Մամուլի տեսություն 21.1.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i191724-Մամուլի_տեսություն_21.1.2023
Իրանն ու ԵԱՏՄ-ն պայմանավորվել են ապրանքաշրջանառության ծավալն ավելացնել 10 միլիարդ դոլարով։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 21, 2023 12:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.1.2023

Իրանն ու ԵԱՏՄ-ն պայմանավորվել են ապրանքաշրջանառության ծավալն ավելացնել 10 միլիարդ դոլարով։

Ջավան օրաթերթ

Հակաիրանական ծրագրի ձախողում. Եվրոպան պատրաստ չէ դադարեցնել միջուկային բանակցությունները
Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դադարեցնելու ծրագիրը ձախողվել է Եվրախորհրդարանում։ Այս լուրը հայտնել է Եվրախորհրդարանի շվեդ ներկայացուցիչ Չարլի Վայմերսը։
Վալմերսը Twitter-ում գրել է. «Եվրախորհրդարանը դեմ է քվեարկել ՀԳՀԾ-ի բանակցությունների դադարեցմանը։ Դեռ շատ ճանապարհ կա անցնելու, մինչև որ ներկայացուցիչները պահանջեն անպտուղ բանակցությունների ավարտը...»։
Եվրախորհրդարանում Իրանի հետ բանակցությունները դադարեցնելու ծրագրի ձախողումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հինգշաբթի օրը միջամտողական, թշնամական և սադրիչ քայլի դիմելով, կողմ էին քվեարկել ԻՀՊԿ անունը այսպես կոչված ահաբեկչական ցուցակում ներառելու որոշմանը։

 

Վաթան Էմրուզ օրաթերթ

Երկաթուղային միջանցքում

Մեհրդադ Բազրփաշը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնում աշխատանքի անցնելուց մի քանի օր անց, իր ծրագրերը մեկնաբանելիս խոսել է Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտի առաջնահերթության մասին։ Ճանապարհների և քաղաքաշինության նոր նախարարն ասաց. «Մենք ռեսուրսներ ենք փնտրում այս միջանցքներն ավարտին հասցնելու, քանի որ առկա ռեսուրսները բավարար չեն դրանք ավարտին հասցնելու համար։ Կառավարության կարծիքը տրանսպորտային ոլորտի բարգավաճման մասին է, և օտար երկրների, հատկապես հարևանների հետ բանակցությունների մեծ մասի առանցքն այս հարցն է։ Այժմ ճանապարհների և քաղաքաշինության նախարարությունը հայտարարել է այս միջանցքում օգտագործվող երթուղիները ավարտելու իր հատուկ ծրագրի մասին: 4 երկաթուղային ծրագիր, որոնք պետք է շուտափույթ ավարտին հասցվեն Հյուսիս-Հարավ միջանցքի երազանքն իրականություն դարձնելու համար:

 

Քեյհան օրաթերթ

Իրանն ու Եվրասիան պայմանավորվել են ապրանքաշրջանառության ծավալն ավելացնել 10 միլիարդ դոլարով

Իրանի և Եվրասիական տնտեսական միության պաշտոնական պատվիրակության միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասաց. «Այս համաձայնագրի վերջնական ավարտով կողմերի ապրանքաշրջանառության ծավալը կավելանա 10 մլրդ դոլարով»։

Ալիռեզա Փեյման Փաքն Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև համաձայնագրի ստորագրմանն առնչվող ասուլիսում ասել է, որ եզրափակիչ ​​բանակցություններն իրականացվել են և արդեն պարզ է դարձել առանց զրոյական մաքսատուրքի արգելված ապրանքների ցանկը, որի հիման վրա ապրանքների 90 տոկոսը ներառվել են կանաչ ցուցակում և 10 տոկոսը արգելված ապրանքներն են: Նա հավելեց որ այս համաձայնագիրը կառավարությունների կողմից կստորագրվի հաջորդ ամսվա ընթացքում։

 

Էթելաաթ օրաթերթ

Թրամփ. Ես ինձ հետ վերցրել եմ գաղտնի փաստաթղթերի թղթապանակը որպես հիշողություն

ԱՄՆ նախկին նախագահ Թրամփն ասել է, որ գաղտնի փաստաթղթերը տուն է տարել որպես հետաքրքիր հիշողություն։ Դոնալդ Թրամփը դաշնային պաշտոնյաներին մեղադրել է իրեն  դեմ դավեր նյութելու և գաղտնի փաստաթղթերը իր տանը դիտավորյալ տեղադրելու մեջ՝ պնդելով, որ նա վերցրել է գաղտնի փաստաթղթերի թղթապանակը որպես «հետաքրքիր հուշանվեր»։ Թրամփն ասել է, որ այն փաստաթղթերը, որոնք ՀԴԲ-ի գործակալները գտել են իր տան մեջ խուզարկության ժամանակ, դատարկ թղթապանակներ են, որոնց վրա գրված են եղել միայն տարբեր բառեր, բայց դա հիանալի հուշանվեր է։

 

armenpress.am

Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արագածոտնի մարզի պարեկային ծառայության ստորաբաժանման բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ խնդիրները իրենց խորության մեջ։ Իսկ խնդիրները իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ ԴՆԹ մակարդակի խնդիրներ են։ Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով։ Ընդգծեմ, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման մասին՝ սկզբունքային կարևոր նշանակություն է եղել, որ Պարեկային ոստիկանությունը նոր լինի ՝ սկսած ավտոմեքենաներից, վերջացրած հագուստից, բայց ամենակարևորը՝ պետք է լինի նոր մտածողություն»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պետք է ամեն նորաստեղծ կառույցում բերել նոր մտածողություն։

«Մենք այդպես ես վարվում կրթության, իրավական, զինված ուժերի ոլորտում և չափազանց կարևոր մոտեցում է։ Ցանկանում եմ, այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս»,- եզրափակեց Փաշինյանը։

 

armenpress.am

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը ներկայացրել է մանրամասներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Հարավային Կովկաս այցելության մասին, որի շրջանակում պաշտոնյան ժամանել էր Հայաստան և Ադրբեջան: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքէջը, Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ, իսկ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Ըստ հաղորդագրության՝ Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ:

«Խավիեր Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ և ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը:

Կոլոմինան նաեւ ողջունել է Եվրոպական միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

tert.am

Երևանի և Թեհրանի միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման մեծ հեռանկար ունի բնապահպանության, մշակույթի, քաղաքաշինության և տրանսպորտային համակարգի ոլորտներում. Սարգսյան

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և վստահ եմ՝ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում.

բնապահպանություն

տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն)

մշակույթ

քաղաքաշինություն։

Շնորհակալություն եմ հայտնում Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և փորձի ու գիտելիքի փոխանակման պատրաստակամության համար․ մենք ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,- գրել է Սարգսյանը և հրապարակել ստորև ներկայացվող տեսանյութը:

 

tert.am

Կարմիր խաչի ուղեկցությամբ վեց հիվանդներ Արցախից տեղափոխվել են Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ «Հղիություն I, 35 շաբաթական, ճարպային փոխանակության խանգարում I աստիճան», «Երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի աբսցես, իշեմիկ կարդիոմիոնաթիա, սեպտիկ վիճակ», «Ողնաշարի L2-L3 միջողային սկավառակների կրանիալիզացված, սեկվեստրացված ճողվածք, ռադիկուլոթոպիա, սպոնդիլոարթրոզ», «Ազդրոսկրերի գլխիկների երկկողմանի ասեպտիկ նեկրոզ, ստորին վերջույթների մկանային ատրոֆիա արտահայտված ցավային համախտանիշով, ողնաշարի L4-L5 սպոնդիլոդիսցիտ», «Հեմոբլաստոզ՝ սուր լեյկոզ», «Աթերոսկլերոզ, աջ ընդհանուր ազդրային զարկերակի անևրիզմա»ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 21- ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ վեց հիվանդները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 42 հիվանդ։

   

news.am

Զինվորական կացարանի հրդեհի վերաբերյալ առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ. Արշակ Մարտիրոսյան

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ այս պահի դրությամբ որեւէ հաստատված վարկածի մասին խոսելը վաղ է: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Հանրայինի եթերում ասաց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:

«Ձեռնարկվում են լայնամասշտաբ գործողություններ: Համատեղ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց ստուգման համար միաժամանակ ձեռնարկվում են տարատեսակ գործողություններ: Զինվորական դատախազի կողմից նշված վարկածը կապիտանի անզգուշության վերաբերյալ քննության առարկա դարձել է, բայց առաջ են քաշվել նաեւ այլ վարկածներ: Նախաքննությունը դեռ սկզբնական փուլում է, եւ որեւէ վարկածի մասին հաստատ խոսելը դեռ վաղաժամ է»,- նշեց Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

 

news.am

Զորամասի հրդեհի գործով ձերբակալվածներ չկան. հարցաքննությունները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի քրվարույթով ձերբակալվածներ չկան: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա ասաց, որ հարցաքննությունները շարունակվում են.

«Վարույթային եւ ապացուցողական գործողությունները լայն ծավալով շարունակվում են»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։