Մամուլի տեսություն 17.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184596-Մամուլի_տեսություն_17.10.2022
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաս ընդհանուր տարածքում մեկնարկել են ԻՀՊԿ Իսլամական ցամաքային զորքերի զորավարժությունները:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 13:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.10.2022

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաս ընդհանուր տարածքում մեկնարկել են ԻՀՊԿ Իսլամական ցամաքային զորքերի զորավարժությունները:

Վաթան Էմռուզ օրաթերթ

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արաս ընդհանուր տարածքում մեկնարկել են ԻՀՊԿ Իսլամական ցամաքային զորքերի զորավարժությունները:

Այդ մասին հայտարարել է Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը:

Գեներալ Մոհամմեդ Փաքփուրը հավելել է. «Զորավարժությունները կանցկացվեն Արդաբիլ և Արևելյան Ատրպատական նահանգներում՝ հեղափոխության պահապանների կորպուսի Աշուրա հենակետում»։

 

Ջավան օրաթերթ

Արժույթի միջազգային հիմնադրամի նոր զեկույցի համաձայն՝ Իրանի տնտեսությունը կազմում է 1600 միլիարդ դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է 2022 թվականին գնողունակության ինդեքսի հիման վրա՝ Իրանի ՀՆԱ-ի 150 միլիարդ դոլարի ավելացման մասին և այս տարի Իրանի ընթացիկ հաշվի մնացորդը կանխատեսել է 32 միլիարդ դոլար։

Ըստ գնողունակության ինդեքսի՝ Իրանի ՀՆԱ-ն այս տարի նախորդ տարվա համեմատ պետք է ավելանա 150 մլրդ դոլարով։ 2021 թվականին Իրանի համախառն ներքին արդյունքի արժեքն այս ցուցանիշի հիման վրա հաշվարկվել է 1449 միլիարդ դոլար։

 

Էթելլաթ օրաթեթ

Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ երեք հազար ահաբեկիչների առկայությունը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, անդրադառնալով ամերիկյան պաշտոնատարների այն պնդմանը, թե Էրբիլի օդում իրանական անօդաչու թռչող սարք են խոցվել, ասել է. «Մենք գիտենք, թե որտեղ է գտնվում Հարիրի բազան, գիտենք նաև, թե որտեղ է գտնվում ամերիկյան բազան Էրբիլում և Դոհուքում և որքան ուժեր կան այնտեղ և ինչով են զբաղվում։ Այսօրվանից, եթե մեր անօդաչու թռչող սարքերի դեմ ինչ-որ գործողություններ ձեռնարկեն, մենք անպայման հակահարված կտանք, և այս վերջին գործողության պատասխանը նույնպես մեզ է վերապահված»։

ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երկրի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խմբավորումների իրավիճակի մասին ասել է, որ  իսլամական հեղափոխության սկզբից այս խմբավորումները ԱՄՆ-ի և այլ թշնամիների օգնությամբ բույն են դրել Իրաքի հյուսիսային շրջանում, սակայն վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ի աջակցությամբ նրանց շտաբը դարձել է կենտրոնատեղի՝ ուղղված Իրանի ազգային անվտանգության դեմ։

 

Ջամե Ջամ օրաթեթ

Յանկիների մեծ խոստովանությունը

«Ռազմավարական կույր կետերի ստեղծումը» համարվում է ԱՄՆ-ի մեծ ռազմավարությունը միջազգային համակարգում։ Այս կապակցությամբ Սպիտակ տան պաշտոնյաները, համագործակցելով ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի գործընկերների հետ,  սկսել են Ուկրաինայի պատերազմը և պնդելով Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության շարունակման վրա, փաստացի հրահրել են այս պատերազմը։

Թեև Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաները և Վաշինգտոնին կից լրատվամիջոցները միշտ հերքում էին իրենց դերը ուկրաինական ճգնաժամ, բայց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները վկայում են ճգնաժամի ստեղծման գործում այս երկրի մասնակցության  մասին։

 

Քեյհան օրաթերթ

Իրաքի նոր կառավարությունը լրջորեն հետամուտ է դիմադրության հրամանատարների սպանության գործի բացահայտմանը

«Ալ-Ֆաթհ» խորհրդարանական կոալիցիայի անդամ Համեդ Ալ-Մուսավին ասում է, որ Իրաքի նոր կառավարությունը լրջորեն հետապնդելու է դիմադրության հրամանատարներ գեներալ- Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Հաջ Աբու Մեհդի Ալ-Մոհանդիսի սպանության գործի բացահայտմանը:

Ալ-Մուսավին Իրաքի «Ալ-Սումերիյա» ցանցն ասել է․ «Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի կառավարությունը կավարտի Ադել Աբդոլ Մահդիի կառավարության ձեռքբերումները։ Սուդանի կառավարությունը, համագործակցելով ամերիկյան դատական ​​համակարգի հետ, հետամուտ է լինելու Աբու Մահդի ալ-Մոհանդիսի սպանության գործին, որպեսզի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այս հանցագործության համար դատվի»։

 

araratnews.am

ԱՄՆ-ը ցնցված է սաուդցիների կողմից Բայդենին տված «ապտակից»՝ կապված նավթի արդյունահանման կրճատման հետ

Սաուդյան Արաբիայի որոշումը՝ կրճատել նավթի արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով, վիրավորական էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար: Այս մասին գրում է The Hill-ը։Նավթի արդյունահանման մասին որոշումը ապտակ է Բայդենին, որը հուլիսին մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ համոզելու ավելացնել արդյունահանումը՝ հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը փոխհատուցելու նպատակով, հուսալով, որ դա կհանգեցնի ԱՄՆ-ում վառելիքի գնի նվազմանը։

Հոդվածում նշվում է, որ «ՕՊԵԿ+»-ի որոշումը առաջացրել է Կոնգրեսի անդամների զայրույթը և Սպիտակ տան ցնցմանը։ Կոչեր են արվել վերանայել ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները։Բացի այդ, մոտ ապագայում Բայդենի վարչակազմը կարող է գործողություններ ձեռնարկել Էր Ռիադի դեմ՝ դադարեցնելու զենքի մատակարարումը և Սաուդյան բանակի հետ ծառայության մեջ գտնվող սարքավորումների սպասարկումը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին «ՕՊԵԿ+»-ի անդամները պայմանավորվել են նոյեմբերից օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը` բացատրելով այս որոշումը համաշխարհային տնտեսության և նավթի շուկայի անորոշությամբ: Չնայած էներգետիկ ճգնաժամին, որը պատել է Եվրոպան, և այլ տարածաշրջաններում էներգակիրների գների աճին, այս քայլին աջակցել են դաշինքի բոլոր անդամները։Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի տարածքում կան ամերիկյան ռազմաբազաներ, որոնց կոնտինգենտը կազմում է մինչև մի քանի հազար մարդ։ Բացի այդ, ամերիկացիները մարզում են այդ երկրների զինված ուժերը՝ ԱՄՆ-ում տարեկան վերապատրաստվում էր մոտ 600-800 զինվորական։

armenpress.am

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆելդը կայցելի Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Նորվեգիայի կառավարության կայքը:

Աննիկեն Հյուիթֆիլդը հանդիպումներ կունանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարը Հայաստանում կլինի երկրի համար դժվար ժամանակներում։ Տարածաշրջանում լարվածությունը բարձր է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության, այնպես էլ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։ Իր ելույթներում տիկին Հյուիթֆելդը ուշադրությունը կկենտրոնացնի Հայաստանի հետ Նորվեգիայի համերաշխության վրա և կուսումնասիրի այն ուղիները, որոնց միջոցով Նորվեգիան կարող է աջակցել կարևոր բարեփոխումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստան այցի ընթացքում  Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք՝ ի թիվս այլ խնդիրների, աշխատում են խոսքի ազատության և մարդու իրավունքների առաջխաղացման ուղղությամբ:

Մինչ Հայաստան ժամանելը Նորվեգիայի ԱԳ նախարարի կայցելի նաև Վրաստան։

aysor.am

Սուրեն Պապիկյանը ողջունել է ԵՄ առաքելության այցը Հայաստան

Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:

Նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Քննարկվել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:

lragir.am

Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտության» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Քըլըչ

Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտության» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Star թերթին։

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Եվրո-2024-ի ընտրական փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականը հայտնվել է D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Թուրքիայի, Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։

«Մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերին՝ Թուրքիայում (Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում) կանցկացվեն երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները, միգուցե՝ մենք էլ կմեկնենք: Կարգավորման գործընթացը դրական է ընթանում, դրական դինամիկա է նկատվում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, դա պետք է արվի առանց սադրանքների դիմելու», ասել է Քըլըչը։