Մամուլի տեսություն 15.12.2021
Hill. Մենք ձախողվեցինք Իրանի դեմ պատժամիջոցների հարցում. ԱՄՆ-ը տանուլ է տալիս կամքի պատերազմը:
Աֆթաբե Յզադ օրաթերթ
Ռուսների դերը՝ Վիեննայի բանակցություններում
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Իրանի և Ռուստասնի պաշտոնյաները դրական են գնահատում Վիեննայում ըթնացող բանակցությունների յոթերորդ փուլը:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ավելի վաղ հայտարարել էր, որ համաձայնության հասնելու հավանականությունը մեծացել է։ Միաժամանակ Մոսկվայի գլխավոր բանակցող Ուլյանովն ասել է, որ Վիեննայի բանակցողները հարմարվել են իրանական գաղափարներին։ Իրանի գլխավոր բանակցող Բաղերի Քանին նույնպես հայտարարել է, որ քննարկումներում դրական առաջընթաց կա:
Էթելաաթ օրաթերթ
The New Yorker-ը բացահայտել է, որ Թրամփը, թալիբներին կաշառքելու միջոցով, փորձել է դադարեցնել պատերազմը
The New Yorker-ը գրել է, որ 2019 թվականի օգոստոսին Դոնալդ Թրամփը Զալմայ Խալիլզադին (Աֆղանստանի խաղաղության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ) խնդրել է պարզել, թե արդյոք ԱՄն-ն կարո՞ղ է թալիբներին համոզել փողի դիմաց հաշտություն ընդունել փողի դիմաց: Թերթը գրում է, որ Խալիլզադը պատասխանել է. «Դա հնարավոր չէ, քանի որ Միացյալ Նահանգները բոյկոտել է թալիբներին»:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Ամերիկյան դավադրությունը՝ հյուսիսային Իրաքում
Իրաքի ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը, Մուստաֆա ալ-Քազեմիի կառավարության լռության ստվերում, բացահայտել է, որ Իրաքյան Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության հետ համագործակցությամբ Իրաքի տարածքը գրավելու ամերիկա-թուրքական ծրագիրը:
Իրաքցի գրող, քաղաքական վերլուծաբան Մահմուդ ալ-Հաշեմին, Al-Ahd TV-ի կայքում, որին հետևում է երկրի բնակչության 85 տոկոսը, հրապարակել է հոդված, որում գրել է. «Թուրքիան Իրաքի հողում իրեն տանտրիոջ նման է պահում: Փորձագետների կարծիքով, դա տեղի է ունենում իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանիի աջակցությամբ: Այս աջակցությունը ենթադրում է միայն Թուրքիյի գործողությունները դատապարտող հայտարարություններ:
Դիտորդների կարծիքով, այդ լռությունը թույլ է տալիս,. որպեսզի ԱՄՆ-ի հովանավորությամբ, Թուրքիան իրագործի Իրաքի տարածքը գրավելու ծրագիրը:
Քեյհան օրաթերթ
Hill. Մենք ձախողվեցինք Իրանի դեմ պատժամիջոցների հարցում. ԱՄՆ-ը տանուլ է տալիս կամքի պատերազմը
ԱՄՆ Կոնգրեսի լրատվական կայքը գրում է. «Բայդենը կամքի պատերազմում զիջում է Իրանին: Մենք կանգնած ենք երկու շատ կապված հարցերի առջև. Ինչո՞ւ Միացյալ Նահանգները չկարողացավ կանգնեցնել Իրանի միջուկային զենքի ծրագիրը, և ինչպե՞ս կարող է կանխել իր վերջնական պարտությունը՝ հաշվի առնելով ժամանակի արագ ընթացքը:
Միացյալ Նահանգների նախագահները, որոնք տասնամյակներ շարունակ Իրանի միջուկային զենքն անընդունելի են համարել, նույն դիրքորոշումը որդեգրել են նաև Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Սակայն այդ քաղաքականությունը ձախողվել է և այժմ ԱՄՆ-ն կանգնած է Իրանին պարտվելու շեմին:
Տնտեսական պատժամիջոցները ձախողվում են և այլ քայլեր չեն ձեռնարկվում: Չինաստանը պատրաստվում է գնել Իրանի ողջ հասանելի նավթը և վետո դնել կամ անտեսել Անվտանգության խորհրդի ապագա պատժամիջոցները։
Եթե միջուկային Իրանը իսկապես անընդունելի է, ապա միակ բաց ճանապարհը Թեհրանի իշխանությունը փոխելն ու Իրանի միջուկային ծրագիրը չեզոքացնելու համար ռազմական ու հետախուզական միջոցառումների իրականացումն է»։
armenpress.am
Մհեր Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Օլիվեր Վարհեիի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հետ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանիւ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ:
Փոխվարչապետը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է առանձին ուղենիշերի ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները: Կողմերը երկուստեք կարևորել են ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Տնտեսական և ներդրումային պլանի ներքո նախագծերի շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ ընթացիկ քննարկումներին, որոնք վերաբերում են ճանապարհային և թվային ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի զարգացմանն ու կրթության հասանելիության բարձրացմանը:
Քննարկվել են նաև երկկողմ նոր բազմամյա համագործակցության շրջանակի հաստատման արդյունքում նախատեսված համագործակցության հիմնական ուղղությունները:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը: Փոխվարչապետն այս համատեքստում ընդգծել է, որ ՀԸԳՀ շրջանակներում մի շարք ոլորտներում իրականացվում են առանցքային բարեփոխումներ, իսկ Համաձայնագիրը շարունակում է մնալ որպես Կառավարության բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս:
armenpress.am
Միշելն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
«Հանդիպմանը ընդգծվել է Եվրամիության աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիային և դելիմիտացիային, տեղի է ունեցել մտքերի փոխանակում կոմունիկացիաների բացման, հումանիտար ոլորտի հարցերի վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի հայտարարության մեջ:
Բրյուսելում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ևս հանդիպում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
armenpress.am
ԵՄ-ի առաջատար երկրները հանդես են գալիս նոր հակառուսական պատժամիջոցների պլանավորման դեմ. Bloomberg
Եվրամիության մի շարք առաջատար երկրներ հանդես են գալիս Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների պլանավորման դեմ՝ Ուկրաինա նրա իբր հնարավոր «ներխուժման» դեպքում՝ գերադասելով բանակցությունները:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների եւ պաշտոնատար անձանց: Գործակալության տվյալներով՝ երկխոսության օգտին հանդես եկող երկրների թվում են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան: Գործակալությունը նշում Է, որ Եվրամիության մյուս երկրները պնդում են, թե նոր պատժամիջոցների հրապարակային պաշտպանությունը կօգնի ավելի լավ զսպելու ՌԴ-ին:
Թե հատկապես որ երկրների մասին Է խոսքը, Bloomberg-ը չի պարզաբանում: Վերջին ժամանակներս Արեւմուտքում եւ Ուկրաինայում ավելի ու ավելի հաճախակի են հնչում հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի իբր հնարավոր «ներխուժման» մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անհիմն բորբոքում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում հիմնախնդրի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Փաշինյանն ու Սանդուն Բրյուսելում քննարկել են ՀՀ և Մոլդովայի միջև տնտեսական կապերի զարգացումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպմանը կարևորել են Հայաստանի և Մոլդովայի միջև տնտեսական կապերի զարգացումը։
Վարչապետը կարևորել է երկու երկրի հարաբերությունների զարգացումը և բարձր գնահատել Մոլդովայի հետ քաղաքական երկխոսությունը: Փաշինյանն ընդգծել է տնտեսական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը` հավելելով, որ դրա համար կան լավ նախադրյալներ ու անհրաժեշտ ներուժ:
Վարչապետի խոսքով` պետք է երկու երկրների կառավարությունները շարունակեն սերտ գործակցությունը` առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման նպատակով:
Մոլդովայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ ու ամրապնդմամբ: Սանդուն ևս նշել է տնտեսության, ներդրումների ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Այդ առումով, վերջինս անհրաժեշտ է համարել բիզնես ֆորումի անցկացումը, ինչը կնպաստի գործարարների միջև նոր կապերի հաստատմանն ու ներդրումային համատեղ ծրագրերի իրականացմանը:
Մոլդովայի նախագահը կարևորել է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում` արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ռեֆորմների իրականացման գործընթացում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:
Փաշինյանը և Սանդուն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում գործակցությանը, այսօր կայանալիք գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:
panarmenian.net
Բլինքենը ողջունել է հատուկ ներկայացուցիչ նշանակելու` Թուրքիայի և ՀՀ հայտարարությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի և Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները՝ հատուկ ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները` հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակելու վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- ասվում է հայտարարության մեջ։
panarmenian.net
Ալիև. ԼՂ կարգավիճակի շուրջ քննարկումներին վերադարձ չի լինելու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և որ ԼՂ կարգավիճակի շուրջ «քննարկումներին վերադարձ չի լինելու»։ Այդ մասին նա ասել է իսպանական El Pais-ին տված հարցազրույցում, գրում է Interfax.az-ը։
«Ադրբեջանի դիրքորոշումը բաց ու հստակ է` մենք խաղաղություն ենք ուզում, մենք պատերազմ չենք ուզում: Մենք հաղթել ենք պատերազմում և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, չկա վերադարձ Ղարաբաղի կարգավիճակի կամ նման մի որևէ բանի շուրջ քննարկմանը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը լուծել է հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով։
Ալիևն ասել է նաև, որ այժմ իրավիճակը Ղարաբաղում, որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներ են տեղակայված, առավել կայուն է, քան ՀՀ և Ադրբեջանի սահմանին։
«Ցավոք, Հայաստանը չի հրաժարվել ռևանշի փորձից։ Նրանց համար պարտությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում շատ ցավոտ էր»,- ասել է նա:
Ալիևը կրկին ասել է, թե Հայաստանը պետք է զերծ մնա «թշնամական գործողություններից և տարածքային հավակնություններից» և աշխատի խաղաղության պայմանագրի վրա: «Մենք պետք է աստիճանաբար հող նախապատրասենք հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում մարդկային շփումների: Մենք բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան: Բայց առայժմ դրական ազդակներ չենք ստացել»,- ասել է Ալիևը: