Մամուլի տեսություն 23.02.2022
Ռայիսին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անվտանգ ճանապարհ դառնալ գազ արտադրողների ու սպառողների համար:
խորասան օրաթերթ
Իրանը կարող է դառնալ գազի տարանցման անվտանգ ճաապարհ
Ռայիսին հայտարարել է, որ Իրանը պատարստ է անվտանգ ճանապարհ դառնալ գազ արտադրողների ու սպառողների համար:
Կատարում կայացած Գազ արտահանող երկրների վեցերորդ գագաթնաժողովում ունեցած ելույթում, Էբրահիւմ Ռայիսին հայտարարել է. «Որպես հսկայական պաշարներ ունեցող և գազ արտահանող երկրներ բնական գազի պահանջարկի անվտանգությունը բարելավելու նպատակով, գագաթնաժողովի նպատակներն ու առաքելությունն իրականացնելու շրջանակում, մենք կարող ենք ապահովել ամբողջ աշխարհում կարճ և երկար ժամկետներով էներգիայի կայուն մատակարարումը:
Քեյհան օրաթերթ
Սաուդյան օրաթերթ. Իրանը կոտրեց ԱՄՆ-ի հեղինակությունը
Թերթը գրել է. «Միացյալ Նահանգները կարծես թե հանձնվում է Իրանին. Նույն երկիրը, որի պատճառով ԱՄՆ-ում սկսվեցին բոլոր անհաջողությունները»:
Լոնդոնում լույս տեսնող սաուդյան «Ալ Արաբ» թերթը գրել է. «Ուկրաինական ճգնաժամը բացահայտեց Բայդենի կառավարության իրական վիճակը: Իշխանություն, որը հայտարարում է, թե կանգնած է Չինաստանի դիմաց, սակայն կարծեսս թե պատրաստ է հանձնվել Իրանին:
Հաշվի առնելով այս ամենը, զարմանալի չի լինի, եթե Ուկրաինայի հարցում Պուտինը մինչև վերջ գնա, երբ հասկանա, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը պարզապես Օբամայի վարաչակազմի շարունակությունն է:
Բայդենի վարչակազմը կարող է սպառնալ որքան ցանկանա, սակայն դա Ռուսաստանին հետ չի պահի Ուկրաինայի հարցում իր դիրքորոշումից:
Էթելլաաթ օրաթերթ
Թուրքիայում ցուցարարներն այրել են ջրի ու էլեկտրաէներգիայի կտրոններն՝ ի նշան բողոքի աննախադեպ գնաճի դեմ
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են Ստամբուլում տեղի ունեցած ցույցի մասին, որի ընթացքում ցուցարարներն այրել են ջրի ու էլեկտրաէներգիայի կտրոնները:
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում, մի խումբ քաղաքացիներ այրել են ջրի ու հոսանքի վարձերի կտրոնները և կառավարությանը կոչ արել զսպել գնաճը։
Ցուցարարները վանկարկել են՝ «Բյուջե աշխատողների համար, ոչ թե պալատների» և «Կառավարություն, հրաժարական տվեք».
Արման Մելլի օրաթերթ
Վճռական պահեր Վիեննայում
Վիեննայում ՀԳՀԾ-ի վերածննդի շուրջ բանակցությունները շարունակվում են: Բանակցող կողմերը պատրաստվում են անել առկա տարաձայնությունների լուծման և համաձայնության հասնելուն ուղղված վճռական քայլեր:
armenpress.am
Արարատ Միրզոյանն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարի նշվելու է ՍԾՏՀԿ ստեղծման 30 ամյակը և կարևորել են կազմակերպության հետագա զարգացումը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է ՍԾՏՀԿ-ի հետ ոլորտային համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այն կնպաստի ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային տնտեսական ներառական համագործակցության միջոցով երկրում կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Գլխավոր քարտուղար Կոմանեսկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ գործունեությունը և ներդրումը ՍԾՏՀԿ զարգացման գործում:
Կողմերը շեշտել են կազմակերպության շրջանակներում տարածաշրջանային համակարգված գործողությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված փոխշահավետ տնտեսական համագործակցության, նորարարական և կայուն զարգացման, բարձր մրցունակության խթանման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը։
Նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ ՍԾՏՀԿ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրագործումը, որոնց հիմքում ընկած են ապաքաղաքականացված, ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ու առևտրի դյուրացումը, շրջափակման և փակ սահմանների քաղաքականության անթույլատրելիությունը, կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։
armenpress.am
Էրդողանը մեկնաբանել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող վերջին զարգացումները
Էրդողանը նշել է, որ Թուրքիան երկու հարևան պետությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման հույս ունի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին տված հարցազրույցում, որոնք նրան ուղեկցել են ԴՀ Կոնգո և Սենեգալ կատարած այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Անկարան ուշադիր հետեւում է Ուկրաինայի շուրջ բոլոր գործընթացներին։
«Թուրքիան կարևորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչը ես անձամբ եմ ընդգծել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։ Մենք չենք ճանաչում և չենք ճանաչելու Մինսկի պայմանավորվածություններին հակասող որևէ նախաձեռնություն։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզնից՝ դիվանագիտական և երկխոսության ճանապարհով ճգնաժամը լուծելու համար, որպեսզի կանխենք իրավիճակի հետագա սրումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը Մոսկվայի և Կիևի հարաբերություններում ստեղծված ճգնաժամը անվանել է սպառնալիք Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։
«Առաջիկա օրերին մենք այդ հարցի շուրջ խորհրդակցություններ կանցկացնենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ»,- ասել է նա։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել տեսակոնֆերանսի միջոցով, Էրդողանը նշել է, որ դաշինքի երկրների ղեկավարներից ոչ մեկը լուրջ քայլեր չի ձեռնարկել էսկալացիան նվազեցնելու համար։
armenpress.am
ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն կարևոր հարթակ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի համար. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներկայացուցիչների այցը մեր երկիր և կարևորել միջխորհրդարանական համագործակցությունը:
«Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը երախտագիտություն է հայտնել տիկին Կալյուրանդին՝ 2020թ. պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանում հայկական կողմի համար նպաստավոր հայտարարություններով հանդես գալու, ներառյալ՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին անդրադառնալու համար:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի կարևոր գործընկեր է, և ԵՄ-ն սատարում է մեր երկրին բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման և ժողովրդավարության զարգացման գործընթացում: Նա արդյունավետ է գնահատել հայաստանցի գործընկերոջ` ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմի համանախագահ Արման Եղոյանի հետ գործակցությունը և նշել, որ կշարունակի ՀՀ-ԵՄ կապերի զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ:
Տիկին Կալյուրանդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և ինքը կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը։ Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:
Արծարծվել են նաև ՀՀ ժողովրդավարական օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ծանր վիրավորանքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմներին, կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությանը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությանը և այլն:
panarmenian.net
Նախարար․ Գորիս-Կապանին ադրբեջանական անցակետի պատճառով Իրանի հետ առևտուրը կրճատվել է
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման ու այլընտրանքային ճանապարհի անմատչելիության հետևանքով Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը կրճատվել է։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Կրճատվել է ոչ թե 2020-ի համեմատ, որովհետև 2021-ին մենք 2020–ի համեմատ Իրանի հետ առևտրաշրջանառության 25 տոկոսանոց աճ ենք ունեցել և հասել ենք 500 մլն դոլարի սահմանաչափի։ Բայց այս աճն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան մենք պլանավորել էինք։ Այնպես որ ասել` կրճատվել է, ճիշտ չէ, պետք է ասել` քիչ է աճել»,– ասել է Քերոբյանը։
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել 2021–ի նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից։2021թ–ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊԵԿ նախագահ Սաֆար Մեհտիևը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար։
panarmenian.net
Քերոբյան․ Փորձելու ենք մեղմել ՌԴ դեմ պատժամիջոցների հետևանքները ՀՀ տնտեսության վրա` անհանգիստ ենք
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով ՌԴ դեմ սահմանվող պատժամիջոցներին, ասել է, որ անհանգստացած են իրավիճակով։
Նա հավելել է, որ կառավարությունը փորձելու է մեղմել ՌԴ-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հետևանքները Հայաստանի տնտեսության վրա, գրում է «Հայկական ժամանակը»։
«Բոլոր գործոններն ուսումնասիրում ենք։ Նաև ուղիղ կապի մեջ ենք թե արտահանողների, թե մյուս բիզնեսմենների հետ, որոնց վրա կարող է դա անդրադառնալ։ Դիտարկում ենք այն հնարավորությունները, որոնք կարող ենք օգտագործել՝ հնարավոր հարվածները մեղմելու համար»,- ասել է նախարարը։
Արևմտայն մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանում ՌԴ դեմ ի պատասխան այդ երկրի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչմանը։
panarmenian.net
Զելենսկին պահեստազորայինների զորակոչ է հայտարարել, Բլինքենը չեղարկել է հանդիպումը Լավրովի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել պահեստազորայինների զորակոչ հայտարարելու մասին՝ երկրի համար առանձնահատուկ այս շրջանում։
«Խոսքը բացառապես օպերատիվ ռեզերվին դասվող քաղաքացիների մասին է։ Պետք է բարձրացնենք ուկրաինական բանակի պատրաստականությունն օպերատիվ իրավիճակի բոլոր հնարավոր փոփոխություններին»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ համընդհանուր զորակոչի անհրաժեշտություն դեռևս չկա, գրում է Kommersant-ը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ չեղարկել է փետրվարի 24-ին կայանալիք հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նա ասել է, որ հանդիպումն «այլևս իմաստ չունի», գրում է BBC-ն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ՌԴ ինքնիշխան պարտքի դեմ, պատժամիջոցներ կսահմանվեն նաև որոշ ռուսական բանկերի դեմ։ ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ Պետդումայի 351 պատգամավորի, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։ Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան հայտարարել են ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։
ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։