Մամուլի տեսություն 20.01.2022
Իրանի նախագահի Մոսկվա կատարած այցը և Պուտինի հետ հանդիպումը լայն արձագանք է ստացել համաշխարհային լրատվամիջոցներում։
Իրան օրաթերթ
Իսրայելում կրկին բողոքի ցույցեր են
Մինչ Նաֆթալի Բենեթը զբաղված է այլ երկրների ներքին գործերին միջամտությամբ, հաղորդումները վկայում են, որ օկուպացված տարածքներում բողոքի ցույցերի մասշտաբներն օրեցօր ավելանում են: Բենեթի կառավարության դեմ բողոքում են ինչպես պաղեստինցիներն այնպես էլ բեդուին արաբները:
Times of Israel-ը հաղորդել է, որ երեքշաբթի օրը աջակողմյանների հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույցեր են կազմակերպել Պաղեստինի օկուպացված տարածքների տարբեր քաղաքներում: Ըստ բողոքի ակցիայի կազմակերպիչների՝ համապետական հանրահավաքի մասնակիցների թիվը հասել է ավելի քան 20 հազարի։
Էթելաաթ օրաթերթ
Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինա զենք ուղարկելու հետևանքների կապակցությամբ
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է վերջին լուրերին, թե ԱՄՆ-ն պատրաստվում է ավելի շատ զենք ուղարկել Ուկրաինա՝ զգուշացնելով դրա հետևանքների կապակցությամբ։
Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին զերծ մնալ Ուկրաինայի հարում հուզական արձագանքներից։ Հայտարարության մեջ ասվում է. «Եթե ԱՄՆ-ն իսկապես նպատակ ունի դիվանագիտական ճանապարհով լուծել Ուկրաինայի ճգնաժամը, ապա պետք է հրաժարվի Ուկրաինայի զինված ուժերին զինելու ծրագրերից: Կիևին ավելի շատ զենք տրամադրելու փոխարեն, Վաշինգտոնը պետք է օգտագործի իր ազդեցությունն ուկրաինացի պաշտոնյաների վրա և համոզի նրանց դադարեցնել Մինսկի համաձայնագրի սաբոտաժը»:
Դեսպանատան հայտարարության մեջ նաև ասված է. «Մենք կրկնում ենք, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, և որ մեր տարածքում ռուսական զորքերի տեղաշարժը մեր իրավունք է»:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Իրանի նախագահի Մոսկվա կատարած այցը և Պուտինի հետ հանդիպումը լայն արձագանք է ստացել համաշխարհային լրատվամիջոցներում։
«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունն այցի կապակցությամբ գրել է. «Սա իշխանության գալուց հետո Ռայիսիի առաջին ամենակարևոր արտասահմանյան այցն է և Իրանի նախագահի առաջին այցը ՌԴ՝ 2018թ հետո:
Լրատվական գործակալությունը հավելել է, «Մոսկվան և Թեհրանը ամուր քաղաքական, տնտեսական և քաղաքական կապեր ունեն, բացի այդ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցներն»:
Reuters-ը գրել է. «Էբրահիմ Ռայիսին մեկնել է Մոսկվա՝ ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների և Իրանի ու գերտերությունների միջև համաձայնության հասնելու Ռուսաստանի ջանքերին զուգահեռ»:
Քեյհան օրաթերթ
Ներքին պատերազմի հավանակության մասին շշուկներ՝ ԱՄՆ-ից
Ամերիկացի ու արևմտյան մեծ թվով փորձագետների համոզմամբ, 2021 թվականի հունվարի 6-ը շրջադարձային կարևոր կետ էր ամերիկյան պատմության մեջ: 2020 թվականի նոյեմբերի 3-ի այս օրը, երբ Կոնգրեսը նիստ էր գումարել՝ հաստատելու նախագահական ընտրությունների արդյունքները, պարտված թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ արեց իր կողմնակիցներին բողոքի ցույց անցկացնել։ Սակայն նրս կողմնակիցները, բողոքի ցույցի փոխարեն, հարձակվեցին Կոնգրեսի շենքի վրա: Նրանք մուտք գործեցին Կոնգրեսի շենք: Հարձակման հետևանքով զոհվեց 5 քաղաքացի, այդ թվում՝ մեկ ոստիկան:
Այս հարձակումից հետո, ԱՄՆ-ի մասին խոսելիս սովորական դարձան փլուզում, քաղաքացիական պատերազմ, կազմալուծում, պետական հեղաշրջում և նման այլ տերմինները:
armenpress.am
Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան. Արմեն Գրիգորյան
Հայաստանն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան, որովհետև միջազգային հանրության կողմից արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, ու լուծման համար կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ակնկալում ենք, որ համանախագահների տարածաշրջան այցը ու հետագա քայլերը հնարավորություն կստեղծեն Լեռնային Ղարաբաղի խնդրի երկարաժամկետ ու համապարփակ լուծման համար»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել, որպեսզի հնարավոր լինի ձևակերպել խաղաղության համապարփակ պայմանագիրը: Նրա խոսքով՝ այդ պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ըստ Արմեն Գրիգորյանի, բանակցությունների, քաղաքական գործիքակազմի միջոցով պետք է փորձել լուծումներ գտնել: Նա նկատեց, որ կան բազմաթիվ այլ հարցեր՝ ապաշրջափակում, սահմանազատում, սահմանագծում: Ահա, այդ հարցերի լուծումը գտնելով, խաղաղության պայմանագրի համար կստեղծվեն հիմքեր:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է հիմնախնդրի լուծում գտնել»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
armenpress.am
Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Բաքվին հայկական կողմի փոխանցած առաջարկությունների վերաբերյալ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Բաքվին հայկական կողմի փոխանցած առաջարկությունների փաթեթի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին արված առաջարկությունները վերաբերում են սահմանին ստեղծված իրավիճակին:
«Խոսքը հայելային տարբերակով զորքերի հետքաշման, սահմանի երկայնքով սահմանապահ զորքերի տեղակայման մասին է՝ հաշվի առնելով Խորհրդային Միության քարտեզը: Ինչպես նաև բարենպաստ պայմանների ձևավորման մասին է, որը կնպաստի, որ կարողանանք սկսել դեմարկացիայի ու դելիմատացիայի գործընթացը»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ Բաքվին ուղղված առաջարկները գրավոր են ներկայացրել ու դեռ գրավոր արձագանք չեն ստացել: «Ոչ թե այժմ սահմանին գոյություն ունեցող զորքերի տեղակայմամբ ենք գործընթաց սկսում, այլ հիմքում դնում ենք Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցող քարտեզը և զորքերը հայելային տարբերակով հետ են քաշվում: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի դեպքում որևէ համայնք, Հայաստանի տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս հարցը բարձրացնում են միջազգային գործընկերների հետ քննարկումներում։ Հայկական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանն ամբողջովին կկատարի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:
armenpress.am
Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է ՌԴ-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հարաբերություններում առկա լարվածությունը և նշել, որ Անկարան հանդես է գալիս լարվածության նվազեցման օգտին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանի երկխոսությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ որոշիչ կլինի Մոսկվայի և Կիևի միջև լարվածությունը մեղմելու ուղիները որոշելու հարցում։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները բանավոր արձագանքել են Ռուսաստանի նախաձեռնություններին, և շուտով գրավոր պատասխան կլինի։ Լարվածությունը պահպանվում է, վիճակը լուրջ է: Շարունակելու ենք նաև շփումները, որպեսզի թուլացնենք էսկալացիան»,- ասել է Չավուշօղլուն:
panarmenian.net
Կիպրոսի ազգային գվարդիայի ԳՇ պետ․ Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ գործակցությունը բոլոր ոլորտներում
Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հաստատել է բոլոր ուղղություններով գործակցությունը զարգացնելու և նոր ոլորտներ նախաձեռնելու կիպրական կողմի պատրաստակամությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ ռազմատեխնիկական գործակցությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունն այս ուղղությամբ ստեղծված միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել հետագա փոխգործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ, որոնք կյանքի կկոչվեն այս տարի:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին Արցախի հարցում հստակ դիրքորոշման և միջազգային հարթակներում աջակցության համար, հաստատել հայկական կողմի դիրքորոշումները Կիպրոսի հիմնահարցի և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Կիպրական կողմին են ներկայացվել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քննարկվել են նաև երկու երկրների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը միտված համագործակցության ուղղությունները՝ առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով:
Կարևորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ 2019 թվականին նախաձեռնված Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցությունը, որի շրջանակներում 2021թ․-ին արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ:
Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եղել ՀՀ ՊՆ մի շարք զորամասերում:
panarmenian.net
ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է
Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է «Առավոտի» հարցին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, թե ցանկացած պահի կարող են արգելել Լաչինի միջանցքով տեղաշարժը: Պատասխանի մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։
ԶԼՄ-ն խնդրել էր մեկնաբանել՝ արդյո՞ք Ալիևի պնդումը հիմնավորված է՝ հաշվի առնելով, որ համաձայն «2020թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության»՝ Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահ զորամիավորման կողմից 5 տարի ժամկետով:
«Իսկապե՞ս ադրբեջանական կողմն իրավունք ունի թույլատրել կամ արգելել տեղաշարժը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում»,-ասվում է հարցման մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր պատասխանում հիշեցրել է, որ ռուս խաղաղապահ զորամիավորումը տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարության:
«Համաձայն տվյալ Համաձայնագրի 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը: Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ և միջազգային կազմակերպությունների՝ խաղաղապահ գործողության իրականացման գոտի այցելությունների կարգը, որը լավ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, նախատեսված է խելամիտ ժամկետներում և պատշաճ կերպով ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցելությունների մասին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
2022թ. հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գնահատելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների գործունեության մեջ բազմաթիվ նյարդայնացնող պահեր կան՝ չնայած նրանց դրական գործառույթներին: Պարոն Ալիևի խոսքով՝ Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված խաղաղապահ զորամիավորման ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ անօրինական այցերի հետ:
Հիշեցնելով Վալերի Պեկրեսի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու) այցը Արցախ՝ նա հայտարարել է, որ «Լաչինի միջանցքը գտնվում է մեր վերահսկողության տակ: Դուք եղել եք Շուշիում, և դա տեսել եք: Մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ մեկ ոչինչ չի կարող ասել: Ուստի նմանատիպ դեպքերը միանգամայն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն»:
panarmenian.net
Բայդեն․ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտ ապագայում քիչ հավանական է։
Նա պարզաբանել է, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինան դեռևս շատ աշխատանք ունի կատարելու ժողովրդավարության ոլորտում և «մի շարք այլ բաներում, որոնք այնտեղ կատարվում են», գրում է «Կոմերսանտը»։
Բայդենը նաև հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ է բոլոր անդամների աջակցությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 2022-ին ցանկանում է ՆԱՏՕ-ից հստակ պատասխան լսել, թե երբ է իր երկիրն անդամակցելու դաշինքին։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն ակտիվացավ օրակարգում, երբ արևմտյան մամուլում ակտիվորեն սկսվեց քննարկվել «ՌԴ հավանական ռազմական ներխուժումն Ուկրաինա»։ 2021-ի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ՌԴ և ԱՄՆ միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը՝ առաջարկելով իրավաբանորեն ամրագրել, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի նախկին խորհրդային հանրապետություններին։