Մամուլի տեսություն 16.11.2022
Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Երևանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։
Էթելաաթ օրաթերթ
Փաշինյանը կողմ է Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու քաղաքականությանը
Հայաստանի վարչապետն ասել է, որ Երևանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի առաջարկները կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների համար։ Նշենք, որ Սոչիում կայացած հանդիպման համաձայն՝ ՌԴ և ԱՀ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել են խստորեն պահպանելու իրենց հանձնառությունը, Բաքվի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ նախկին բոլոր պայմանավորվածությունները:
Ջաւան օրաթերթ
Լեհաստանի ուղղությամբ հրթիռի արձակման հետևանքով զոհվել է 2 մարդ
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ երկու մարդ է զոհվել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող լեհական գյուղի վրա իրականացված հրթիռային հարվածից։ Աղբյուրները հայտնում են, որ հրթիռները խոցել են ուկրաինական սահմանի մոտ գտնվող լեհական գյուղը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ըստ այս հաղորդագրության, Լեհաստանի վարչապետ Մաթիուզ Մորավոսկին չեղարկել է իր բոլոր ծրագրերը, իսկ նախագահը Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։
Իսկ Պենտագոնը հայտարարել է, որ չի կարող հաստատել այն լուրերի իսկությունը, թե Լեհաստանի ուղղությամբ արձակված հրթիռները ռուսական են։
Վաթան Էմռուզ օրաթերթ
Էներգիա մուրացողներ
Ռուսաստանի կողմից գազի մատակարարման ծավալների կրճատումից հետո, Եվրոպայում աննախադեպ էներգետիկ ճգնաժամը դժվար ձմեռ է խոստանում կանաչ մայրցամաքին: Միգուցե մինչև ընդամենը մի քանի ամիս առաջ անհնար էր հավատալ, որ նման բան տեղի կունենա, սակայն համաշխարհային ԶԼՄ-ներն ամեն օր անդրադառնում են էներգետիկ ճգնաժամի ազդեցությանը մարդկանց կյանքի վրա:
Այս ընթացքում որոշ եվրոպական երկրներ առանձին և գաղտնի բանակցում են էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրների հետ, ինչպիսիք են Իրանը, Վենեսուելան և Սաուդյան Արաբիան՝ փրկվելու համար։ Արևմտյան որոշ աղբյուրներ հայտնել են, որ Գերմանիան, որն այս օրերին կործանարար դեր է խաղացել Իրանում քաոսի և անապահովության հարցում, գաղտնի բանակցություններ է վարում Թեհրանի հետ՝ նավթ գնելու համար։
Քեյհան օրաթերթ
Իրանի դիվանագիտության ռազմավարություննը արևմուտքից արևելքն է
Իրանի 13-րդ կառավարությունը, սկսելով տնտեսական դիվանագիտության նոր էջը և դիվերսիֆիկացնելով բիզնես համագործակցությունը, երկիրը կանգնեցրել է տնտեսական զարգացման ուղու վրա՝ անկախ պատժամիջոցներից։
Վերջին 14 ամիսները կարելի է համարել Իրանի և աշխարհի տնտեսական փոխգործակցության նոր փուլ։
13-րդ կառավարությունը աշխատանքն սկսելուց անմիջապես հետո, նոր ծրագիր կազմեց ու վերաիմաստավորեց տնտեսական դիվանագիտության խաղադաշտը։ Կառավարությունն ի սկզբանե ցույց տվեց, որ ներքին կարողությունների վերականգնմանը զուգահեռ, արտաքին հարաբերություններում իր մոտեցումը աշխարհի արևելքից արևմուտք բարեկամ և համախոհ երկրների հետ տնտեսական համագործակցության զարգացումն ու խորացումն է և ներկայությունը տարածաշրջանային համաձայնագրերում։
armenpress.am
Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ֆրանսիայի Սենատի՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունումը
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսիական Սենատում ընդունված միաձայնությամբ բանաձեւը, որը խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Դեմ է քվեարկել միայն ադրբեջանամետ և Ալիևների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացված լինելն արդեն ակնհայտ է բոլորի համար: Այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Եվ մենք առաջիկա օրերին սպասում ենք համանման բանաձևի ընդունմանը Ֆրանսիայի Ազգային ժողովում։ Այս բանաձեւը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում եւ պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը և ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ»:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է 2020 թվականի իր պահանջը Ֆրանսիայի կառավարությունից՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Հայ Դատի հանձնախումբն էլ ողջունում է Սենատի՝ Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնելու պահանջը:
«Մենք, անշուշտ, սատարում ենք առաջարկի իրագործմանը ու հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսիացի գործիչների հետ՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգության, Արցախի անկախության»,-ասված է հայտարարության մեջ:
armenpress.am
ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանի ՆԳ նախարարի հրավերով կմեկնի Նյու Դելի
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով նոյեմբերի 18-19-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Նյու Դելի՝ մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:
armenpress.am
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թունիս. նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս:
«Արմենպրես»-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
news.am
Ո՞վ էր իրականում կանգնած Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետեւում. National Interest
Քանի որ Էրդողանի վարկանիշն ընկել է հունիսի ընտրությունների նախաշեմին, որոշակի թերահավատության պատճառ կա, թե ով է Ստամբուլում ահաբեկչություն իրականացրել, գրում է Ռոբերտ Էլիսը National Interest-ի իր հոդվածում։
«Ստամբուլի ամենաբանուկ փողոցում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունը, որի հետեւանքով վեց մարդ է զոհվել եւ ութսունմեկը վիրավորվել, հանկարծակի եւ սարսափելի էր: Իմ թուրք ընկերը, որը նախկին զինվորական է, Ստամբուլից ինձ գրել է. «Հուսով եմ՝ սա հնարավորություն կլինի արեւմտյան երկրների համար (ԱՄՆ եւ այլն) տեսնելու, թե ում են սատարում եւ հանուն ինչի։ Այս ահաբեկչությունները ավելացնում են Էրդողանի ձայները»։
Այո, բայց խոչընդոտ կա։
Այս տեսակի միջադեպերը, թեեւ հազվադեպ են, բայց թուրքական կյանքի առանձնահատկությունն են։ 1984-1999 թվականներին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ Թուրքիայի «կեղտոտ պատերազմի» ընթացքում նման դեպքեր շատ են եղել։
Այս անգամ թուրքական իշխանությունները գործեցին ապշեցուցիչ արդյունավետությամբ։ Հանցագործին՝ Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրին արագ ձերբակալեցին եւ լուսանկարեցին «Նյու Յորք» գրությամբ մարզաշապիկով։ Հաղորդվում է, որ Ալբաշիրը նաեւ խոստովանել է, որ որպես ՔԱԿ-ի եւ Քրդական ինքնապաշտպանական ջոկատների (ԱՄՆ-ի կողմից աջակցվող) «հատուկ հետախուզության սպա» վերապատրաստվել է Սիրիայում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն եզրակացրել է, որ ահաբեկչության հրամանը ստացել են Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբից, որտեղ գտնվում է վերոնշյալ կազմակերպությունների շտաբը։ Քրդական ինքնապաշտպանական ջոկատներին եւ Սիրիական դեմոկրատական ուժերին ԻՊ-ի դեմ պայքարում ամերիկյան աջակցության պատճառով Սոյլուն մերժել է ԱՄՆ-ի ցավակցությունները։
Սակայն հաջորդ հունիսին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի անկման պայմաններում որոշակի թերահավատության պատճառ կա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Էրդողանի վարկանիշը բարձրացել է Սիրիայում թուրքական նախորդ չորս ռազմական գործողություններից հետո, սակայն անցյալ աշնանը նոր ներխուժումն արգելափակվել էր Ռուսաստանի եւ Իրանի դիմակայությամբ:
Ե՛վ ՔԱԿ-ը, եւ՛ ջոկատները հերքում են իրենց պատասխանատվությունը, իսկ Իրաքում Թուրքիայի շարունակական ներգրավվածությունը բացառում է նոր անդրսահմանային գործողություն Սիրիայում: Փոխարենը Թուրքիան նախընտրում է ԱՄՆ-ի դեմ հանդես գալ։
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հիմնադիր անդամ, այժմ ընդդիմադիր պատգամավոր Աբդուլաթիֆ Շեները ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը պատրաստ է Թուրքիան ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ՝ իշխանությունը պահելու համար։ 2015 թվականի հունիսին ԱԶԿ-ն կորցրեց իր բացարձակ մեծամասնությունը, երբ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» (ԺԴ) կուսակցությունը հաղթահարեց ընտրական շեմը՝ ստանալով խորհրդարանական 550 մանդատներից 80-ը։ Հետեւաբար, ԱՄՆ-ի հետ գործարքի արդյունքում Էրդողանը վերսկսեց պատերազմը ՔԱԿ-ի դեմ եւ 2015-ի նոյեմբերին կայացած արտահերթ ընտրություններում ԱԶԿ-ին վերադարձրեց մեծամասնությունը։
news.am
Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է 2024թ. նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հայտարարել է, որ նորից դնելու է իր թեկնածությունը 2024թ. նախագահական ընտրություններում։
«Այսօր ես հայտարարում եմ, որ դնելու եմ իմ թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- ասել է նա երեքշաբթի, Ֆլորիդայի նահանգում հատուկ ուղերձով դիմելով իր կողմնակիցներին։
Թրամփն ավելացրել է, որ այս որոշումն ընդունել է, որպեսզի «Ամերիկան նորից մեծ եւ նշանավոր դարձնի»։ «Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունը եւ աղոթքները։ Դա անհավանական, բայց վտանգավոր արկած կլինի»,- ավելացրել է նա։
armsputnik.am
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Բեգլարյանը պաշտոնական դիրքն օգտագործելով Երևանի տարբեր փողոցներում գտնվող շուրջ 26 անշարժ գույք է յուրացրել և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մի շարք անձանց ներգրավել։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Քրեական հետապնդում է հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ, հայտնում է գլխավոր դատախազությունը։
Պարզվել է, մասնավորապես, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույք:
Խոսքն ընդհանուր առմամբ 26 անշարժ գույքի մասին է, որոնց մեջ կան հողամասեր, բնակարաններ, գրասենյակային տարածքներ և այլ անշարժ գույք։
Նշվում է, որ Բեգլարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար մի շարք անձանց է ներգրավել։
«Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազը 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 25 դեպքով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում):
armsputnik.am
Թուրքիան պատրաստվում է Սիրիայի քրդերի դեմ հերթական «հատուկ գործողությունն» իրականացնել
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Անկարան ծրագրում է Սիրիայի հյուսիսում «հերթական հատուկ գործողությունն» իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական կազմավորումների դեմ։ Տեղեկությունը «Ռոյթերս» գործակալությանն է հայտնել թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ։
Նա ընդգծել է, որ Իրաքում քրդական կազմավորումների դեմ հատուկ գործողությունը շարունակվում է, դրա ավարտից հետո իրենք կոնկրետ նպատակներ կունենան Սիրիայում։
«Թուրքիայի նկատմամբ քուրդ զինյալներից կամ ԻՊ-ից («Իսլամական պետություն», Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն` խմբ.) բխող սպառնալիքներն անընդունելի են»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը:Նա հավելել է, որ Անկարան իր հարավային սահմանի երկայնքով սպառնալիքները կվերացնի այս կամ այն եղանակով:
Նշենք, որ Թուրքական իշխանությունները քուրդ զինյալներին են մեղադրում նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար։ Հարցաքննության ժամանակ Սիրիայի ձերբակալված քաղաքացի Ահլամ Ալբաշիրը խոստովանել է, որ հավաքագրվել է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված ՔԱԿ-ի կողմից։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել էր, որ թուրքական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև հաջողվի ահաբեկչական կազմակերպությունների լիակատար ոչնչացման հասնել։