Մամուլի տեսություն - 24.1.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i191940-Մամուլի_տեսություն_24.1.2023
Իրանի նախազգուշացումներից հետո, կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը Եվրամիության ահաբեկչական ցուցակում ներառելու հետեւանքների մասին, Եվրամիությունը հետ նստեց իր որոշումից:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 24, 2023 14:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 24.1.2023

Իրանի նախազգուշացումներից հետո, կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունը Եվրամիության ահաբեկչական ցուցակում ներառելու հետեւանքների մասին, Եվրամիությունը հետ նստեց իր որոշումից:

Վաթան Էմրուզ  օրաթերթ

Մենք նոր կարգ կհաստատենք

 

Վերջին մեկ տարվա ընթացքում և ուկրաինական պատերազմի սկսվելով Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները, որոնք 13-րդ կառավարության սկզբից ուղորդվում էին դեպի ռազմավարական հարաբերություններ, ավելի է խորացել։ Այժմ բազմաբևեռ աշխարհի գաղափարը և սառը պատերազմից հետո ամերիկյան կարգերին դեմ կանգնելը դարձել է երկու երկրների ընդհանուր կարգախոսներից մեկը։

Օրեր առաջ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի Թեհրան կատարած այցին և Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում Ռաշտ-Աստարա երկաթուղու ավարտին ռուսների հետապնդմանը զուգահեռ, հերթական անգամ երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը արժանացան հանրության ուշադրությանը:  Հարաբերություններ, որոնք այժմ ընդլայնվել են` ռազմական, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտումներում, արևմտյան պաշտոնյաները մտահոգություն են հայտնել դրա վերաբերյալ։

Համշահրի օրաթերթ

Արդյոք Եվրամիությունը ԻՀՊԿ մտցրե՞լ է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակ

 

 Եվրոպան Իրանի 37 ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ նոր պատժամիջոցներ է կիրառել:

Եվրամիությունը հրապարակել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների ցուցակը: Չնայած Եվրախորհրդարանի քվեարկությանը, այս միությունը հրաժարվել է ԻՀՊԿ-ի անունը ներառել այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Ջավան օրաթերթ

Եվրոպայի նահանջը Իրանի նախազգուշացմամբ

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա Եվրամիության ճնշումից հետո, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը խոստովանել է, որ ԻՀՊԿ ահաբեկչական խմբավորումների ցուցակում դնելը հեշտ չէ և պահանջում է իրավական ընթացակարգեր։

Իրանի արտգործնախարարը երեկ ընդգծելով Թեհրանի վճռական նախազգուշացումը եվրոպական կողմերին հայտարարել էր, որ Ջոզեֆ Բորելի դիրքորոշումը ցույց է տալիս, որ Բրյուսելը, հեռու մնալով էմոցիոնալ մոտեցումից, չի ցանկանում գնալ դեպի վտանգավոր քայլեր։

Քեյհան օրաթերթ

Իրանի նավթի արտահանման ծավալների ավելացումն ու ՀԳՀԾ-ի կողմնակիցների խեղաթյուրումների հերքումը

 

Իրանական նավթի արտահանման զգալի աճի մասին հաղորդագրությունները հերքում են ՀԳՀԾ-ի կողմնակիցների երեք հիմնական խեղաթյուրումները Իրանի նավթի արտահանման վերաբերյալ։

Վերջերս Bloomberg-ը հրապարակել է Իրանի նավթի արտահանման օրական 1,3 միլիոն բարելի աճին վերաբերող զեկույց, որում Kepler-ի և Vortexa վիճակագրության համաձայն, հերքում է նավթի վաճառքի վերաբերյալ ՀԳՀԾ-ի կողմնակիցների երեք հիմնական խեղաթյուրումները:

Էթելաաթ օրաթերթ

«Տարածաշրջան»՝ Իրանի դիվանագիտական համակարգի առաջնահերթությունը

 

Տարածաշրջանի նկատմամբ կառավարության ուշադրությանը համահունչ՝ Իրանի արտգործնախարարն անցած շաբաթ մեկնեց Բեյրութ, այնտեղից՝ Դամասկոս, որից հետո մեկնեց Անկարա: Երեք մայրաքաղաքներում` Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը շահավետ համարեց տարածաշրջանի համար։

armenpress.am

Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ

 

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

«Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։

Ընդ որում, Ադրբեջանը դիմում է տարատեսակ շահարկումների՝ փորձելով քողարկել Արցախի ժողովրդի նկատմամբ իր անմարդկային քաղաքականությունը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող տրանսպորտային միջոցների երթևեկության մասին տվյալները ադրբեջանական իշխանությունները ներկայացնում են որպես հումանիտար ճգնաժամի և շրջափակման բացակայության ապացույց։ Սակայն միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված ադրբեջանական կեղծարարությունները հերքվում են փաստերով։ Նախ՝ Լաչինի միջանցքի փակման 43 օրվա ընթացքում ավելի քիչ տրանսպորտային միջոցներ են անցել, քան մինչև շրջափակումը՝ մեկ օրվա ընթացքում: Այդ բոլոր տրանսպորտային միջոցները պատկանում էին կամ ԿԽՄԿ-ին, կամ ռուս խաղաղապահներին։ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցները չեն անցել միջանցքով։

Երկրորդ՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով դադարեցվել է երկու ուղղություններով ուղևորաշրջանառությունը։ Անգամ ռուս խաղաղապահների՝ Հայաստանից Արցախ երեխաներ տեղափոխող մեքենան է կանգնեցվել, իսկ ուղևորները ադրբեջանցիների կողմից ենթարկվել են նպատակաուղղված հոգեբանական ահաբեկման։

Երրորդ՝ ամբողջությամբ դադարեցվել է սպառողական ապրանքների ներմուծումը, որը կազմում էր օրական ավելի քան 400 տոննա։

Արցախի շրջափակումը ոչ միայն հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի սղության, այլև հազարավոր մարդկանց զրկում է աշխատանքից և ապրուստի միջոցներից։ Ավելին՝ բացի Արցախի ցամաքային շրջափակումից, Ադրբեջանը նաև էներգետիկ շրջափակում է իրականացնում՝ նպատակ ունենալով էլ ավելի վատթարացնել հումանիտար իրավիճակը։ Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ խոչընդոտել Արցախի գազամատակարարումը և Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը, որտեղ հունվարի 9-ին վթար էր տեղի ունեցել։

armenpress.am

Արգենտինայի հայ համայնքը Բուենոս Այրեսում ցույց է արել՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպան շրջափակմանը

 

Արգենտինահայ համայնքը ցույց է անցկացրել Բուենոս Այրեսի խորհրդանիշը հանդիսացող Օբելիսկի մոտ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման և 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արգենտինայում հրապարակվող Diario Armenia-ին:Լրատվամիջոցը նշում է, որ հունվարի 23-ին, ժամը 17:00-ից սկսած՝ արգենտինահայ տարբեր տարիքի քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում: Նշվում է, որ ակցիան հրավիրվել էր IARA-ի (Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատություններ) կողմից: Ցուցարարները հրապարակ են եկել շրջափակումը դատապարտող և միջանցքն անհապաղ բացել պահանջող պաստառներով:

«Լաչինի միջանցքը միակ ուղին է, որպեսզի կենսական պաշարները, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը և էներգետիկ ռեսուրսները հասնեն այնտեղ ապրող 120,000 հայ բնակիչներին (ներառյալ 30,000 երեխաներ և 20,000 տարեցներ)», - ասել են ակցիայի կազմակերպիչները՝ հավելելով, որ «սա Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի կողմից ևս մեկ մանևր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական ծրագիրը այս շրջանի հայ բնակչության դեմ:

armnepress.am

Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա. Մարտին Էռնեկյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրի մասին

 

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էին նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել է առկա համագործակցությունն ու ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն առավել զարգացնելու և ներդրումներն ընդլայնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։

Նախարարը նշել է, որ առաջիկայում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ կստեղծվի, որի շրջանակներում կքննարկվեն ներդրումային ծրագիրի մանրամասները։

Նախարարը կարևորել է ծրագրի շրջանակներում ճշգրիտ որոշումներ կայացնելու, հեռանկարային լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, քանի որ այդ աշխատանքներն ապագայի համար են։

Մարտին Էռնեկյանը նշել է, որ պատրաստակամ են բաց աշխատել աշխատանքային խմբի շրջանակներում․ «Սա պատմական պահ է, որը կարող է մեծ հետք թողնել Հայաստանի ապագայի վրա»,-ասել է Մարտին Էռնեկյանը։

 armeniasputnik.am 

Ռուսաստանը շատ բարդ աշխատանք է տանում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ. Պեսկով

 

Ռուսաստանը` որպես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի մասնակից, շարունակում է կատարել իր պարտավորությունները: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Կրեմլում համաձա՞յն են արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Ադրբեջանին ուղղված կոչին, այն է՝ անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։

«Ռուսաստանը` որպես եռակողմ պայմանավորվածությունների և երկու տարի առաջ ստորագրված փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները: Եվ շարունակում է շատ տքնաջան ու բարդ աշխատանքը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,– ասել է Պեսկովը։

Երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնեց, որ Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակել առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Այս պահին ևս Արցախում գազ չկա։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

armeniasputnik.am

Ֆրանսիայի նախագահը մի շարք հարցեր է քննարկել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի հետ

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին ու Մուրադ Փափազյանին և քննարկել 2022թ.–ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:

«Հայ համայնքի ներկայացուցիչները Մակրոնի ուշադրությունը հրավիրել են Լեռնային Ղարաբաղում հայության առջև ծառացած հումանիտար աղետի վրա և հույս հայտնել, որ այս ծայրահեղ պահին Ֆրանսիան օգնության կցուցաբերի արցախահայությանը»,– ասված է կայքում։

Նրանք հուսով են, որ Ֆրանսիան ավելի ակտիվ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում, որին սպառնում են էթնիկ զտումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում։

Փափազյանն ու Թորանյանը Ֆրանսիայի նախագահին են ներկայացրել նաև 1915 թվականի ցեղասպանությունը վերապրածների ժառանգների, Թուրքիայի կողմից դեռևս ժխտվող 500.000 հայազգի ֆրանսիացիների` իրենց սերունդների անվտանգության վերաբերյալ մտահոգությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքներին։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 13-ին Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել էր։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։

Փափազյանին վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ իր արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունն է և տվյալ ցույցը կազմակերպելը:

tert.am

44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որևէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Տիգրան Աբրահամյան

 

Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն արտահայտվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններով եւ Արցախի նկատմամբ ագրեսիայով: Արցախում Ադրբեջանի այլատյացության եւ ռազմատենչ հայտարարությունների համատեքստում ֆիզիկական գոյության խնդիր կա: 44-օրյա պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ արցախահայերը որեւէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. այս մասին խոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի ծրագրերի եւ գիտելիքի հարցերով տնօրեն Վուտեր Դոլի եւ ծրագրի ավագ խորհրդական Ռիմ Յուդեի հետ հանդիպմանը: Հյուրերի խնդրանքով պատգամավորը նախ անդրադարձել է Արցախում տիրող իրադրությանը, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին:

«Արցախի հարցը տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ հարյուրամյակներ ապրող հայերի ինքնորոշման իրացման հարցն է, որը բխում է միջազգային իրավունքից: Այնտեղ ապրող մարդիկ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունք ունեն»,- ասել է Տիգրան Աբրահամյանը:

Նշենք, որ Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտը նախատեսում է Հայաստանում իրականացնել «Քաղաքական կուսակցությունները՝ հանուն ներառական ժողովրդավարության» ծրագիրը: Վուտեր Դոլը նշել է, որ այցի նպատակն է ուսումնասիրել եւ պարզել, թե մեր երկրում իրենց ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորություններ կան: Հյուրերը ներկայացրել են ծրագրի նպատակը, հիմնադրույթներն ու սկզբունքները, ժողովրդավարական մշակույթ ձեւավորելու իրենց տեսլականը:

Տիգրան Աբրահամյանն իր հերթին մանրամասնել է իրենց կուսակցության (ՀՀԿ) անցած ուղին, միջազգային գործընկերների հետ գործակցության առանցքը եւ ծրագրի շրջանակում համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը փոխգործակցության հեռանկարներն ու կոնկրետ ուղղություններն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: