Մամուլի տեսություն 17.02.2022
ԱՄՆ-ի ու արևմտյան այն երկրների պնդումները, թե փետրվարի 16-ին Ռուսաստանը հարձակվելու է ՈՒկրաինայի վրա, անհիմն էին:
Իրան օրաթերթ
Շուկայում իրանական նավթի պահանջարկ կա
Վերջին օրերին Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածության արդյունքում, նավթի համաշխարհային գներն աճել են՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96 և ավելի դոլարի: Շուկան ունի նավթի կարիք, որպեսզի իրավիճակը կայունանա: Հակառակ դեպքում նավթի գինը կհասնի մեկ բարելի դիմաց 100 դոլարի:
The Economist Spain-ը գրել է. «Նավթի շուկա Իրանի վերադարձը կարող է պարզ ու արագ միջոց լինել՝ գնաճը կանխելու համար: նավթի շուկայում վիճակը վտանգավոր է: Պահանջարկն արագ աճում է, սակայն առաջարկը մնում է նույնը»:
Էթելաաթ օրաթերթ
Բեն Սալմանի նկատմամբ մահափորձ է իրականացվել նրա եղբոր կողմից
Համաշխարհային ԶԼՄ-ները հայտնում են, որ Սաւոյդան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը փրկվել է իր եղբոր կողմից կազմակերպված մահափորձից:
Սիոնիստական Makor Rishon թերթը գրել է. «Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի եղբայրը՝ Բանդար բեն Սալմանը, թագավորական գվարդիայի սպային 10 միլիոն սաուդյան ռիալ էր խոստացել՝ բեն Սալմանի սպանության համար, սակայն վերջինս կարողացել է փրկվել մահափորձից»
Թերթը հավելել է. «Սա կարող է դառնալ ազգակցական պատերազմի սկիզբ»:
Հաղորդվում է, որ սպայի ու իր եղբոր ձերբակալությունից հետո, բեն Սալմանն ավելացրել է թագավորական գվարդիայի ծառայողների թիվը և կազմավորել հատուկ ստորաբաժանում, որն ապահովելու է իր անվտանգությունը:
Վաթան Էմռուզ օրաթերթ
Կանադայում հայտնաբերվել է հերթական մանկական գերեզմանատունը
Կանադայում բնիկ երեխաների գերեզմանների հայտնաբերման սկանդալը շարունակվում է: Հայտնաբերվել է բնիկ երեխաների ևս 54 անանուն գերեզման:
Այսպիսով, այս երկրում հայտնաբերված բնիկ երեխաների գերեզմանների թիվը հասել է 1900-ի:
Երեքշաբթի օրը BBC-ն հըաղորդել է, որ Սասկաչևանի Ֆորտ Փլեյ և Սուրբ Ֆիլիպ գիշերօթիկ դպրոցներում հայտնաբերվել է ևս 54 անանուն գերեզման:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ի մեղադրանքն անհիմն էր
ԱՄՆ-ի ու արևմտյան այն երկրների պնդումները, թե փետրվարի 16-ին Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա, անհիմն էին:
Արևմուտքը հիմա էլ պնդում է, թե Ռուսաստանը նպատակ ունի առանց զենքի հարձակվել Ուկրաինայի վրա:
Հատկանշական է, որ երեքշաբթի օրը, ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին հաղորդել էին, թե Ռուսաստանն իրականացնում է հարձակումից առաջ վերջին նախապատրաստությունները:
Սակայն նույն օրը երեկոյան, հակառակ բոլորի սպասումներին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ուկրաինական սահմանի մոտ տեղակայված իր զորքերը վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր:
armenpress.am
Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը
Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 17-ին:
Հայաստանը գործընկերային և կառուցողական հարաբերություններ ունի Բրազիլիայի հետ, որն իր ՀՆԱ-ով, ըստ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տվյալների, աշխարհի առաջին 10 պետությունների թվում է:
Հայաստանից առաջին բարձր մակարդակի այցը Բրազիլիա տեղի է ունեցել դեռ 1991 թ. դեկտեմբերին, երբ աշխատանքային այցով այդ երկիր է մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ արդեն հաջորդ տարի՝ 1992 թ. հունիսին, պաշտոնական այցով Բրազիլիա է այցելել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բրազիլիայից ամենաբարձր մակարդակի այցը եղել է 2017 նոյեմբերին, երբ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրայի գլխավորած պատվիրակությունը:
1998 թ. մարտից բրազիլական ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2011 թվականին Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում հիմնադրվել է ՀՀ դեսպանությունը: Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թ. օգոստոսից:
