Մամուլի տեսություն 31.12.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160210-Մամուլի_տեսություն_31.12.2021
Ամանորի կապակցությամբ տված հարցազրույցում, իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանն ասել է. «Ես իրանցի եմ և արմատներս ու մշակույթս Իրանում են»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 05:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.12.2021

Ամանորի կապակցությամբ տված հարցազրույցում, իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանն ասել է. «Ես իրանցի եմ և արմատներս ու մշակույթս Իրանում են»:

Համշահրի օրաթերթ

Ռուսաստանը երրորդ տեղում է կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվով

Ռուսաստանը երրորդ տեղում է կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվով, զիջելով ԱՄՆ-ն ու Բրազիլիային:

Նոյեմբերի վերջին Ռուսաստանի վիճակագրական ծառայության (Ռոսոստատ)  հրապարակած  և կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի դեկտեմբերին հրապարակած տվյալներով, մահացածների թիվը  կազմում է 658,634 հոգի: Բրազիլիայում այդ թիվը կազմել է   618,800 հոգի:

 

Ջամե Ջամ օրաթերթ

10 րոպե վազքը բարելավում է ուղեղի աշխատանքը

Ճապոնական Ցուկուբայի համալսարանի գիտնականների նոր հետազոտության համաձայն, ընդամենը 10 րոպե չափավոր ինտենսիվությամբ վազելը մեծացնում է արյան հոսքը դեպի ուղեղի կողային կեղև: Ուղեղի այս հատվածը կարևոր դեր է խաղում ուղեղի տրամադրությունը վերահսկելու և ինֆորմացիայի վերամշակման գործառույթի կարգավորման գործում:

Ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ վազքը նպաստում է  նաև առողջության բարելավմանը: իսկ վերջին հետազոտության համաձայն, բացի ֆիզիկական առողջությունից, վազքն օգնում է նաև մտավոր առողջությանը:

 

Ջավան օրաթերթ

Մոսկվա. Իրանը որևէ դեր  չունի Վիեննայի բանակցությունների դանդաղելու հարցում

ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել է որ չկա որևէ  ապացույց, որ Իրանը դեր է ունեցել Վիեննայում ընթացող բանակցությունների տեմպի նվազելու հարցում: Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը դերակատարություն ունի պատժամիջոցների չեղարկման շուրջ  Վիեննայի բանակցությունների տեմպի թուլանալու հարցում:

 Զախարովան  ասել է. «Մենք չունենք որևէ հիմք՝ պնդելու, որ իրանական կողմը խոչընդոտում է պատժամիջոցների գործընթացին։ Իսկ պատժամիջոցները շարունակում են գործել»:

 

Էթեմադ օրաթերթ

Ճգնավորյան. Ես իրանցի եմ և արմատներս ու մշակույթս Իրանում են

Ամանորի կապակցությամբ տված հարցազրույցում, իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանն ասել է. «Ես իրանցի եմ և արմատներս ու մշակույթս Իրանում են: Իմ աշխատանքը մշակութային է, և ես Իրանից դուրս Սաադի, Հաֆեզ և Ռումի չունեմ։ Ես նաև գործարար չեմ եղել, ով ուզում է հեռանալ Իրանից»:

Կորոնավիրուսն աշխարհում շատ բան փոխեց: Որոշ ոլորտներ զարգացան, մյուսները դադարեցին առաջ գնալ: Որոշ փորձագետների կարծիքով, համավարակն ազդել է նաև մարդկանց երաժշտական ճաշակի վրա: Եվ նույն համավարակն իրանահայ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին հնարավորություն տվեց երկու տարի անցկացնել տանն ու 84 տարեկանում անել բաներ, որոնց համար տարիներ շարունակ ժամանակ չէր ունեցել:

 

armenpress.am

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մանրամասնել է նրա լիազորությունների շրջանակը

  ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 28-ին, ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը  

 

armenpress.am

Ռուսաստանում ծանր վիճակում COVID-19-ով հոսպիտալացումների աճ է նկատվում

 Ռուսաստանի 16 շրջաններում  գրանցվել է ծանր վիճակում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թվի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի »-ն, այս մասին  հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

«16 շրջաններում  նկատվում է ծանր վիճակում հոսպիտալացվածների թվի աճ, ինչը վկայում է այն մասին, որ քաղաքացիները ուշ են դիմում բժշկի»,- ասել է նախարարը։

 

armenpress.am

Ինդոնեզիան թույլատրել է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները եռամյա արգելքից հետո

 Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը չեղարկել Է Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքի արգելքը, որը երեք տարի առաջ սահմանվել Էր Lion Air ավիաընկերության օդային հանրանավի աղետի ենթարկվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC-ն:

Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները փետրվարին վերսկսելու մասին եթովպական Ethiopian Airlines-ը հաղորդել Է դեկտեմերի 27-ին: Lion Air-ի Boeing-ն ընկել Է 2018 թվականի հոկտեմբերի 29-ին վերթիռից անմիջապես հետո, իսկ 2019 թվականի մարտի 11-ին աղետի Է ենթարկվել Ethiopian Airlines-ի նույնպիսի օդային հանրանավը: Երկու աղետների զոհ Է դարձել 336 մարդ:

 

panarmenian.net

Հետազոտություն․ Հիմնական հակամարմիններն անօգուտ են «օմիկրոն» շտամի դեպքում

  Գերմանացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի «օմիկրն» շտամը կայուն է հիմնական հակամարմինների նկատմամբ։ Այդ մասին ասվում է Cell հանդեսում հրապարակված հոդվածում։

Գիտնականները ցույց են տվել, որ ապաքինված մարդկանց հակամարմինները գործնականում չեն օգնում «օմիկրոն» շտամի դեպքում։ BioNTech-Pfizer պատվաստանյութի երկու դեղաչափով պատվաստումից հետո ևս հակամարմինները ցածր արդյունավետություն են ցուցաբերել, սակայն երրորդ դեղաչափից հետո արդյունավետությունը որոշակիորեն բարձրացել է, գրում է Lenta.ru-ն։

Ենթադրվում է, որ «օմիկրոնն» ավելի արագ է տարածվում, քան ցանկացած նախորդ շտամը, և շուտով կարող է գերիշխող դառնալ աշխարհում։

 

  panarmenian.net

Վարչապետ․ Պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, մեր նահատակները, և որը մենք ենք երազում

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ամփոփելով հետպատերազմյան 2021թ․, ասել է, որ հաստատակամ պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար։

Նա նշել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ի հայտ են եկել մի շարք համակարգային խնդիրներ, որոնք գոյություն ունեն մեր պետական կառավարման համակարգում: Եվ ձևավորվել է օրակարգ, որը պետք է, իհարկե, հետևողականորեն կյանքի կոչենք:

«Մեր մեծագույն մարտահրավերն արտաքին անվտանգության ապահովումն է, բայց ես կրկին ուզում եմ ընդգծել, որ արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի և զինված ուժերի գործառույթը չէ, չի եղել և չպիտի լինի: Այն հավասարապես մեր դիվանագիտական ծառայության, մեր պետական կառավարման այլ մարմինների գործառույթն է: Այստեղ ուզում եմ նշել նաև մեր հատուկ ծառայությունների աշխատանքը, մեր խորհրդարանական դիվանագիտության կարևոր առաքելությունը և աշխատանքը: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ ներքին անվտանգության ապահովման գործում նույնպես 2021 թվականին էական մարտահրավերներ ենք հաղթահարել, ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարել ենք առանց ցնցումների: Եվ այս առումով էլ ուզում եմ կրկին ընդգծել մեր ուժային կառույցների, իրավակարգի պահպանման կառույցների աշխատանքը:

Ցանկանում եմ հավատալ, որ 2022 թվականը Հայաստանի համար, իսկապես, կլինի վերածննդի տարի: 2020-2021 թվականներին տեղի ունեցած ցնցումները, այդ ցնցումներով լեցուն ճանապարհն անցնելու մեր ընդունակությունը, որը դրսևորվեց, հույս ունեմ, որ մեզ, իսկապես, կօգնի, ավելի կուժեղացնի՝ մեր 44-օրյա, դրանից առաջ՝ քառօրյա, նաև նախկին Արցախյան պատերազմի մեր զոհերին, Հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր նահատակներին արժանի պետություն կառուցելու գործում: Սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մենք ունենք: Եվ սա թերևս ամենամեծ մոտիվացիան է, որ մեզ երբեք որևէ պայմաններում, որևէ դեպքում չպետք է թույլ տա երերալ, սասանվել:

Մենք հաստատակամ քայլերով պիտի ընթանանք դեպի այն Հայաստանը, որը երազել են մեր նախնիները, որը երազել են մեր նահատակները և որը մենք ենք երազում մեր սերունդների համար»,-ասել է վարչապետը:

 

panarmenian.net

Հայկական դիրքերի վրա ԱԹՍ կիրառելու մեջ կասկածվող իսրայելական ընկերությանը մեղադրանք է առաջադրվել

 Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics ընկերությանն ու դրա երեք ավագ աշխատակցի մեղադրանք է առաջադրվել, քանի որ նրանք խախտել են պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը: Հենց այս ընկերությունն էր, որ 2017 թվականին հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Aeronautics-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն Ադրբեջանի պահանջով իրենց արտադրած ԱԹՍ-ներն այդ երկրին վաճառելուց առաջ դրանք փորձարկել էին Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ, գրում է Արմենպրեսը Haaretz-ի վրա հղումով։

Իսրայելական դատարանի կողմից կայացված որոշումը թույլ չի տալիս այլ մանրամասներ հաղորդել գործի վերաբերյալ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերության դեմ հետաքննություն էր անցկացվում:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2017 թվականի օգոստոսին հայտարարություն էր տարածել այն մասին, որ կասեցրել է Aeronautics ընկերության կողմից արտադրվող հարձակողական դրոնների՝ օտարերկրյա մեկ կոնկրետ հաճախորդին վաճառելու արտոնագիրը: Նույն ամսում հայտնի էր դարձել, որ Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն է սկսել մի բողոքի առնչությամբ, համաձայն որի Aeronautics-ի ներկայացուցիչները Ադրբեջանում փորձարկել էին կամիկաձե դրոնները՝ հարձակում գործելով հայկական բանակի դիրքերի նկատմամբ: Aeronautics ընկերությունը հերքել էր տեղեկությունը, որ իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից հայտնել էին, թե իրենք երբեք «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա»: