Մամուլի տեսություն- 23.12.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i189824-Մամուլի_տեսություն_23.12.2022
Հայաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք հանդիումը Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2022 14:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն- 23.12.2022

Հայաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք հանդիումը Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

Ջամե-Ջամ

Հայաստանը չեղարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպումը

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել իրենց մասնակցությունը ուրբաթ օրը Ռուսաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: Հանդիպմանը խոսվելու էր խաղաղության համաձայնագրի մշակման մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ափսոսանքով տեղեկացրել է Հայաստանի որոշման մասին։

Քննարկվել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և այս տարածքում հանքավայրերի օգտագործման շուրջ կողմերի միջև վեճերի պատճառով։

 

Համշահրի

Սաուդյան Արաբիայում և Օմանում ավելի շատ սով կա, քան Իրանում

 

«Concern Worldwide» հասարակական կազմակերպությունը, որը միջազգային մարդասիրական կազմակերպություն է հիմնադրված Իռլանդիայում, Իրանը դասել է սովի առումով կանաչ կարգավիճակ ունեցող երկրների շարքում և հայտարարել, որ Իրանում սովը վերջին երկու տասնամյակում կրկնակի նվազել է և Իրանում սովն ավելի քիչ է 96 զարգացող երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի և Օմանի համեմատությամբ։

Միջազգային այս ինստիտուտը Իրանը դասել է սովի ինդեքսով կանաչ կարգավիճակ ունեցող 49 երկրների շարքում։

 

 

Ջամե-Ջամ

Իրանի չորրորդ արտահանող նավը մեկնել է Վենեսուելա

 

Ազգային նավագնացության նավատորմի պլանավորմամբ, Վենեսուելա է մեկնել Իրանի արտահանման բեռները պարունակող չորրորդ նավը:

Համահունչ 13-րդ կառավարության քաղաքականությանը և ընդգծելով իրանական ապրանքների արտահանումը համաշխարհային շուկաներում զարգացնելու անհրաժեշտությունը, իրանցի արտադրողների արտահանման բեռները պարունակող նավը մեկնել է Վենեսուելա։

Ըստ կանխատեսումների՝ առաջիկա ամիսներին նախատեսվում է Իրանի արտահանման բեռներ պարունակող հաջորդ նավի մեկնումը Վենեսուելա։

Իրանի ազգային նավագնացության նավատորմը հայտարարել է Վենեսուելա բեռների արտահանման կանոնավոր գիծ ստեղծելու պատրաստակամության մասին, և եթե իրանցի առևտրականներն ու արտահանողները ողջունեն այդ որոշումը, այս կանոնավոր գծի ստեղծումը հնարավոր է, և Ազգային նավագնացության նավատորմը որևէ սահմանափակում չի ունենա այս առումով։

 

Էթեմադ

Իրանը զարգացնում է անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են ռազմական բեռներ փոխադրել

 

Centcom-ի հրամանատարը պնդում է, որ իրանցիները կառուցում են ավելի առաջադեմ և ավելի մեծ անօդաչու թռչող սարքեր, որոնք ունեն թռիչքի ավելի բարձր հեռահարություն և կարող են փոխադրել պատերազմական բեռներ:

 

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար՝ գեներալ Մայքլ Էրիկ Կորիլան հինգշաբթի տեղական ժամանակով ասել է. «Իրանի անօդաչու թռչող սարքերի զինանոցը բաղկացած է փոքր հեռահարության անօդաչու թռչող սարքերից մինչև առաջադեմ հետախուզական և հայտնաբերման անօդաչու թռչող սարքեր:

Ըստ իսրայելական Jerusalem Post հրատարակության՝ Կորիլան հավելել է. «Այս դրոնների վերաբերյալ մեր տեսակետն այսօր նույնն է, ինչ մենք ունեինք Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում ճանապարհի եզրին գտնվող ռումբերի նկատմամբ։

 

News.am

«3+3» ձեւաչափով նախարարների մակարդակով հանդիպում է նմախապատրաստվում. Լավրով

 

Նախարարների մակարդակով 3+3 ձևաչափով հանդիպում է նախապատրաստվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով։

«Եվս մեկ թեմա վերաբերում է Հարավային Կովկասի խնդիրներին. Ժամանակին, գրեթե երկու տարի առաջ, Ադրբեջանի նախագահը նախաձեռնեց ձևավորել մի գործընթաց, որին կմասնակցեն Հարավային Կովկասի երեք երկրները և նրանց հարևանները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը։ Այսպես կոչված «3+3» խումբ: Այս ձևաչափով հանդիպում կայացել է, որին թեև վրացի գործընկերները չեն մասնակցել, բայց նրանց համար դուռը միշտ բաց է։ Սա այս ձևաչափի մյուս բոլոր մասնակիցների ընդհանուր կարծիքն է։ Եվ այսօր մենք հանդիպում ենք նախապատրաստում արդեն նախարարների մակարդակով։ Նման շփման նպատակահարմարության ըմբռնում կա։ Մենք պայմանավորվում ենք ժամկետների և կոնկրետ վայրերի մասին, որտեղ կարող է նման հանդիպումը կայանալ: Հուսով եմ, որ այս կազմակերպչական հարցերի շուրջ համաձայնության հասնելը շատ երկար չի տևի»,- ասել Լավրովը:

Նա այսօրվա հանդիպումը շատ օգտակար է որակել. «Մենք ընդհանուր ըմբռնում ունենք եւ օրակարգից չենք հանում մեր հայ գործընկերոջ մասնակցությամբ եռակողմ շփումը։ Մենք հաստատեցինք Մոսկվայում մեր գործընկերներին ընդունելու մեր պատրաստակամությունը։ Խաղաղության պայմանագրի թեման մշտական ​​ուշադրություն է պահանջում, և որքան հաճախ մենք օգնենք առաջ տանել բանակցային գործընթացը, այնքան շուտ կլուծվեն այն հարցերը, որոնք այժմ անհանգստություն են առաջացնում»,- ասել է նա։

armenpress.am

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի համակարգված գործողությունները, ներառյալ՝ քաղաքացիական բնակչության և կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից նախօրոք պլանավորված օպերացիա է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հունանյանն ընդգծել է, որ Ադրբեջանի այդ քայլը նպատակ ունի վնասել քաղաքացիական բնակչությանն ու մասշտաբային հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղում:

 

armenpress.am

Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին

 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է մշակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը «կասեցնելու» մեխանիզմ. միևնույն ժամանակ նա խոստովանել Է, որ ներկայում դա հնարավոր չէ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում Միշելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ նշելով, որ երբ դա անում է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամը, ապա «միջազգային իրավունքում թերություն կա»: «Իմ կարծիքով, պետք է ստեղծվի անդամակցության կասեցման մեխանիզմ. ես չեմ խոսում Ռուսաստանին լիովին հեռացնելու մասին, բայց առնվազն Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը  կասեցնելու մասին», - հայտարարել Է նա։

Միևնույն ժամանակ Եվրախորհրդի ղեկավարը խոստովանել է, որ «այս պահին դա հնարավոր չէ, դա փակուղու առջև կկանգնեցնի ՄԱԿ-ի անվտանգության բուն հայեցակարգը»:

«Այնուամենայնիվ մենք հստակ տեսանք, որ մինչև այս պատերազմի սկսվելը ՄԱԿ-ի անվտանգության հայեցակարգն արդեն շատ երերուն էր և բազմաթիվ դժվարություններ ուներ միջազգային լուրջ խնդիրները լուծելու գործում: Այնպես որ, ես այն մարդկանց թվում եմ, ովքեր կարծում են, որ վաղ թե ուշ ՄԱԿ-ի աշխատանքի բարեփոխումը պարտադիր Է լինելու, օրինակ՝ արդի աշխարհակարգի հավասարակշռությունն ավելի լավ հաշվի առնելու համար», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Մասնավորապես, ըստ նրա, Աֆրիկան և Լատինական Ամերիկան այժմ վատ են ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում։ «Կարծում եմ, որ ՄԱԿ-ի համակարգի խորը բարեփոխման մասին քննարկում լինելու է»,- եզրափակել Է նա։

