Մամուլի տեսություն 21.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156508-Մամուլի_տեսություն_21.11.2021
Հաղորդումները վկայում են նոր կառավարության օրոք 15 հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառության զգալի աճի մասին:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 21, 2021 13:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.11.2021

Հաղորդումները վկայում են նոր կառավարության օրոք 15 հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառության զգալի աճի մասին:

«Քեյհան» օրաթերթ

Միացյալ Նահանգներն անկում է ապրում. Սկսած գերտերություն լինելու հավակնությունից  մինչև երկու երիտասարդ իրանցիների կողմից նվաստացում

ԱՄՆ պաշտոնյաների այն հայտարարությունը, որի համաձայն երկու երիտասարդ իրանցի հաքերներ փորձել են ազդել ԱՄՆ ընտրությունների վրա, լայն արձագանք է գտել  ԶԼՄ-ներում և  սոցիալական ցանցերում:   Wall Street Journal ամերիկյան թերթը վկայակոչելով  իրավիճակին ծանոթ աղբյուրները պնդել է, որ իրանցի հաքերներն անցած տարի ներթափանցել են  ամերիկյան Lee Enterprises  խոշոր հրատարակչական տան համակարգչային համակարգեր, 2020 թվականի ընտրությունների վերաբերյալ սխալ տեղեկություններ տարածելու և ընտրությունների վրա ազդելու համար։ Lee Enterprises  խոշոր մեդիաընկերությունը Միացյալ Նահանգներում հրատարակում է տասնյակ թերթեր:

***

«Խորասան» օրաթերթ

Երեխաների հավերժական տագնապը՝ ֆիլմերի մի քանի սարսափելի տեսարաններ դիտելու արդյունքում

Երեխաների համար ֆիլմեր և հեռուստահաղորդումներ դիտելը զվարճալի  է, և իհարկե դա ազդում է  նրանց երևակայության վրա: Ուստի ծնողները պետք է  նկատի ունենան, թե ինչ հաղորդումներ են համապատասխանում իրենց երեխայի տարիքին և հոգեվիճակին, այդ դեպքում կարող են իրենց երեխաներին թույլ տալ դիտել դրանք: Երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները համոզված լինելով, որ տվյալ ֆիլմը չունի կոպիտ և անբարո տեսարաններ, երեխային թույլ են տալիս դիտել  սարսափ ֆիլմեր: Նման ֆիլմեր դիտելիս երեխան երկար ժամանակ տագնապ է ապրում: Որպես ծնող՝ դուք պետք է իմանաք, որ սարսափ  ֆիլմեր դիտելը մեծ վնաս է հասցնում երեխայի հոգեկանին, քանի որ երեխաները չեն կարողանում տարբերակել երևակայությունն  իրականությունից:

 

*** 

«Իրան» օրաթերթ

Իրանի առևտրաշրջանառության մեջ հարևանների մասնաբաժինը 52 տոկոս է

Տարածաշրջանի և հարևան երկրների հետ առևտրի ծավալների ավելացումն Իրանի 13-րդ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Իրանի մաքսային ծառայության  վերջին տվյալները վկայում են այս տարվա առաջին յոթ ամիսներին 15 հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառության զգալի աճի մասին: Փորձագետների կարծիքով, Իրանի արտաքին առևտրում  տարածաշրջանի և հարևան երկրներին առաջնային տեղ հատկացնելը բազմաթիվ առավելություններ ունի։  Երթևեկության ծախսերի կրճատմանը զուգահեռ տարածաշրջանի մի քանի հարյուր միլիոնանոց շուկայից օգտվելն արտաքին առևտրի ծավալները մեծացնելու հնարավորություններ է ընձեռում: Դա այն դեպքում, երբ իրանական արտադրանքը լավ շուկա է գտել այդ երկրներում, և դրանց վրա կենտրոնանալը կարող է մեծապես նպաստել արտահանմանն ուղղված ձեռնարկությունների աճին։ Այս ընթացքում 15 հարևան երկրների հետ Իրանի առևտրային հաշվեկշիռը դրական է  և կազմել է 1 միլիարդ 246 միլիոն 211 հազար 603 դոլար։

*** 

 

«Էբթեքար» օրաթերթ 

Եմենն ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի դեմ

Եմենի Զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ «Ութերորդ զսպման հաշվեկշիռ» գործողության ընթացքում թիրախավորվել են Սաուդյան Արաբիայի առանցքային ու կենսական նշանակության շրջանները։ Fars News լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին հայտարարել է Սաուդյան Արաբիայի խորքերում խոշոր գործողության իրականացման մասին:  

«Ալ-Մասիրա» հեռուստաալիքը, հղում անելով Սարիին, հաղորդել է, որ այս գործողությունը կոչվում է «Ութերորդ զսպման հաշվեկշիռ»: Այն պատասխան քայլ էր «Սաուդյան Արաբիա-Արաբական Միացյալ Էմիրություններ» կոալիցիայի հարձակումների ու  ոճրագործությունների շարունակմանը: 

*** 


News.am

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ դրա կայունացման միջոցները

Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի եւ դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցների քննարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի իրագործման համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի կապակցությամբ»,-ասվում է Կրեմլի հրապարակման մեջ:

Նշվում է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին:

News.am

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են դեպի Վեներա համատեղ առաքելություն ուղարկելու մտադրությունը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են դեպի Վեներա համատեղ առաքելություն կազմակերպելու մտադրությունը: Այդ մասին շաբաթ հայտնել է Ռոսկոսմոսի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պայմանավորվել են ամերիկացիների հետ համատեղ առաքելություն իրականացնել դեպի Վեներա: Վեներան ավանդաբար համարվել է ռուսական մոլորակ: Այդտեղ վայրէջք են կատարել խորհրդային սարքերը: Սակայն մենք պատրաստվում ենք այնտեղ կատարել առաքելություն, որը կոչվում է «Վեներա-Դ»՝ համատեղ ռուս-ամերիկյան առաքելություն»,-ասել է Ռոգոզինը:

Նա պարզաբանել է, որ այդ համատեղ աշխատանքը կօգնի պարզեցնել այդ խնդիրը տնտեսական, տեխնիկայի եւ գիտության տեսանկյունից: «Ինչո՞ւ է այդ աշխատանքը համատեղվում ամերիկացիների հետ: Քանի որ շատ բարդ է: Այդ գործում ավելի հեշտ է այդպիսի հարցերը լուծել համատեղ, միահամուռ ուժերով, միացնելով մեր գիտնականների տաղանդները, միաժամանակ դա ավելի դյուրին է տնտեսական առումով, ինչպես նաեւ հուսալի է տեխնիկայի աշխատանքի եւ այլնի տեսանկյունից: Ուստի ամերիկացիները նույնպես հետաքրքրված են դրանում»,-ասել է Ռոգոզինը:

 

Armenpress.am

«Վիտյազներ» ավիախումբը բարձրագույն պիլոտաժի հնարքներ է ցուցադրում Երևանի երկնքում

Վիտյազներ» ավիախումբը բարձրագույն պիլոտաժի հնարքներ է ցուցադրում Երևանի երկնքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:«Երևանի երկնքում բարձրագույն պիլոտաժի հնարքներով թռիչքներ է իրականացնում ռուս օդաչուների աշխարհահռչակ «Վիտյազներ» ավիախումբը»,- ասվում է գրառման մեջ:

 

Armenpress.am

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ 

Տաթև-Աղվանի 43-կիլոմետրանոց ավտոճանապարհն արդեն պատրաստ է. այժմ Սյունիքի մյուս բնակավայրերն իրար կապող այլընտրանքային գրունտային ճանպարհներն են կարգի բերվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ կառավարությունը։

 

1in.am

Բրիտանիան քննարկում է Պեկինի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Times պարբերականը:

Times-ի տվյալներով՝ Ջոնսոնը նման հնարավորությունը դիտարկում է՝ «ի նշան բողոքի ընդդեմ Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարումների»: Ներկայում բրիտանական կառավարությունում այս թեմայով ակտիվ քննարկումներ են ընթանում: Պարբերականը հայտնում է, որ բոյկոտելուն կողմ է արտահայտվել արտգործնախարար Լիզ Թրասը:

Ավելի վաղ Washington Post պարբերականը հայտնել էր, որ Սպիտակ տունը մտադիր է դիվանագիտական բոյկոտի ենթարկել Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը: Նման հայտարարություն էր արել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Washington Post-ը նշել էր, որ ոչ Բայդենը, ոչ ամերիկյան կառավարության որևէ անդամ պաշտոնական մակարդակով չի այցելելու խաղերին: Օլիմպիական խաղերին ԱՄՆ մարզիկների մասնակցության վրա դա որևէ կերպ չի անդրադառնալու:

Ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում տեղի կունենան 2022 թվականի փետրվարի 4-20-ը: