Մամուլի տեսություն 21.02.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164934-Մամուլի_տեսություն_21.02.2022
Իրանի իսլամական խորհրդարանի ավելի քան 250 պատգամավորներ 13-րդ կառավարությանն ուղղված հայտարարություն են տարածել՝ կոչ անելով բանակցային թիմին չանցնել ԻԻՀ կարմիր գծերից ու ազգային շահերից և առանց երաշխիքի որևէ համաձայնություն չկնքել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 21, 2022 13:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.02.2022

Իրանի իսլամական խորհրդարանի ավելի քան 250 պատգամավորներ 13-րդ կառավարությանն ուղղված հայտարարություն են տարածել՝ կոչ անելով բանակցային թիմին չանցնել ԻԻՀ կարմիր գծերից ու ազգային շահերից և առանց երաշխիքի որևէ համաձայնություն չկնքել:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Իրանի խորհրդարանն ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի դիմաց

Բայդենին ուղղված ԱՄՆ 200 ներկայացուցիչների նամակից հետո, որով պահանջվում էր, որ հնարավոր համաձայնագիրը հաստատել Կոնգրեսում, Իրանի իսլամական խորհրդարանի 250 պատգամավորներ նամակ են գրել նախագահ Ռայիսիին։

Պատգամավորներն ընդգծել են, որ 13-րդ կառավարությունը Վիեննայի բանակցություններում երբեք չպետք է շեղվի Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերից և ազգային շահերից ու բանակցությունները շարունակի նույն ընթացքով:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են.«ԱՄՆ-ն և եվրոպական երեք երկրները պետք է խոստանան Իրանի ժողովրդին, որ միջուկային, ահաբեկչության, հրթիռային և մարդու իրավունքների կեղծ պատրվակներով Իրանի ժողովրդի դեմ սահմանված պատժամիջոցները, ներառյալ՝ ISA, Katsa և U-Turn պատժամիջոցները, կչեղարկվեն»:

 

Էթելաաթ օրաթերթ

ՄԱԿ. Ղոդսից պաղեստինցիների տեղահանումը հակասում է միջազգային իրավունքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ կազմակերպությունը դեմ է պաղեստինցիների տների քանդմանը և նրանց Ղոդսից հարկադիր տեղափոխմանը, քանի որ դա հակասում  է միջազգային իրավունքին:

Անդրադառնալով ՄԱԿ-ի պատվիրակության կողմից օկուպացված Պաղեստին, ներառյալ՝ Սալեմների տուն կատարած այցին, որոնց իսրայելական ուժերը սպառնում են տարհանել, Սթիվեն Դուժարիքն ասել է. «ՄԱԿ-ը դեմ է պաղեստինցիների տարհանմանը, քանի որ դա խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը»։

Սալեմների 12 հոգանոց  ընտանիքի անդամներին մարտ ամսից սպառնում են տարհանել։ Նրանք արդեն 70 տարի է՝ ապրում են այդ տանը։ 

 

Քեյհան օրաթերթ

Ջոնսոն. Տարածաշրջանում մեծ պատերազմ է հասունանում

Ուկրաինայի արևելքում անվտանգության իրավիճակը կրիտիկական է, կառավարական զորքերի և անջատողականների միջև թեժ մարտերի մասին տեղեկություններ են հրապարակվել: Արևմտյան լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN-ը, եվրոպական և ամերիկյան առաջնորդների հետ միասին, Ռուսաստանին մեղադրում են լարվածության սրման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախադեպը չունեցող՝ Եվրոպայում մեծ պատերազմ սկսելու ծրագրերի մեջ: Ռուսները կտրականապես հերքում են  մեղադրանքները և ԱՄՆ-ին ու Եվրոպային մեղադրում  ԶԼՄ-ներում Մոսկվայի դեմ քարոզչություն իրականացնելու և Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի անվտանգության շահերն անտեսելու մեջ։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Հոգեկան առողջությունը՝ կորոնավիրուսի ճգնաժամի զոհ

Երկու տարի առաջ, երբ հաստատվեց կորոնավիրուսի պանդեմիան, աշխարհը բախվեց լայնածավալ ճգնաժամի, որը եզակի էր 21-րդ դարում։ Թեև կորոնավիրուսը  առողջապահական ճգնաժամ էր, այն ազդեց ամբողջ հասարակության տարբեր շերտերի վրա, սկսած տնտեսությունից մինչև մշակույթ և քաղաքականություն և միևնույն ժամանակ փոխակերպեց հասարակությունը մի քանի առումներով՝ ստեղծելով նոր ապրելակերպ: Սոցիալական ոլորտում կորոնավիրուսը համացանցին հասանելիության անսահմանափակ հնարավորություն է ստեղծել  առանց վերահսկողության։

Կորոնավիրուսի ճգնաժամն իրականում ստիպեց, որ այն իրադարձությունները, որոնք մենք պետք է ունենայինք առաջիկա 10 տարում, շատ ավելի շուտ մտնեն մեր կյանք։ Մինչդեռ ոչ վարչական ու կրթական միջավայրը, ոչ էլ ժողովուրդը պատրաստ չէին այս փուլ մտնելու համար։

 

armenpress.am

Պուտինի և Մակրոնի հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:

«Նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։ Հանրապետության նախագահը ներկայումս հեռախոսով խոսում է նախագահ Զելենսկու հետ»,- հայտնել են Ելիսեյան պալատից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, կիրակի ավելի վաղ Մակրոնը Պուտինի հետ է հեռախոսազրույց ունեցել:

 

yerevanlur.am

Թուրքիան ավարտել է Դարդանելի նեղուցով առաջին կամրջի շինարարությունը

Շինարարներն ավարտել են Դարդանելի նեղուցով «Չանաքքալե 1915» կամրջի կառուցման աշխատանքները։ Այդ մասին նախօրեին հայտնել է «Անադոլուն»։ Նախօրեին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Կարա Իսմայիլ օղլուն քայլել է բացման պատրաստ 4608 մետր երկարությամբ կամրջի վրայով։

 

aysor.am

Արարատ Միրզոյանն ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսին և Մակա Բոտչորիշվիլիին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Եվրանեսթ» խորհրդարական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ այդ համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը։ Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին՝ Հայաստանի համար մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերով իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բազում մարտահրավերների պայմաններում 2021թ. հունիսին Հայաստանում ազատ ու թափանցիկ արտահերթ ընտրությունների անցկացումը:

ՀՀ ԱԳ նախարարն ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։

 

aysor.am

Պուտինն ու Ալիևը վաղը հռչակագիր կստորագրեն, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կկայանան երեքշաբթի՝ փետրվարի 22-ին։ 

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հանդիպման ժամանակ նրանք կդիտարկեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։  

Նախատեսվում է նաև քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ շրջանակը։ 

«Բանակցությունների ավարտին կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի», - նշել են Կրեմլից։

/civic.am/

Նույնիսկ մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ նույնիսկ մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի։Այս մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում CNN-ին տված հարցազրույցում։Զելենսկին նշել է, որ Ղրիմի և Դոնբասի վիճահարույց տարածքներում կա 30-35 հազար ռուս զինվորական։ Զելենսկին մտավախություն ունի, որ ռուսական կողմի գործուղությունները կարող են հանգեցնել ռազմական գործողությունների:«Այնպես որ, սադրանքներն իսկապես շատ վտանգավոր են, եթե այդքան զորք կա: Մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել պատերազմի»,- ասել է Զելենսկին:Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման սպառնալիքի հետ կապված մտահոգությունները կիսում են Ուկրաինայի հարևան երկրները։«Մենք գիտենք Խորհրդային Միության պատմությունը, և նրանք հասկանում են մեր առջև ծառացած ռիսկերը: Լեհաստանը, Բալթյան երկրները, Լիտվան և Էստոնիան, Լատվիան, Մոլդովան գիտեն, թե դա ինչի կարող է հանգեցնել: Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք», - հավելել է Ուկրաինայի նախագահը:Նա նաև նշել է, որ ներկայիս լարվածությունը ողբերգություն է երկու կողմերի համար էլ. «Սա ողբերգություն է մեր ազգի, մեր ժողովրդի համար: Դա ողբերգություն է նաև ռուսների համար, ովքեր լավ հարաբերություններ ունեին Ուկրաինայի հետ»,- հավելել է նա։

 

armenpress.am

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Ժոզե Ա․ Բետանկուրին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը ողջունել է արքեպիսկոպոսին և վերահաստատել Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը:

Արժևորելով 2021 թվականին Երևանում Առաքելական նվիրակություն բացելու Սուրբ Աթոռի որոշումը՝ փոխվարչապետն ընդգծել է, որ այն փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող կարևորությունը։

Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ 30 տարվա գործակցությունը հիմնված է 2000-ամյա բարեկամական հարաբերությունների վրա։