Մամուլի տեսություն 16.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158798-Մամուլի_տեսություն_16.12.2021
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ չնայած Վիեննայում ՀԳՀԾ-ի վերակենդանացմանն ուղղված բանակցություններում Իրանի դրսևորած բարի կամքին, ՄԱԳԱՏԷ-ին չի հաջողվում զերծ մնալ Արևմուտքի քաղաքականության ազդեցությունից:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 16, 2021 12:18 Asia/Tehran

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ չնայած Վիեննայում ՀԳՀԾ-ի վերակենդանացմանն ուղղված բանակցություններում Իրանի դրսևորած բարի կամքին, ՄԱԳԱՏԷ-ին չի հաջողվում զերծ մնալ Արևմուտքի քաղաքականության ազդեցությունից:

Վաթան Էմռուզզ օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականացված քայլերը՝ Վիեննայում ՀԳՀԾ-ի վերակենդանացման ուղղված բանակցություններին զուգահեռ

*****

Չնայած Իրանի բանակցող պատվիրակությունը լրջորեն տրամադրված և բարեխճորեն ժամանեց Վիեննա՝ մասնակցելու ՀԳՀԾ-ի վերակենդանացմանն ուղղված բանակցություններին, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները ճնշում են գործադրում Իրանի վրա՝ իրենց պահանջների կատարմանը հասնելու նպատակով: Այդ շրջանակում, Իրանի դեմ իրականացվում  է մեդիաքարոզչություն, տատանումներ են գրանցվում արտարժույթի և դոարի շուկայում, իսկ ՄԱԳԱՏԷ-ն, Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, որպես գործիք է կիրառվում Իրանի դեմ:

 

Էթելաաթ օրաթերթ

Jerusalem Post. Բենեթն ու Բայդենը լուրջ տարաձայնություններ ունեն մեծ թվով հարցերի շուրջ

*****

 Սիոնիստական ​​Jerusalem Post թերթը գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ռեժիմի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջև առկա են լուրջ տարաձայնություններ՝ մեծ թվով հարցերի շուրջ:

Թերթը գրում է, որ Բայդենի կառավարությունը,  իսրայելցի պաշտոնյաների հետ խորհրդակցությունների ժամանակ, Իրանի միջուկային ծրագրի կողքին, քննարկել է նաև օկուպացված տարածքներում Իսրայելի ավանաշինության քաղաքականության հարցը:

Ըստ այս հաղորդման, իսրայելցի պաշտոնյաները դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ, նշելով, որ ամերիկացիները պարբերաբար բարձրացնում են օկուպացված տարածքներում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործադրած բռնությունների հարցը։

Jerusalem Post-ը գրել է, որ երբ նախորդ շաբաթ Իսրայելի պատերազմի նախարար Բենի Գանցն այցելեց Վաշինգտոն՝ համոզելու ամերիկացիներին ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Իրանի միջուկային ծրագրի դեմ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Վաշինգտոնը հավասար ժամանակ է ծախսում ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի ավանաշինության քաղաքականության հարցերի քննարկման համար:

 

Ջավան օրաթերթ

Իրանում տեղի է ունեցել միջուկային ոլորտի 9 ձեռքբերումների շնորհանդեսը

*****

Չորեքշաբթի օրը, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի ներկայությամբ, Իրանում բացվել է միջուկային գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի գիտական, հետազոտական ​​և տեխնոլոգիական նվաճումների երկրորդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետազոտողների 9 ձեռքբերումների շնորհանդեսը:

Նոր ձեռքբերումների թվում են Ֆախրիզադեի անվան հետազոտական ​​ռեակտորի վառելիքի օպտիմալացման նոր տեխնոլոգիան, գյուղատնետսության ոլորտի համար նախատեսված մի քանի տեսակ սերմերի արտադրության տեխնոլոգիան և միջուկային աղտոտիչների հեռացման տեխնոլոգիան։

Բացի այդ, Ատոմային էներգիայի կազմակերպության մասնագետները ներկայացրել են մի քանի տեսակ ռադիոդեղորայք՝ նախատեսված շագանակագեղձի, հաստ աղիքի, գլխի և պարանոցի քաղցկեղի բուժման համար:

 

Իրանում

Ծիծաղելի մնջախաղ

*****

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ում կայացած «Ժողովրդավարության գագաթնաժողով», որն ավելի շատ նման էր կատակի: Կատակ, որը նման է 90 տարի առաջ Հոլվիուդում  Հալ Ռոչի կողմից արտադրված կարճամետրաժ կատակերգություններին:

Այն ամենից հետո, ինչի ականատեսն ենք եղել ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ըթնացքում, «ժողովրդավարություն» բառն անիմաստ է դարձել: Եվ այդ բառի կիրառումը նույնքան անօգուտ է, որքան «ազատություն» և «մարդու իրավունքներ» բառերի օգտագործումը։

Միացյալ Նահանգները ժողովրդավարության մասին խոսում է մի իրավիճակում, երբ տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայաններն իրականացնում են գործողություններ, որոնք հակասում են տարածաշրջանի ժողովուրդների շահերին և ծառայում  միայն Սպիտակ տան շահերին։

Ոչ հեռու անցյալում ԱՄՆ-ի «ժողովրդավարությունը» հանգեցրեց Չիլիում և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում ժողովրդի կողմից ընտրված կառավարությունների տապալմանը: Նրանք չունեն բավարար ֆիզիկական և մտավոր ուժ նոր ժողովրդավարությունները մերժելու համար: որ ԱՄՆ կառավարությունը հավակնում է ստեղծել և ընդլայնել։ Եվ այսօր, Սալվադոր Ալենդեն ու Պատրիս Լումումբան միայնա զատախոհների հուշերում են, որոնք սակայն երիտասարդ չեն և չունեն բավարար ուժ՝ դիմակայելու ԱՄՆ-ի պարտադրած «ժողովրդավարությանը»:

 

armenpress.am

Միջազգային դատարանի վճիռը որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան

*****

 ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անհրաժեշտ է համարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ աշխատանք է կատարվում ՄԻԵԴ-ում գերեվարված անձանց Հայաստան վերադարձնելու խնդրով, Կիրակոսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ մի քանի գործընթացներ կան գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Եվրոպական դատարանում պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ ներկայացրել ենք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս գործընթացներով, ցավոք, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացրած որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետները, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որտեղ ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի կարծիքով` միջազգային ամենատարբեր մեխանիզմները շարունակ օգտագործելով Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ավելացվի:

«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը, կարծում եմ, որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վարքագծի վրա: Կարծում եմ, նմանատիպ քայլերը հետևողականորեն պետք է շարունակվի»,- ասաց Կիրակոսյանը:

 

 

armenpress.am

Թուրքիայից ապրանքների ներմուծումը կրճատվել է մոտ 10 անգամ

*****

 Նախնական տվյալներով Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կրճատվել է մոտ 10 անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստից հետո այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշեց՝ ՊԵԿ-ի մաքսային ծառայությունը հետևում է, որ թուրքական ապրանքները չներմուծվեն այլ երկրների պիտակներով: Ըստ նրա` այնուամենայնիվ, վերահսկողությունը բարդանում է նրանով, որ Եվրասիական տնտեսական միության երկրներից ապրանքները ենթակա չեն մաքսային զննման, և դա սողանցք է թողնում արգելքի տակ գտնվող արտադրանքը տեղափոխելու համար:

«Դրա հետ մեկտեղ, էմբարգոյի որոշակի ազդեցություն կա, եթե նախկինում Թուրքիայից ներկրումը տարեկան 260-270 միլիոն դոլարի էր, ապա 2021 թվականի արդյունքներով, նախնական գնահատմամբ, այն կրճատվել է մոտ 10 անգամ»,– ասաց էկոնոմիկայի նախարարը:

 

 

armenpress.am

Վրաստանում չորս մարդ Է ձերբակալվել թմրահանցագործության մեղադրանքով

*****

  Վրաստանի տարբեր տարածաշրջաններում անցկացված օպերատիվ հետաքննչական եւ հետախուզական միջոցառումների ընթացքում չորս մարդ Է ձերբակալվել անօրինական ճանապարհով խոշոր քանակությամբ թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է երկրի ՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Գերատեսչության տեղեկատվության համաձայն, մեղադրվողներից մեկին ձերբակալել են Մառնեուլի մունիցիպալիտետում (Քվեմո Քարթլիի տարածաշրջան):

Նրա անձնական խուզարկության եւ բնակության վայրի ստուգման ընթացքում որպես ապացույցներ առգրավվել են հոգեմետ նյութեր, տարբեր թմրանյութեր, այդ թվում՝ 30 փաթեթ հերոին: Ձերբակալվածն անցյալում դատապարտվել Է նմանօրինակ հանցագործության համար: Եվս մեկը ձերբակալվել Է Թբիլիսիի Պոնիչալա ավանում, նրա անձնական խուզարկության ընթացքում ոստիկանությունը գտել Է մեկ փաթեթ հերոին: Երկու մարդու իրավապահները ձերբակալել են Վրաստանի հարավում, Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջանում: Զուգդիդ քաղաքում ձերբակալվածի տան խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են «սուբօքսինի» 41 հաբ եւ «սուբօքսինի» երեք փաթեթ, ինչպես նաեւ տարբեր հոգեմետ նյութեր: Զուգդիդի մունիցիպալետում երկրորդ ձերբակալվածի մոտ ոստիկանությունը հայտնաբերել Է «մետադոնի» ինը փաթեթ: Հետաքննությունը տարվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի 260 հոդվածով՝ «Հատկապես խոշոր չափերով թմրամիջոցների, դրանց համանմանների, նախորդողների կամ նոր հոգեակտիվ նյութերի անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում, տեղափոխում, առաքում կամ իրացում»:

Հանցագործությունը պատժվում Է ութից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ անժամկետ բանտարկությամբ: Վրաստանի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, ծանր թմրանյութերը երկրում հայտնվում են Արեւելքից՝ «Պոնիչալա կանալի» (Թբիլիսիի ծայրամաս) միջոցով: Եվրոպայից Վրաստան են բերում այսպես կոչված «պալարավոր թմրանյութեր», իսկ թմրանյութերի տարածման եւ իրացման գլխավոր ուղին Ինտերնետի միջոցով վաճառքն Է, հաղորդել Է Sputnik-ը:

 

panarmenian.net

Չավուշօղլու․ Առաջիկայում կհայտարարվի՝ որ ընկերությունները Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնեն

*****

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) հանդիպումներին հաջորդած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ընկերությունները կարող են Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնել։

Նա ասել է, որ թռիչքների համար իրենց արդեն դիմել են հայկական ու թուրքական ավիաընկերություններ:

«Դիմումներն ուսումնասիրվում են մեր Տրանսպորտի նախարարության ու Քաղավիացիայի կողմից: Սկզբունքորեն դրական ենք վերաբերվում: Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել».- ասել է Չավուշօղլուն, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Չավուշօղլուն պնդել է, թե Թուրքիան և Ադրբեջանը պատերազմից հետո շարունակաբար դրական ուղերձներ են հղում ու ավելացրել. «Հատկապես կարևոր է համընդգրկուն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Ադրբեջանի արած առաջարկը Հայաստանին: Դա նաև ցույց է տալիս մեր և Ադրբեջանի նպատակն ու մոտեցումը»:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել տարածաշրջանում այնպիսի համատեղ նախագծեր, որոնք կբերեն խաղաղություն, կայունություն և տնտեսական վերելք:

Վերջինս հույս է հայտնել, որ Հայաստանը տարածաշրջանի խաղաղությանն ու հանգստությանը միտված կարևոր քայլեր կանի։

 

 

panarmenian.net

Մակրոն․ Երբեք չենք լքի հայերին

*****

  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է՝ երբեք չեն լքի հայերին։

«Մենք միշտ լուծումներ կփնտրենք կայուն խաղաղության համար: Մաղթում եմ, որ տոների շրջանը լինի մարդասիրական ոլորտում ձեռքբերումների և խաղաղության շրջան»,-ասվում է գրառման մեջ։

Մակրոնը նաև կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ ողջագուրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

 

panarmenian.net

Գրիգորյանը և Սալիվանը ՀՀ շուրջ անվտանգային միջավայրին վերաբերող հարցեր են քննարկել

*****

 Դեկտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հանդիպմանը քննարկվել է ՀՀ շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Կողմերը խոսել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։

Նրանք միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։ Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին» Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։

Հանդիպման վերջում Գրիգորյանը հրավիրել է Սալիվանին այցելել Հայաստան։

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ «Սալիվանը մտահոգություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության վերաբերյալ և ընդգծել է, որ զորքերի տեղաշարժը չսահմանազատված սահմանների մոտակայքում անպատասխանատու է և սադրիչ», գրում է ՌԻԱ Նովոստին։

Սալիվանը նաև ողջունել է շփումը ՀՀ և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին Թուրքիայի և Հայաստանի հայտարարությունները։