Մամուլի տեսություն - 01.03.2023
Իրանի վերջին պաշտպանական զորավարժությունները ցույց տվեցին, որ այս երկրի դեմ ցանկացած ագրեսիա, հատկապես Սիոնիստական ռեժիմի կողմից, կարժանանա Իրանի հակաօդային պաշտպանության կործանարար պատասխանին, ինչն էլ վտանգ է ներկայացնում Իսրայելի համար:
Վաթաե Էմրուզ օրաթերթ
Ապահով երկինք
«Վելայաթ երկնքի պաշտպաններ 1401» զորավարժությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Իրանի երկնքում կա մեծ նշան` «մուտքը արգելված է», և բոլորը գիտեն, որ Իրանի երկինք անօրինական մուտքն արգելված է բոլորի համար, և նրանք չպետք է խախտում կատարեն այս երկնքում, քանի որ այդ դեպքում նրանք կբախվեն Իրանի հակաօդային պաշտպանության ջախջախիչ պատասխանին, և մեր զինված ուժերը որևէ մեկի հետ կատակ չունեն։
Միևնույն ժամանակ, զավթիչ և մանկասպան Սիոնիստական ռեժիմի ղեկավարները պետք է ավելի զգույշ լինեն, որովհետև ԻԻՀ դեմ նրանց կատարած ցանկացած սխալ կհանգեցնի նրանց ամբողջական ոչնչացմանը աշխարհի աշխարհագրությունից:
Էթելաաթ օրաթերթ
Թուրքիայի ընդդիմության առաջնորդ. Էրդողանը կպարտվի ընտրությունների առաջին փուլում
Թուրքիայի կառավարության ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ վեց հոգանոց կոալիցիայի թեկնածուն կհաղթի առաջիկա նախագահական ընտրություններում առաջին փուլում։ «Ժողովրդական Հանրապետություն» կուսակցության ղեկավար, վեց կուսակցությունների կոալիցիայի անդամ Քըլըչդարօղլուն ասել է, որ ով էլ լինի այս կոալիցիայի թեկնածուն, առաջին երկու ամսում կհաղթի նախագահական ընտրություններում և կհաղթի Էրդողանին։ Նրա խոսքով, մարտի 2-ին 6 հոգանոց կոալիցիան պետք է հանդիպում ունենա։ Վեց հոգանոց կոալիցիայի կողմից միասնական թեկնածուի ներկայացման վերաբերյալ Քըլըչդարօղլուն նաև ասել է. «Մենք արդեն հայտարարել ենք, որ մեր թեկնածուին կընտրենք կոնսենսուսով»։
Ջավան օրաթերթ
Ուկրաինայի խաղաղությունը, ՆԱՏՕ-ի կարմիր գիծն է
Ուկրաինայում պատերազմի համար Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի ներկայացումն արժանացել է Հյուսիսատլանտյան պայմանագրի անդամների բացասական և երբեմն ոչ միանշանակ արձագանքին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Պեկինը իրավասու չէ Կիևին առաջարկել խաղաղության ծրագիր՝ ուկրաինական պատերազմում Ռուսաստանին չդատապարտելու պատճառով։
Ուկրաինական պատերազմում ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմավարությունը եղել է «միայն պատերազմ» կամ «և պատերազմ, և խաղաղություն» կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»: Այսինքն՝ ՆԱՏՕ-ի ռազմավարական բառարանում «միակ խաղաղություն» քաղաքականությունը որեւէ նշանակություն չունի։ Ուստի, երբ Պեկինի իշխանությունների կողմից ներկայացվեց ուկրաինական խաղաղության ծրագիրը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը արագորեն մերժեց այն՝ չտեղեկանալով չինական 12 առանցքների ծրագրի մանրամասներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս հապճեպ արձագանքը վկայում է «չհայտարարված կարմիր գիծ», բայց «շոշափելի» առկայության մասին, որը կոչվում է «Խաղաղություն Ուկրաինայում»։
Քեյհան օրաթերթ
Բայդենի դեմենցիայի վտանգները Ամերիկայի համար, ըստ Սպիտակ տան նախկին բժշկի
Սպիտակ տան նախկին բժիշկը «ծիծաղելի» է անվանել նախագահականի նոր պնդումը, թե Բայդենը կատարյալ հոգեկան առողջություն ունի և այն մեկնաբանել է ավելի շատ որպես կատակ։ Նա նաև ասել է, որ Բայդենը ճիշտ չի հասկանում ժամանակը, և դա վտանգավոր է ամերիկացի ժողովրդի և այս երկրի անվտանգության համար։
tert.am
Քննարկումները կենտրոնացած էին ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ՝ ավելի լայն հարցերի վրա. Կլաարը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող լուր է համարել Լաչինի հարցով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպումը։
«Լավ է, որ քննարկումները, ըստ երևույթին, կենտրոնացած էին ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ՝ ավելի լայն հարցերի վրա», - գրել է նա:
tert.am
Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: Նա շնորհավորել է արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջող համագործակցություն:
Զրույցի ընթացքում կարեւորվել են միջխորհրդարանական կապերը՝ մասնավորեցնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:
Խոսելով առեւտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ գործուն քայլեր են անհրաժեշտ տնտեսական, գիտատեխնիկական, առողջապահության, քրեաիրավական ոլորտներին առնչվող նախագծային փուլում գտնվող 5 համաձայնագրերն ավարտին հասցնելու համար:
Նա երախտագիտություն է հայտնել Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատի բոլոր անդամներին, որոնք նախաձեռնել եւ 2023 թվականի փետրվարի 8-ին ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին փաստաթուղթը՝ հավելելով, որ Պատգամավորների պալատը նույնպես հանդես կգա համապատասխան նախաձեռնություններով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի անվտանգության հարցերին: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել դեսպանին՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի կողմից արված հայտարարության համար՝ միեւնույն ժամանակ ակնկալելով, որ Մեքսիկան ավելի հասցեական եւ հստակ ձեւակերպումներով կդատապարտի Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողությունները: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի հայտարարությունն ու Մեքսիկայի դիրքորոշումը, որով կոչ է արվել թույլատրել միջանցքով ազատ տեղաշարժը:
Դեսպանը նշել է, որ հպարտ է ներկայացնել խաղաղասեր Մեքսիկայի ստեղծարար ժողովրդին՝ ընդգծելով, որ իր երկիրը պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը հակամարտությունները խաղաղ հանգուցալուծելու համար:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:
armtimes.am
«Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն». Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր լրանում է Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը:
Երևանում՝ Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված այգում, որտեղ տեղի էին ունեցել մարտիմեկյան դեպքերը, զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրվեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուշարձանի բացումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ըստ որոնց՝ ինքը նախկինում հայտարարել է՝ Մարտի 1-ի դեպքերը՝ քրեական գործը, բացահայտված է, ասաց՝ այո՛, իհարկե, Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն:
«Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Ընդհանրապես լինում են այդպիսի դեպքեր, և ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է՝ 2008 թվականի մարտի 1-ից հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել է, որպեսզի բացահայտումը կա՛մ դժվար լինի, կա՛մ անհնար դառնա»,- նշեց վարչապետը:
Նա նաև հիշեցրեց մեկ դրվագ. «Օրինակ՝ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխարինվել են այլ պարկուճներով, և այսպիսի բազմաթիվ դեպքեր: Պատկերացնել կարելի է, թե այս ամենն ինչ հետևանքներ են բերել, բայց դա կապ չունի, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է լիարժեք և ամբողջական հասցնենք բացահայտմանը, և դա մեր օրակարգից դուրս չի եկել և դուրս չի գալու»:
Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց՝ քրեական գործ է եղել, դատավարություն, դատաքննություն: Այդ քրեական գործը կառչվել է իրավական մեկնաբանությունների բերումով, որը այլ հարթության խնդիր է:
armtimes.am
Որոնք են հիմնական գործոնները, որի արդյունքում ՀՀ-ում աննախադեպ տնտեսական աճ է գրա
նցվում. մանրամասնում է տնտեսագետը
8 տրլն 496 մլրդ դրամ․ Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ-ն է՝ ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, և սա այն պարագայում, երբ ՀՀ կենտրոնական բանկը և փորձագետները 2022-ի ՀՆԱ-ի դեպքում ավելի ցածր ցուցանիշ էին կանխատեսել: Նկատենք, որ, նախորդ տարվա արդյունքների համեմատ, մեր երկրում ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով:
Ամենաբարձր աճը արձանագրել են ֆինանսական և ապահովագրական ոլորտները (46,9%), տեղեկատվությունն ու կապը (45,9%), ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը (45,2%):
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս ցուցանիշներին՝ տնտեսագետ Արմեն Քթոյանն ասում է՝ 2022 թվականին տնտեսվարողների համար առավել հեշտ է եղել մուտքը դեպի այլ երկրների շուկա ու այնտեղից ֆինանսավորում ապահովելը. եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, այս աճը կլիներ ավելի դանդաղ:
Ըստ Քթոյանի, սակայն, մենք անորոշ միջավայրում ենք, որի պայմաններում կանխատեսումներ անելը բարդ է, և Կենտրոնական բանկը կանխատեսել էր այն գործիքների միջոոցով, որով սովորաբար կանխատեսումները կառուցվում են: Դրանում մշտապես կա պատահականության գործոն, որը չես կարող դիտարկել նախապես։ «Ուստի մեր այս երկնիշ տնտեսական աճը եղավ նշված գործոնների հետևանքով՝ շոկային, մեկանգամյա, անկանխատեսելի»,- նկատում է նա:
armeniasputnik.am
Փաշինյանն ինքն իրեն նկատի ունի, երբ ասում է` Մարտի 1–ի մեղավորները պատժված չեն. Վարդանյան
Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն, Փաշինյանը նկատի ունի ինքն իրեն։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Մարտի 1-ը մեր պատմության մի դրվագն է, որը այն ժամանակ իրենց ընդդիմություն համարողներն ու Արցախի հարցից հրաժարվողները կարողացան տարիներ շարունակ օգտագործել, ճնշում բանեցնել պետության վրա, պետական կառույցների վրա, և այսօրվա ողբերգությունները պայմանավորված են այդ մանիպուլյացիաներով»,–ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Մարտի 1-ը այսօր տեղի ունեցող իրադարձությունների նախադեպն ու սկիզբն էր։
Վարդանյան խոսքով`մանիպուլյացիա է այն ձևակերպումները, թե 2008 թվականին խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրահանգ է տվել գործող իշխանությունը։
«Կգա ժամանակ, ամեն ինչ կբացահայտվի: Գնդակահարություն չի եղել, եղել է սահմանադրական կարգի տապալման բացահայտ փորձ, եղել են զոհեր, և հայտարարվել է արտակարգ դրություն: Եթե դուք մի քիչ ուսումնասիրեք Մարտի 1-ի կադրերը, կտեսնեք, որ այն ժամանակվա ընդդիմությունն է հրահրել և ցանկացած գնով փորձել տապալել սահմանադրական կարգը»,–ասաց նա։
Հիշեցնենք` 2008 թվականին ՀՀ նախագահական ընտրություններից հետո` փետրվարի 24-ին, ԿԸՀ-ն հայտարարեց, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։
Օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։ Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, իսկ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան մահացան։
armeniasputnik.am
Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Այսօր երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Դմանիսի քաղաքի մոտակայքում, ցնցումները զգացվել են նաև Հայաստանի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Տեղական ժամանակով 14:52-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժը զգացվել է 3-4, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։