Մամուլի տեսություն 22.12.2021
ԻՀՊԿ զորավարժությունների երրորդ օրը կիրառվել են նոր զինատեսակներ, այդ թվում՝ «Քարրար» տանկեր:
Ջավան օրաթերթ
ԻՀՊԿ զորավարժությունների երրորդ օրը կիրառվել են նոր զինատեսակներ, այդ թվում՝ «Քարրար» տանկեր
*****
«Մեծ մարգարե 17» զորավարժության երրորդ օրն ԻՀՊԿ ցամաքային ուժերն իրականացրել են ափերի ու կղզիների պաշտպանության վարժանքներ:
Զորավարժությունների այս փուլում ԻՀՊԿ ցամաքային ուժերը հաջողությամբ իրականացրել են հարձակողական և պաշտպանական գործողություններ՝ կիրառելով նոր զինատեսակներ, տեխնիկա և մարտավարություն։
Գործողությունների ընթացքում, ստանալով տեղեկատվություն թշնամու վիճակի վերաբերյալ, ցամաքային ուժերը ծանր ու թեթև զինտեխնիկայով թիրախավորել են հայտնաբերված թիրախները:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Ուկրաինան՝ նոր սառը պատերազմի թատերաբեմ
*****
Ուկրաինայում լարվածությունը հասել է գագաթնակետին: Եվ այս իրավիճակում, ամերիկացիների խելամիտ գործողությունները կարող են թուլացնել Ռուսաստանի հարևանությամբ գտնվող Խաղաղ Դոնի տափաստաններում առաջ եկած լարվածությունը: Իսկ հակառակ դեպքում, յանկիների մոլագարության հասնող ռազմատենչությունը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրոպայի արևելքից մինչև մայրցամաքի խորքերի համար:
ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը կանխելուն» ուղղված գործողությունների մասին խոսելն ու սպառնալիքների հնչեցնումը ոչ այլ ինչ է, քան Վաշինգտոնի կողմից Արևելյան Եվրոպայում պատերազմ հրահրելուն ուղղված խաղ: Խաղ որն ամեն օր դրսևորվում է նոր պարադիգմով և որը կարող է լրջորեն փոխել Եվրասիայի անվտանգության հավասարումները:
Էթելաաթ օրաթերթ
Ամերիկյան փորձագետները նախազգուշացնում են այդ երկրում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին
Քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր և ԿՀՎ խորհրդատվական կոմիտեի անդամն անդրադառնալով ոչ ժողովրդավարական միտումների տարածման հետևանքով տարբեր երկրներում քաղաքացիական պատերազմների հավանականությանն ասել է «ԱՄՆ-ն այլևս չի համարվում «ժողովրդավարության օրրան»:
Պատերազմի շեմին գտնվող երկրների մասին վերլուծաբաններին տեղեկություններ տրամադրող «Քաղաքական անկայունության սպառնալիքի հանձնաժողովի» անդամ դոկտոր Բարբարա Ուոլթերը նշում է. «Մենք շատ ավելի մոտ ենք քաղաքացիական պատերազմին, քան մեզանից շատերը կարծում են»:
Պրոֆեսորը նշում է, որ ԱՄՆ-ում առկա են քաղաքական ապստամբության նշաններ: Իր «Ինչպես է սկսվում քաղաքացիական պատերազմը» գրքում, Ուոլթերը նշում է. «ԱՄՆ-ն անցել է «նախապստամբական» և «սկզբնական կոնֆլիկտային» փուլ, սակայն պարզ չէ, թե արդյոք կարելի՞ է Կոնգրեսում հունվարի 6-ի ապստամբությունը համարել «հանրային ապստամբության» փուլ»։
Քեյհան օրաթերթ
Իրանը հաջող է հանդես եկել Վիեննայի բանակցություններում
*****
Ֆրանսիացի վերլուծաբաններից մեկն ասել է, որ Իրանը հաջողության է հասել Վիեննայում պատժամիջոցների վերացման վերաբերյալ վերջին բանակցություններում:
AFP-ի հաղորդմամբ, Իրանի հարցով ֆրանսիացի վերլուծաբան Բեռնար Հորկադը Վիեննայում բանակցությունների նոր փուլի վերաբերյալ ասել է, որ փուլում Իրանին հաջողվել է համոզել կողմերին, որ պատժամիջոցների չեղարկումը պետք է քննարկվի որպես առաջնահերթություն, քանի որ այն. ճանապարհ կհարթի հիմնական տեխնիկական հարցերի լուծման համար:
Fars լրատվական գործակալությունը, հղում անելով վերլուծաբանին գրում է. «Իրանը մշտապես ընդգծել է, որ միշտ հարգել է ՀԳՀԾ-ն, և ԱՄՆ-ի պարտականությունն է փոխհատուցել ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած վնասները»:
armenpress.am
Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է արդեն աշխարհի 106 երկրներում
*****
COVID-19 կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 106 երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա հաշվետվության մեջ: Օմիկրոնով վարակման մասին տվյալները ներկայացվում են դեկտեմբերի 21-ին Երեւանի ժամանակով 17-00-ի դրությամբ:
Նաեւ ԱՀԿ-ն, վկայակոչելով վերջերս ստացված տվյալները, արձանագրում Է, որ օմիկրոնը դելտա շտամից ավելի արագ Է տարածվում նաեւ այն երկրներում, որտեղ կոլեկտիվ իմունիտետի մակարդակը բարձր Է: Ինչպես նշում Է կազմակերպությունը, այս տարատեսակով հարուցված հիվանդության ծանրության մասին տվյալներն առաջվա պես «սահմանափակ են», բայց դրա հետ մեկտեղ հաշվետվության մեջ նշվում Է, որ օմիկրոնով հոսպիտալացված հիվանդների թիվը ՀԱՀ-ում եւ Մեծ Բրիտանիայում «շարունակում Է աճել»:
Բացի այդ, նախնական տվյալների համաձայն, օմիկրոնի չեզոքացումն այն հիվանդների մոտ, որոնք ավելի վաղ հիվանդացել են COVID-19-ով կամ անցել են պատվաստման առաջին կուրսը, պարզվել Է, որ ավելի վատ Է, քան կորոնավիրուսի նախորդ շտամներով հիվանդանալու դեպքում: ԱՀԿ-ն վերոհիշյալներից այն եզրակացությունն Է անում, որ օմիկրոնի հետ կապված ռիսկը մնում Է «շատ բարձր», ինչպես նաեւ նախազգուշացնում Է առողջապահության համակարգի կոլապսի ռիսկի մասին: Օմիկրոն շտամը հայտնաբերվել Է նոյեմբերի վերջին Աֆրիկայի հարավում: Այն սկսել Է սրընթաց կարպով տարածվել ամբողջ աշխարհում եւ մի շարք երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, արդեն հասցրել Է գերիշխող դառնալ: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am
Ռուս-հայկական առողջապահական համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Հայաստանում
*****
Մոսկվայում կայացած ռուս-հայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տեղեկացնելով նաև, որ 2022թ.-ին ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում։
Անահիտ Ավանեսյանի հրավերով ռուս-հայկական համաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի այցը Հայաստան:
Նշվում է, որ առողջապահության ոլորտում հայ-ռուսական համատեղ ջանքերն արդյունավետ կանդրադառնան համակարգի բարեփոխումների վրա:
Ռուս-հայկական 6-րդ համաժողովը նշանավորվել է համագործակցության երկու հուշագրի ստորագրմամբ` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։
armenpress.am
5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում
*****
Դեկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների շրջանում, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավայն մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ ստորգետնյան ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Արգենտինայի Ուշուայա քաղաքից (Հրո Երկրի նահանգ), որտեղ բնակվում Է շուրջ 58 հազար մարդ, 2 609 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք: Օջախն ընկած Է եղել 35 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել: Հարավային Սանդվիչյան կղզիներում մշտական բնակչություն չկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Թուրքական լիրայի անկումը կարող է հանգեցնել պնդուկի համաշխարհային դեֆիցիտի
*****
Թուրքական լիրայի ռեկորդային անկումը կարող է պնդուկի համաշխարհային դեֆիցիտի հանգեցնել։ Ֆերմերները ստիպված են կրճատել անտառային պնդուկի արտադրությունը, որի մեկ երրորդը գնում է իտալական Ferrero-ն, որը թողարկում է Nutella-ն։
«Աշխարհին պնդուկի պակասուրդ է սպառնում։ Եթե դուք Nutella-ի սիրահար եք, ապա ավելի լավ է պաշարներ անեք խանութ առաջիկա այցելության ժամանակ»,- ասել է թուրքական ընկերությունների նյույորքյան խորհրդատու Թուրղան Զյուլֆիկարը WSJ-ին։
Թուրքիան արտադրում է աշխարհում սպառվող պնդուկի 70%-ը, իսկ ոլորտում զբաղված է 4 մլն մարդ։ Դա չի կարող չազդել գնագոյացման վրա, գրում է The Bell-ը։
Արտադրության կրճատումը պայմանավորված է ազգային արժույթի անկմամբ, ինչը հանգեցրել է բոլոր ներմուծվող պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների թանկացմանը։ Համաշխարհային գները ևս աճում են, և դա կնպաստի պնդուկի բերքի կրճատմանը։
Թուրքական լիրան արժեզրկվում է աշնան սկզբից՝ լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համեմատ նվազել է 50%-ով։ Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցածր դրույքների քաղաքականության արդյունքում։ Էրդողանն արտակարգ միջոցների մասին է հայտարարել։
panarmenian.net
Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են Հրվ. Կովկասի տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները
*****
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարների և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուրջ:
ՌԴ փոխվարչապետի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Երևանում է՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի անցկացումը և հաջող ընթացք մաղթել հանձնաժողովի աշխատանքներին:
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում երկկողմ շփումները բավական ինտենսիվ են եղել. Հայաստան են այցելել մի շարք գործարար առաքելություններ, ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք մեծապես հետաքրքրված են աշխատել Հայաստանում:
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են 2021թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին և գոհունակությամբ նշել այդ ուղղությամբ աճի արձանագրումը: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացման, ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համալիր ջանքերի գործադրումը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
panarmenian.net
Միրզոյանն ու Պեկրեսը քննարկել են հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, հայ գերիների շուտափույթ հայրենադարձումը
*****
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն և Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։
Վալերի Պեկրեսը հավակնում է դառնալ Ֆրանսիայի առաջին կին նախագահը և մտադիր է մասնակցել 2022 թվականի ընտրություններին։
Քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ Վալերի Պեկրեսի գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020թ. նոյեմբերին ընդունած բանաձևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների համար ֆինանսական օգնություն հատկացնելու համար։
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը՝ հիմնված երկու երկրների և ժողովուրդների միջև փոխվստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա։ Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխշփումների շարունակական ակտիվացումը, կրթության ու գիտության, մշակույթի և մի շարք այլ որոլտներում համագործակցության առավել զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել են ապակենտրոնացված համագործակցության դերը, այդ թվում՝ Երևանի ու Իլ-դը-Ֆրանս շրջանի միջև՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման կարևոր բաղադրիչ:
ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հարաբերությունների զարգացման առաջնահերթություններից է առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության առավել ընդլայնումը, որի ուղղությամբ կարևոր քայլ էր վերջերս Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը:
Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն:
Վալերի Պեկրեսը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։
Դեկտեմբերի սկզբին եռօրյա այցով Հայաստանում էր նաև Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Էրիկ Զեմուրը։