Մամուլի տեսություն 05.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i183582-Մամուլի_տեսություն_05.10.2022
Իրանում վերջին անկարգությունների ընթացքում երկրորդ անգամ, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 09:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.10.2022

Իրանում վերջին անկարգությունների ընթացքում երկրորդ անգամ, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Համշահրի օրաթերթ

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ի պատասխան Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնյաների հայտարարությունների, Իրանում այդ երկրի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է ԱԳՆ:

Վերջին երկու շաբաթվա ըթնացքում դեսպանը երկրորդ անգամ է կանչվում ԱԳՆ:

Առաջին անգամ նա կանչվել էր սեպտեմբերի 24-ին՝ կապված պարսկալեզու լրատվամիջոցների կողմից տարվող հակաիրանական քարոզչության և անկարգությունները հրահրելու հետ և դեսպանին էր փոխանցվել Իրանի խիստ բողոքը՝ Բրիտանիայի կառավարության կողմից հակաիրանական լրատվամիջոցներին հյուրընկալելու կապակցությամբ:

 

Իրան օրաթերթ

Ռայիսի. Հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն խոսքերը վերջ դրեցին անկարգություններին

ԻԻՀ նախագահը հայատարարել է. «Իսլամական հեղափոխության գերագույն  առաջնորդի իմաստուն խոսքերը վերջ դրեցին երկրում տիրող անկարգություններին, որոնց հետևանքով տուժում էին քաղաքացիներն ու պաշտոնյաները:

Երեքշաբթի օրը, իսլամական համակարգի նպատակահարմարության խորհրդի 9-րդ նստաշրջանի բացման արարողության ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ասել է. «Առաջնորդի իմաստուն ելույթը վերջ դրեց անկարգություններին»:

Նշելով, որ այս իրավիճակի համար պատասխանատուն են կրում կառավարությունը և տարբեր գերատեսչությունների պաշտոնայները, նախագահը հավելել է. «Հիրավի, առաջնորդի խոսքն ուղենիշ էր: Բոլորիս պարտականությունն է աշխատել, որպեսզի մարդկանց վստահությունը երկրի կառավարման համակարգի արդյունավետության նկատմամբ  մեծանա և դրա համար անհրաժեշտ են   շարունակական և շուրջօրյա ջանքեր: Այդ ջանքերը կարող են ձախողել թշնամու ծրագրերը և մեծացնել մարդկանց հույսը՝ որպես հեղափոխության թանկարժեք կապիտալներ»

։

Ջամե Ջամ օրաթերթ

Զելենսկին ստորագրել է Պուտինի հետ բանակցելու անհնարինության մասին հրամանը

Ջամե Ջամ օրաթերթը, հղում անելով  Fars գործակալությանը, հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  հոկտեմբերի 4-ին  հրաման է ստորագրել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման կատարման մասին, ըստ որի՝ անհնար է բանակցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Գլխավոր հրամանատարության շտաբում կայացած հանդիպումների արդյունքներով և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի անդամների զեկույցները լսելուց հետո, որոշվել է, որ անհնար է բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:

 

Ջավան օրաթերթ

Իրանը քննարկումներ է անցկացնում Եմենում հրադադարը երկարաձգելու շուրջ

ԻԻՀ ԱԳ նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Խաջին հեռախոսազրույց է ունեցել Եմենի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Հանս Գրունդբերգի հետ։

Հեռախոսազրույցում, անդրադառնալով վերջին զարգացումներին, երկուստեք ընդգծվել է հրադադարի վերահաստատման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Նախօրեին Խաջին հեռախոսազրույց էր ունեցել նաև Եմենի Ազգային փրկության կառավարության գլխավոր բանակցող և Անսարալլահի խոսնակ Մուհամմադ Աբդ ալ-Սալամի հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել էին հրադադարը երկարաձգելու պատրաստակամությունը և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

 

armenpress.am

ԱՀԿ-ն ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի. ներկայացուցիչ

  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն:

«Դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է: ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր, կամ հիվանդ, բայց ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում է թե ՛ճգնաժամերի, թե՛ հակամարտությունների ընթացքում  և նաև դրանցից առաջ՝ փորձելով ապահովել տվյալ երկրի պատրաստվածության մակարդակը»,-նշեց նա:

Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայան էլ հավելեց, որ ԱՀԿ –ն պատերազմական գործողությունների ընթացքում պետք է փաստաթղթավորի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը, հաշվի, քանակավորի և համապատասխան օղակներին հաղորդի դա:

«Նմանատիպ դեպքերը հետաքննելու, քրեական առումով դիտարկելու հնարավորություն ԱՀԿ–ն չունի, որովհետև նման գործառույթը ենթադրում է հրատապ բժշկական փորձաքննություն, բազմաթիվ տեղեկությունների հավաքում»,-հավելեց Ռայան:

 

armenpress.am

ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ ընդգծել է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցության կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման տեսանկյունից: 

«Ձեր այցելությունը շատ կարևոր է մեզ համար: Հայաստանում 1976 թվականից սկսել է աշխատել ատոմային էլեկտրակայանը: Այդ ժամանակաշրջանից մինչ օրս մենք տարբեր փորձությունների միջով ենք անցել: Նկատի ունեմ՝ Սպիտակի երկրաշարժը, և դրանից հետո ատոմակայանի աշխատանքի դադարեցումը: Հետագայում արդեն այն վերսկսեց իր աշխատանքները 1995-ին: Ես, որպես կառավարական հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ այդ գործընթացին և կարող եմ վստահաբար նշել, որ ատոմակայանի վերագործարկումը չէր իրականանա, եթե չլիներ ԱԷՄԳ-ի հետ մեր սերտ համագործակցությունը, գործակալության կողմից ցուցաբերված խորհրդատվական ու տեխնիկական լայն աջակցությունը: Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Ռաֆայել Մարիանո Գրոսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գլխավորած կառույցը պատրաստակամ է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ու թվային համակարգերի զարգացման, ռազմավարության մշակման հարցերում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին, երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը: ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը մասնավորապես փորձագիտական խորհրդատվության և համապարփակ աջակցության տրամադրման շրջանակում:

 

armenpress.am

Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է. նախարարն այս տարի աճ է սպասում

 Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է, ոլորտն ամեն տարի աճում է, և ակնկալվում է, որ այս տարի այն էլ ավելի կմեծացնի իր կշիռը ՀՆԱ-ի մեջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում:

«Այսօր բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը մեր տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսի չափով է, որը բավականին արագ աճում է: Ոլորտն ամեն տարի աճում է 20-30 տոկոսով, այս տարի կարծում ենք, որ մոտ մինչև 50 տոկոս կարող է ՀՆԱ-ի մեջ իր աճի կշիռը մեծացնի: Մենք կարծում ենք, որ 3-4 տարուց  այն կդառնա տնտեսության ամենախոշոր ճյուղը՝ ավելի բարձր քան հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը և այլն»,-ասաց Քերոբյանը:

Նախարարն այսպիսով մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիական ոլորտի դերը: Այդ ոլորտը բավականին բարձր արտադրողականություն ունի, նախարարը նկատեց՝ աշխատավարձերն են բարձր: «Ոլորտի միջին աշխատավարձը 1.1 մլն դրամ է՝ այն պարագայում, երբ միջին աշխատավարձը ընդհանուր առմամբ Հայաստանում մոտ 4 անգամ ավելի քիչ է»,-ասաց Քերոբյանը:

Խոսելով արդյունաբերության մասին՝ նա նշեց, որ մշակող արդյունաբերությունը պետք է լինի ՀՆԱ-ի 16.5 տոկոսը, որը գրված է նաև կառավարության ծրագրի մեջ: Նա վերջին տարիներին բավական արագ աճ է նկատում: Ակնկալվում է, որ տարվա արդյունքում մշակող արդյունաբերության մոտ 20 տոկոս աճ կարձանագրվի:

 

panorama.am

Փաշինյանը և Էրդողանը հինգշաբթի օրն առաջին անգամ կհանդիպեն Պրահայում

Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը նախատեսվում է հինգշաբթի օրը Պրահայում: Այդ մասին գրում է թուրքական Milliyet թերթը։

«Վաղը Թուրքիայի ժամանակով 19.00-ին Պրահայում նախագահ Էրդողանը երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,-թերթի հրապարակումից մեջբերում է արեկ «ՌԻԱ նովոստին»։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր նման հանդիպման հնարավորության մասին։ Սա կլինի Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումը հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումից հետո։

 

panorama.am

Բորել. Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքները

«ԵՄ-ն արել է ամեն ինչ՝ կոչ անելով կողմերին երկխոսության, ինչպես նաև հրադադար հաստատելու համար», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մեծացման հարցի քննարկման ժամանակ։«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին», - ասել է Բորելը` հավելելով, որ իրենք խնդրում են Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:Նա ընդգծել է Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացումը, օրը, ըստ նրա, կօգնի նվազեցնել լարվածությունը։«Ես ցանկանում եմ, որ Հարավային Կովկասում, ինչպես նաև շատ այլ շրջաններում, որտեղ դրա կարիքը կա,  հասնենք խաղաղության։ Դժբախտաբար ունենք միայն քաղաքական ազդեցության միջոց։ Տարածաշրջանում մենք ունենք հատուկ բանագնաց, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպացի անդամների հետ։ Մենք նաև մարդասիրական օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք կարողանում ենք անել»,- ասել է բարձր ներկայացուցիչը։Նա շեշտել է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը։«Ադրբեջանը ռմբակոծել և գրավել է հայկական տարածքի մի մասը, Հայաստանին պատկանող տարածքներում նրանք օգտագործում են հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Այն, ինչ տեղի է ունենում, սարսափելի ցավ է, 300 զինծառայող է զոհվել, նրանցից 207-ը հայաստանցիներ են։ Կան օկուպացված տարածքներ, ինչը բացարաձակ անընդունելի է ու միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի բացակայություն։ Զինված ուժերն այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա», - ասել է Բորելն ու ընդգծել, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը։Միաժամանակ նա պաշտպանել է Ադրբեջանի հետ ԵՄ-ի կողմից կնքված էներգետիկ համաձայնագիրը՝ ասելով, որ «համաձայնագիրը չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»։Բորելը հայտարարել է, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի է» և հավելել, որ հետաքննություն է պահանջվում։

 

panorama.am

Ուկրաինան ԵՄ-ից ավելի կայուն ֆինանսական աջակցություն է պահանջում

Ուկրաինան ավելի կայուն և կանխատեսելի ֆինանսական աջակցություն է պահանջում ԵՄ-ից՝ կառավարության աշխատանքը պահպանելու համար, չնայած այն հանգամանքին, որ խոստացված 9 միլիարդ եվրոյից ԵՄ-ն մինչ այժմ Կիևին տրամադրել է միայն 1 մլրդ-ը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Financial Times»-ին։

«Ուկրաինան ԵՄ-ից պահանջում է ավելի կայուն ֆինանսական աջակցություն, Կիևը նյարդայնացած է Բրյուսելի կողմից միջոցների բաշխման դանդաղ տեմպերով և մտահոգված է, թե արդյոք միջոցները կհատկացվեն հաջորդ տարի»,- գրում է թերթը։

Պարբերականը նշում է, որ Ուկրաինան ակնկալում է 2023 թվականին իր գործընկերներից ստանալ 38 մլրդ դոլարի բյուջետային օգնություն, այսինքն՝ ամսական մոտ 3,5 մլրդ դոլար։

Սեպտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովը Ուկրաինային հինգ միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն հատկացնելու առաջարկ է ներկայացրել։ Ակնկալվում է, որ նոր տրանշը կլինի Կիևին արդեն խոստացված ինը միլիարդ եվրոյից երկրորդը: Ավելի վաղ հատկացվել էր մեկ միլիարդ։ Ակնկալվում է, որ եվրոպական ֆինանսավորումը կուղղվի Ուկրաինային աջակցելու «երկրի աճող կարիքները բավարարելու համար»։