30 տարվա ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 8 համաձայնագիր, որոնցից առաջինը 2002 թ. մայիսի 7-ին ստորագրված համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին: Նույն օրը Հայաստանի և Բրազիլիայի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Բրազիլիայի միջև կազմել է մոտ 55 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Բրազիլիա է արտահանվում քլորոպրենային կաուչուկ, քիմիական տարբեր ապրանքներ և նյութեր, մետաղյա խողովակներ, իսկ ներմուծվում է միս և մսամթերք, սուրճ, թութուն, քաղցրավենիք և այլ ապրանքատեսակներ:
Բրազիլիայում կա հայ համայնք: Հայերն այս երկրում հաստատվել են դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից: 1895 թվականին Բրազիլիայում ապրում էր շուրջ 100 հայ: 1948 թվականին, ըստ Եզնիկ քահանա Վարդանյանի «Հայերը Բրազիլիայում» գրքի, բրազիլահայերի թիվն արդեն հասնում էր 20 հազարի: Ընդունված է համարել, որ ներկայում Բրազիլիայում ապրում է 20-25 հազար հայ:
Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2015 թ. մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած № 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:
armenpress.am
Պենտագոնի ղեկավարը պաշտոնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի հետ փոխգործակցության խնդիրը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ նրա պաշտոնակիցները Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Մեծ Բրիտանիայից փետրվարի 16-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը եւ լարվածության նվազեցման անհարաժեշտությունն Ուկրաինայի շուրջ իրադրությունում: Այդ մասին ասված Է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանդիպմանը, բացի Օսթինից, մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին, նրա գերմանացի պաշտոնակից Քրիստինե Լամբրեխտը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բեն Ուոլիսը: Նրանք «քննարկել են վերջերս կայացած դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի կողմից ապաԷսկալացիայի անհրաժեշտությունը»:
Ինչպես հետեւում Է փաստաթղթից, նախարարները հայտարարել են, որ «պաշպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» եւ նշել են «ՆԱՏՕ-ի միասնության կարեւորությունը Ռուսաստանին դիմադարձելու, արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ոգեշնչելու եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պահպանելու համար»:
Ինչպես ճշտել Է Քիրբին, Օսթինը նաեւ առանձին հանդիպում Է ունեցել Լամբրեխտի հետ:
Նրանք «քննարկել են լուրջ անհանգստությունն» Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ուժերի իբր տեղ գտած կենտրոնացման պատճառով: Բացի դրանից նախարարներն արծարծել են հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի դիմադարձմանը, ռազմական գնումներին եւ Հնդկա - խաղաղաօվկիանոսյան տարածաշրջանի իրադրությանը:
Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել Է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում եւ ընդգծել, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Զախարովան կոչ է արել Բրիտանիայի ԱԳ նախարարին ներողություն խնդրել իր հայտարարության համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Տրասը պետք է ներողություն խնդրի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ իր հայտարարությունների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Զախարովան խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը պարտավոր է ներողություն խնդրել սուտ տարածելու համար և պարտավոր է ներողություն խնդրել Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բրիտանիայի ժողովուրդների առաջ, ինչպես նաև այն ԶԼՄ-ների, ովքեր նրա հայտարարությունը որպես ճշմարտություն ընդունեցին»,- ասել է Զախարովան:
panarmenian.net
2021-ին ՀՀ բանկերն ավելացրել են կապիտալն ու ակտիվները, տրամադրվող վարկերի ծավալը նվազել է
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի գործունեության 2021թ․ արդյունքները՝ բանկերն ավելացրել են կապիտալն ու ակտիվները, տրամադրվող վարկերի ծավալները նվազել են։
2021 թվականին Հայաստանում գործող առևտրային 17 բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 958 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում աճել է 68 մլրդ դրամով կամ 7.6%-ով։ Տվյալները ներկայացրել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, գրում է «Հետքը»։
2021 թվականի ընթացքում բանկերի ընդհանուր ակտիվներն աճել են 441 մլրդ դրամով կամ 6.7%-ով՝ կազմելով շուրջ 7 տրլն դրամ։ 2021-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 968 մլրդ դրամ։ 2020 թվականի վերջի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 214 մլրդ դրամով կամ 5.1%-ով։
Այդպիսով, ստացվում է, որ բանկերը ավելացրել են ակտիվներն ու կապիտալը, սակայն դրան զուգահեռ ավելի «զուսպ» են գտնվել վարկավորելիս։ Բանկերի միության գործադիր տնօրենը դա բացատրում է հաճախորդների վարկունակության թուլացմամբ ու բանկերի կարգավորումների խստացմամբ։
«Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով վարկունակ պահանջարկը նվազել է, ինչը և սպասվում էր։ Տարվա ընթացքում վարկերի բավականին մեծ ներումներ են եղել։ Այս երկու հանգամանքները հանգեցրել են վարկային ներդրումների նվազմանը։ Բանկերի կարգավորումները սպառողներին վարկավորման մասով ևս ազդել են։ Սակայն չորրորդ եռամսյակից նկատվում են վերականգնման միտումներ։Կարծում եմ՝ առաջիկայում ծավալը կմեծանա»,- նկատել է Սեյրան Սարգսյանը։
Սարգսյանը նաև ասել է, որ 2021 թվականին՝ հետպատերազմական տարում, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէին նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքները, բանկային համակարգին հաջողվել է դիմակայել մարտահրավերներին և հասցեական ու արդյունավետ կերպով արձագանքել ու լուծում տալ առկա խնդիրներին։
«Հատկանշական է նաև, որ բանկային գործունեության ընթացքում մեղմվել են նաև տնտեսությունում առկա մի շարք խնդիրներ։ Տարին առանձնացել է նաև այն հանգամանքով, որ բանկային համակարգն իր վրա էր վերցրել բավական մեծ սոցիալական բեռ ու իրականացրել մեծածավալ աշխատանքներ»,- ասել է նա։
panarmenian.net
Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնից
Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնից։ Գերագույն ռադան որոշում է ընդունել ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոն ստեղծելու մասին և ԱՊՀ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի մասին որոշումներից։ Այդ մասին ասվում է Ուկրաինայի խորհրդարանի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վերոնշյալ որոշումները ստորագրվել էին 2000 թվականին Մոսկվայում և վավերացվել Գերագույն ռադայի կողմից 2001-ին։
Ուկրաինայի խորհրդարանը նաև որոշել է դուրս գալ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի մասին կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումից, որը ստորագրվել է 2006 թվականին Մոսկվայում։
Խորհրդարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դոնեցկում գտնվող ԵԱՀԿ առաքելության աշխատակիցները սկսել են հեռանալ քաղաքից՝ «Ուկրաինայի վրա ռուսական հարձակման սպառնալիքի ֆոնին»։ 16 երկիր հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։ Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Կանադան, Լատվիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ֆինլանդիան, Չերնոգորիան, Էստոնիան, Ճապոնիան, Հարավային Կորեան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը, սակայն նման ճանաչումը համահունչ չէ Մինսկի համաձայնություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
panarmenian.net
Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը, սակայն նման ճանաչումը համահունչ չէ Մինսկի համաձայնություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Որևէ հստակ ընթացակարգ այս առումով գոյություն չունի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հետագա քայլերի մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը ստացել է դիմումը, արձագանքել է դրան, ընդունել է ի գիտություն»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ «ԴԺՀ և ԼԺՀ ճանաչումը համահունչ չէ Մինսկի համաձայնություններին, և դա իրոք այդպես է»:
Փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման հավանություն էր տվել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով։