Մամուլի տեսություն 13.10.2022
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն անդրադառնալով Եվրոպային ամերիկյան հեղուկ գազը 4 անգամ թանկ գնով վաճառելուն, զգուշացրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չպետք է ավարտվի ԱՄՆ-ի տնտեսական գերակայությամբ և Եվրամիության թուլացմամբ։
Էթելաաթ օրաթերթ
Foreign Affairs. Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հեռանա Սիրիայից
Անդրադառնալով Սիրիայում ամերիկյան ուժերի շարունակական ներկայությանն ամերիկյան Foreign Affairs պարբերականը գրել է. «Սիրիայում ամերիկյան զորքերի առաջին խմբի ներկայությունից յոթը տարի անց, ժամանակն է, որ Վաշինգտոնը դուրս բերի իր ուժերը, քանի որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում այլևս ռազմավարական նշանակություն չունի»:
Պարբերականը հավելում է. «Թեև ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժերը վերահսկում են Սիրիայի զգալի հատվածները, այդ երկրի քաղաքական և դիվանագիտական ազդեցությունը Սիրիայում սահմանափակ է»:
Foreign Affairs-ը նշում է. «Ֆինանսական և ռազմական ռեսուրսների մեջ զգալի ներդրումները՝ անորոշ քաղաքական արդյունքի հասնելու հույսով, որը դժվար թե լուծի Սիրիայի ճգնաժամը, , ոչ ռազմավարական առումով է ճիշտ և ոչ էլ քաղաքական»:
Խորասան օրաթերթ
ԱՄՆ-ն օգտվում է էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակից
Եվրոպա ռուսական գազի արտահանման դադարեցումից հետո, վառելիքի գինը շարունակում է աճել: Մայրցամաքի երկրները փորձում են փոխարինել ռուսական գազն այդ թվում դիմելով ԱՄՆ-ին: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լեմուրը զգուշացրել է.«ԱՄՆ-ն փորձում է չարաշահել էներգետիկ շուկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Ուկրաինայի հակամարտությունը չպետք է հանգեցնի ամերիկյան տնտեսական գերակայությանը»։
Ընդգծելով, որ Վաշինգտոնը չպետք է իր հեղուկ գազը վաճառի եվրոպական երկրներին իր արդյունաբերողների համար սահմանված գնից չորս անգամ ավելի թանկ՝ Լոմերն ասել է. «Եվրոպայի տնտեսական թուլացումը ոչ մեկին ձեռնտու չէ»։
Վաթան Էմռուզ օրաթերթ
ԱՄՆ-ի դաշնակիցները՝ Պուտինի ոկղքին
Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և ԱՄԷ-ի առաջարկով նավթի օրական արդյունահանումը նվազեցնելու OPEC+-ի որոշումից մի քանի օր անց, ամերիկացիները փորձում են Ռիադին համոզել հրաժարվել այս որոշումից:
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդեննը հարցազրույցներից մեկում նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային այս քայլի հետևանքների մասին։ Reuters լրատվական գործակալությունը մի քանի օր առաջ հայտնել էր, որ OPEC+-ը, դեմ գնալով Եվրոպային ու ԱՄՆ-ին, որոշել է նվազեցնել նավթի օրական արդյունահանումը՝ նավթի շուկայում գինը հավասարակշռելու համար։
Գործակալությունը գրել է. «Որոշումը կայացել է չնայած Միացյալ Նահանգների և այլ երկրների ընդդիմությանը և դա ավելի է սահմանափակում շուկայում առկա սուղ առաջարկը։ Այս որոշման արդյունքում նավթի գները կարող են բարելավվել։ Նավթի գները երեք ամիս առաջ 1 համաշխարհային տնտեսության դանդաղման, տոկոսադրույքների բարձրացման և դոլարի դերի ամրապնդման վերաբերյալ մտահոգությունների պատճառով 120 դոլարից հասել էր 90 դոլարի:
Քեյհան օրաթերևթ
10 ամսում փողոցային հրաձգություններից տուժել է 4000 ամերիկացի դեռահաս
Զինված բռնությունների վիճակագրության կենտրևոնը վերջերս հրապարակած զեկույցում հայտարարել է. «Մինչև զեկույցի պատրաստման պահն ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետևրանքով տուժել է ավելի քան 4000 ամերիկացի դեռահաս, որոնցից 47-ը զոհվել են, 2972-ը՝ վիրավորվել»։
Վիճակագրության հիման վրա կարելի է եզրակացնել, որ վերջին տասը տարում Ամերիկայում զինված բռնության զոհը ցատկել է ավելի քան 73%-ով։
armenpress.am
Ականների տեղադրումը եղել է բացառապես շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք. ՊԲ խոսնակի արձագանքն Ալիևի հայտարարությանը
Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք: Այս մասին «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան ասել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:
Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմի, իբր, նպատակաուղղված կերպով շուրջ մեկ միլիոն ականների տեղադրման մասին:
Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։
Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են:
armenpress.am
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներն ընդունել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանն ընդունել են Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսին և խորհրդատուներ Խավիեր Բոտերոյին ու Գոհար Մալումյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը.
