Մամուլի տեսություն – 25.11.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187666-Մամուլի_տեսություն_25.11.2022
Շվեյցարիայի կառավարությունը հայտարարեց, որ չի միանալու «Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցներին բողոքի ակցիաների պատճառով»։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Նոյեմբեր 25, 2022 15:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 25.11.2022

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարեց, որ չի միանալու «Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցներին բողոքի ակցիաների պատճառով»։

Իրան օրաթերթ

Շվեյցարիա. Մենք չենք միանալու «Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցներին բողոքի ակցիաների պատճառով»

Շվեյցարիայի կառավարության էկոնոմիկայի նախարարության խոսնակը հայտարարել է, որ այս երկիրը, ինչպես նախկինում, հրաժարվում է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել համապատասխան Եվրամիությանը։

Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարության խոսնակ Ֆաբիան Մայնֆիշը հայտարարել է, որ այս երկիրը, ինչպես և նախկինում, հավատարիմ է Իրանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու դիրքորոշմանը, այսպես կոչված, «բողոքի ցույցերը ճնշելու»՝ Եվրամիության պահանջներին համապատասխան, որպեսզի չվնասի իր «լավ ծառայությունների» քաղաքականությանը։

Մայնֆիշն ընդգծել է, որ այս որոշումը հաշվի է առնում Շվեյցարիայի բոլոր շահերը ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ Շվեյցարիայի՝ Իրանի նկատմամբ «լավ ծառայությունների» քաղաքականությունը։

 

Էթեմադ օրաթերթ

Միջազգային վճարումների նոր համակարգ կարող է ստեղծվել

Ռուսաստանի նախագահը կոչ է արել ձևավորել միջազգային վճարումների նոր համակարգ՝ հիմնված աշխարհում բազմաբևեռ համակարգի իրականությունների վրա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կոչ է արել ձեւավորել ֆինանսական համակարգ՝ հիմնված բազմաբեւեռ համակարգի իրականությունների վրա։

Հինգշաբթի օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասաց. «Թվային արժույթի տեխնոլոգիաների հիման վրա հնարավոր է ստեղծել միջազգային վճարումների նոր համակարգ, որը և՛ ավելի հարմար, և՛ լիովին անվտանգ է մասնակիցների համար՝ անկախ բանկերից և երրորդ կողմի միջամտությունից»:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ աշխարհի ֆինանսական ինստիտուտները պետք է համահունչ լինեն բազմաբևեռ աշխարհի իրողություններին և գործեն ժողովրդավարության սկզբունքների հիման վրա։

 

Համշահրի օրաթերթ

Ալիեւի կոշտ դիրքորոշումն Իրանի նկատմամբ

ԱՀ նախագահը հերթական անգամ խիստ դիրքորոշում է ընդունել Իրանի նք'կատմամբ և դեմ է արտահայտվել Իրանի սահմանային զորավարժություններին։

Ուրբաթ օրը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների հետ։ Այսքան տարիների ընթացքում նման իրավիճակ չի եղել»:

Ալիևն ասել է. «Իրանը երբեք երկու զորավարժություն չի անցկացրել մեր սահմանին մի քանի ամսվա ընթացքում։ Բաքվի դեմ ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություն երբեք չի հնչել։ Մենք միշտ արձագանքելու ենք Ադրբեջանի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած հայտարարություններին»:

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին վերջերս ընդգծելով, որ կովկասյան տարածաշրջանը Իրանի քաղաքակրթության, պատմության և մշակույթի մի մասն է, և որ այս տարածաշրջանում խաղաղության, կայունության և հանգստության պահպանումը կարևոր է Իսլամական Հանրապետության համար ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է օգտագործել իր բազմազան և արդյունավետ կարողությունները Կովկասյան տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու և ամրապնդելու համար»։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Բարդ իրականություն Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններում

Վերջին ամիսներին Թուրքիայի հարաբերություններն արևմտյան երկրների հետ ավելի են բարդացել, քան նախկինում, և երկու կողմերն էլ փորձում են հակառակ կողմին ստիպել փոխզիջման գնալ իրենց ցանկալի հարցերի շուրջ։

Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Անկարան երկկողմանի դիրքորոշում է որդեգրել և փորձել իրեն որպես միջնորդ դրսևորել։ Մի կողմից իր անօդաչու թռչող սարքերն ուղարկելով Ուկրաինա՝ նա մեծ օգնություն է ցուցաբերել այս երկրին Ռուսաստանին դիմակայելու հարցում, իսկ մյուս կողմից՝ ռուսների կարծիքը շահելու համար չի ուղեկցել Արևմուտքն ընդդեմ Մոսկվայի տնտեսական պատժամիջոցները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում երկիրը 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է, հավասարակշռված մոտեցում է ցուցաբերել Ուկրաինայի պատերազմին։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ստորագրումից նրա հրաժարումը և Մոսկվայի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու վերջին խոստումը անհանգստացրել են Անկարայի արևմտյան դաշնակիցներին։

 

armenpress.am

Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:

Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը.

Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

Պատասխան. Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։

Հարց. Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները: Արդյոք որևէ զարգացում կա՞ այս առումով:

Պատասխան. Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։

 

armenpress.am

Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից: 

Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:

Արցախում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակիչներին թիրախավորման դեպքերը վերջին օրերին պարբերական բնույթ են կրում: Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու խաղաղ բնակիչներին թիրախավորելու դեպքերն արձանագրում են նաև ՌԴ խաղաղապահները: 

 

armeniasputnik.am

Ալիևը Երևանի և Անկարայի երկխոսությունը կապել է հայ-ադրբեջանական կարգավորման հետ

Ադրբեջանի նախագահը խոսել է հայ–թուրքական հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Պաշտոնական Բաքուն հանդես է գալիս այն բանի օգտին, որ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ ընթանան։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Միջին միջանցքի երկայնքով. Աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային խորհրդաժողովում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կկարգավորվեն, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները:

Ալիևի խոսքով՝ այժմ Երևանի հռետորաբանության մեջ «փոփոխություններ են նկատվում»։

«Այժմ նրանք ասում են, որ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք էլ ասում ենք, որ աջակցում ենք դրան։ Մենք ցանկանում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռ ընթանան՝ խոսքը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին է»,–ասել է նա։

Նշենք, որ չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև ընդհանուր սահմանին` դիվանագիտական հարաբերություններ չկան։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի ԱԳ նախարարները ստորագրեցին դրանք հաստատելու մասին արձանագրություններ, սակայն այդ փաստաթղթերը կողմերը չվավերացրին։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարեց արձանագրությունների չեղարկման մասին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ինմայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։

Բացի այդ, 2022-ի հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցը, իսկ հոկտեմբերի 6-ին նրանք հանդիպել են Պրահայում։

 

armeniasputnik.am

Վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է. ՀՀ նախագահ

Վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը էներգետիկ շուկայի ազատականացման համար առաջին քայլերն է անում, որի վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է։ Այս հայտարարությունն արել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հաշվարկային կենտրոնն» իրականացնում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառավարման և շահագործման և էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման գործառույթներ՝ մատուցելով կենտրոնացված միջնորդային ծառայություն։ Այն հանդիսանում է Հայաստանի էներգետիկ համակարգի կարևորագույն ընկերություններից մեկը:

Խաչատուրյանի խոսքով` այս գործընթացում անհնար է գերագնահատել «Հաշվարկային կենտրոնի» դերակատարությունը, քանի որ կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքի և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների հայեցակարգի մշակման գործում:

«Վերջին մի քանի տարիներին էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ ընկերությանը հատկացվել է շուկայի օպերատորի դերը, որը բավականին բարդ, պատասխանատու և լարված աշխատանք է պահանջում»,–ասել է նախագահը։

Նա ընդգծել է, որ այդ գործունեության վերջնանպատակը էլեկտրաէներգետիկ շուկայի նոր մոդելի անցումն է, որը հիմնված կլինի էլեկտրաէներգիայի առևտրի ժամանակակից կանոնների վրա, կգործի պահանջարկի և առաջարկի հավասարակշռման միջոցով և կսահմանի առևտրի ընթացքում շուկայի մասնակիցների պատասխանատվության մեխանիզմները։

Նախագահը «Հաշվարկային կենտրոնի» տնօրինությանը և ողջ աշխատակազմին մաղթել է արգասաբեր աշխատանք և հաջողություններ:

 

news.am

Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն. Լեմկինի ինստիտուտը սատարում է Արցախին

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կանգնած է Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում հայտնել է ինքնորոշման իր կամքը: Այս մասին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ «Ցեղասպանության միջոցով «խաղաղություն» կամ «բարեկեցություն» գոյություն չունի» խորագրով:

«Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետության ժողովրդին, որը բարձրաձայնել է ինքնորոշման իր կամքի մասին: Ադրբեջանը հավակնություններ ունի Արցախի նկատմամբ՝ չնայած այդ տարածքում հազարամյակներ շարունակ բնակչության մեծամասնությունը հայեր են եղել», - գրված է հայտարարությանը կից թվիթերյան գրառման մեջ:

Ինստիտուտը հիշեցնում է, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավական համակարգի հիմնարար իրավունքներից մեկն է, և Արցախի ժողովուրդն արժանի է այն բանին, որ միջազգային հանրությունը լրջորեն վերաբերվի ինքնորոշման նրանց պահանջներին:

Հայտարարությունում նաև հակիրճ ներկայացվում է Արցախի կարգավիճակի փոփոխության պատմությունը, Արցախյան երկու պատերազմները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը նաև շեշտում է, որ միջազգային հանրությունը չպետք է անտեսի տարածաշրջանում Հայոց ցեղասպանության հետևանքները, որն «Արևմտյան Հայաստանում լիովին ոչնչացրեց հայկական ներկայությունը», ինչպես նաև «հայերի նկատմամբ ադրբեջանցի ազգայնականների անզուսպ ցեղասպանական թշնամանքը»:

«Արևմտյան աշխարհը և հատկապես ՆԱՏՕ-ն չեն հասկանում, Արցախը «զիջելը» կնշանակի հայերի դեմ ցեղասպանության թողտվություն՝ հայերի բռնի տեղահանում և հալածանքներ, համատարած ոճրագործություններ, մշակութային ժառանգության ոչնչացում և վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ամենամեծ հումանիտար ճգնաժամերից մեկը, այդ թվում՝ փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի Հանրապետություն: Եվ որ կարևոր է, հաշվի առնելով Թուրքիայում և Ադրբեջանում ցեղասպանության ներկայիս կարմիր դրոշները, ինչպես նաև այն, ինչ մենք գիտենք ցեղասպանության գործընթացի մասին ընդհանրապես, աներևակայելի է, որ Արցախի «զիջումը» վերջ կդնի հակամարտություններին տարածաշրջանում, առավել ևս՝ կհանգեցնի «խաղաղության» և «բարեկեցության», - գրված է հայտարարությունում:

Լեմկինի Ինստիտուտը նաև կոչ է անում ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախում առկա խնդիրներն արդար արդյունք և կայուն խաղաղություն հաստատելու նպատակով: