Մամուլի տեսություն - 22.12.2022
Ռուսաստանը և Իրանը կառուցում են 3000 կիլոմետր երկարությամբ միջմայրցամաքային առևտրային ճանապարհ, որը անցնում է Հնդկական օվկիանոսից մինչև Եվրոպա:
Վաթան Էմրուզ օրաթերթ
Պատժամիջոցների շրջանցնող միջանցք
Ռուսաստանն ու Իրանը կառուցում են 3000 կիլոմետրանոց առևտրային ճանապարհ: Այս միջմայրցամաքային միջանցքի ուղին է Հնդկական օվկիանոսից մինչև Եվրոպա։
Երկրների միջև ապրանքների տեղափոխման համար միջազգային առևտրային միջանցքների առկայությունը արտաքին առևտրի անհրաժեշտություններից է, որի առկայությունը և հասանելիությունը կրկնակի նշանակություն ունի պատժամիջոցների տակ գտնվող երկրների համար։ Այս ուղղությամբ և տարանցիկ տարածքներում պատժամիջոցները չեզոքացնելու նպատակով Իրանն ու Ռուսաստանը համատեղ առևտրային ճանապարհ են ստեղծում Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա։ Ըստ Վաթան Էմրուզ թերթի հաղորդման համաձայն, որը մեջբերել է Bloomberg-ից, Ռուսաստանը և Իրանը միջմայրցամաքային առևտրային տրանսպորտային միջանցք են կառուցում Հնդկական օվկիանոսից դեպի Եվրոպա։
Այս միջանցքը 3000 կիլոմետր երկարություն ունի և երրորդ երկրներին արգելում է այս երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց։ Այս պահին 2 երկրներ մի քանի միլիարդ դոլար են ներդրել Կասպից ծովի տարածքում երկաթուղային և ծովային բեռնափոխադրումներն արագացնելու համար։
Քեյհան օրաթերթ
Առանց ՀԳՀԾ-ի ևս մեկ ձեռքբերում. Իրանի նավթի օրական արդյունահանումը հասել է 3 միլիոն բարելի
Շարունակելով առանց ՀԳՀԾ-ի երկրի հաջողությունների մեծացման գործընթացին, նավթի արդյունահանումը հասել է օրական 3 մլն բարելի։
Այս լուրը երեկ լրագրողներին հայտնել է Իրանի նավթի նախարարը և հավելել է. «Նավթի ոլորտում մենք հասել ենք օրական երեք միլիոն բարել նավթի արդյունահանման շեմին»։ Նաև թեթև նավթի ոլորտում արդյունահանման հզորությունն ավելացել է օրական 200 հազար բարելով՝ Ազգային նավթային ընկերության և Նավթային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ։ Թեթև նավթը` բարձրորակ նավթի տեսակներից է և ունի բազմաթիվ սպառողներ և պահանջարկ աշխարհում։
Էթելաաթ օրաթերթ
Անսարոլլահ. Սաուդյան կոալիցիայի շրջափակման պատճառով եմենցի 4000 հիվանդի կյանքը վտանգի տակ է
Եմենի ազգային փրկության կառավարության՝ Անսարոլլահ շարժմանը կից Եմենի առողջապահության նախարարության միջազգային համագործակցության ղեկավարը զգուշացրել է, որ երիկամային անբավարարությամբ ավելի քան չորս հազար հիվանդի կյանքը վտանգված է այս երկրում՝ Սաուդյան կոալիցիայի շրջափակման հետևանքով առաջացած դեղորայքի բացակայության պատճառով։
Իրան օրաթերթ
Հակասություն՝ աշխարհի տնտեսական բաղադրիչներում
Նշաններ կան, որ չնայած աշխարհում բարձր գնաճին, որոշ ապրանքների գները նվազում են, և շուկաներում զգացվում է անցյալի համեմատ մի փոքր ավելի էժան գներ։
Աշխարհի որոշ մասերում պարենային ապրանքների աննախադեպ աճը փոքր-ինչ նվազել է, և ամռան վերջին և աշնանը Եվրոպայում գազի գնի աննախադեպ բարձրացումից հետո այժմ այս կենսական ապրանքը կարելի է ձեռք բերել ավելի ցածր գումար վճարելով։
armenpress.am
Սա պայքար է ավտորիտար երկրի և դեմոկրատական պետության միջև. Արցախի
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CBN պարբերականին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է պարբերականը՝ նշելով, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են Արցախում ցեղասպանության իրական վտանգի մասին:
Պարբերականը մեջբերել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը, որտեղ նա նշում է, թե այս իրադարձությունները բացահայտ կերպով ցույց են տալիս, թե ինչ կարող է կատարվել Արցախի հետ, եթե հանկարծ այն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո:
«Իրավիճակը բարդ է, որովհետև ձմեռ է, սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարները սահմանափակ են: Մենք չգիտենք, թե դեռ որքան սա կարող է շարունակվել, և ստիպված ենք սահմանափակումներ կիրառել: Չնայած այս բոլոր փորձություններին՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներն ամուր վճռականություն են դրսևորում: Այս դժվարություններն ու սահմանափակումները մարդկանց ավելի համախմբված են դարձրել»,-ներկայացնելով իրավիճակը՝ ասել է Ռուբեն Վարդանյանը:
armenpress.am
Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է շուտափույթ կերպով վերականգնվի. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար
Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։
«Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ինչի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը», - ասել է Դունյա Միյատովիչը:
Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ճանապարհով տեղաշարժը վերականգնելու համար։
«Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ընդ որում, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից», - ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը։
armenpress.am
Արցախի ԱԺ-ն դիմել է ՄԱԿ-ին՝ մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմել է ՄԱԿ-ին՝ Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դիմում-հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի:
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը երախտագիտություն է հայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմել է ՄԱԿ-ին՝ բնապահպանական մտացածին պատրվակով Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համապատասխան եզրակացություններ ներկայացնելու նպատակով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնավորապես Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ:
Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը»:
armeniasputnik.am
Փաշինյանը կրկին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Թե ինչ է քննարկվել հանդիպմանը, հայտնի չէ։
Նշենք, որ արտախորհրդարանական ուժերի հետ նախորդ հանդիպումը կայացել էր սեպտեմբերին։
armeniasputnik.am
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը։ Տեղեկությունը «Արմենպրես» գործակալությանը հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
ՌԴ արտգործնախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաղվա հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցությունից։ Հանդիպմանը պետք է քննարկվեր խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Հունանյանը նշել է, որ հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։
tert.am
Մեր խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքը չի ընդունվում․ Զախարովան պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց առջև դրված պարտականությունները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Արմենպրես»-ը։
Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները:
«Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնում են։ Գործողություններ ձեռնարկվում են, աշխատանք տարվում է։ Նրանց, ովքեր չգիտեն, կամ ովքեր հիմնվում են քաղաքական հայտարարությունների վրա, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այս բազմիցս սրացումներ եղել են, եղել են խնդիրներ, կողմերն իրար մեղադրել են, և հենց ռուսաստանցի խաղաղապահներն են արել ամեն բան իրավիճակը կայունացնելու համար, և դա նրանց մոտ ստացվել է։ Այնպես որ, մեր խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքը չի ընդունվում», - ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր հետևյալը․«Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»:
tert.am
Լավրովը Բայրամովի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ Բաքվի կողմից փակումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Նշվում է, որ կողմերը քննարկել են միջանցքում տիրող իրավիճակը՝ ընդգծելով եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու անհրաժեշտությունը:
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը։ Բաքուն հայտարարել է, որ սա «քաղաքացիական ակտիվիստների» և «բնապահպանների» բողոքի ակցիա է հայկական կողմի «անօրինական գործունեության» դեմ։ Ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ՝ քաղաքացիական տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Բաքվին կոչ է արել նաեւ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։