«Բարձր ենք գնահատում Համաշխարհային բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ առաջին հերթին հանրակրթության համակարգի բարեփոխման շրջանակում»։
Կարևորելով սկսված բարեփոխումների շարունակականությունը՝ նա շեշտել է, որ Համաշխարհային բանկը կրթության բարեփոխումների կարևոր միջազգային գործընկերն է՝ փորձագիտական և աջակցության երկարաժամկետ ծրագրերի իրականացման առումով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալները ներկայացրել են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումները և անդրադարձել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innivation)» և «Կրթության բարելավում» ծրագրերի իրականացման ընթացքին։
Նախարարի տեղակալները տեղեկացրել են, որ օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». հաջորդաբար մշակվելու է ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանը։ Այս համատեքստում նշվել է, որ միջոցառումների պլանը ևս կներկայացվի հանրային քննարկման՝ ակնկալելով զարգացման գործընկերների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի փորձագիտական աջակցությունը։
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը պատրաստակամություն է հայտնել շարունակել կրթության զարգացման ծրագրերի աջակցությունը` նշելով, որ մարդկային կապիտալի զարգացումը ՀԲ առաջնահերթություններից է:
Ռենատա Ֆրեյտաս Լեմոսի խոսքով՝ Համաշխարհային բանկը պատրաստ է նաև միջազգային փորձագետների խումբ ուղարկել Հայաստան, որոնք սեմինարներ կանցկացնեն, կվերլուծեն «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», կներկայացնեն իրենց գնահատականն ու գործողությունների պլանի տեսլականը:
Կողմերը քննարկել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, դպրոցների հիմնանորոգմանը, բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծմանը, կրթության ոլորտի օրենսդրության լավարկմանն առնչվող մի շարք հարցեր:
armenpress.am
Հայաստանի և Նիդերլանդների ֆինանսների նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-15-ը մասնակցում են Վաշինգտոնում ընթացող Համաշխարհային բանկի խմբի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի 2022 թվականի տարեկան հանդիպումներին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար, փոխվարչապետ Սիգրիդ Քաագի գլխավորած պատվիրակության հետ: Ընդգրկված լինելով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի խմբի նույն ընկերակցային խմբերում՝ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, նախանշել են համագործակցության զարգացման հետագա ուղիներն ու հեռանկարները:
Տարեկան հանդիպումների շրջանակում Հայաստանի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջեւ ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնելու կողմերի միջեւ համագործակցությունը հանրային ֆինանսներին առնչվող գիտելիքի, փորձի եւ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ:
panorama.am
ԵՄ-ից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան. ԱԳ փոխնախարար
Այսօր Եվրոպական միությունից ՀՀ կժամանի տեխնիկական խումբ՝ քննարկելու ԵՄ փաստահավաք առաքելության տեղակայման վայրը և բոլոր չափանիշները՝ համաձայն որոնց, պետք է տեղակայվի ԵՄ փաստահավաք առաքելությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վայրերին վերաբերող հարցին։Դիտարկմանը՝ ՀԱՊԿ-ն էլ է ցանկություն հայտնել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, հայկական կողմը երկընտարնքի առաջ է կանգնած, որի՞ն կտրվի նախընտրությունը, փոխնախարարն ասաց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկներին, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:
Խոսելով հայկական կողմին ադրբեջանական կողմից ներկայացրած առաջարկների մասին, Պ.Հովհաննիսյանն ասաց. «Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք այդ առաջարկները, մշակում ենք մեր առաջարկները։ Աշխատանքային գործընթաց է, որը մեկնարկել է։ Սկզբունքային անընդունելի կետեր չկան, այդ առաջարկները լիարժեք չեն, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները»։Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղարի վերջին հեռախոսազրույցի մասին պաշտոնապես տարածված հաղորդագրության մեջ նշվել էր, որ քննարկվել են նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև շփումների հնարավորությունները, նման նախադրյալներ կա՞ն, փոխնախարարը պատասխանեց. «Չէ, միշտ էլ քննարկվում է երկխոսության հնարավորության հարցը՝ լինի դա ԱՄՆ-ի հետ փոխգործակցության կամ այլ ֆորմատներով։ Այսինքն որևէ նոր էլեմենտ չկա այստեղ»։
panorama.am
Սուրեն Սարգսյան. Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն:
Առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին, նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ:Նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում: Սովորաբար այս նախաձեռնության անդամներն այցելում են Ուկրաինա, Վրաստան և Հայաստան»,-գրել է նա։
panorama.am
Ղրիմի կամրջի վրա բեռնատարի պայթյունի վերաբերյալ հրապարակումների իսկությունը պարզելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել. ՀՀ ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կարմրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական գործողության կատարման նպատակով օգտագործված պայթուցիկ նյութերը քողարկված են եղել ՀՀ քաղաքացու կողմից վարած բեռնատարի մեջ, որը մինչ այդ արտերկրից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, այնուհետ ուղևորվել Ռուսաստանի Դաշնություն:Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում միջազգային ահաբեկչությանն օժանդակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ԵԱՏՄ սահմանով պայթուցիկ նյութերի մաքսանենգություն կատարելու և իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու առերևույթ դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ և այլ քննչական ու դատավարական գործողություններ:Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով իրավական գործիքակազմի հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, որոնց արդյունքների մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ անհրաժեշտության, համապատասխան տեղեկություններ կտրամադրի հանրությանը»: