Մամուլի տեսություն 20.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156446-Մամուլի_տեսություն_20.11.2021
Իրանական որոշ ԶԼՄ-ներ գրել են. «Իրանի նավթային ստրատեգիական զենքը հարվածում է ճիշտ կետերի և նավթային արտադրանքների պատժամիջոցների պատնեշը կոտրվել է»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 15:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.11.2021

Իրանական որոշ ԶԼՄ-ներ գրել են. «Իրանի նավթային ստրատեգիական զենքը հարվածում է ճիշտ կետերի և նավթային արտադրանքների պատժամիջոցների պատնեշը կոտրվել է»:

 Քեյհան օրաթերթ

Էրդողանի կայսրության պատրանքը կրկնվեց. Ներկայացվել է թուրանական աշխարհի քարտեզը

Թուրքիայի նացիոնալիստական կուսակցության ղեկավարը մի հրահրիչ քայլով Թուրքիայի նախագահին նվիրեց «Թուրքական աշխարհ» անունով քարտեզը, որում Իրանի, Իրաքի ու Ռուսաստանի որոշ բաժինները միացված են Թուրքիայի տարածքներին: Էրդողանն իր հերթին, ժպիտը դեմքին, «քարտեզ»-ը ձեռքին,. կանգնել է լուսանկարիչների առջև:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը անցյալ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում ապրել է Օսմանական կայսրության վերակենդանացման երազանքով: Այս երազանքի պատճառով Թուրքիան տարբեր եղանակներով միջամտել է Սիրիայի, Իրաքի և շատ ուրիշ երկրների ներքին գործերին: Այս միջամտողական քայլերը հանգեցրել են Թուրքիայի սահմանների անապահովությանը և Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկմանը:

 

 Խորասան օրաթերթ

70 տոկոսանոց վստահություն Ռայիսիի կառավարությանը

Իրանի տասներեքերորդ կառավարության իշխանության գալուց հարյուր օր անց, կառավարության գործունեությունը գնահատվել է տարբեր ոլորտների փորձագետների և էլիտաների կողմից։ Այժմ՝ կառավարության աշխատանքից 100 օր անց, նրա գործունեությունը 3 ամիս շարունակ արժանացել է ժողովրդի քննադատությանն ու գնահատականին, որի առանցքային կետերից է մարդկանց մոտ 70 տոկոսի հույսն ու վստահությունն է իշխանության նկատմամբ՝ չնայած գների վերահսկողության ոլորտի վերաբերյալ ավելի քան 70 տոկոսի դժգոհությանը։

«Քիու»-ի հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մոտ 44 տոկոսը գոհ է կառավարության աշխատանքից վերջին 100 օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, տարբեր խմբերում այս հարաբերակցությունը տարբերվում է: Կանայք ավելի գոհ են, քան տղամարդիկ, իսկ գյուղի բնակիչները մի փոքր ավելի գոհ են, քան քաղաքացիները։ Հարցվածների մոտ 70 տոկոսն ասել է, որ վստահում է կառավարությանը:

 

 Իրան օրաթերթ

Պուտին. ՆԱՏՕ-ն անցել է կարմիր գիծը

ՌԴ-ի կարմիր գծերը անտեսելու համար արևմուտքին ուղղված լուրջ նախազգուշացման մեջ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի տեղաշարժերը համարել է Մոսկվայի հետ երկխոսության մեխանիզմների ոչնչացման հիմնական պատճառը և Արևմուտքին կոչ է արել անվտանգության լիարժեք երաշխիք տրամադրել Կրեմլին:

Ըստ Al Jazeera-ի՝ ՌԴ նախագահը, որը ելույթ է ունեցել երկրի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը: Նա ողջունել է Վաշինգտոնի հետ բանակցությունները՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմուտքի հետ հարաբերություններից։ «Մենք միշտ մեր մտահոգությունն ենք հայտնել Արևմուտքի ռազմավարական սպառազինությունների վերաբերյալ, որոնք կարող են վտանգել Ռուսաստանի սահմանների մինչև 20 կիլոմետրը»։

 

 Քեյհան օրաթերթ

Արտադրանքի արտահանման կտրուկ աճը կոտրեց նավթային պատժամիջոցների պատնեշը

Իրանական տնտեսական թերթերից մեկը գրել է.«Իրանի նավթային ստրատեգիական զենքը հարվածում է ճիշտ կետերի և նավթային արտադրանքների պատժամիջոցների պատնեշը կոտրվել է»:

«Դոնիայե Էղթեսադ»-ը (տնտեսության աշխարհ) գրել է.«Էներգակիրների վաճառքով, իրանական 1400թ. 156 մլն. դոլար առևտրով, շուկան  նոր ռեկորդ է սահմանել, ինչը ցույց է տալիս, որ շուկան ոչ միայն հաղթահարել է պատժամիջոցների արգելքը, այլ նաև վերջին դժվարությունները և թաքնված հարձակումները չեն խափանել ֆինանսական շուկայի գործունեությունը»:

 

armenpress.am

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայի առաջադրած պայմանը չի կարող քննարկման առարկա լինել. Միրզոյան

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան նոր պայմաններ է առաջադրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները:

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ դրական ազդակներ են ստացվել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ «Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

 

news.am

Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանից պահանջում է «մեկուսացնել» Անդրանիկ Քոչարյանին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված ռազմական գործողությունների ֆոնին շատ ուշագրավ իրադարձություններ էին ընթանում ՀՀ ԱԺ-ում: Ինչպես արդեն նախորդ համարում առիթ ունեցել ենք նշելու, ընդդիմության բոյկոտի պայմաններում ՔՊ-ականները ծավալում էին աննախադեպ հակառուսական հիստերիա՝ իրար հերթ չտալով մեղադրելով Ռուսաստանին հայերին դավաճանելու մեջ:

Դժվար է պատկերացնել, որ ՔՊ-ականները կհամարձակվեին Ռուսաստանի դեմ նման դեմարշ իրականացնել առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության, սակայն դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում արդեն վաղուց արշալույսները խաղաղ չեն, կուսակցությունը բաժանվել է խմբերի, և սուր հակամարտություն է սկսվել նրանց միջև: Արևմտյան կողմնորոշում ունեցող և տարիներ շարունակ արևմուտքից սնվող ՔՊ-ականները պնդում են, որ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքական կուրսը և նախաձեռնի ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, մինչդեռ Փաշինյանին հավատարիմ պատգամավորները, որոնք կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրացմանը, արգելափակում են մյուս խմբի նկրտումները:

Փաստացի, վերջին իրադարձությունները վերացրեցին «արևմտամետներին» խանգարող հանգամանքները, և նրանք անցան լայնամասշտաբ հարձակման: Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում ուշադիր հետևում են այս գործընթացին և որպես հակառուսական արշավի համակարգող դիտարկում են Անդրանիկ Քոչարյանին:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանին իր հավատարմությունը ապացուցելու համար Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի «մեկուսացնել» Անդրանիկ Քոչարյանին, ընդ որում՝ ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլև առհասարակ քաղաքական գործընթացներից»:

 

panorama.am

Կարեն Վրթանեսյան. Սա հետևանք է հայկական ազգային էլիտայի դասալքության

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Այսօր մենք շատ ավելի խոցելի ենք (թե՛ աշխարհագրորեն, թե՛ ռազմական առումով, թե՛ բարոյահոգեբանորեն), քան անցյալ տարվա նոյեմբերի 10-ին, քան այս տարվա փետրվարի 24-ին, քան այս տարվա մայիսի 11-ին, քան այս տարվա հունիսի 20-ին, և այլն։

Այսինքն անընդհատ բացասական միտում է։Իսկ հիմա եկեք անկեղծ լինենք. սա հետևանք է հայկական ազգային էլիտայի դասալքության։Ժողովրդին, ազգին մեղադրել պետք չէ. ազգային մոբիլիզացիան ազգային էլիտայի պարտականությունն է։Այսքանը։ Կհասցնի՞ ձևավորվել նոր էլիտա մինչև հայկական պետականության լիակատար կործանումը, թե՞ ոչ, ես չգիտեմ»։

 

panorama.am

Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, այն զգացվել է Ստեփանակերտում

Նոյեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.94⁰ և արևելյան երկայնության 48.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ:ԱԻ նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: