Մամուլի տեսություն 23.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159452-Մամուլի_տեսություն_23.12.2021
Իրանում շարունակվում են ԻՀՊԿ համատեղ հնգօրյա զորավարժությունները:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 13:57 Asia/Tehran

Իրանում շարունակվում են ԻՀՊԿ համատեղ հնգօրյա զորավարժությունները:

Էթեմադ օրաթերթ

Հարվածային և մահապարտ ԱԹՍ-ներն Իրանի հարձակողական ուժի նոր բաղադրիչներն են

*****

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ հարվածային և մահապարտ ԱԹՍ-ները Պահապանների կորպուսի ցամաքային զորքերի ուժի նոր բաղադրիչներն են: Նա հավելել է. «ԻՀՊԿ ցամաքային ուժերը երաշխավորում են երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային անվտանգությունը»

 

Ջավան օրաթերթ

Բաղդադի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո ԱՄՆ-ի ուժերը լքում են այդ երկրի ռազմաբազաները

*****

ԱՄՆ մարտական ​​ուժերը տարհանում են Իրաքում գտնվող իրենց բազաները:  Այն ալ-Ասադից հետո, երեկ տարհանվել է իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվող Թահրիր բազան: Ռազմաբազաներում մնում են միայն իարքյան ուժերին խորհրդատվություն տրամադրող ամերիկացիներ:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Ամերիկացիներն ավելի քան երբևէ հուսալքված են

*****

2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, ամերիկացիների կյանքի տևողությունը նվազել է ավելի քան մեկուկես տարով, ինչն աննախադեպ է վերջին 75 տարիների ընթացքում:

 AFP-ի հաղորդմամբ՝ ամերիկացիների կյանքի տեւողությունը 2019 թվականին եղելէ 78,8, իսկ 2020թ՝ 77 տարի: Այս վիճակագրական տվյալները հրապարակվել են 2020թ հուլիսին՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից:

Covid-19-ը 2020 թվականին ԱՄՆ-ում մահացության դեպքերի երրորդ հիմնական պատճառն էր՝ սրտանոթային հիվանդություններից և քաղցկեղից հետո: Այդ երկրում կորոնավիրուսից մահացել է 350,000 մարդ:

 

Էթելաաթ օրաթերթ

*****

Թուրքիայի ընդդիմությունը խստորեն քննադատել է  դրամավարկային քաղաքականության վերաբերյալ  նախագահի վերջին հայտարարությունները և նրա կառավարության տնտեսական թիմի ծրագրերը: Էրդողանը հայտարարել էր, թե լիրայի արժեզրկումը կզսպվի և քաղաքացիների կրած վնասները կփոխհատուցվեն:

Թուրքիայի «Զարգացում և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը,  տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, այս կապակցությամբ ասել է. «Այս հայտարարությունը մեծ խաբեություն է։ Իշխանության արածը յոթանասունական և ութսունականների նույն  հնարքն է, ինչն իրականում Թուրքիան 40 տարով հետ է տանում»:

 

Իրան օրաթերթ

*****

Դեմոկրատների միջև բացահայտ տարաձայնությունները, հատկապես Վիրջինիայի նահանգապետի ընտրություններում կուսակցության թեկնածուի պարտությունից հետո, ամրապնդեցին հաջորդ տարվա միջանկյալ ընտրություններում Ներկայացուցիչների պալատում հանրապետականների վերընտրվելու հնարավորությունը:

Հաշվի առնելով հանրապետական կարմիրների շրջանում Թրամփի վայելած հեղինակությունը, այդ երկրում վերջինիս բռնապետության հաստատման վտանգը մեծանում է:

 

 

armenpress.am

Գիտնականը նախազգուշացրել Է ԱՄՆ-ում կորոնավիրուսի «հրեշավոր» ալիքի մասին

 Կորոնավիրուսի «հրեշավոր» ալիք Է սկսվում ԱՄՆ-ում. հիվանդների թիվը կարող Է գերազանցել այն տվյալները, որոնք գրանցվել են անցած դեկտեմբերին եւ հունվարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է սրտաբան, գենոմիկայի պրոֆեսոր եւ Սկրիպսի տրանսլյացիոն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էրիկ Տոպոլը: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում գրանցվել Է հունվարից ի վեր կորոնավիրուսով հիվանդացածների ամենամեծ թիվը՝ 243619:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը գերիշխող Է դարձել երկրում: «Ընթանում Է հիվանդությունների նոր հրեշավոր ալիք, որը կգերազանցի անցյալ տարվա դեկտեմբերի եւ հունվարի ցուցանիշները: Մենք կախված ենք մեր «իմունային պատից» (պատվաստանյութերից եւ կորոնավիրուսով հիվանդանալուց հետո ձեռք բերած իմունիտետից)՝ օմիկրոնի հարվածից պաշտպանվելու համար: Այսօր ավելի քան երկու հազար մահը պայմանավորված Է դելտայով»,-Տոպոլը գրում Է Twitter-ում:

Ավելի վաղ գիտնականը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը բացառում Է համավարակի վտանգը, մտածելով, որ ինքը տրամադիր չի լինի այն բանին, ինչ տեղի Է ունենում Եվրոպայում: Տոպոլն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ը չափազանց ուշ Է անցնում կորոնավիրուսի դեմ ռեալ գործողությունների: Գիտնականը քանիցս կոչ Է արել ԱՄՆ-ի կառավարությանը՝ առաջ շարժվել պատվաստման եւ կրկնապատվաստման, պատվաստանյութի բուստերային չափաբաժնի ներարկման եւ սահմանափակող միջոցների ուժեղացման հարցում: Հոփքինսի տեղեկատվության համաձայն, համավարակի այս ողջ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել Է ավելի քան 51 միլիոն մարդ, մահացել՝ 810 հազարից ավելի ախտահարված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների առաջնահերթ ուղղություններին,  մետալուրգիական արտադրանքի մասով ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված միջոցառումների և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխարգելելու նպատակով ԵՏՀ-ի նախաձեռնություններին առնչվող հարցեր: 

Շուշան Սարգսյանն անդրադարձ է կատարել Հայաստանի մրցակցային մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների 2022 թվականի հիմնական առաջնահերթություններին՝ ընդգծելով միասնական մեթոդաբանական և նորմատիվ իրավական հիմքերի կատարելագործման և ԵԱՏՄ տարածքում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ակտիվացման անհրաժեշտությունը։

Ներկայացվել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից իրականացված ԵԱՏՄ-ում մրցակցային քաղաքականության և իրավական կարգավորման փորձագիտական ակնարկի արդյունքները:

 

 

armenpress.am

ՄԱԱԶԿ-ի նոր ծրագիրը նպաստելու է Հայաստանում չափագիտության ոլորտի զարգացմանը

 ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն աջակցում է ՀՀ կառավարությանը Հայաստանի չափագիտության ոլորտը զարգացնելու գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրային փաստաթուղթը:

ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը նշեց, որ Եվրոպական Միությունը տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում 4 մլն եվրո ներդրում է կատարելու Հայաստանում չափագիտության ոլորտը զարգացնելու համար։ Նա ընդգծեց, որ որակի ենթակառուցվածքի զարգացումից կշահի ոչ միայն առևտրի ոլորտը, այլև այլ ոլորտներ, այդ թվում՝ սննդի անվտանգության և առողջապահության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ոլորտները:

«Ծրագիրը կօգնի ստեղծել տրամաչափարկման չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ»,- նշեց Սիմոնյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասաց, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կարող է հմտորեն օգտվել ՀԸԳՀ-ի առավելություններից, բարելավել Հայաստանում արտադրված արտադրանքի որակը և ապահովել Հայաստանի փորձարկման լաբորատորիաների կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի միջազգայնորեն ճանաչումը, ինչն, ի վերջո, թույլ կտա ավելացնել ԵՄ-ի և այլ արտաքին շուկաների հետ առևտրի ծավալները:

«Մենք շարունակաբար բարձրացնելու ենք մեր որակի ստանդարտները․ ներդրում ենք նոր ստանդարտներ։ Այս լաբորատորիաների և կառավարման համակարգի լավարկումը օգնելու է, որպեսզի մեր երկրի հավաստագրող մարմինների կողմից տրամադրված սերտիֆիկատները ավելի հեշտ ընդունվեն կամ ավելի ընդունելի լինեն մեր առևտրային գործընկեր երկրներում»,- ընդգծեց Քերոբյանը։

Նա ավելացրեց, որ ծրագրի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ, կկազմակերպվեն դասընթացներ, ձեռք կբերվեն սարքավորումներ և ծառայություններ, կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ընդգծեց , որ հայկական ընկերություններին քաջալերելու են ավելի բարձրորակ, ավելի բարձր ստանդարտների համապատասխան ապրանքներ արտադրել, որոնք հեշտությամբ կվաճառվեն այլ երկրներում: 

 

 

panarmenian.net

Զասը՝ Փաշինյանին․ ՀԱՊԿ անդամները հաստատել են՝ պատրաստ են 2022-ին աշխատել, այդ թվում ՀՀ առաջարկած առաջնահերթություններով

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այցով ՀՀ-ում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից 2022 թվականին նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Ստանիսլավ Զասը հավելել, որ արդեն մշակվել է ՀԱՊԿ գալիք տարվա գործունեության հիմնական պլանային փաստաթուղթը: Նա նշել է, որ անդամ պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»:

Վարչապետը նշել է, որ Զասի այցը լավ առիթ է քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը: «Կխոսենք նաև այն մասին, թե ինչպիսի ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա զարգացման մեխանիզմներին այն առումով, թե ինչպիսի թերկարգավորումներ են հայտնվել: Իհարկե, անդրադարձ կկատարենք տարածաշրջանում ու ընդհանրապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկա իրավիճակին: Սա նույնպես շատ կարևոր է, և հետաքրքիր կլիներ լսել Ձեր գնահատականները դրա հետ կապված նույնպես»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Զասը նշել է, որ մշակվել է 2022թ․ ՀԱՊԿ գործունեության հիմնական պլանային փաստաթուղթը դա սեպտեմբերյան նիստերի որոշումների և հայկական կողմից իր նախագահության շրջանում առաջ քաշված առաջնահերթությունների իրականացումն է։

«Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնեցրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում աշնանային նիստի ընթացքում և՛ արտաքին գործերի նախարարների, և՛ պաշտպանության նախարարների, և՛ պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են Ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ»

 

panarmenian.net

Ավանեսյան․ Չկա պահանջ, որ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը նույնը լինի

 Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակի մասին, ասել է, որ չկա պահանջ, որ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», - նշել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Ավանեսյանն ասաց, թե աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է։

«Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», - ասել է նախարարը։

Կառավարությունը 1.2 մլրդ դրամ է հատկացրել կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի գնման համար։ Նախատեսվում է 200,000 դեղաչափ ներկրել, որը Հայաստան կհասնի մինչև տարեվերջ։

Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ 1,452,374 պատվաստում է կատարվել։ Առաջին դեղաչափով 869,750 պատվաստում է արվել, երկրորդով` 582,624։

 

panarmenian.net

ԱԽ քարտուղար․ 2020-ի դեկտեմբերին ՀՀ և ՌԴ ՊՆ-ների ստորագրած փաստաթուղթը զորքերը հետ քաշելու մասին չէր

  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին՝ ՊՆ-ից և ԳՇ-ից ստացած հարցման պատասխանների մասին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ 2020թ․ դեկտեմբերին ՀՀ և ՌԴ ՊՆ-ների ստորագրած փաստաթուղթը Սյունիքի հատվածում զորքերը հետ քաշելու մասին չի եղել և որ իշխանությունները ոչինչ չեն թաքցրել։

«Վարչապետն ասել է, թե ինչու է զորքերը հետ քաշելու որոշում կայացրել։ Փաստաթուղթը բոլորովին այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը։ Նոյեմբերին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտվեց և Բաքուն հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու»,- ասել է Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ այդ մասին ասվել է, և զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին հայտարարել են, որ հայկական զորքերը Սյունիք հետ քաշելու վերաբերյալ իրենց հարցումների պատասխանները հակասական են։ ՊՆ նախկին ղեկավար Արշակ Կարապետյանին ուղղված հարցմանն ի պատասխան Մանուկյանին հայտնել են, որ այդ հարցը ՊՆ իրավասությունից դուրս է, իսկ ԳՇ պետ Արտակ Դավթյանին ուղղված հարցմանն ի պատասխան Աննա Գրիգորյանին պատասխանել են, որ զորքերի հետ են քաշվել 2020թ․ դեկտեմբերին, ՀՀ և ՌԴ ՊՆ-ների համաձայնեցմամբ։ Մանուկյանի մեկ այլ հարցմանը՝ արդեն ՊՆ նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին, պատասխանել են, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև փաստաթուղթ ստորագրվել է, սակայն, գաղտնիության ռեժիմով պայմանավորված, չի կարող հրապարակվել։