Մամուլի տեսություն 03.12.2021
ԻՀՊԼկ Ղոդս ստորաբաժանման հրամանատարն ամերիկացիներին հորդորել է հնարավորինս շուտ լքել Իրանի շրջակա տարածքները։
Համշահրի օրաթերթ
Ռուսաստանի լուրջ արձագանքը Վիեննայի բանակցությունների մասին հայտարարությանը
*****
Վիեննայում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության թվիթերյան էջում պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշվում է, որ այն պնդումը, թե Իրանի հետ միջուկային բանակցությունները փակուղի են մտել սխալ է։
Ուղերձում ասվում է. «Բանակցություններում ներգրավված բոլոր կողմերը հետապնդում են մեկ նպատակ՝ առանց հավելյալ հավելվածների կամ բացառումների վերադարձնել միջուկային համաձայնագիրը համաձայնեցված շրջանակ և ապահովել համաձայնագրի գոյատևումը: Նրանք, ովքեր պնդում են, թե մենք փակուղում ենք, սխալվում են»:
Ջամե Ջամ օրաթերթ
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար.Ամերիկացիները պետք է լքեն տարածաշրջանը
*****
|Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատարն ասել է.«Ինչպես նախկինում ենք ասել ամերիկացիներին, նորից ենq ասում՝ քանի դեռ հնարավորություն ունեք դուրս գնացեք մեզ շրջապատող աշխարհագրական տարածքից, այլապես ավելի վատ քան Աֆղանստանի դեպքում էր, կվտարվեք այս տարածքից և ստիպված կլինեք փախչել։
Բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին հինգշաբթի օրը նշել է.«Սա ձեր վերջնական ու պարտադիր ճանապարհն է, իմացեք, որ անցել են այն ժամանակները, երբ դուք անում էիք ինչ ուզում էիք և եթե ինչ որ քայլ անեք ավելի խիստ պատասխան կստանաք»:
«Ամերիկացիները 20 տարի պատերազմեցին Աֆղանստանում և ո՞ւր հասան: Ամերիկացիները ոճրագործ ու խորամանկ են: Անցած տարի Աֆղանստանում կրած պարտությունից հետո, այնպիսի կողմնակի հարցեր առաջ քաշեցին, որ աշխարհը չնկատի,թե ինչպիսի խայտառակության առջև են հայտնվել:Աֆղանստանում կրած պարտությունը ամերիկացիների համար ամենամեծ պարտությունն էր վերջին դարաշրջանում»,- ասել է Ղաանին:
Իրան օրաթերթ
Վաշինգտոնի ձևական ժեստը՝ էմիգրանտների դժբախտության ֆոնին
*****
Նոյեմբերի 8-ից Միացյալ Նահանգները վերաբացել է իր սահմանները օտարերկրյա ճանապարհորդների համար, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, չեղարկելով նախկին սահմանափակումները:
Որոշ ճամբարներում, որտեղ տեղակայված են մեքսիկացիներ, ովքեր չեն գտել իրենց ճանապարհը դեպի Միացյալ Նահանգներ և ովքեր ունեն նվազագույն տնտեսական հնարավորություններ, վերջին ամիսներին իրավիճակը ողբալի է: Լրագրողները, ովքեր մեկնել են Տիխուանա կամ Օվակա՝ լուսաբանելու մեքսիկացիների համար նախատեսված ճամբարների վիճակն ու արգելքները, ասում են, որ այնետղ խմելու ջուրն աղտոտված է, իսկ սնունդը՝ սակավ:
Էթեմադ օրաթերթ
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հայտնաբերման մասին պաշտոնապես հայտարարվել է 31 երկրներում
*****
Իրանի Շահիդ Բեհեշթիի բժշկական գիտությունների համալսարանի վիրուսաբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը հայտարարել է. «Երբ աշխարհի չորս ծայրերում հայտարարում են «օմիկրոն» շտամի հայտնաբերման մասին, նշանակում է, որ այն տարածվում է: Սակայն բացահայտված դեպքերի վիճակագրությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեպքերի բացահայտումը կախված է տվյալ երկրում իրականացվող վերահսկողությունից: Հետևաբար, կարելի է ասել, որ այս շտամի դեպքերն իրականում ավելի շատ են»:
Անդրադառնալով կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի բնութագրին, բժիշկ Ալիռեզա Նաջին ասել է. «Մենք այս պահին «օմիկրոն»-ի մասին բավարար չափով տեղեկություններ չունենք»:
armenpress.am
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտության մասին
*****
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, մանրամասնելով, որ նախարարները քննարկել են հայ-ֆիննական երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցերի, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել խորացման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար կապերի խթանման և նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող մի շարք հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը՝ կարևորելով իրավիճակի դեէսկալացիայի նպատակով միջազգային հանրության կողմից հասցեական արձագանքը։
Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։
Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Ֆինլանդիայի հետևողական դիրքորոշման կապակցությամբ՝ ի սատարումն հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
armenpress.am
Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շարմ Էլ Շեյխ
*****
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Եգիպտոսի քաղաք Շարմ Էլ Շեյխ` ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատվիրակությունը Շարմ Էլ Շեյխում կլինի դեկտեմբերի 12-19-ը:
Արթուր Դավթյանի հետ միասին Եգիպտոս կմեկնեն նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը:
armenpress.am
ԱՀԿ-ն կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի
*****
Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Լինդմայերը:
«Ես առայժմ չեմ տեսել մահերի մասին գրանցումներ, որոնք կապված լինեն օմիկրոն շտամի հետ: Բայց մենք հավաքում ենք բոլոր տեղեկությունները, եւ դրանք ավելի շատ են լինելու, որովհետեւ ավելի շատ երկրներ են դա հսկում եւ մարդկանց թեստավորում:
Այնպես որ մեզ մոտ շատ ախտահարումներ կլինեն, ավելի շատ տեղեկատվություն, բայց, հուսով եմ՝ ոչ մահեր»,-ասել Է նա: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նոր շտամի մասին ավելի ստույգ տվյալները կհայտնվեն մի քանի շաբաթ անց: Նախնական ուսումնասիրություններն առայժմ խոսում են միայն այն մասին, որ օմիկրոնը կարող Է ավելի վարակիչ լինել, քան COVID-19-ի նախորդ բոլոր տարատեսակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ՏԿԵ փոխնախարար. Այժմ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացը
*****
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից երկաթգիծ կառուցման վերաբերյալ ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին, ասել է, որ այդպիսի տեղեկություն չունի։
«Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
Ըստ նրա, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ 4 կետով նախանշվել են այն մեխանիզմները, որոնց հիման վրա պետք է այդ ամենն առաջարկվի։
«Այսինքն՝ ստեղծվում է եռակողմ աշխատանքային խումբ ամեն կողմի փոխվարչապետերի գլխավորությամբ, և ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ: Հունվարի 11-ի հայտարարության մեջ նշված է՝ որպես առաջնահերթություն դիտարկվում է երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները»,-ասել է նա։
Սիմոնյանը հավելել է, որ երկաթուղու մասով ուղղությունները պարզ են. «Մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մյուսը հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մեկ այլ ուղղություն՝ Հրազդանից Իջևանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է՝ Վրաստանի տարածքով է, և ևս մեկն ունենք, որը գնում է դեպի Թուրքիա։ Կոնկրետ Ադրբեջանի հետ մենք ունենք Երասխի, Հրազդանի և Մեղրիի հատվածով անցնող ուղղությունները։ Այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, որևէ հստակություն դեռ չկա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է:
«Ադրբեջանի տարածքով մենք կապ ենք ստանալու Ռուսաստանի հետ՝ երկաթուղային և ավտոմոբիլային, Նախիջևանի տարածքով Իրանի հետ: Սրանք են հիմնական ուղղությունները, որոնք հնարավոր է այս պարագայում ապաշրջափակել»,- ասել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» եթերում հայտարարել է, որ փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։
«Եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համաձայնության չգալու պատճառը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։։
panarmenian.net
Շվեյցարիան մոտ 7 մլն ֆրանկ կուղղի ՀՀ-ում գյուղատնտեսական կրթության համակարգի թարմացմանը
*****
Շվեյցարիան դեկտեմբերի 3-ին մեկնարկում է երկարաժամկետ զարգացման նախագիծ՝ աջակցելու Հայաստանին գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի արդիականացմանն ուղղված իր ջանքերին: Շվեյցարական զարգացման համագործակցության գործակալությունը սկզբունքորեն հաստատել է Հայաստանին 7,130,000 շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով աջակցության նախագիծը:
Այն կիրականացվի Սյունիքի հարավային շրջաններում և Վայոց Ձորում, ինչպես նաև ՀՀ հյուսիսային հատված մի շարք շրջաններում։
Նախագիծը մեկնարկում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին՝ 9 ամիս տևողությամբ նախապատրաստական փուլով, որին կհաջորդի իրականացման փուլը և այն կտևի առնվազն 8 տարի։
Ծրագիրը կօգնի Հայաստանի կառավարությանը բարեփոխել մասնագիտական կրթությունը գյուղատնտեսության ոլորտում և այն համապատասխանեցնել շուկայի պահանջներին: Նախագծի նպատակն է բարելավել գյուղական վայրերում ապրող երիտասարդների զբաղվածության հնարավորություններ: Բարեփոխումների մաս է կազմում այն, որ ուսանողները, մասնագիտական կրթության հաստատություններում տեսական գիտելիքներ ստանալու հետ մեկտեղ, հնարավորություն են ստանում կատարելագործել իրենց հմտությունները տեղական ընկերություններում և ֆերմերային տնտեսություն-ներում: Նրանց ուսումնական ուղին կամփոփվի պետական նմուշի դիպլոմների ստացմամբ։
Ֆինանսավորող մյուս գործընկերները, որոնք զգալի միջոցներ են ավելացնում Շվեյցարիայի ներդրմանը, ներառում են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Հայկական Իզմիրլյան հիմնադրամը և հայաստանյան այլ մասնավոր ընկերություններ։ Այս ներդրումներից որոշները ենթակա են վերջնական հաստատման:
Իրականացնող կազմակերպություններն են շվեյցարական բողոքական եկեղեցիների օգնության հիմնադրամ (HEKS) ՀԿ-ն, հայկական «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։
panarmenian.net
ԵՄ դեսպանը հուսով է՝ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը կքննարկեն մարդասիրական խնդիրները
*****
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հուսով է, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում կքննարկվեն մարդասիրական խնդիրները:
Նա ընդգծել է, որ այդ հարցերը պետք է հրատապ լուծվեն, գրում է Aysor.am-ը։
«Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ, քննարկումները շարունակվում են։ Հուսով ենք՝ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու մարդասիրական խնդիրները», - լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ դեսպանը։
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։