 

armenpress.am

Մինչև այս դարավերջ Անտարկտիդայում կենդանատեսակների 97%-ը կարող է վերանալ

 

Անտարկտիդայի տարածքում կենդանական աշխարհի միայն 3%-ը կարող է գոյատևել մինչև 2100 թվականը։ Եզրակացությունները հրապարակված են PLOS Biology գիտական հանդեսում: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Ընթացիկ սցենարի դեպքում, որը նախատեսում Է միջին ջերմաստիճանի բարձրացում ըստ Ցելսիուսի 2 աստիճանով, տեսակների միջին հաշվով 65%-ը (լավագույն դեպքում՝ 37%-ը, վատագույն դեպքում՝ 97%-ը) մինչև 2100 թվականն, ամենայն հավանականությամբ, կվերանա, - ասված է հոդվածում։ - Առավել խոցելի տեսակներն են կայսերական պինգվինները, այնուհետև մյուս  ծովային թռչունները և նեմատոդները (խմբ. կլոր որդեր):

Գիտնականները կարծում են, որ այն միջոցները, որոնք նախատեսված են Անտարկտիդայի պայմանագրին կից Շրջակա միջավայրի պահպանության մասին ներկայումս գործող   արձանագրությամբ, բավարար չեն գլոբալ տաքացման պայմաններում մայրցամաքի կենսաբազմազանության պահպանման համար:

Նրանք առաջարկում են ավելացնել կենդանիների փրկության ջանքերի ֆինանսավորումը: Ամենաարդյունավետ ծրագրի արժեքը, որը նախատեսված Է մինչև 2100 թվականը, նրանց կողմից գնահատվում է 1,92 միլիարդ դոլար:

 

armeniasputnik.am

ԼՂ–ում ՌԴ խաղաղապահներին փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում. Լավրով

 

Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում «ՌԴ խաղաղապահներին փոխարինելու» հարցը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելություններով փոխարինելու գաղափարը հարցեր է առաջացնում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ զորակազմին, ապա առնվազն մի քանի հարց է առաջանում: Նախ` դա անելու համար անհրաժեշտ է կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, եթե կա այդպիսի հետաքրքրություն, և եթե դա լուրջ է, ապա հավանաբար դա նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու որոշում են կայացրել և կողմ են եղել, որ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և այլ տարբերակ քննարկեն»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ եթե դա արվում է հրապարակային, խոսափողի միջոցով, ապա դրան պետք է վերաբերվել որպես հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մաս։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ ՌԴ խաղաղապահներին փոխարինելու մասին չի խոսվել։

44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին` ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և փաստեր հավաքելու համար։

 

News.am

Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու օգտին. Լավրով

 

Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքում հնարավորինս արագ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու եւ տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները լուծելու օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները։

«Մենք դիտարկել ենք Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, որն այժմ առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք հաստատել ենք, որ ռուս խաղաղապահները բառացիորեն ամեն ժամ աշխատում են համապատասխան կողմերի հետ՝ իրավիճակի կարգավորելու համար։ Մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը եւ լուծվեն տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները։ Թեման հին է, որն եկել է Խորհրդային Միությունից, եւ, իհարկե, պետք է հնարավորինս արագ լուծել հարցը։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլորը պետք է խստորեն կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ռեժիմի հետ։ Մեր ադրբեջանցի գործընկերները, ինչպես ես եմ հասկանում, նույն դիրքորոշումն ունեն»,-ասել է Լավրովը։