային համագործակցության, և այդ փոխգործակցությունը կարող է արդյունավետ լինել գլոբալ հավասարումների վրա՝ ելնելով երկու երկրների կարևոր դիրքից»։
Շարղ օրաթերթ
Իրանի միջուկային բանակցությունների նպատակները
Միջուկային բանակցությունների վերսկսման ժամկետի հայտարարվել;ուց հետո, երկու ոկղմերը դիվանագիտռակնա կտիվ գործողություններ են իրականացնում: Չնայած երկու կողմերի պրոֆեսիոնալիզմին, որը կարելի է մեկնաբանել բանակցությունների նախորդ հռետորաբանության համատեքստում, Իրանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների հայտարարությունների բովանդակության վերլուծությանը, ինչպես նաև որոշ գործնական քայլերն ինչպես օրինակ Իրանի արգելափակված ֆինանսական ռեսուրսների մի մասի ազատ արձակումն առանց ավելորդ աղմուկի, դրական ազդակներ են և եթե այս ընթացքը շարունակվի, դեկտեմբերի 29-ից Վիեննայում կայանալիք ոչ այնքան հեշտ բանակցությունների արդյունքը կլինի Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի կնքումը և ՀԳՀԾ-ի վերածնունդը:
Խորասան օրաթերթ
Իրանում ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն դեղաչափ
Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում պատվաստանյութի շուրջ 700 հազար չափաբաժին է ներարկվել, և ներարկված դեղաչափերի ընդհանուր թիվը հասել է մոտ հարյուր միլիոնի։ Առողջապահության նախարարի խոսքով, մինչ օրս հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 150 մլն չափաբաժին, և հաշվի առնելով Առողջապահության նախարարություն առաքված մոտ 13 մլն իրանական պատվաստանյութը, երկրի պատվաստանյութի պաշարը լավ վիճակում է։ Թեև հակապատվաստումային շարժման կողմնակիցները հույս ունեն, որ կձևավորվի կոլեկտիվ իմունիտետ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային վիճակի ներկայիս հարաբերական կայունությունը երկրում պայմանավորված է պատվաստումների վիճակագրությամբ։
Ջավան օրաթերթ
Թել Ավիվի «սիրտը»՝ հինգ սանտիմետր հեռավորությամբ
«Մովսեսի գավազան» հաքերային խումբը երկրորդ անգամ կոտրել է Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայության սերվերները և հինգ սանտիմետր ճշգրտությամբ հրապարակել ռեժիմի զգայուն կենտրոնների եռաչափ պատկերներն ու քարտեզները։: Դրանցում երևում է, թե որքան թույլ է Թել Ավիվի անվտանգությունը, հակառակ սիոնսիտների հայտարարությունների:
Մի իրավիճակում, երբ սիոնիստները երկար տարիներ այլ երկրների վրա կիբերհարձակումներով գողանումե ն վերջիններսի տեղեկատվությունը, այս անգամ նրանք հայտնվել են կիբերհարձակումների թիրախում և չեն կարողանում դիմակայել դրան:
armenpress.am
Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի առնչությամբ և հորդորել դադարեցնել էսկալացիան
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր նոյեմբերի 15-ին հանդես էին եկել հայտարարությամբ:
«Կիսում եմ Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը՝ կապված տարածաշրջանում, այդ թվում և Հայաստան-Ադրբեջանին սահմանի միջադեպերի հետ: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին ու կոչ եմ անում կողմերին անհապաղ դադարեցնել էսկալացիան ու քայլեր ձեռնարկել հրատապ հարցերի լուծման նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Լինդեն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ ասվում էր. «Համանախագահները խորը մտահոգությամբ են վերաբերվում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և համաձայնեցված այլ պայմանավորվածությունները հրադադարի մասին։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ընթացքում գրանցած առաջընթացի վրա և շարունակել ուղիղ երկխոսությունը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»։
armenpress.am
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ՀԱՊԿ-ին գնահատականներ տալ սահմանին տիրող իրավիճակի հետ կապված
Ազգային Ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀԱՊԿ-ին կոչ արեց սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ և կանխել սահմանային լարվածությունը. Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 16-ին սահմանին տիրող իրավիճակը ՀՀ բոլոր քաղաքացիներին պահում է լարվածության մեջ։ Պատգամավորն ընդգծեց, որ սահմանին ստեղծված իրավիճակը կարող ենք կանխել միայն միասնական ուժերով։
«Մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, անկախ նրանից ՀԱՊԿ-ի մեջ այլ ինչ պետություններ են ընդգրկված։ Այնտեղ ընդգրկված մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը, որը, ըստ էության, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի լիարժեք մեծ փաթեթ ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում տեղի ունեցող լարվածությունները իր գործողություններով կանխելու։ Այս պահի դրությամբ ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն, էլ չեմ ասում մշտադիտարկման խնդիրը ամիսներ շարունակ կախված է եղել ՀԱՊԿ-ի առջև։ Կարծում եմ, եթե մշտադիտարկման փուլը իրականություն դարձրած լինեինք, երբեք հակառակորդը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»,- ասաց Քոչարյանը։
Պատգամավորի կարծիքով՝ բոլոր պատգամավորները պետք է իրենց մտահոգությունները հայտնեն միջազգային գործընկերներին։
armenpress.am
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Նիկոլ Փաշինյանը ստացել է նախագահ Բայդենից Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու հրավեր: Վարչապետ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը: Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք որպես ՀՀ ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»,- ասել է Գրիգորյանը:
2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կհամախմբի կառավարությունների առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին՝ հաստատելու ժողովրդավարության նորացման օրակարգը, համատեղ ջանքերով դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը: Politico-ն ավելի վաղ համաժողովին հրավիրված երկրների ցանկ էր ներկայացրել, որում բացակայում էին Թուրքիան ու Ադրբեջանը:
panarmenian.net
ԱԳՆ․ Մարդկային կորուստներ կան, ՀՀ-ն իրավասու է հետ մղել իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառումը
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների, ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով հետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։ Այս վերջին հարձակումը ՀՀ տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։
panarmenian.net
Մամիջանյան․ ԵԽԽՎ-ից պահանջել եմ կասեցնել ադրբեջանցիների մանդատը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԵԽԽՎ հեռավար նիստում ներկայացրել է իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը Վեհաժողովում:
«Քիչ առաջ հեռավար մասնակցեցի ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի նիստին: Հաշվի առնելով թշնամու կողմից հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա` խոսել եմ ադրբեջանական ագրեսիայի մասին, ներկայացրել եմ իրավիճակը և պահանջել կասեցնել ադրբեջանական պատվիրակության մանդատը ԵԽԽՎ-ում:
ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացի մասին խայտառակ զեկույցի մասին խոսելու առիթներ դեռ կունենամ:
Աստված բոլորիս պահապան»,-ասվում է գրառման մեջ։
Ըստ ՊՆ հաղորդագրության, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։