Մամուլի տեսություն - 4.2.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190660-Մամուլի_տեսություն_4.2.2023
Երեկ Իրանի հերոս, գեներալ-լեյտենանտ նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցն էր։ Այսօրվա իրանական մամուլը հիմնականում կենտրոնացել է այս ազնիվ զորավարի անհատականության ու սոցիալական կյանքի և համաշխարհային ամբարտավանության ու ահաբեկչության դեմ պայքարում նրա դերի վրա։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 04, 2023 14:48 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 4.2.2023

Երեկ Իրանի հերոս, գեներալ-լեյտենանտ նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության երրորդ տարելիցն էր։ Այսօրվա իրանական մամուլը հիմնականում կենտրոնացել է այս ազնիվ զորավարի անհատականության ու սոցիալական կյանքի և համաշխարհային ամբարտավանության ու ահաբեկչության դեմ պայքարում նրա դերի վրա։

Էթելաաթ  օրաթերթ

Սկսել է Քրոստոնեկան նոր տարին

 

2023 թվականը մեկնարկել է այն ժամանակ, երբ աշխարհի տարածաշրջանների ու երկրների մեծ մասը գտնվում է անկայուն պայմաններում և տարբեր ճգնաժամերի մեջ։ Քաղաքական-հասարակական վերլուծաբանների մեծ մասը, հատկապես Եվրոպայում և Ամերիկայում, Ամանորի նախաշեմին ընդգծել են, որ մարդկանց (ազգերի) անտարբերությունը տարբեր ճգնաժամերի նկատմամբ՝ հիմնական ցուցանիշն է երկրների մեծ մասում, հատկապես Ամերիկայում և Եվրոպայի երեք հիմնական երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա և Գերմանիաում: Այնպես, որ արևմտյան ժողովրդավարության մեջ ազգ-պետություն հասկացողությունը պետք է վերաիմաստավորվի։

Վաթան Էմրուզ  օրաթերթ

Մարդ դաստիարակող նահատակը`

Հայացք նահատակ հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի անձին և սոցիալական կողմերին

 

Մինչ Իրանը սգում էր իր հերոս որդու նահատակության երրորդ տարելիցը, նահատակ գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի անձը կենդանի է և վառ, հեղափոխական և իսլամական արժեքների կատարյալ օրինակ ժողովրդի համար: Նրա անմահության գաղտնիքը իսլամական հեղափոխության մարդկային իմացաբանության սկիզբն է։ Նահատակ Սոլեյմանին ուներ համապարփակ անհատականություն, և այս համապարփակության մեջ, դրսևորելով անհատական հատկանիշների ամբողջություն, նա նաև դրսեվորեց հավաքական և հոգևոր արժեքներ։ Նրա պատմական հրաժեշտը Քազեմեյնից, Նաջաֆից և Քարբալայից մինչև Ահվազ, Մաշհադ, Ղոմ, Թեհրան և Քերման ցույց տվեց, որ նա հատել է աշխարհագրական սահմաններն ու սոցիալական տարբերությունները: Իրանցի նահատակ զորավարն անգամ աշխարհիկ կյանքում գտնվելիս համարվում էր միասնության ու ներդաշնակության կենտրոն, իսկ նահատակվելիս նաև կարողացավ ի մի հավաքել տարբեր խավերին:

Ջավան օրաթերթ

Նեթանյահուի 6 օրյա կառավարության խաղը կրակի հետ

Սիոնիստական ռեժիմի պատմության ամենածայրահեղական կաբինետի ամենածայրահեղ անդամը Բենիամին Նեթանյահուի երդմնակալության վեցերորդ օրը փորձարկեց պաղեստինցիների արձագանքը՝ հարձակվելով Ալ-Աղսա մզկիթի վրա, որն արժանացավ բուռն արձագանքի՝ օկուպացված տարածքների ներսում և թե դրսում: Նույնիսկ Թել Ավիվում Վաշինգտոնի դեսպան Թոմաս Նիդեսը, որի երկիրը Իսրայելի ամենամոտ դաշնակիցն է, ընդդիմանալով Իտմար Բեն Գոյերի արարքին, ասաց, որ Ջո Բայդենի կառավարությունը դեմ է Ալ-Աղսա մզկիթի ներկայիս իրավիճակին վնասելուն։

Քեյհան օրաթերթ

Financial Times. «Այս տարի ամենավատ ու ամենաերկար տնտեսական անկումը կազդի բրիտանացիների վրա»

 

Անգլիական Financial Times թերթը իր զեկույցում զգուշացրել է, որ այս տարին (2023 թվականը) բրիտանացիների համար կլինի ամենավատ և ամենաերկար տնտեսական անկումը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հունվարի 1-ին հայտարարեց, որ ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը, և միևնույն ժամանակ այս երկրի վարչապետն իր ամանորյա ելույթում հայտարարեց Ուկրաինային բրիտանական կառավարության օգնությունը շարունակելու մասին: Էներգետիկ ճգնաժամը և դրան հաջորդած Տնտեսական ճգնաժամը շատ ծանր իրավիճակ է ստեղծել այս երկրի համար։

Երկրի տարբեր շրջաններում շարունակվում են բողոքի գործադուլները՝ ի դեմ գնաճի, և ԶԼՄ-ների հաղորդումները նաև ցույց են տալիս, որ միլիոնավոր բրիտանացիներ չեն կարողանում տաքացնել իրենց տները, քանի որ գազն ու էլեկտրաէներգիան չափազանց թանկացել են և կուլ է տալիս ընտանիքի եկամտի մեծ մասը: Այս համատեքստում ստեղծվել է կոալիցիա, որը կոչվում է «Վառելիքի աղքատության կոալիցիա», որտեղ ասվում է. «Այս ձմեռ մենք ակնկալում ենք, որ 7 միլիոն անգլիական տնային տնտեսություններ կհայտնվեն վառելիքի աղքատության մեջ»:

armenpress.am

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված 2 մահվան դեպք է գրանցվել. Ռոմելլա Աբովյան

 

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած` Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների թեմայով ասուլիսի ընթացքում նշեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում: Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- մանրամասնեց նա՝ ընդգծելով, որ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր:

armenpress.am

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդներ հունվարի 4-ին տեղափոխվել են Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Առողջապահության նախարարությունը:

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով 24 օր է՝ հումանիտար ճգնաժամի առաջ է կանգնել Արցախի 120 հազար մարդ, այդ թվում ՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձ։

Բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Դեկտեմբերի 30-ի տվյալներով «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվել է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են եղել։

Դեկտեմբերի 19-ին Արցախում մեկ քաղաքացի մահացել էր, քանի որ ճանապարհի փակ լինելու պատճառով նրան չէին կարողացել Հայաստան տեղափոխել պատշաճ բուժումը կազմակերպելու համար:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ մեկ անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ։ Հիմնականում դեղորայք, մանկական կեր և բուժօգնության համար նախատեսված պարագաներ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններ մինչ այս տեղափոխվել էր 10 պացիենտ, որոնց թվում՝ 4 ամսական երեխա:

armenpress.am

Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք․ Արցախի ՄԻՊ-ը հորդորում է բացել Լաչինի միջանցքը

 

Ինչպես աշխարհի բոլոր երեխաները, այնպես էլ Արցախի երեխաներն ունեն անվտանգության ու աջակցության կարիք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2022 թվականի դետեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ պահելու փաստին։

«Ինչպես բոլոր երեխաները, Արցախի երեխաները ևս արժանի են սիրո և աջակցության, սնուցման, անվտանգության ու ապահովության։ Բայց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են և երեխաներն արդեն գրեթե 24 օր է՝ չեն կարողանում տեսնել իրենց ծնողներին։ Բաց արեք կյանքի ճանապարհը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։

tert.am

Արցախում մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում, մեր երեխաները հաց չունեն ուտելու, սոված են. Դավիթ Բաբայան

Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին։ Որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են»,- գրել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցք:

tert.am

Մայր Աթոռի պատվիրակությունը կմասնակցի Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-ի հուղարկավորությանը

 

Հունվարի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը կմասնակցի 2022 թվականի դեկտեմբերի 31-ին վախճանված Հռոմի պատվավոր պապ երջանկահիշատակ Բենեդիկտոս 16-ի հուղարկավորությանը։ 

Պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Կենտրոնական Եվրոպայի ու Շվեդիայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

news.am

«Ադրբեջանը շինծու գործեր կհարուցի». Ղազարյանը՝ ՀՀ-ում Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հաստատման մասին

Հայաստանը 2004 թվականից չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, քանի որ պատերազմող երկիր է, իսկ նման երկրները սովորաբար շատ զգուշությամբ են մոտենում այս դատարանին ու իր կանոնադրությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հաստատման հարցով։

«Այդ դատարանի կանոնադրությունը նախատեսում է քրեական հետապնդում այն անձանց նկատմամբ, որոնք պատերազմական հանցագործություններ են կատարել, իսկ Հայաստանում մեծ մտավախություն կար եւ հիմա էլ կա, որ Ադրբեջանն անմիջապես առիթից կօգտվի եւ կսկսի շինծու դատական գործել հարուցել մեր զինվորականների դեմ»,- նշեց փաստաբանը։

Ղազարյանն ասաց, որ դատարանում կան նախաքննություն եւ դատաքննություն իրականացնող  պալատներ։ Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ քրեական հետապնդում սկսել կոնկրետ անձի դեմ՝ անկախ քաղաքացիությունից, եթե տվյալ անձը ենթադրաբար կատարել է կանոնադրությամբ սահմանված միջազգային հանցագործություններ։

«Այդ դատարանի հեղինակությունն իրենից առաջ է ընկել, այն այնքան էլ արդյունավետորեն չի գործում, որովհետեւ ընդամենը 3 տասնյակի հասնող ավարտված գործեր կան, այն մոտ 20 տարվա պատմություն ունի, ինչը չափազանց քիչ է։ Վարույթները շատ երկար են տեւում, մոտ 10 տարի։ Կան նաեւ գործեր, որոնք հարուցված են երկրի նախագահի դեմ, օրինակ՝ Սուդանի նախագահի դեմ»,- ասաց Ղազարյանը։