Մամուլի տեսություն 18.10.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184666-Մամուլի_տեսություն_18.10.2022
Իրան օպրաթերթն «Արասքը հատելու զորավարժություններ» վերնագրով հոդվածում անդրադարձել է Արաս ընդհանուր տարածքում ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժություններին և գրել. «Ի տարբերություն նախորդ զորավարժությունների՝ այս զորավարժություններն ընդգրկում են Իրանի հյուսիսարևմտյան սահմանի գրեթե ողջ տարածքը»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 11:56 Asia/Tehran

Իրան օպրաթերթն «Արասքը հատելու զորավարժություններ» վերնագրով հոդվածում անդրադարձել է Արաս ընդհանուր տարածքում ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժություններին և գրել. «Ի տարբերություն նախորդ զորավարժությունների՝ այս զորավարժություններն ընդգրկում են Իրանի հյուսիսարևմտյան սահմանի գրեթե ողջ տարածքը»:

Իրան օրաթերթ

ԻՀՊԿ զորավարժությունների ընթացքում իրականացվել է Արաքսն անցնելու գործողություն

2020 թվականի Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմից հետո, որը որոշակիորեն ապակայունացրեց Կովկասի տարածաշրջանը, երեկ Արասի ընդհանուր տարածքում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժությունները: 

Ի տարբերություն նախորդ զորավարժությունների, որոնք սովորաբար անցկացվում էին սահմանափակ տարածքում, այս զորավարժություններն ընդգրկում են մեր հյուսիսարևմտյան գրեթե ողջ սահմանը։

Այս զորավարժությունների համար հիմք են հանդիսացել Կովկասյան տարածաշրջանում տիրող անապահով վիճակն ու հակամարտություններ։ Հատկապես վերջին 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի  և Հայաստանի ուժերը բախվել են առնվազն երկու անգամ։ Հետևաբար, Իրանի վերջին զորավարժություններն անցկացվում են որպես պատասխան՝ սահմաններից հյուսիս, հատկապես Արաս գետի հյուսիսում տիրող քաղաքական ու ռազմական անկայունությանը:

 

Քեյհան օրաթերթ

Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բրիտանիայում բողոքի ցույցերն ու անկարգությունները շարունակվում են

Եվրոպայում տնտեսական ճգնաժամը մեծ ճնշման տակ է դրել եվրոպացիներին:   Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Մոլդովայի և Բրիտանիայի մայրաքաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ գնաճի և էներգիակիրների գների դեմ:  Գերմանիայում և Ֆրանսիայում ոստիկանությունը ճնշում է ցուցարարներին։

Եվրոպական առաջնորդների միջև  առկա տարաձայնությունները, ռեկորդային գնաճը, էլեկտրաէներգիայի և գազի գների մի քանի հարյուր տոկոսանոց աճը, միջուկային պատերազմի վերաբերյալ մտահոգությունների աճը, հազարավոր ընկերությունների և կլինիկաների փակումը, օդաչուների և աշխատակիցների գործադուլներն ու ցույցերը վերջին շրջանում եվրոպական լրատվամիջոցների հիմնական լուրերն են:

Եվրոպան՝ Գերմանիայից մինչև Ֆրանսիա, Բրիտանիա, Իտալիա, Մոլդովա, խեղդվում է բազմաշերտ տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ: Իսկ առջևում ծանր ձմեռ է սպասվում: ԵՄ անդամ երկրների որոշ ղեկավարներ  ձմռանն ընդառաջ  խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեծ սխալ կլինեն և կառաջացնեն հենց եվրոպացիների ձախողումը։ Խոստովանությունը, որն այս պահին հայտնի չէ, նրանց օգուտ կտա, թե ոչ:

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Մոսկվան վերջնագիր է ներկայացրել Թել Ավիվին

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները վերջերս հայտարարեցին, որ Իսրայելը նախատեսում է Լեհաստանի տարածքով զենիթահրթիռային համակարգ ուղարկել Ուկրաինա։

Զելենսկին դժգոհել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ «Երկաթե գմբեթը», Ուկրաինա չուղարկելու մասին։ Այս մասին Sputnik պետական ​​ռադիոյին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ «իսրայելցի վարձկանները» Ուկրաինայում կանգնած են տխրահռչակ «Ազով» խմբավորման կողքին։

Երեքշաբթի օրը Hararets թերթը, հղում անելով  ռեժիմի աղբյուրներին, գրել էր, որ Իսրայելի օգնությունն Ուկրաինային հստակ է: Որոշում, որից հետո Մոսկվայի և Թել Ավիվի սառը հարաբերությունները մուքտ են գործում  թշնամության փուլ։

 

Ջավան օրաթերթ

Իրանի նախագահը ողջունել է ԲՈՒՀ-երում «երկխոսության տների» ստեղծումը

Իրանի համալսարաններում վերջերս տեղի ունեցած անկարգություններից հետո Գիտության նախարարությունը և Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհուրդը որոշում են կայացրել բացել  «քննարկումների տներ» և ազատ մտածողության ամբիոններ՝ գիտնականների շրջանում քննադատություն և բանավեճ ապահովելու համար:

Հաշվի առնելով ԻԻՀ առաջնորդի ելույթները, ուսումնասիրելով ԲՈՒՀ-երի աշխատանքը և դրանցում տեղի ունեցած վերջին անկարգություններն, ինչպես նաև ուսանողական կազմակերպությունների թույլ գործունեությունը, ԲՈՒՀ-երում երկոխսության մթնոլորտի ապահովումը կարևոր է:

Այս կապակցությամբ առաջին քայլն արել է Թեհրանի համալսարանը:

 

armenpress.am

Նորվեգիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանն աջակցելու իր երկրի պատրաստակամությունը

 Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վերահաստատել է   Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատմանը և տարածքային ամբողջականության պահպանմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հյութֆիլդտն այս մասին ասաց  Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում:

«Գիտակցում եմ, որ իմ այցը Հայաստան տեղի է ունենում Հարավային Կովկասի և ձեր երկրի համար խիստ լարված մի ժամանակահատվածում: Իմ այցի նպատակն է նախևառաջ հայտնել Նորվեգիայի պատրաստակամությունը՝ սատարելու հայ ժողովրդին: Ուրախ կլինեի ավելի լավ հասկանալ երկրում և տարածաշրջանում տիրող իրավիճակն այս դժվարին ժամանակներում, ինչպես նաև ամրապնդելու մեր երկու երկրների միջև հրաշալի և ընկերական երկկողմ հարաբերությունները»,-ասաց Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Այս տարի նշվում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Սակայն մեր կապերը շատ ավելի են, քան դա, և դրված են ամուր մարդասիրական և ժողովուրդների միջև բարեկամական հիմքի վրա: Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ Ֆրիտյոֆ Նանսենը ճանաչված է և դեռ հիշվում է Հայաստանում 100 տարի առաջ փախստականների հետ կատարած իր աշխատանքի համար»,-ասաց Աննիկեն Հյութֆիլդտը:

Նա հայտնեց, որ Երևան իր այցի ընթացքում հանդիպելու է ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի, նաև՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

«Ունեցանք ծավալուն քննարկումներ, որտեղ ես վերահաստատեցի Նորվեգիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանության հաստատման և տարածքային ամբողջականության պահպանմանը՝ միջազգայնորեն  ճանաչված սահմանների ներսում, ինչպես նաև արտաքին քաղաքականության ուղղությամբ»,-ասաց Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքականության անվտանգության համատեքստում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստակամ աշխատանքները, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումը: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները խոսել են նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներից, զբոսաշրջության և առևտրի մասին: «Դիտարկելու ենք, թե Նորվեգիան ինչպես կարող է աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին՝ ի լրումն ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագրի ֆինանսավորմանը: Մեր ընդհանուր արժեքները, այն համոզմունքը, որ մեր հասարակությունները պետք է կառուցված լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, ամուր հիմք են հանդիսանում՝ զարգացնելու մեր երկկողմ հարաբերությունները»,-նշեց նա:

Նախարարը նշեց, որ Թբիլիսիից մինչև Երևան ճանապարհին հնարավորություն է ունեցել զմայլվելու հայկական բնաշխարհի գունագեղ աշնանային գույներով: Նա շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջն ու թիմին՝ ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:

 

armenpress.am

ՀՀ ԱԳ նախարարը նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈւ դուրսբերման հրամայականը

 Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և  Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյութֆիլդտը քննարկել են  ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Միրզոյանը նոր ագրեսիայի կանխարգելման համատեքստում շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և այս հարցում միջազգային գործընկերների՝ այդ թվում Նորվեգիայի աջակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ավելի քան մեկ տասնամյակ դադարից հետո սա նորվեգական կողմի առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան: Մենք գնահատում ենք բարեկամ Նորվեգիայի ԱԳ նախարարի ներկայությունը Երևանում՝ հատկապես բազում մարտահրավերներով լի ներկայիս ժամանակահատվածում, ինչը միանշանակ հայ ժողովրդի հետ Նորվեգիայի համերաշխության նշան է»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարների քննարկումների առանցքում, ի թիվս այլ հարցերի, եղել են նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Միրզոյանն իր գործընկերոջն է է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: «Քննարկել ենք ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակը: Մենք գնահատում ենք Նորվեգիայի հասցեական դիրքորոշումը՝ ի աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների արտադատական սպանությունների խնդրի շուրջ: Այս համատեքստում լիահույս ենք, որ Նորվեգիան՝ որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, կշարունակի հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը»,-ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:

Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի կանխարգելման համատեքստում Միրզոյանը շեշտել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը և այս հարցում միջազգային գործընկերների՝ այդ թվում Նորվեգիայի աջակցությունը: «Վերահաստատել եմ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հատկանշական համարեց, որ Նորվեգիայի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում Հայաստանի և Նորվեգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարում:

ԱԳ նախարարները հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի և Նորվեգիայի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Այս առումով Միրզոյանն ընդգծեց երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների դերակատարումը՝ կարևորելով պարբերաբար քաղաքական խորհրդակցությունների անցկացումը: «Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ: Որպես տնտեսական համագործակցության հեռանկարային ոլորտներ՝ առանձնացրել ենք տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, նաև՝ թվային կառավարումը»,-ասաց Միրզոյանը:

Նախարարներն օրվա ընթացքում այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

 

armenpress.am

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

 Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ:

Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»,- նշված է գրառման մեջ: 

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան:

 

panorama.am

Microsoft-ը պատրաստվում է կրճատել 1000 աշխատակցի

Ծրագրային ապահովման մշակող և ՏՏ հսկա «Microsoft»-ը պատրաստվում է աշխատանքից ազատել տարբեր ստորաբաժանումների հազար աշխատակցի, հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով ընկերության աղբյուրներին։

«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է «Business Insider» պարբերականը, որը ընկերության աշխատակիցների ծրագրված կրճատումն անվանել է «նրանցից ազատվելու լուռ փորձ»։

Մասնավորապես, կրճատումների տակ են ընկնելու Xbox և Edge ստորաբաժանումների աշխատակիցները։ Ավելի ուշ Microsoft-ը հաստատել է այս տեղեկությունը։

«Ինչպես բոլոր ընկերությունները, մենք պարբերաբար գնահատում ենք մեր բիզնես առաջնահերթությունները և կատարում համապատասխան կառուցվածքային ճշգրտումներ։ Մենք կշարունակենք ներդրումներ կատարել մեր բիզնեսում և հաջորդ տարվա աճի համար առանցքային ոլորտներում աշխատակիցներ վարձել», - նշված Է MarketWatch հրատարակությանը ուղարկված էլեկտրոնային նամակում:

 

panorama.am

Welt. Ավտոմեքենաների համաշխարհային արտադրությունը մինչև 2025 թվականըն չի վերականգնվի

Ավտոմեքենաների համաշխարհային արտադրությունը մինչև 2025 թվականը չի հասնի իր գագաթնակետին՝ 2017 թվականին, հայտնում է Welt am Sonntag-ը՝ վկայակոչելով Boston Consulting Group (BCG) կանխատեսման տվյալները։ Վերոհիշյալ տարում աշխարհում մեկ տարվա ընթացքում արտադրվել է 95 միլիոն ավտոմեքենա։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

BCG-ի փորձագետներն ակնկալում են, որ 2022 թվականին աշխարհում կարտադրվի ընդամենը 79 միլիոն ավտոմեքենա, իսկ 2023 թվականին դրանց արտադրության ծավալը կաճի մինչև 83 միլիոն, ակնկալվում է, որ 2025 թվականին մեքենաների արտադրությունը կաճի մինչև 88 միլիոնի։

Ըստ BCG-ի՝ նոր մեքենաների պահանջարկի անկւմը, որն առաջացել է կիսահաղորդչային ճգնաժամի պատճառով, կհաղթահարվի 2024 թվականի սկզբին։ Երրորդ եռամսյակի արդյունքներով այս ցուցանիշը նվազել է մինչեւ 2,5 մլն ավտոմեքենա։ Առաջին կիսամյակում համաշխարհային շուկայում ավտոմեքենաների պակասը գնահատվել է 3,5 մլն միավոր

 

panorama.am

Թուրքիան անհանգստացած է Հունաստանի՝ Գերմանիայից 4 մլրդ եվրոյի սպառազինություն ձեռք բերելու փաստով

Թուրքական մամուլում լայնորեն քննարկվում է Հունաստանի գործարքը Գերմանիայի հետ, որով վերջինս պատրաստվում է 5 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա մատակարարել Թուրքիայի հետ բավականին սրված հարաբերություններ ունեցող Հունաստանին:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, Թուրքական կողմն այս գործարքը դիտարկում է որպես առկա լարվածությունն էլ ավելի սրող քայլ: 

Հունաստանը 2020 թվականին Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի հետ ճգնաժամից հետո շարունակում է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու համար քայլեր ձեռնարկել:

Այս քաղաքականության շրջանակներում Հունաստանը մասնավորապես մեծ քանակությամբ ռազմական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից: Թուրքական կողմը մտահոգված է, որ այժմ էլ Գերմանիան է մտնում խաղի մեջ:

Նախատեսվում է, որ այս գործարքը կիրականացվի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ՝ հոկտեմբերի 27-ին Աթենք կատարելիք այցի ընթացքում:

Սպառազինության ծրագիրը ներառում է.

- 205 նոր «Lynx KF-41» տեսակի զրահապատ մարտական մեքենաների գնում։ Արտադրությունը նախատեսվում է իրականացնել Հունաստանի հյուսիսում կառուցվելիք գործարանում։

- «Leopard 1» տիպի 190 տանկի արդիականացում։

- 183 «Leopard 2» տիպի տանկի արդիականացում։

- 4 «MEKO» տեսակի ֆրեգատների արդիականացում.

Ըստ հաշվարկների՝ ընդհանուր առմամբ 337 «Լեոպարդ» տանկի արդիականացումը կարժենա 2 միլիարդ եվրո, 205 զրահամեքենայի գնումը՝ 1.4 միլիարդ եվրո, իսկ 4 ֆրեգատի արդիականացումը՝ 600 միլիոն եվրո։