Մամուլի տեսություն 26.11.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156950-Մամուլի_տեսություն_26.11.2021
Իրանի նոր կառավարությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և վարում է բարիդրացիության քաղաքականություն:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Նոյեմբեր 26, 2021 07:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.11.2021

Իրանի նոր կառավարությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և վարում է բարիդրացիության քաղաքականություն:

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի նոր կառավարությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ

Քուվեյթյան աղբյուրները հայտնել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական փոխնախարար Ալի Բաղերի Քանիի այցնա յդ երկիր, տեղի է ունենում տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների կապակցությամբ Թեհրանի քաղաքականության շրջանակներում:

Մեջբերելով մի շարք դիվանագետների, թերթերը գրել են,  որ ԻԻՀ արտգործնախարարը Քուվեյթի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Իրանի դրրքորոշումը՝   Պարիսց ծոցի համագործակցության անդամ երկրների՝ Իրանի հետ բանակցություններին մասնակցելու խնդրանքի, բանակցություններին բալիստիկ հրթիռների հարցն ավելացնելու ինչպես նաև Իրանի հրթիռային ծրագրիրը  «տարածաշրջանի կայունությունը սասանող գորոծղություն» անվանելու կապակցությամբ: 

Ավելի վաղ, Russia Today-ին տված հարցազրույցում, նա ընդգծել էր, որ Իրանի հրթիռային ծրագիրը չի կարող բանակցության թեմա դառնալ:

 

Համշահրի օրաթերթ

Իսրայելի լրտեսական գործողությունները դատապարտվել են համաշխարհային մասշտաբով. Apple-ը փոխհատուցում պահանջում է և դատապարտում Իսրայելի լրտեսական գործողությունները

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա՝ Apple-ը իր օգտատերերին լրտեսելու համար դատի է տվել իսրայելական NSO ընկերությանը, որը կապված է Սիոնիստական ​​ռեժիմի հետ:  Apple կորպորացիան դատական ​​հայց է ներկայացրել ԱՄՆ-ում գործող սիոնիստական ​​NSO Group ընկերության դեմ՝  վերջինիս մեղադրելով իր Pegasus լրտեսող ծրագրերի միջոցով Apple-ի օգտատերերի սարքերը կոտրելու մեջ:

 

Էթեմադ օրաթերթ

ՇՀԿ-ն  տարածաշրջանային համագործակցության հաջողված մոդել է

Անդրադառնալով որպես տարածաշրջանի և միջազգային հանրության պատասխանատու անդամ  Իրանի մեծ կարողություններին ու հնարավորություններին, ԻԻՀ առաջին փոխնախագահն ընդգծել է. «Հյուսիս-հարավ ճանապարհի վրա անվտանգ, կայուն և հուսալի գծի ստեղծումը և հարավային նավահանգիստներում, հատկապես Չաբահար օվկիանոսային  նավահանգստում ակտիվ ենթակառուցվածքների օգտագործումը, տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու և երկրների հետ դինամիկ առևտուրն ընդլայնելու Իրանի ռազմավարական քաղաքականության մի մասն է»:

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը հինգշաբթի օրը տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Նախարարների խորհրդի 20-րդ նիստում, որը կազմակերպվել է Ղազախստանում:  Ելույթում. նշելով, որ Նշելով, որ ՇՀԿ-ն տարածաշրջանային ռազմավարական համագործակցության հաջողված մոդել է և ուղղված է միջազգային բազմակողմանիության մշակույթի խթանմանը, Մոխբերը հավելել է. «Շանհայի համագործակցության կազմակերպությունը, իր հսկայական կարողություններով և բազմակողմ համագործակցության հնարավորություններով, համագործակցության և փոխադարձ մտածողության միջոցով կարող է պայծառ ապագա խոստանալ տարածաշրջանի ժողովուրդներին»:

 

Իրան օարթերթ

Էյնշտեյնի ձեռագրերը վաճառվել են 15 միլիոն դոլարով

Անհայտ անձը, հեռախոսակապի միջոցով,  15 միլիոն դոլարով գնել է հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ձեռագրերը։

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիրն այդ ձեռագրի վրա աշխատելիս դիտարկել է հարաբերականության տեսությունը։ 2018 թվականին Ալբերտ Էյնշտեյնի ձեռագրերի վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել էր Նյու Յորքում՝ 2,4 միլիոն եվրո։

Փարիզի «Քրիստիս» աճուրդային տան վաճառքի հայտարարության մեջ ասված է. «Սա Էնշտեյնի՝ աճուրդում վաճառված ձեռագրերից ամենաթանկն է»:

 

armenpress.am

Թուրքիայի ընդդիմությունը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը

 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Քըլըչդարօղլուն խոսել է խորհրդարանում՝ անդրադառնալով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմանը:

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ պատրաստ է անել ամեն բան՝ ստիպելու Էրդողանին գնալ ընտրությունների: «Արտահերթ ընտրությունների պահանջը ողջ ժողովրդի պահանջն է»,- հայտարարել է նա:

 

 

armenpress.am

Փաշինյան-Ալիև հանդիպման փաստը ավելի կարևոր է, քան դրա արդյունքը. Ֆյոդոր Լուկյանովը՝ Սոչիի բանակցությունների մասին

 Ռուսաստանցի միջազգայնագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը նոր բան չի ակնկալում Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններից, քանի որ իր կարծիքով՝ հայ-ադրբեջանական տիրույթում գտնվող խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հեռու են լուծված լինելուց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լուկյանովը կարծիք հայտնեց, որ ներկա իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և պատերազմից հետո ընդհատված շփումների վերականգնումը ինքնին ավելի կարևոր է, քան բանակցությունների արդյունքը: Այդ հարցում ռուսաստանցի միջազգայնագետը կարևորում է թե՛ եվրոպական կողմի և թե՛ Ռուսաստանի միջնորդական դերակատարումը:

«Դժվար է ինչ-որ նոր բան ակնկալել, քանի որ իրավիճակը հեռու է կարգավորված լինելուց, և վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հիմնականում մնում է նախագծային վիճակում: Դրան գումարվում են վերջերս տեղի ունեցած սահմանային բախումները, որոնք ցույց տվեցին, թե ինչ աստիճանի երերուն վիճակում է այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ այս իրավիճակում խնդիր մեկն է՝ վերականգնել այն շփումները, որոնք ընդհատվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո: Առանց այդ կապերի և շփումների վերականգնման հնարավոր չէ առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով ակտիվություն են ցուցաբերում թե՛ եվրոպացիները և թե՛, բնականաբար, նաև Ռուսաստանը: Այդ տեսանկյունից հանդիպման փաստն, ըստ իս, ավելի կարևոր կլինի, քան դրա արդյունքը», - «Արմենպրես»-ին հայտնեց Ֆյոդոր Լուկյանովը:

Կրեմլի հաղորդմամբ՝ 2021 թ. նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նախաձեռնությամբ, Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ նվիրված 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման տարելիցին: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: ՀՀ վարչապետի աշխատակազմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Սոչիում կայանալիք հանդիպման մասին, ասել է, որ ուշադրությունն այժմ կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման վրա: 

Արամ Սարգսյան

 

armenpress.am

Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

 Երկրում տիրող ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 26-ից երկրում արտակարգ իրավիճակ մտցնել, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին։ 

«Նոյեմբերի 26-ից Չեխիայի Հանրապետության Նախարարների կաբինետի կողմից սահմանված արտակարգ ռեժիմը նախատեսում է, մասնավորապես, առաջին փուլում ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների չեղարկում, ռեստորանների, բարերի փակում։ Թույլատրվում են միայն փողոցային ամանորյա առևտուրները։ Այս և որոշ այլ միջոցառումներ կարող են իրականացվել միայն արտակարգ ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին օրերին Չեխիայում նոր ռեկորդ է սահմանվել։ Մեկ օրում COVID-19-ով 25 864 մարդ է վարակվել։ Չեխական հեռուստատեսության տվյալներով՝ այժմ հիվանդության մակարդակով երկիրը աշխարհում Սլովակիայից հետո երկրորդ տեղում է։

Նոյեմբերի 22-ից Չեխիայում արդեն գործում է արգելափակում այն քաղաքացիների համար, ովքեր չեն պատվաստվել և երկրորդ անգամ չեն վարակվել COVID-19-ով։

 

 

panarmenian.net

Դատախազություն․ Գումարտակի հրամանատարը 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում 11 զինվոր է գերեվարվել

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021-ի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈւ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։

Գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների, մասնավորապես՝ հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, Գ.Գ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, զինվորներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:

Որոշվել է ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նոր քրգործ հարուցել, որը նախորդիվ նշված գործի հետ միացվել է մեկ վարույթում, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նոյեմբերի 22-ին ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ փաստացի մարտական հերթապահություն է իրականացրել 15 զինծառայող: Միաժամանակ, նա ստանձնել է գումարտակի պահպանությանը վստահված 10 մարտական դիրք ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:

Նշված արարքները կատարելու համար նոյեմբերի 24-ին Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

panarmenian.net

Զախարովա․ ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միջնորդելու խնդրանքով

 Մոսկվան հաստատում է, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում միջնորդության խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության խնդրանքով: Ռուսաստանը հետաքրքրված է և ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում:

Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ դրան աջակցել: Տվյալ գործընթացի գործարկումը, մեր կարծիքով, անկասկած կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը», - ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Նոյեմբերի 23-ին նա հայտարարել էր, ոչ մինչև այդ պահը Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ չեն եղել։