Մամուլի տեսություն - 18.01.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i191586-Մամուլի_տեսություն_18.01.2023
Երեկ՝ երեքշաբթի, Պարսից ծոցի ջրերում հաջողությամբ անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկօրյա ռազմածովային զորավարժությունները։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 18, 2023 14:59 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն - 18.01.2023

Երեկ՝ երեքշաբթի, Պարսից ծոցի ջրերում հաջողությամբ անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկօրյա ռազմածովային զորավարժությունները։

Քեյհան  օրաթերթ

Ամերիկան 37 միլիոն մարդ է տեղահանել՝ հանուն մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի

 

Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ ամերիկացի զինվորականների կործանարար ներկայությունը աշխարհի երկրներում, որը սկսվում է խաղաղության և ժողովրդավարության ընդլայնման անվան տակ, տեղահանել է 37 միլիոն մարդու աշխարհի տարբեր ծայրերում և միևնույն ժամանակ մեծ շահույթ է ձեռք բերել զենքի վաճառքից:

Անցած տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգների գործողությունների և անխոհեմության խայթոցը ոչ միայն ուղղված է եղել ամերիկացի քաղաքացիներին, այլև մեծ վնաս է հասցրել աշխարհի ժողովուրդներին։ Նրանք ներխուժել են այլ երկրներ՝ հանուն ազատության, խաղաղության և ժողովրդավարության հաստատման, բայց իրականում միայն արյունահեղությունը, օկուպացիան և տեղահանումը եղան ազգերի համար, իսկ հարստության թալանն ու շահույթը ամերիկացիների համար: Աշխարհի տարբեր երկրներում ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով ամերիկացի զինվորականների կործանարար ներկայությունը սեպտեմբերի 11-ի միջադեպից հետո տարհանել է առնվազն 37 միլիոն մարդու։ Ըստ Նյու Յորք Թայմզի զեկույցի և Բրաունի համալսարանի հետազոտության՝ «2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ամերիկյան պատերազմները բռնի տեղահանել են առնվազն 37 միլիոն մարդու Աֆղանստանից, Իրաքից, Պակիստանից, Եմենից, Սոմալիից, Ֆիլիպիններից, Լիբիայից, և Սիրիաից»։

Վաթան Էմրուզ օրաթերթ

Ստորագրություն՝ Պարսից ծոցում

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրթիռային և ԱԹՍ զորավարժությունները հաջողությամբ անցկացվել են ստորջրյա   անօդաչու թռչող սարքերի առկայությամբ։

Պարսից ծոցի ջրերում երեկ հաջողությամբ ավարտվել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մեկօրյա զորավարժությունները։ Այս զորավարժություններում կիրառվել են թեւավոր հրթիռային համակարգ և տարբեր անօդաչու թռչող սարքեր։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, հայտարարելով այս զորավարժության անցկացման մասին, որն կոչվել է բարձրաստիճան նահատակ «Սարդար Նասրոլլահ Շաֆիեի» անվամբ, ասաց. «Այս զորավարժություններում փորձարկվել է տարբեր դասերի ծովային թեւավոր հրթիռային համակարգ, բազմակի և միաժամանակյա թիրախներով ռմբակոծիչ և հայտնաբերող անօդաչու թռչող սարքեր, անօդաչու ստորջրյա խելացի համակարգեր, ուղղաթիռների հրթիռային արձակում, շարժական և լողացող դիրքերում հատուկ ուղղաթիռ, զանգվածային ծովային մոբիլիզացիայի շքերթներ և այլն որը շատ արդյունավետ է եղել»:

Ջավան օրաթերթ

Թել Ավիվը շրջապատված է ներքին ճգնաժամով և արտաքին սպառնալիքով

 

Այն իրավիճակում, երբ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ շուտով կլուծի օկուպացված տարածքների ներքին ճգնաժամերը և կավելացնի միջազգային դաշնակիցներին, ինքը մնացել է շրջապատված բոլոր կողմերից։ Ծայրահեղ կաբինետի դեմ բողոքի ակցիաները տարածվել են նաև բուհերի վրա, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը և դադարեցնել ռեժիմի օկուպացումը։ Միջազգային հանրությունը միաձայն դատապարտել է ՄԱԿ-ում պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործությունները՝ սիոնիստների համար աշխատելու դաշտը նեղացնելու նպատակով։

armenpress.am

Լաչինի միջանցքի շրջափակումը նոր խոչընդոտ է խաղաղության գործընթացի համար. Փաշինյանը չի բացառում, որ Ադրբեջանի ուզածը հենց դա է

 

Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ուղիղ խախտում են իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջանցքի շրջափակումն ու այդ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար, սակայն ո՞վ է ասում, թե դա չէ Ադրբեջանի հեռահար նպատակը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահը վերջին հարցազրույցում կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել ՀՀ նկատմամբ: Պատգամավորը հետարքրքվեց միջազգային կառույցների արձագանքով:

«Կարծում եմ, և նաև մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ ավելանում, մեծանում է: Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն, էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն: Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա: Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն առաջին հերթին հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:

armenpress.am

Արարատ Միրզոյանն այս տարի ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը:

«Ինչպես անցած տարի, այս անգամ ևս ես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում հանդիպել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

armenpress.am

Նիկոլ Փաշինյանն ու Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն ու Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլով հերթական անգամ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարևորել միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կարևորել միջանցքի անխափան գործունեության ապահովումը: Խավիեր Կոլոմինան հավելել է, որ ՆԱՏՕ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և իր աջակցությունն է հայտնում այդ ուղղությամբ միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

news.am

Մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, աշխատելու եմ նրանց հետ, ովքեր համաձայն են իմ սկզբունքների հետ․ Ռուբեն Վարդանյան

 

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ:

Պետնախարարը նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը պահանջում է ոչ միայն հրատապ խնդիրների վերաբերյալ որոշումների կայացում, այլև ստիպում է աշխատանքները նոր ձևով կազմակերպել, քանի որ  նոր մարտահրավերներին հնարավոր է դիմակայել միայն համակարգված  և թիմային աշխատանքով: Այս իրավիճակում նա առանցքային է համարել կարգապահությունն ու թափանցիկ աշխատանքը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չնայած ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է աշխարհին ցույց տալ, թե շրջափակում չկա, սակայն երեկ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը. «Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել   խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս  պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է, և մեծ սթրես է եղել երեխաների համար»:

Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ պետնախարարը նշել է. «Սա քաղաքական շրջափակում է, սա միայն ճանապարհի արգելափակում չէ: Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է: Պայքարը գնում է  սուբյեկտայնության համար»:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կառավարության անդամներին  պարզաբանել է իրավիճակի հետ կապված իր մոտեցումները:

«Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ և զարգացած։ Դա շատ կարևոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա՛ եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝  այդ նպատակին հասնելու համար,-ասել է պետնախարարը:- Հաջողության հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք միասնական լինենք, ու ես, այո՛, աշխատելու եմ բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են իմ սկզբունքների հետ: Հիմա մենք այնպիսի կետում ենք, որ ձախողվելու իրավունք չունենք»:

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց  բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում և անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով  նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձևավորումը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջափակման հետևանքով մի շարք ոլորտներում ստեղծված խնդիրներն ու այդ պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:

tert.am

Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել եկեղեցու շարքերից պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին հեռացնելու վերաբերյալ

 

Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը պոլսահայ հոտի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, հաղորդում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հիշյալ անձին մեկ շաբաթ ժամանակ է տրվել ապաշխարելու համար, սակայն դա չի ընդունվել Գագաչյանի կողմից։

Պատրիարքարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Բանադրված անձը չի կարող օգտվել եկեղեցական որևէ ծառայությունից, և հանգուցյալը չի կարող թաղվել եկեղեցական կարգի համաձայն։ Նման անձը կամ անձինք չեն կարող մասնակցել Տիրոջ ընթրիքի արարողությանն ու ստանալ սուրբ հաղորդություն։

Սակայն, անշուշտ, եթե տվյալ անձը կամ անձինք ապաշխարեն, բանադրանքը կարող է հանվել»։

Հայտարարության մեջ շեշտվել է, որ եկեղեցու դռները միշտ բաց են ապաշխարելու պատրաստ անձանց առաջ։

tert.am

Հայաստան առաքելություն ուղարկելու մասին ՀԱՊԿ հռչակագիրը չի ընդունվել, քանի որ հայ գործընկերները պնդում էին, որ Ադրբեջանի հասցեին լիներ խիստ դատապարտում. Լավրով

 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսում բացատրել է, թե ինչու չի ընդունվել Հայաստան առաքելություն ուղարկելու մասին ՀԱՊԿ հռչակագիրը։ Անցած տարեվերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազմակերպության գագաթնաժողովում հրաժարվել էր ստորագրել փաստաթուղթը։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Լավրովի խոսքով՝ կազմակերպության մյուս անդամները չեն համաձայնել դատապարտել Ադրբեջանին։

«Մենք ունենք դժվարություններ՝ կապված Հայաստանում տիրող իրավիճակի հետ. երբ մեր հայ ընկերները ասացին, որ անհրաժեշտ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ այնտեղ ինչ-որ կայունություն ապահովելու համար, մենք երևանյան գագաթնաժողովում պայմանավորվեցինք այս առաքելության պարամետրերի վերաբերյալ նման փաստաթղթի շուրջ, բայց այն չհաջողվեց ընդունել, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ այս փաստաթուղթը պարունակի Ադրբեջանի հասցեին խիստ դատապարտում։

Բացատրեցինք, որ եթե խոսում ենք դատապարտման մասին, եթե խոսում ենք հռետորաբանության, դիրքորոշում ներկայացնելու մասին, ապա այստեղ յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե ուզում ենք ուղարկել ՀԱՊԿ առաքելություն, ապա, ըստ երևույթին, դա անպայման պայմանավորված չէ ինչ-որ արտաքին նշաններով, ինչ-որ հայտարարություններով, առավել ևս կոշտ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է իրականացրել՝ ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածք։ Երևանը ռազմական օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Կազմակերպությունը փոխարենն առաքելություն է ուղարկել երկիր՝ գնահատելու իրավիճակը։ Տարեվերջին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է մասնակից երկրների համատեղ հռչակագիրն այս հարցի շուրջ։ Սակայն այն չի ստորագրվել:

Լավրովն այսօր ասել է նաև, որ կազմակերպությունը դեռ պատրաստ է առաքելություն ուղարկել, բայց փոխարենը Երևանը նախընտրում է բանակցություններ վարել Եվրամիության հետ։